BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[LIVE BLOG] ԱԺ Ընտրություններ - 2017. (տեսանյութեր

[LIVE BLOG] ԱԺ Ընտրություններ - 2017. (տեսանյութեր, լուսանկարներ, ինֆոգրաֆիկա)

0:00
Այսպիսով, ԿԸՀ հանձնաժողովը սկսել է արդեն ձայների հաշվարկը: Իսկ մենք եզրափակում ենք մեր լրահոսը: Շնորհակալ ենք, որ հետևում էիք մեզ:



22:40
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները և ստորագրեցին արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության կարգը:Այսպիսով՝ ընտրողների թիվը, ովքեր կարող էին էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել կազմել է  877, մասնակցել են՝ 747: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ անվավեր է համարվել  37 քվեաթերթիկ և էլեկտրոնային տարբերակով կարող էին քվեարկել  միայն կուսակցությունների օգտին:

  1. «Ելք» դաշինքը - 52

  2. Ազատ դեմոկրատներին - 6

  3. «Հայկական վերածնունդ» - 3

  4. «Ծառուկյան» դաշինք -  73

  5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - 2

  6. ՀՀԿ -  529

  7. ՀԿԿ -  3

  8. ՕՐՕ դաշինք - 17

  9. ՀՅԴ - 25




22:10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քվեարկության ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց քվեարկության մասնակցության տվյալները՝ ըստ քաղաքների։ Ըստ ընտրական մարզկենտրոնների ընտրություններին մասնակցության տոկոսն այպիսինն է`

  • Երևանում մասնակցել է ընտրողների 58.46 տոկոսը:

  • Աշտարակ - 62.84 %

  • Արարատ - 65.71 %

  • Արտաշատ - 63.50 %  

  • Մասիս - 67.58 %

  • Արմավիր - 55.72 %

  • էջմիածին - 50.66 %

  • Գավառ - 55.33 %  

  • Մարտունի - 65.87 %

  • Սևան-65.65 - %

  • Վարդենիս - 66.92 %  

  • Ալավերդի - 52.87 %

  • Սպիտակ - 62.94 %

  • Ստեփանավան - 57.55 %

  • Վանաձոր - 54.69 %

  • Աբովյան - 47.33 %

  • Եղվարդ - 67.88 %

  • Հրազդան - 58.65 %

  • Չարենցավան - 57.32 %

  • Արթիկ - 64.23 %

  • Գյումրի - 51.02 %

  • Գորիս - 63.34 %

  • Կապան - 63.35 %

  • Սիսիան - 62.26 %

  • Եղեգնաձոր - 62.44 %

  • Դիլիջան - 62.39 %

  • Իջևան - 68.65 %

  • Նոյեմբերյան - 65.59 %




22:00
Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594  հրապարակում:
Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերեւույթ  ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերվել են  քվեարկության  գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնց որոշ  մասը նույն հրապարակումների տվյալներով իսկ լուծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից:
Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են  իրենց մեջ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ  պարունակել:Նշված  254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝  ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու  դեպքերին:
Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել  են ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:
Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն: Ստուգման արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն





21:55


Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ։


Նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։ Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։


Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։ Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը»։


Սկզբնաղբյուր` Պաշտպանության նախարարություն





21:45
Արագածոտնի մարզի  Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության  կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը եւս կցվել է վերոնշյալ հրապարակումներին:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն





21:30
Հայաստանի քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երեւանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Սկզբնաղբյուր` Քննչական կոմիտե





21:00
2 587 706 ընտրության իրավունք ունեցողներից այսօր ընտրությանը մասնակցել է 1 574 947 անձ կամ 60,86 տոկոսը: Այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով մինչև 20.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ։
20:30
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ այս ընտրություններն առաջինն են սահմանադրական բարեփոխումների ընդունումից ի վեր: Ինչպես նշում է Straits Times պարբերականը` հղում անելով Agence France Press-ին, Հայաստանի բնակչությունը քվեարկում է «շրջադարձային ընտրություններին` նախկին խորհրդային երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելու ճանապարհին»:
Ըստ պարբերականի` Արևմուտքն այս ընտրություններն ընկալում է որպես «ժողովրդավարության առանցքային փորձարկում ցամաքով շրջապատված և 2.9 մլն բնակչություն ունեցող այս փոքր երկրի համար»: Ինչպես ընդգծում է աղբյուրը, հիմնական պայքարն ընթանում է ռուսամետ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կուսակցության՝ Հանրապետականի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի միջև:
Սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Associated Press գործակալությունը` ընդգծելով, որ հարցումների տվյալներով՝ առաջատարն է նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը: Աղբյուրը կարևորում է սահմանադրական փոփոխությունների կիրառումը, որոնք ուժի մեջ են մտնելու գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին:
ՌԻԱ «Նովոստի»-ն գրել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Աղբյուրը հիշեցրել է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը՝ հարաբերությունները զարգացնել Եվրոպական միության հետ: Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

Սկզբնաղբյուր` tert.am





20:00
Հրապարակվել են «Էքզիթ փոլի» նախնական արդյունքները. Այսպես ՀՀԿ-ն ստացել է 46 տոկոս, Ծառուկյան դաշինքը՝ 25 տոկոս, Ելքը՝ 10, ՀՅԴ-ն՝ 5: Հարցումը պատվիրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:
19:15
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղակայված թիվ 17/15 ընտրատեղամասում միմյանց փոխարեն քվեարկել է 88 անձ: Բացի այդ` ընտրատեղամասում համատարած կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Հակոբյանը պատճառաբանեց, թե կուտակումները տեխնիկական սարքավորումներից դժվարությամբ օգտվելու հետևանքով են: Ի դեպ, այս ընտրատեղամասում այնքան ակտիվ է եղել քվեարկությունը, որ ստիպված են եղել տեղամասում ևս մեկ քվեախցիկ ավելացնել: Տեղամասում 1639 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1088-ը:

Սկզբնաղբյուր` yerkir.am





19:10
Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը: Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ եւ հետո գցել քվեատուփի մեջ:Ընտրողներն այս մասին բողոքել են տեղամասերի մոտ գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս ի պատասխան ասել են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: Այս գործընթացը տեւել է 30-35 րոպե:

Սկզբնաղբյուր` armtimes.com





19:00
Երեւան քաղաքի թիվ 9/28 ընտրատեղամասում (Կոնդի դպրոց) այսօր վաղ առավոտից ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի մոտ կուտակված անձանց մեջ կային մի խումբ կանայք, որոնք ընտրողներին ուղղորդում էին տեղամաս: Նրանից մեկից armtimes.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն նա վրդովվեց, շրջվեց եւ փորձեց հեռանալ մեր տեսադաշտից: Նույն կինը արագ մտավ ընտրատեղամասի քվեարկության սենյակին նախորդող մի տարածք, որի վրա «բուժկետ» էր գրված, ապա արագ դուրս եկավ եւ մտավ քվեարկության սենյակ: Հարցին, թե ի՞նչու է ուղղորոդում ընտրողներին, նա վիրավորական արտահայտություններ արեց, ապա հարվածեց տեսախցիկին, շրջվեց մեջքով եւ փորձեց տեսախցիկը քաշել: Հանձնաժողովի նախագահը, որը «Ծառուկյան» դաշինքն էր ներկայացնում, փորձեց մեզ հրելով հանել քվեարկության սենյակից, մինչդեռ ընտրատեղամաս գալուց գրանցվել էինք սահմանված կարգի համաձայն: Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններին խնդրեցինք պարզել կնոջ ինքնությունը, սակայն նրանք փոխանակ փորձեին հասկանալ, թե ինչու է կինը թաքնվել «բուժկետ»-ում, մեզ հրավիրում էին հաղորդում տալու: Ոստիկաններից կապիտանի ուսադիրներով մեկը, ով ղեկավարում էր տվյալ տարածքի ոստիկանների ծառայությունը, այդպես էլ չեկավ եւ չփորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում:

