5 պոպուլիստական միտք Մարի Լը Պենից
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը հաճախ է աչքի ընկնում պոպուլիստական սուր և հակասական մտքերով: Ներկայացնում ենք փախստականների, Եվրամիության և բաժանարար գծերի մասին նրա հայտարարություններից մի քանիսը:
Փախստականների մասին - Հանդուրժողականությու՞ն: Ի՞նչ է դա նշանակում: Ես շատ հյուրընկալ մարդ եմ, բայց ոչ ոք չէր համաձայնի 12 անօրինական փախստականի ընդունել իր տանը: Հատկապես, որ նրանցից ոմանք կգողանան ձեր դրամապանակը կամ կվիրավորեն ձեր կնոջը: Մենք հյուրընկալ ենք, բայց ընտրում ենք, թե ում հանդեպ լինել այդպիսին:
Փախստականներին ֆինանսավորելու մասին - Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև մեծ տարբերություն կա: ԱՄՆ-ում փախստականներն ապրելու համար պետք է աշխատեն: Ֆրանսիայում նրանք ապրում են հանրային ֆինանսական միջոցների հաշվին: Մեր երկրում առանց այդ էլ միլիոնավոր գործազուրկներ կան: Մենք չենք պատրաստվում մեծ թվով փախստականների տանիք, առողջապահական ապահովագրություն կամ կրթություն տրամադրել:
Եվրամիության մասին - Եվրոպական Միությունը վտանգավոր է և վնասակար: Այդ կառույցը հակաժողովրդավարական հրեշ է: Ես ուզում եմ կանխել դրա տարածումը մեր երկրում: Մեր պատմության ընթացքում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի մեր երկիրն անկախանա: Այսօր մենք հեշտությամբ թույլ ենք տալիս, որ մեր ինքնորոշման իրավունքը գողանան:
Բաժանարար գծերի մասին - Մեր երկիրն այժմ բաժանում են ոչ թե աջ և ձախ քաղաքական ուժերը, այլ գլոբալիստներն ու պատրիոտները:
Ֆրանսիայի մասին - Ֆրանսիայի քաղաքացիությունը պետք է կամ ժառանգական լինի, կամ էլ դրան պետք է արժանանալ: Ֆրանսիա ժամանող օտարերկրացիները չեն կարող և չպետք է մեր երկիրը վերածեն իրենց ծագման երկրին: Փոխարենը պետք է ընդունեն և ապրեն մեր երկրի կանոններով:
Յան-Վերներ Մյուլլեր
2900 ֏
Նկարագրություն
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: