BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը բացել ևս մեկ ճակատ Լի

Պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը բացել ևս մեկ ճակատ Լիբիայում

Jerusalem Post-ի քաղաքական վերլուծաբանները վստահ են, որ Ռուսաստանը Լիբիայում կկարողանա ուժերի բալանսը թեքել իր կողմն ու իր ազդեցության տակ առնել նաև Միջերկրական ծովի արևելյան ափի տարածքները:

Գեներալի կապերը


Քադաֆիի երբեմնի կողմնակից, ապա ոխերիմ թշնամի դարձած գեներալ Խալիֆա Հաֆթարն այսօր վերահսկում է Լիբիայի արևելյան հատվածը: Խալիֆա Հաֆթարը Լիբիայի ազգային բանակի հրամանատարն է: Նա առաջին անգամ չէ, որ վստահեցնում է, թե կկարողանա երկրում վերացնել մշտապես իրար հետ կռվող զինված խմբավորումները, կպայքարի արմատական իսլամիստների դեմ և երկիրը կփրկի պառակտումից:
Արևմուտքը վստահ է, որ Մոսկվան նախապատվությունը տվել է Հաֆթարին: Երիտասարդ տարիներին նա զինվորական վերապատրասումն ստացել է ԽՍՀՄ-ում: Մի քանի ամիս առաջ նա  բարձր մակարդակով բանակցություններ է վարել Միջերկրական ծովում գտնվող ռուսաստանյան ավիակրի վրա: Մեկ տարվա ընթացքում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ՝ զենք և օժանդակություն խնդրելու համար: The Times-ը գրում է, որ ռուսները ծրագրում են զինել Տրիպոլիի արևմտամետ կառավարության դեմ պայքարող լիբիացի գեներալին: Խոսքը գնում է 1.5-2 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ զենք-զինամթերքի մասին: Պետք է նկատել, որ միայն Հաֆթարը չէ, որ եղել է Մոսկվայում: Վերջին շրջանում Ռուսաստան էր մեկնել նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարություն ղեկավար Ֆաիզ Սարաջը: Նրան հովանավորում  է նաև Սաուդյան Արաբիան: Հաֆթարի կողմնակիցներից են նաև Եգիպտոսը, Ֆրանսիան, Իտալիան: Մոսկվա այցելելուց առաջ Հաֆթարը եղել է նաև Վաշինգտոնում:
Ասում են՝ 80-ականներին, երբ Քադաֆին նրան իր մտերիմների ցանկից ջնջում է, Հաֆթարը ԱՄՆ ԿՀՎ-ի օգնությամբ փախնում է Չադ, ապա տեղափոխվում ԱՄՆ: Հաֆթարը Լիբիա է վերադառնում 2011-ին, երբ երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը: 2014-ին Հաֆթարը գլխավորում է Բենգազի ազատագրման գործողությունը, ապա երկրի արևելյան հատվածը մաքրում իսլամական ծայրահեղական խմբավորումներից: 2015-ին նա դառնում Լիբիայի ազգային բանակի հրամանատար:
Հաֆթարին օգնել են ոչ միայն ռուսները՝ անօդաչու սարքերով, այլ նաև ամերիկյան, ֆրանսիական, անգլիական ու Հորդանանի հատուկ ջոկատայինները: Այս ուժերը Հաֆթարին օգնել են պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Սակայն Հաֆթարի հարաբերությունները Ազգային համաձայնության կառավարություն ղեկավար Ֆաիզ Սարաջի հետ, մեղմ ասած, լավ չեն: Գուցե և նրանք իրար հետ լեզու գտնեին, եթե չլիներ զինված խմբավորումների խնդիրը:

Ռուսական առաջնահերթությունները


Հաֆթարն ապացուցեց, որ կարող են իրեն վստահել: Նա ունի հնարավարություն և կարողություն՝ ապահովելու տարածքային անվտանգությունը` հետևաբար նաև վերահսկելու նավթահորերի անվտանգ աշխատանքը: Մինչ ԱՄՆ-ն ու Բրիտանիան մտածում են համագործակցել Հաֆթարի հետ, մինչ Թրամփը կհասկանա ինչ վերաբերմունք ունի Լիբիայի նկատմամբ ու կհստակեցնի իր վարչակազմի դիրքորոշումը, Ռուսաստանն արդեն իր քայլն արել է:
Ռուսաստանին անհրաժեշտ է լինել Լիբիական հարցի լուծման միջնորդներից մեկը և եթե ոչ գլխավորը: Ահա թե ինչու: Նախ՝ «Ռոսնեֆտ»-ը Լիբիայի հետ պայմանագիր ունի՝ նավթահանքերի հայտնաբերման և առաջնային նավթահումքի գնման հարցում: Երկրորդ՝ Լիբիան 4,5 մլրդ. դոլարի պարտք ունի ԽՍՀՄ-ին, որի իրավահաջորդը համարվող Ռուսաստանը 2010-ին համաձայնեց չեղյալ համարել այդ պարտքը: Փոխարենը Լիբիա Ռուսաստանից պիտի գներ զենք: Այդ ժամանակ ՌԴ նախագահը Պուտինն էր: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, Լիբիայում սկսվեց քաղաքացիական ճգնաժամ, որն ավարտվեց հեղափոխությամբ ու Քադաֆիի մահով: Լիբիայի վրա դրվեց զենքի մատակարարման էմբարգո: 4 մլրդ. դոլարը մնաց օդում կախված:
Երրորդ՝ Լիբիան նավարդյունահանող խոշոր երկրներից մեկն է, որն ամեն պահ կարող է ազդել նավթային շուկայի վրա: Ռուսաստանը հույս ունի իր ձեռքը հավաքել Լիբիայի բոլոր լծակները, անհրաժեշտության դեպքում՝ շուկան կարգավորել իր նախընտրած սցենարով:

Սիրիական դասերը


Տարածաշրջանում գլուխ հանելու համար Ռուսաստանին ժամանակ էր պետք, որի ընթացքում ռուս դիվանագետները սովորում էին լեզու գտնել արաբական երկրների հետ: Ռուսների համար մեծ դաս էր նաև սիրիական փորձը: «Արաբական գարնան» շրջանում Մոսկվան հստակ դիրքորոշում էր ընտրում և հավատարիմ մնում իր դիրքորոշմանը: Հիմա Ռուսաստանը փորձում է համագործակցել ոչ միայն գործող իշխանության հետ՝ Աստված գիտի, թե ինչ կկատարվի ապագայում:
Ճիշտ է, Լիբիան Սիրիա չէ, այստեղ իրավիճակն ավելի բարդ ու հակասական է: 6 տարի շարունակ Լիբիայում բացակայել է կենտրոնական իշխանությունը, օրենքն ու իշխանությունը պատկանել է զինված խմբավորումներին: Երկրում միաժամանակ գործում են մի քանի խորհրդարաններ, մեկից ավելի կառավարություն, բանակը պառակտված է:
Առայժմ Ռուսաստանը չի համարձակվում բացահայտ կանգնել Հաֆթարի կողքին: Սարաջի հետ գործարքն էլ կնշանակի Լիբիայի արևելյան դիրքերի կորուստ:
Սակայն ամեն ինչ կարող է փոխվել, կարող է  գլխիվայր շրջվել նաև Ռուսաստանի դիրքորոշումը՝ ճիշտ այնպես, ինչպես եղավ Սիրիայում: Ո՞վ կմտածեր, որ ռուսական զինուժը երբևէ կմտներ Սիրիա: Ոչ մեկը, բայց դա արդեն իրականություն է:

Աղբյուրը

Տարածել