Սկզբնաղբյուր` armtimes.com





18:30
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 
Ըստ հրապարակման՝ դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն:
Tert.am-ի հետ զրույցում Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել:  Նշեց, որ ինքը տեղամասում Կոմունիստական կուսակցության վստահված անձն է եղել: Միջադեպի մասին էլ ասաց, որ ականատես չի եղել: Ոստիկանությունից էլ  Tert.am-ին պատասխանեցին, որ 21/28  ընտրատեղամասի դեպքի հրապարակմանը ծանոթ են, ուսումնասիրում են, այլ տեղեկատվություն դեռ չեն կարող հաղորդել:

Սկզբնաղբյուր` «Անկախ դիտորդ» դաշինք, tert.am






18:00
17:45
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տեղակայված թիվ 17/21 ընտրատեղամասում առավոտից կուտակումներ են, ամբողջ օրը ընտրատեղամասում լարված է եղել: Միմյանց փոխարեն քվեարկության 30 դեպք է գրանցվել: «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ն ներկայացնող դիտորդ Արմեն Դավթյանը ընտրողների հետ մտնում է քվեախցիկ: Yerkir.am-ի լրագրողի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանը կոչ է արել քվեարկողներին` դուրս գալ, որպեսզի կուտակումներ չլինեն:
Այս տեղամասում դիտորդներից մեկը փորձել է գրանցամատյանում նշում կատարել, սակայն նրան թույլ չեն տվել:Այս պահին հիշյալ ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատված է, թե երբ կվերականգնվի, հայտնի չէ: Հիշյալ տեղամասում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցության ակտիվ ցուցանիշ է արձանագրվել. 1720 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1055-ը:

Սկզբնաղբյուր` yerkir.am





17:30
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց մինչև ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի: Նա հայտնեց, որ ընտրության իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 1,317,936 մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50,93 տոկոսը: Նա նաև ներկայացրեց մասնակցության տվյալները` ըստ ընտրատարածքների։ Ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,217, որոնցից ընտրության մասնակցել են 101,718-ը կամ  50.8 տոկոսը:  

Սկզբնաղբյուր` ԿԸՀ





17:00
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին, ժամը 16:30-ի դրությամբ, ստացվել է 40 ահազանգ: ՄԻՊ-ից հայտնում են, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:
1. Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ:
3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրվել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում:
4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետեւում լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը:
5. Շարունակվում են նաեւ Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները: Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից եւ ոստիկանության համապատասխան մարմիններից:
6. Ժամը 16:30-ի դրությամբ քվերակության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել:
7. Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաեւ Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի  եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ:

Սկզբնաղբյուր` news.am





16:45
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ նշյալ հասցեում 1940 թվականին ծնված կինը հանկարծամահ է եղել: Նշված վայրն օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիները պատմել են, որ երբ մահացածի դին տեղափոխել են, շտաբականները Ա. Սահակյանի նկարներով բոլոր պաստառները հեռացրել են շենքի վրայից: 

Սկզբնաղբյուր` shamsyan.com, armenpress.am





16:30
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ  ԶԼՄ-ների հրապարակումներն  ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են  ՀՀ քննչական կոմիտե։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերչի վարչությունից, հրապարակումներն ուղարկվել են ՔԿ համապատասխան ստորաբաժանում՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն





16:00
Միջազգային դիտորդները ոչ մի հայտարարություն չեն անի եւ լրագրողներին կոչ են անում սպասել մինչ վաղը,- հայտարարեց  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողղովի պատվիրակության ղեկավար Գեյր Բեքեվոլդը:
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորայի խոսքով` ընտրական գործընթացը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում այսօր: «Մենք այստեղ ենք փետրվարի կեսերից: Մեր թիմերն աշխատում են ամբողջ երկրում: Մենք հետեւել են քարոզարշավին, զանգվածային լրատվամիջոցներին եւ ընտրությունների հետ կապված բոլոր խնդիրներին: Վաղը մենք մեր գնահատականը կտանք ամբողջ գործընթացին ընդհանուր առմամբ», - հավելել է նա:
Դիտորդն ընդգծել է, որ նրանք այստեղ են ընտրական համալիր բարեփոխումներին հետեւելու համար: «Ամեն ինչ մի գիշերվա ընթացքում չի փոխվի», - հայտարարել է նա` հավելելով, որ իրենք իսկապես հույս ունեն, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները բարեփոխումներ կանցկացնեն ոչ միայն ընտրական  համակարգի բարեփոխումների համար` որպես այդպիսին, եւ ոչ միայն օրենքի փոփոխության համար` որպես այդպիսին:
;

Սկզբնաղբյուր` news.am





15:40
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Հաղորդումներից 12-ը՝ Երևանում, 3-ը՝ Կոտայքի. 4-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի,1-ը՝ Արմավիրի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Արարատի, 4-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Սկզբնաղբյուր` Ոստիկանություն





15:20
14:20
Լրագրողների նկատմամբ այսօր ՀՀԿ թեկնածուներից մեկի՝ Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբի տարածքում տեղի ունեցած բռնության դեպքի մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ», - նշված է Գլխավոր դատախազության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն





14:00
ժամը 13:00-ի դրությամբ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու: Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն: 

Սկզբնաղբյուր` Գլխավոր դատախազություն





13:50
Քննչական կոմիտեի (ՔԿ) Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։ «Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Սկզբնաղբյուր` Քննչական կոմիտե






13:40
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի 9/18 տեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Մատնահետքեր վերցնող սարքը չճանաչեց նրա մատնահետքերից ոչ մեկը։ Քվեարկության ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ եկել է իր քաղաքացիական պարտքը կատարելու։ «Սարքը մատներս չճանաչեց այն պատճառով, որ գյուղատնտեսական աշխատանքներից մատներս կոշտացել են»։
Հարցին, թե ինքը մտնելու է խորհրդարան, թե ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ «խորհրդարան այնքան եմ մտել»։ Ի դեպ,  առավոտյան նույն տեղամասում քվեարկել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մատնահետքերը սարքը դժվարությամբ ճանաչեց։  

Սկզբնաղբյուր` hraparak.am





13:20
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քվեարկեց «հանուն հայրենիքի, հերոս տղաների, Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա համար»։ 
«Մենք արդեն ասել ենք, որ գործընթացը գտնվում է օրենքից դուրս, խաղից դուրս իրավիճակում, հիմա կսպասենք այսօրվա ավարտին, արդյունքները նաև կդիտարկենք, արդեն խախտումները պարզ են՝ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում արդեն տեղի են ունեցել, և շարունակվում են այդ ահազանգերը։ Դրանք մենք ամբողջական փաթեթով կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ սա մեր պայքարի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրել, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք կահազանգենք դրանց մասին, դուք արդեն գիտեք նախընտրական շրջանն ինքնին ինչ էր ներկայացնում՝ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը իշխող կուսակցության կողմից՝ ամեննատարբեր եղանակներով՝ սպառնալիքով, լծակով՝ կրթական համակարգից մինչև իրավապահ մարմիններ, իսկ այսօր կան տարբեր տեսակի ահազանգեր, որ ծրարների մեջ թվեր պետք է դրվեն, ինչ-որ շրջիկ խմբեր, որ կկարողանան շրջել նոտարների հետ միասին, որովհետև մենք բոլորս գիտենք, որ մատնահետքերը դրանք կենտրոնացված չեն, չկա համապետական տվյալների բազա, և ընտրակաշառքները պարզ է թե իրենցից ինչ են ներկայացնում, մի մասը դուք պետք է բացահայտեք, մի մասը քաղաքացիներն իրենք և այսօրվա ավարտին մենք համալիր կներկայացնենք մեր մոտեցումը, բոլոր դեպքերում ս իրավական Հայաստան ունենալու հերթական հանգրվանն է, պայքարն է»։

