BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինտերնետի ստեղծող. «Ես չկամ «Twitter»-ում, «Facebo

Ինտերնետի ստեղծող. «Ես չկամ «Twitter»-ում, «Facebook»-ում, «Instagram». դրանք չեն պաշտպանում իմ անհատական տվյալները

Լուի Պուզենը պատմել է, որ նախ՝ շատ զարմացել է, երբ մի ֆրանսիացի զանգահարել ու ասել է, որ Հայաստանում առաջին մրցանակի է արժանացել. «Ես նախ և առաջ հարցրեցի՝ ի՞նչ առաջին մրցանակ և ինչո՞ւ Հայաստանից: Նա ինձ բացատրեց, որ վերջերս ձևավորված այդպիսի ավանդույթ կա. ամենամյա մրցանակ են տալիս: Ասացի՝ ինչո՞ւ ոչ, ես երբեք չեմ եղել Հայաստանում, լավ հնարավորություն է ընձեռվում, որ ծանոթանամ այս երկրին ու ժողովրդին: Իհարկե, Հայաստանն ինձ անծանոթ չէ, շատ եմ լսել Հայաստանի մասին, բազմաթիվ ֆրանսահայ ընկերներ ունեմ Փարիզում, Մարսելում և ֆրանսիական բոլոր մեծ քաղաքներում: Այնպես որ ինչ-որ չափով արդեն ծանոթ եմ հայկական ավանդույթներին, հայկական ռեստորաններին, խոհանոցին և շատ ուրախ եմ»:
Այցի վերջում ֆրանսիացի ճարտարագետը խոստովանեց, որ Հայաստան գալուց առաջ նախ հանդիպել է Թոնի Մորոյանի հետ («Արմթեք» կոնգրեսի համահիմնադիր ու մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ), քննարկել են մրցանակը, խոսել են Հայաստանի մասին, պարզել, թե որոնք են երկրի նպատակները, ինչ տեխնոլոգիական կարողություն կա Հայաստանում այս պահին: Լուի Պուզենը կարծում է, որ Հայաստանը պետք է կիրառի Հարավային Կորեայի, Իսրայելի ու Հնդկաստանի ձևաչափերը. «Մոտեցումը հետևյալն է. ունենալ որոշակի ծրագիր, որի մշակումը մի քանի տարի կարող է տևել: Երբ 70-ականներին Հնդկաստանում էի, քննարկվում էր արտահանման նպատակով համակարգչային ծրագրեր ստեղծելու գաղափարը, որն այդ ժամանակների համար անհավանական էր: Ի դեպ, այն ժամանակ այդ ծրագրերն այնքան պահանջարկ չունեին, որքան հիմա: IBM-ի մենաշնորհի ժամանակն էր, շատ հավակնոտ ծրագիր էր, բայց Հնդկաստանը կարողացավ ծրագրավորող ունեցող ամենախոշոր երկրներից մեկը դառնալ: Իրականում ինչ-որ առումով հեշտ է, որովհետև համաշխարհային մեծ մենաշնորհներին չես առնչվում, կոնֆլիկտի մեջ չես մտնում: Պետք է գտնել նեղ, բայց ճիշտ շուկա, անել մի բան, որը դեռ չի արվել, որից հետո գըտնել սպառողին: Այս պահին շատ երկրներից՝ հիմնականում ասիական, մեծ թվով արտադրանք է մտնում ՏՏ շուկա: Բացարձակապես պետք չէ մոտ լինել Սիլիկոնային հովտին՝ դա արտադրելու համար»:
Ինտերնետի ստեղծողն ինքը ինտերնետում գրեթե չկա, «Թվիթեր»-ում,«Ֆեյսբուք»-ում գրանցված չէ. «Ո՛չ «Ֆեյսբուք»-ում եմ, ո՛չ «Թվիթ»-ում, ո՛չ «Ինստագրամ»-ում, ոչ մի տեղ, որովհետև դրանք որևէ կերպ իմ անհատական տվյալները չեն պաշտպանում»: Ինտերնետի համաստեղծողը խոստովանում է, որ ինտերնետին չի վստահում իր անձնական տվյալները, բայց էլեկտրոնային փոստ ունի, նամակներ շատ է ստանում: Այնուամենայնիվ, Պուզենը վստահ է, որ ինտերնետի դերն ավելի է կարևորվելու, որովհետև այս պահին մոլորակի 2/3-ը չի օգտագործում այն. «Դա մեծ մարտահրավեր է, այդ մնացածին էլ պետք է ներգրավել ինտերնետում: Տարբեր մոտեցումներով դրան կարելի է հասնել ապագայում, իսկ դա նշանակում է, որ մարդկանց միջև կլինի լարվածություն, որովհետև ամեն մի երկիր իր պատմությունը, օրենսդրությունն ու եկամտի աղբյուրներն ունի, նաև դավանանքը: Օրինակ՝ որոշ երկրներում ալկոհոլը և ազատ սեքսն անընդունելի են, և այդ երկրներում վերահսկում են, թե ինչ բովանդակություն կա ինտերնետում, իսկ ինտերնետը ստեղծվել է բոլորինը լինելու համար: Այդ պատճառով մենք նույնիսկ որոշակի ռեգրես ենք արձանագրում, որովհետև որոշ երկրներում ինտերնետն արդեն վերահսկվում է, չնայած մարդկանց շփումը չեն կարող վերահսկել, որովհետև կա բրաուզերը: Այնպես որ գաղափարը, որ ինտերնետով կարող ես շփվել աշխարհում ում հետ ուզում ես, արդեն չի գործում. ոլորտը վերահսկվում է, նույնիսկ մենաշնորհներ կան: Կարծում եմ՝ ապագայում ինտերնետը կարող է հասնել բացարձակ հասանելիության, բայց այս պահին դա տեսանելի չէ, և հարկ է վերանայել ինտերնետի ընդհանուր կառուցվածքն ու ճարտարապետությունը: Սմարթֆոնները, իսկապես, չափազանց պոպուլյար են, նույնիսկ աֆրիկյան երկրներում, իհարկե, լափթոփներ էլ են մարդիկ օգտագործում, բայց սմարթֆոն ավելի շատ են օգտագործում: Շատերը դժվարանում են ոչ լատինատառ ստեղնաշարերից օգտվելիս, սմարթֆոնի վրա անհարմար է, բայց չեմ կասկածում, որ սմարթֆոնները շարունակելու են կատարելագործվել: Իհարկե, դրանք փոքր են ու հարմար գրպանի համար, բայց եթե մարդիկ ուզում են, որ անձնական տվյալներն անվտանգ լինեն, պետք է մասնագիտական սարքերձեռք բերեն»:
Լուի Պուզենը խոսել է նաև իր բազմաթիվ մրցանակների մասին. դրանցից մեկին գիտնականն արժանացել է Էլիզաբեթ թագուհուց: Որևէ մրցանակ չի առանձնացնում: Վստահ է, որ կգա այն ժամանակը, երբ տեխնոլոգիաների ու ինտերնետի ոլորտում կգտնի իր «նեղ ոլորտը»: Թե ինչ ձևաչափով կշարունակի Հայաստանի հետ իր բարեկամությունը, ճարտարագետը դեռ մտածում է. վստահ է, որ իր նախագծերից մեկում կարող է նաև մասնակցություն ունենալ Հայաստանը. «Որոշակի նախագծեր իրականացնելու գայթակղություն կա, չէի ասի իմ ընկերության միջոցով, որովհետև միկրոսկոպիկ փոքր ընկերություն ենք, բայց որոշ խմբեր կան, որոնք աշխատում են ինտերնետի ապագայի վրա: Օրինակ՝ մի նախագիծ կա, որ ծնվել էր Միացյալ Նահանգներում, և սկսել էին ինտերնետի պիոներները: Շատ մեծ ցուցակ կարելի է կազմել, թե ինչ թերություններ ունի այսօրվա ինտերնետը, բայց այդ ամենն անհրաժեշտ է ապագայի ինտերնետի համար, անհրաժեշտ է անվտանգ հավելվածներ կազմել: Եվ այդ ենթատեքստում, երբ ստեղծում ես մի հավելված, այն պետք է ամբողջ աշխարհում ապահով լինի, ցանցահենների հարձակումներին դիմակայի, օրինակ՝ DDOS հարձակումներին: Այս համատեքստում պետք է շատացնել այն թիմերի քանակը, որոնք աշխատում են այդ ապահովությունը բարձրացնելու համար: Հայերը կարող են մասնակցել հենց այդ աշխատանքներին»:

Տարածել