BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մարտին Վարդազարյան. Երևի մեկ ձեռքի մատները բավական

Մարտին Վարդազարյան. Երևի մեկ ձեռքի մատները բավական են վստահելի ընկերներին հաշվելու համար

անկրկնելի
Ամեն մարդու համար ամենակարևորը ծննդյան օրն է: Յուրաքանչյուր մարդ իր անհատականությունը ճանաչում է միայն այն ժամանակ, երբ սկսում է վերհիշել իր անցած ուղին: Ամեն ոք անկրկնելի կյանք է ապրում, հետո պարզվում է` շատերի մոտ զուգադիպություններ կային:
սկիզբը
Կյանքի առաջին տպավորությունս պատեֆոնն էր: Հայրս Արտեմի Այվազյանի հետ հիմնեց Հայկական պետական ջազ նվագախումբը: Ինքը դիրիժոր-մենակատար էր, Արտեմի Այվազյանը` գեղարվեստական ղեկավար, և մեր տանը կար բավական հետաքրքիր հավաքածու ձայնասկավառակների, որոնք ինձ համար դարձան առաջին երաժշտական դպրոցը: Դեռ կարդալ չիմանալով` ես տարբերում էի` որ ձայնասկավառակի մեջ ինչ է հնչում: Տանը հնչում էր նաև հայրիկիս շեփորը: Նա զոհվեց ավտովթարից քրոջ հետ... Ցանկություն ուներ, որ ես երաժշտական դպրոց հաճախեմ: Այդ իրականացավ:
ընկերներս
Լինում է տարիք, որ յուրաքանչյուր հանդիպած մարդուն, որը մեկ անգամ բարևել է, համարում ես ընկեր: Հետո է պարզվում` վստահելի ընկերներ՝ այնպիսին, ինչպիսին դու ես իրենց համար, երևի այնքան էլ շատ չեն: Երևի մեկ ձեռքի մատները բավական են վստահելի ընկերներին հաշվելու համար՝ նրանց, ում հավատում ես, ում խոսքը քեզ համար արժեք է և բացահայտում է` քեզ ճանաչելու համար: Ընկերական շրջապատից, իհարկե, իսկապես մնացել են մի քանի ընկերներ, որոնց գուցե հաճախ էլ չեմ հանդիպում, բայց գիտեմ, որ նրանք կան, անհրաժեշտության դեպքում կարող եմ նրանցից խորհուրդ հարցնել կամ խորհուրդ տալ: Ասում են` ընկերոջ հինն է լավ, շորի` նորը:
կինոերաժշտություն
Երևանի ցանկացած կինոթատրոնում կար նվագախումբ: Կինոյից առաջ պետք է նվագախումբը նվագեր: Մթնոլորտ էր ստեղծում, և կար մի խնդիր ևս. ցուցադրվող ֆիլմի երաժշտությունից մի հատված հարկավոր էր ընդգրկել նվագացանկում: Դա էլ եղավ լավ փորձություն` լավ պարտիտուրա գրելու համար: Շատ հետաքրքիր աշխարհ է կինոերաժշտությունը: Առաջինը երաժշտություն գրեցի Էռնեստ Մարտիրոսյանի դիպլոմային կինոնկարի համար, բայց առաջին մեծ գործը «Բարև, ես եմ» ֆիլմն էր: Առաջին հայացքից թվում է` պետք է այնպես գրել, որ բոլորն ասեն. «Վա՜խ, էս ի՜նչ լավ երաժշտություն է»: Այստեղ ճշգրիտ ու զուսպ մոտեցում է պետք: Կինոյում կոմպոզիտորը պետք է տիրապետի և՛ սիմֆոնիկ նվագախմբին, և՛ մենանվագ գործիքների, և՛ փոքր անսամբլներին, և՛ ժողովրդական երաժշտությանը, և՛ ժամանակագրական ճշգրտությանը: Այդ ֆիլմի համար գրեցի ռոմանտիկ երաժշտություն, որ ինձ էլ էր դուր գալիս, հետո խմբագրությանն էլ դուր եկավ: Բայց երբ դրեցինք տեսաշարի հետ, ստացվեց այնպես, որ երաժշտությունը թուլացրեց տեսարանի իրական լինելը, և մենք ելքը գտանք հնչյունային ռեժիսոր Էդուարդ Հարենցի հետ: Մի բակ կա, որ 4 կողմից փակ էր: Ներքևում դրեցին դինամիկը, որից հնչում էր փողային երաժշտությունը, իսկ պատուհանի օդանցքին միկրոֆոն դրեցինք ու ձայնագրեցինք փողային նվագախումբ: Դա էլ ֆիլմին տվեց քնարականությունը, որ պակասում էր:
շրջագայութուն
Պետհամալասրանի նվագախմբի հետ գնացել էին Չեխոսլովակիա` հյուրախաղերի: Եվ երբ մենք ծրագիրը նվագեցինք, առաջին ծրագրից հետո ասեցին. «Բայց ասում էին` Սովետական միությունում ջազն արգելված է»: Ասացինք` «Ահա ձեզ ապացույց, որ Հայաստանում երբևիցե ջազը չի արգելվել»: Մենք նվագում էինք և՛ ամերիկյան ջազ, և՛ մեր ստեղծագործությունները: Ես էլ մի քանի գործ էի գրել: Այնուհետև ստեղծվեց տաքսամոտորային նվագախումբը: Պարզվեց`տաքսիստների մեջ բավական լավ երաժիշտներ կային: Տաքսիստներն էին նվագում, դիսպետչերներն էին նվագում, մեխանիկներն էին նվագում, և հիանալի երգիչ Սմբատ Վարդանյանն էր երգում:
գուցե մի օր
Համագործակցել եմ Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների հետ՝ բացառությամբ օպերային թատրոնի: Օպերա չեմ գրել: Բայց դեռ ժամանակ կա. ո՞վ է իմանում, մեկ էլ տեսար մի բան գրեցի:
թատրոնում
Առաջին ներկայացումը, որի համար երաժշտություն գրեցի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի բեմադրությունն էր: Նրա՛նք իմ առաջ բացեցին թատրոնի դռները: Ճիշտն ասած` 140-րդից հետո դադարեցի հաշվել, թե քանի ներկայացման համար եմ երաժշտություն գրել:
մի անգամ
«60 տարի և երեք ժամ»: Այս վերնագրով պիես կար. մի տեսարանում երիտասարդները գալիս էին տուն ու պարում էին 4 փոքրիկ կարապների պարը` «Կարապի լիճը» բալետից: Ունեինք դաշնակահարուհի, որ այդ հատվածը նվագում էր: Մի օր ինձ զանգահարեցին, ասացին. «Շտապ արի՛ թատրոն»: «Ի՞նչ է պատահել»: «Մեր դաշնակահարուհին չի եկել, ներկայացումը սկսվել է»: Մենք էլ, տղերքով նստած, լուրջ գործով էինք զբաղված. գարեջուր էինք խմում: Գնացի: Մի փոքր հատված պետք է նվագեի: Նվագեցի, հետո էլի կրկնեցի, ու էլի կրկնեցի: Դերասաններն էլ անցան իմպրովիզների: Յուրա Ամիրյանը պարելով մոտեցավ ինձ, ասաց. «Վերջացրո՛ւ, ավարտվել է»: Ասացի. «Չէ՛, պիտի պարեք բեմի վրա»: էլի նվագեցի: Վերջը գտան ելքը: Դաշնամուրը պտտաբեմի վրա էր, կոճակը սեղմեցին` դաշնամուրը մտավ կուլիսներ, ինձ վրայից վերցրին, դատարկ դաշնամուրը ետ պտտեցին տեղը: Ներկայացումը շարունակվեց, և ոչ ոք ոչինչ չզգաց:
Շեքսպիր
Մի քանի երգերի համար խոսք էլ եմ գրել: Այդ փորձն էլ ունեմ: Մի անգամ որոշեցի, որ Շեքսպիրի սոնետները արժանի են իմ ուշադրությանը: Շատ փնտրեցի, բայց անգլերենին համապատասխան ռիթմով և դրամատուրգիական կառուցվածքով չգտա: Փորձեցի ռուսերեն տարբերակը. Մարշակի, Պաստերնակի թարգմանությունները նույնպես թե՛ ռիթմով, թե՛ չափով չէին համընկնում: Հայերենն ուսումնասիրեցի` Մասեհյանի, Դաշտենցի թարգմանությունները… Դրանք էլ չէին համապատասխանում: Որոշեցի անգլերենի հիման վրա գրել` անգլերեն չիմանալով: Բայց հանդիպեցի մարդկանց, որոնք գիտեին անգլերեն, և ստանալով ամբողջական պատկերը, իմաստը՝ գրեցի անգլերեն սոնետների շարք, հետո դրանք ինքս էլ թարգմանեցի հայերեն: Կարծես թե ստացվել է: Հենրի Ալավերդյանը կատարեց: Հետո Բարսեղ Թումանյանը երգեց Ամերիկայում:
տանը
Կենցաղում, տանը և աշխատելիս ծույլ եմ: Տանն էլ մի քիչ թափթփված եմ այն իմաստով, որ գիտեմ` ինչը որտեղ է դրված: Մի օր տիկինս փորձեց ինձ լավություն անել: Դասավորել էր իրերս, դաշնամուրի վրայից հավաքել էր ամեն ինչ, ամեն ինչ կարգավորված էր, և ես ոչինչ չէի գտնում: Մենք ընդամենը 52 տարի է` միասին ենք ապրում: Եկել ենք այն եզրակացության, որ փոխզիջումը ամենալավ տարբերակն է ընտանիքի երկարակեցության համար: Երբեմն առանց պայմանավորվածությունների մեկ էլ տեսար ձեռքներս մեկնում ենք նույն բանին կամ նույն գիրքն ենք վերցնում վերընթերցելու համար:
ռաբիս
Երաժշտության բնագավառում հետաքրքրություններ չունեմ: Բայց հետևողականորեն դեմ եմ, որ ռաբիսը լինի մեծ բեմերում: Մեծ բեմերում ռաբիսի տված վնասն անհամեմատ մեծ է, քան տված օգուտը: Պարզունակությունը և միապաղաղությունը, կեղծ ազգային համարվելով և հարստանալով արևելյան բոլոր մեզ ոչ հարիր էլեմենտներով, դառնում են կպչուն: Երբ չձևավորված մարդու համար է հնչում, կպչում է: Նրա համար հետաքրքրությունները վերանում են. էլ ի՞նչ սիմֆոնիկ երաժշտություն, էլ ի՞նչ օպերա, էլ ի՞նչ արիաներ...
մասնագիտորեն
Զարմանալի բան էր պատմում Ավետ Կարպի Գաբրիելյանը` իմ հերացուն: Հիանալի անձնավորություն էր, փայլուն երաժիշտ: Նա նվագում էր մի կվարտետում, որը կատարումներ ունեցավ եվրոպական երկներում, հետո՝ ԱՄՆ-ում, որտեղ նրանց ընդունեց Քենեդին: Առաջին դեպքն էր, որ Սովետական միությունից եկած երաժիշտներին ընդունում էր ԱՄՆ նախագահը: Որպես հիշատակ՝ նվիրել էր իր փողկապի ճարմանդը: Ավետ Գաբրիելյանը, երբ Ավստրիայից եկավ, զարմացած էր. տրամվայում տոմսավաճառը նստած էր` Մոցարտի պարտիտուրան ձեռքին: Մեր կոնսերվատորիայի ուսանողները Մոցարտի պարտիտուրան նույնիսկ դասերի ժամանակ չեն վերցնում, որ ուսումնասիրեն:
Երևանի փոփոխությունը
Շատ եմ ափսոսում, որ հարևանները դարձել են ինքնամփոփ: Իհարկե, բացառություն կա: Օրինակ` մեր հարևանները: Մեր դուռը միշտ բաց է, իրենց դուռը միշտ բաց է: Բայց ցավալի է, որ ամեն տեղ չէ դա: Մեր շենքում ապրողների մեծ մասին արդեն չեմ ճանաչում, իսկ իմ պատանեկության, երիտասարդության տարիներին ամբողջ բակում, շենքում բոլորն իրար ճանաչում էին:
մարդը
Մարդուն վերջին տարիներին մի քիչ պակասում է մարդ լինելու ունակությունը: Մարդ լինելը տաղանդ է: Այդ տաղանդը տրվում է բոլորին, բայց մենք, երբեմն այն չիրականացնելով, գնում ենք դեպի ես-ը: Բայց պետք է լինի ոչ թե ես, այլ մենք:

Տարածել