Սկզբնաղբյուր` azatutyun.am





13:00
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամաս  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համապետական ընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եկավ կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: «Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն արդար, ազատ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, միջազգային վարկն օրեցօր բարձրացող ապագա կերտելու համար»,-ասաց նա:
Օհանյանն ասաց, որ ահազանգեր ստացել են, հիմա ՕՐՕ-ի  շտաբը դրանց հիման վրա իրադրությունը գնահատում է: Հարցրեցին, մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ դաշինքում անհանգիստ շրջան է: «Եկեք այսօր օրն անցկացնենք հանդարտ կերպով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի ու նաև բոլորի համար, նաև մեր մարտական ընկերոջ Սամվել Բաբայանի համար: Հուսանք, որ այս տոնական օրը հանդարտ և խաղաղությամբ կանցկացնենք»,-ասաց նա:

Սկզբնաղբյուր` panorama.am, Լուսանկարը` Photolur





12:50
«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետեւելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետեւում են կապի սահուն տրամադրման ընթացքին եւ ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որեւէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։ Տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետեւելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես եւ այլ տեխնիկական հարցերը դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից եւ ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից»:

Սկզբնաղբյուր` Ucom





12:40
Լրագրողներին հետաքրքրել է նաեւ, եթե դաշինքը 50+1 արդյունք չարձանագրի, արդյոք կկատարվե՞ն 15 մլրդ դոլարի ներդրումները, որոնց մասին նա հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ: «Եթե օրենքն իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք պատկերացնում, որ կներդնեն»,- պատասխանել է Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր պետք է կուսակցությանը ձայն տաս, որը բարեփոխումներ անի, փոփոխություններ անի: Ով խոսք է տվել, որ գործ կանի, որ ժողովրդին էս վիճակից կհանի, նրանք էլ թող պատասխան տան: Ես ասել եմ այն, ինչը կարող եմ անել»,- հավելեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: 

Սկզբնաղբյուր` news.am





12:30
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Ոստիկանությունն ընդունել է հաղորդումը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Սկզբնաղբյուր` aysor.am





12:20
ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց մինչև ժամը 11.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի:
Նա հայտնեց, որ տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով և բոլոր ընտրական տարածքների քաղաքացիների և մասնակիցների թիվը: Ընդհանուր առմամբ նա ասաց, որ ընտրելու իրավունք ունի 2. 587 706 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը:

Լուսանկարը` Photolur





12:15
«Քաղաքացին, որը եկել է քվեարկության տառաճանաչ չի եղել, մարդ է մտել հետը, որ օգնի, ինչը օրենքով թույլատրվում է. օգնողը պետք է գրանցվի, բայց վստահված անձինք ընդդիմացել են, չեն հասկացել իրար ու թեթևակի քաշքշուկ է եղել, որը անցել գնացել է: Հիմա իրավիճակը հանդարտ է», -ասաց Գասպարյանը:
Aysor.am-ի տեղեկություններով՝ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի վստահված անձը վիրավորել է քաղաքացուն՝ ասելով, թե «գյուղում ինչէ, անգրագե՞տ են բոլորը, որ մարդ են բերում օգնեն», ինչի արդյունքում էլ վիրավորված գյուղացին փորձել է պաշտպանել պատիվը:
Միջադեպի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է:

Սկզբնաղբյուր` aysor.am, tert.am





12:07

Առաջին վայրը, որտեղ այցելել էր Պ. Սվիտալսկին, Երևանի 9/18-ն էր ընտրատեղամասն էր, որտեղ, ի դեպ, քվեարկում են ՀՀ գործող և նախկին նախագահները:  


Պյոտր Սվիտալսկին ասաց, թե այս տեղամասն իր բնակության վայրին ամենամոտն էր, ուստի առաջինն այստեղ է եկել: 


