Լիրիկական ու ռոմանտիկ. 10 երգ սիրո մասին
Nat King Cole - «L-O-V-E»
Սիրո մասին երևի թե միակ երգը, որտեղ փորձ է արվել այդ բառը (տվյալ դեպքում` LOVE) ներկայացնել որպես հապավում։ Նեթ Քինգ Քոլի կատարմամբ այսօր արդեն սիրո հիմներից մեկը դարձած երգը գրվել է 1964 թ. և զետեղվել նրա համանուն ալբոմում։ Մաեստրոի կատարմամբ կա նաև ֆրանսերեն տարբերակը։ Ի դեպ, հայերենը դեռ չունենք, գուցե մերոնցից ինչ-որ մեկին մի՞տք տանք. կարծում եմ` վատ չի ստացվի։
http://www.youtube.com/watch?v=JErVP6xLZwg
Ռոբերտ Ամիրխանյան - «Կարմիր ծաղիկ մը գարունի»
Հայկական երաժշտության պատմության մեջ, չեմ վախենա այդ խոսքից, գեղեցկագույն երգերից մեկի երաժշտությունը գրել է Ռոբերտ Ամիրխանյանը։ Խոսքերի հեղինակն է (եթե կարելի է այդպես ասել) արևմտահայ հանճար Միսաք Մեծարենցը. բանաստեղծությունը կոչվում է «Երազի օրեր»։ Բացի երաժշտությունը գրելուց՝ Ամիրխանյանն այս երգը նաև կատարել է Սյուզան Մարգարյանի հետ։ Ոմանք նախընտրում են Ձախ Հարութի և Ռաիսա Թևոսյանի տարբերակը։
http://www.youtube.com/watch?v=I_w12vcl3OY
Air - «Playground Love»
Թեև երգի վերնագրի հայերեն թարգմանությունը` «Մանկության սեր», ավելի շատ ռաբիսի հետ է ասոցացնում ֆրանսիական այս խմբի հիթերից մեկը, «Playground love»-ը մաքուր ռոք է` անչափ գեղեցիկ երաժշտությամբ ու հետաքրքիր տեսահոլովակով, որտեղ խմբի անդամների փոխարեն երգում են սիրահար զույգի ծամած ու կամայական տեղում թողած մաստակները։
http://www.youtube.com/watch?v=8mQ4reLS8Lo
Ռուբեն Հախվերդյան - «Իմ սեր»
«Իմ սեր»-ը Ռուբեն Հախվերդյանի համեմատաբար քիչ հայտնի երգերից է։ Մաքրություն, մաքրություն ու նորից` մաքրություն` ահա այս զգացումն է առաջացնում «Իմ սերը»-ը։Եթե ձեր սիրելիին նվիրեք այս երգը, ուրեմն պետք է պատրաստ լինեք նաև գողանալ լուսինը ու գլորել այն կտուրների վրայով։ Փորձեք։
http://www.youtube.com/watch?v=HHOf_h-s9GQ
Muse - «Can’t Take My Eyes off You»
Հեռավոր 1967 թ., երբ Ֆրենքի Վալլին թողարկեց իր սինգլը, դժվար թե պատկերացներ, որ բացի բազմաթիվ cover տարբերակներից ու միքսերից՝ 34 տարի անց կհայտնվի նաև երգի ռոքային տարբերակը՝ բրիտանական «Muse» խմբի կատարմամբ։ Երգի օրիգինալ ու հայտնի տարբերակներին ծանոթ մարդիկ հաճելի անակնկալ կստանան «Muse»-ի աշխատանքից. ինչպես ասում են, «ոչ մի բանի նման չէ»։
http://www.youtube.com/watch?v=jMeBAltloqo
Էռնա Յուզբաշյան - «Սիրո գիշեր»
Շատ «երևանյան» երգ է։ Երաժշտության հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է, խոսքը` Լյուդվիգ Դուրյանի։ Յություբում կգտնեք նաև օրիգինալ տեսահոլովակը։ Ի տարբերություն նախորդների` սա այն դեպքն է, որ ավելի նպատակահարմար կլինի, որ աղջիկնե՛րն այս երգը նվիրեն իրենց սիրելիին։ Դե՛, մի տեսակ շատ իգական երգ է։
http://www.youtube.com/watch?v=WxKgLGGLa_Y
Владимир Высоцкий - «Дом Хрустальный»
Վիսոցկու երևի թե ամենագեղեցիկ երգերից մեկը։ Այս երգը, ի թիվս այլոց, Վիսոցկին նվիրել է իր կնոջն ու վերջին սիրուն՝ Մարինա Վլադիին:Սիրերգ, որի ոչ մի տողում չես գտնի «սեր» բառը։ Առանց պաթոսի, պարզ ու տղամարդկային։ Երգն ունի նաև գործիքավորված տարբերակ, սակայն Վիսոցկու իսկական սիրահարները արդարացիորեն նախընտրում են դասականը` 7-լարանի կիթառով։
http://www.youtube.com/watch?v=e44k8mJv3t4
«Եկ այս գիշեր արթուն մնանք»
Բացի հումորային բանաստեղծություններից՝ Արամայիս Սահակյանը գրել է գեղեցիկ սիրերգեր, ինչի ապացույցն են «Արեգակին պետք է հեռվից նայել»-ն ու «Եկ այս գիշեր արթուն մնանք»-ը (երաժշտությունը` Սուսաննա Կարապետյանի)։ Վերնագրում հատուկ չեմ նշել կատարողին, քանի որ նրանք բազմաթիվ են` Ֆլորա Մարտիրոսյան, Հայկո և այլք։ Սակայն ամենահետաքրքիր տարբերակը, ըստ իս, ռուսական «Уматурман» խմբի և Արսեն Սաֆարյանի դուետինն է` համապատասխան տեսահոլովակով։
http://www.youtube.com/watch?v=pXU6cOp2zTw
George Harrison - «Something»
Հայտնի է, որ լեգենդար «The Beatles»-ի գրեթե բոլոր հիթային երգերի հեղինակներն են կա՛մ Մաքքարթնին, կա՛մ Լենոնը։ Սակայն այս դեպքում երգի հեղինակն է Ջորջ Հարիսոնը։Երգը կատարել են բազմաթիվ համաշխարհային աստղեր` Ջեյմս Բրաունից ու Էլվիս Փրեսլիից մինչև Ռեյ Չարլզ ու Ֆրենկ Սինատրա։ Ասում են, որ Հարիսոնը երգը նվիրել է կնոջը, սական իր իսկ խոսքով` նա երգը գրելիս մտածել է Ռեյ Չարլզի մասին, քանի որ հենց նրա կատարմամբ է պատկերացրել «Something»-ը։
http://www.youtube.com/watch?v=E9lgfa0Nh3c
Tigran Hamasyan - «Love Song»
Այս պահի դրությամբ ժամանակակից երաժշտության մեջ համաշխարհային անուն ունեցող հազվագյուտ հայ Տիգրան Համասյանի «Love Song»-ը զետեղված է նրա «Red Hail» ալբոմում։ Դժվար է որևէ կերպ նկարագրել Տիգրանի երաժշտությունը. երևի թե այսպես` շատ հայկական, բայց նաև շատ միջազգային։ Ինչևէ, նկարագրելու փոխարեն ավելի ճիշտ է պարզապես վայելել ու սիրել։
http://www.youtube.com/watch?v=tXYokz5Iwcs