Ապա, խոսելով ընտրական գործընթացից և ընտրությունների արդյունքների ակնկալիքներից, դեսպանը նշեց. «Շատ լավ արդյունքներ ենք ակնկալում, շատերն են աշխատել, մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում անցկացվեն լավագույն ընտրությունները, որոնք երբևէ եղել են, որ Հայաստանի ապագան լավ ուղղությամբ զարգանա»:

Սկզբնաղբյուր` tert.am





12:05
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բագդասարյանը, սյսօր՝ ապրիլի 2–ին, 9/49 տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկության էր եկել տիկնոջ հետ: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք մի քանի ահազանգ են ստացել սարքերի եւ տեսախցիկների վատ աշխատելու հետ կապված, սակայն դրանք փոքր եւ լուծվող խնդիրներ են։ Անդրադառնալով ընտրական նոր գործընթացին,  նա նշեց, որ պրոցեսը բավական բարդ էր, բայց դրանք լավ նորամուծություններ են, որոնք «պետք է իրենց բարի պտուղը տան»։

Սկզբնաղբյուր` news.am





12:01
Քվեարկությունից հետո  Գալուստ Սահակյանը նշեց. «Այն ինչի մասին մտածել էինք ժամանակին, այսօր այնպես է արված, որ մինչեւ վերջ կանոնակարգը պահպանվում է: Բարդություններ չկային եւ չեմ կարծում, որ կլինեին, որովհետեւ սա ոչ միայն մենք էինք կազմել, այլ ամբողջ ընդդիմության հետ միասին կարողացել ենք այնպես անել, որ բոլոր հանգամանքները ժամանակին ներկայացնել եւ ներգրավվել օրեսգրքի մեջ»:

Սկզբնաղբյուր` news.am





12:00
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ըստ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի,- «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Նա Մոսկվայում մասնակցում է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին և Երևան է վերադառնալու այսօր ուշ երեկոյան»:

Սկզբնաղբյուր` aysor.am






11:30
Ապրիլի 2-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը նշել է. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում եւ ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաեւ հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ ազգս հայոց»:

Սկզբնաղբյուր` news.am





11:20
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրություններչում քվեարկել է հանուն խաղաղության:Թիվ 9/11 ընտրական տեղամասում քվեարկությունից հետո ՀՀ նախագահը հարցին, թե ինչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս, պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք, որ սահմաններին հանդարտություն լինի եւ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Անդրաառնալով ՀՀԿ-ի հաղթանակի շանսերի մասին հարցին, Սերժ Սարգսյանը նկատեց. «Այսօր շանսերը գնահատելու ժամանակը չի, այսօր քվեներ ստանալու ժամանակն է»:

Սկզբնաղբյուր` news.am





11:15
Հանրապետության տարբեր ընտրական տեղամասերում, ժամը 10:00-ից 10:03-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 10 ընտրախախտում: Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, լրատվամիջոցի ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների ,վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ: Վերոնշյալ խախտումները տեղի են ունեցել 10/2 Էրեբունի, 14/19 Էջմիածին, 9/44 Կենտրոն, 8/29 Շենգավիթ, 1/9 Ավան, 36/31 Վայք, 9/9 Կենտրոն, 10/40 Էրեբունի, 27/30 Արգել, 13/5 Արարատ ընտրատարածքներում:

Սկզբնաղբյուր` transparency.am





11:10
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանն այսօր՝ ապրիլի 2-ին ընտրության էր եկել կնոջ ուղեկցությամբ:Օսկանյան ամուսինները քվեարկել են թիվ 9/59 ընտրատեղամասում: Lրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը նշել է, որ ինքը քվեարկել է հանուն իշխանափոխության եւ երկրի վաղվա ապագայի:
Օսկանյանն ասել է, որ առավոտից տարբեր խախտումների մասին է լսել, բայց դեռեւս դաշինքի շտաբ չի գնացել եւ չի կարող կոնկրետ տվյալներ նշել, թե ինչ խախտումներ են եղել: Այնուամենայնիվ, Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ իշխանությունները կսթափվեն եւ թույլ կտան արդար ընտրություններ անցկացնել:

Սկզբնաղբյուր` news.am





11:00
Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողներին  վարչապետը նշեց, որ բարձր տրամադրություն ունի:Հարցին՝  որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»: Խոսելով ընտրախախտումների մասին՝ վարչապետ Կ.Կարապետյանն ասաց, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, ամբողջովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար: 
Կարեն Կարապետյանը նշեց, որ կանխատեսումներ անել չի շտապում՝ հետընտրական զարգացումների մասով ևս: Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ գրանցված միջադեպերին, վարչապետն ասաց, որ լավ չէ, որ դրանք արձանագրվել են, միաժամանակ շեշտեց, որ այդ հարցում ևս էական առաջընթաց կա:

Սկզբնաղբյուր` armday.am, tert.am





10:45
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 27/07 ընտրատեղամասում գործընթացը իրականացվում է դասական երաժշտության ներքո։ Հանձնաժողովի նախագահ Արթուր Կարապետյանը, որը ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, նշեց, որ երաժշտությունը բարձր տրամադրություն ապահովելու համար է։

Սկզբնաղբյուր` hetq.am





10:23
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հանրապետության 1499 տեղամասերում տեսախցիկներն աշխատում են, և խնդիրներ կարող են առաջանալ միայն ինտերնետ հասանելիության  պատճառով: «Միայն մեկ տեղամասում է քվեարկությունն ընթանում առանց սարքավորման։ 30 տեղամասում էլ սարքավորման հետ կապված ահազանգեր և խնդիրներ են եղել, որոնք լուծված են կամ լուծման փուլում են»,- նշեց Սմբատյանը


09:45

Անդրադառնալով հարցին, թե իր հայրը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քաղաքական դաշտում ինչ դերակատարություն է ունենալու, ինչ է նախատեսում անել։ Արգամ Աբրահամյանը ասաց․«Բազմիս ասել եմ՝ ինքը կանդրադառնա այդ հարցին, կխոսի իր անելիքների մասին»,-եզրափակեց նա։ 


Սկզբնաղբյուր` tert.am





09:25
Երևանի 9/47 ընտրատեղամասում քվեարկել է պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն ասաց, թե մաղթում է բոլորին հանդարտ ու հանգիստ քվեարկության օր՝ նշելով, թե վստահ է, որ այդպես էլ լինելու է:
«Բազմաթիվ քայլեր են արվել, առաջին անգամ է, երբ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքերով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, այնպիսի վերահսկման մեխանիզմներ ձևավորել, որոնք պետք է վստահեցնեն մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու, և իր ձայնը որոշելու է մեր առաջիկա 5 տարիների քաղաքական դասավորվածությունը»:

Սկզբնաղբյուր`  tert.am





09:15
Անկախ դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ով գտնվում է Երեւանի 9/47 ընտրատեղամասում, խախտումների մասին է հայտարարել: Նա նկատել է, որ տարածքում, որտեղ քվեարկություն է տեղի ունենում տեսախցիկ է առկա, որը ԿԸՀ չի տեղադրել: 
Պարզվել է, որ դա այն շինության տեսախցիկն է, որտեղ տեղի է ունենում քվեարկությունը: Բացի այդ, խցիկի հետեւում, որտեղ քվեարկությունն է տեղի ունենում, ապակե պատ կա, ինչը ցանկացածին հնարավորություն է տալիս, թե ինչպես եւ ում օգտին է քվարկում ընտրողը: Հայկ Մարության պահանջել է արձանագրել խախտումը: 
Իր հերթին, հանձնաժողովի նախագահ Արա Իլիչյանը հայտարարել է, որ համաձայն չէ Մարությանի կարծիքի հետ, սակայն համաձայնել է չեզոքացնել արձանագրված խախտւմները: Մարությանը նաեւ հայտնել է, որ 9/47 եւ 9/48 ընտրատեղամասերում չեն աշխատում ԿԸՀ-ի տեղադրած տեսախցիկները:

Սկզբնաղբյուր` news.am





09:05
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ 2009 տեղամասային կենտրոններից 2-ում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այնտեղ քվեարկությունը կանցնի համարակալված կտրոններով: Չաշխատող սարքերը եղել են Լոռի մարզում:  


08:20
«Կարծում եմ, որ պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, և ամեն ինչ նորմալ է ընթանալու»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ու, մասնավորապես, այդ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, փողոց դուրս գալու,  Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսևորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլև…»:
Հարցին՝ նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով կա՞ նոր մարտավարություն,  Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Նոր մարտավարություն չկա, կան որոշակի առանձնահատկություններ, որոնց վրա Ոստիկանությունն, իհարկե, ուշադրություն դարձնում է։ Բայց էնպես, որ ինչ-որ մի նոր բան կա մեր ծառայության մեջ, ոչ։ Ընտրակաշառքների մասին խոսել եմ իմ հանդիպումների ժամանակ՝ մարզերում: Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»:
Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ բոլոր ընտրությունների ընթացքում ընդգրկված   թաղային հեղինակությունների առաջ ոստիկաններն ու հանձնաժողովների անդամները տեղի են տալիս, ենթադրվո՞ւմ է, որ այս անգամ էլ այդպես է լինելու, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։

Սկզբնաղբյուր`  tert.am





08:15
Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն, շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան: Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն: Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն, հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Դանիելյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների: Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ:
 


08:10
Աչքներս լուս, մեր տան բնակչությունն աճել է 250%-ով։ Ապրի Վովա Գասպարյանի, Մուկուչյանի, նույնիսկ Դավիթ Հարությունյանի արեւը։ Շնորհակալություն ինձ առայժմ ցուցակում թողնելու համար։
Մեր տան նոր անդամներին դեռ չեմ ճանաչում, էն տատիկին ընդհանրապես շտապ գտնել ծանոթանալ է պետք, կարծում եմ ինքը կիմանա, թե ինչպես են առաջացել վերոհիշյալ ցուցակ կազմողները եւ ընտրակարգի մյուս ռեֆորմատորները։ Այս այլանդակությամբ երեւի կամեցել են ինձ հաղորդել, որ ինձ հագած ունեն։ Քուանշ ուրեմն, հագնելը հետո կնայեք։
 


08:05
Այս տարի ընտրություններին կանցկացվի նաև էքզիթ փոլ: Էքզիթ  Փոլ` նշանակում է թարգմանաբար ելքի հարցում: Սոցիոլոգիական այս հարցումը որպես կանոն արվում է քվեարկությանը զուգահեռ: Այսօր  300 հոգի մարզերում և Երևանում կանցկացնեն  ելքի հարցում:  Սա առաջին էքզիթ փոլը չէ  մեր երկրում, այն  անցկացվել  է  նաև  2008 ու  2013 թվականներին: Այսօր  առավոտից  Էքզիթ փոլի աշխատակիցներն պատահականության սկզբունքով կլինեն իրենց  ընտրած հարյուրից ավելի  ընտարտեղամասերում: Արդյունքները կհրապարակեն երեկոյան բոլոր  ընտրատեղամսերի փակումից մի քանի րոպե անց:


08:00
Եվ այսպես, սկսենք: Այսօր խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է: Քաղաքացիները ընտրություն են կատարելու գրանցված 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների միջև: Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 564 հազար 195 քաղաքացի: Ձևավորվել են 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Հանձնաժողովների ավելի քան 16 հազար անդամների համար անցկացվել են վերապատրաստման դասընթացները: Հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը 197, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը 2001: Առավոտյան Ժամը 8-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք կգործեն մինչև երեկոյան ժամը 8-ը:


 

Տարածել