Միշել Լեգրան և Մաշա Մերիլ. «Մենք իրար սպասել ենք կես դար…»
Միշելը 32 տարեկան էր, Մաշան` 24: Միշելն ուներ ընտանիք, Մաշային սպասում էր փեսացուն, բայց նրանք սիրում էին իրար: 50 տարի անց կրկին հանդիպեցին ու հասկացան, որ իրենց սերը չի մեռել:
Կես դար անց ամուսնանալով` երջանիկ ամուսինները պատմեցին իրենց սիրո պատմությունը:
— Պարոն Լեգրան, «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի Ձեր երաժշտությունը, որը գրվել է 1964-ին, սիրելի է մինչև օրս: Ասում են` մինչև հիմա այն հնչում է բազմաթիվ հարսանիքներում:
Մաշա Մերիլ - Երբ մենք Ամերիկայում էինք, Բարբարա Սթրեյզնդի ամուսինը Միշելի ականջին ասաց` «Մենք միշտ քո «Հովանոցների» ներքո ենք սիրով զբաղվում»: Այնպես որ, Միշելն ակտուալ է ամբողջ աշխարհի սիրահարների համար:
— Դուք ամուսնացաք 2014-ին, բայց հանդիպել էիք 50 տարի առաջ: Ձեր պատմությունը հեքիաթի է նման: Դրանում ո՞րն է ճիշտը, ո՞րը` մտացածին:
Միշել Լեգրան - Ես կպատմեմ մեր պատմությունը, Դուք էլ որոշեք: 1964-ն էր, ես արդեն կայացած երաժիշտ էի: Հոլիվուդն ինձնով հմայված էր. այլ կերպ ասած` հաջողակ երիտասարդ էի: Եվ ահա, ֆրանսիական պատվիրակության կազմում մեկնում եմ Բրազիլիա` միջազգային կինոփառատոնի: Երիտասարդ դերասանուհի Մաշա Մերիլն էլ կինեմատոգրաֆիստների մեծ պատվիրակության կազմում էր: Մաշան ներկայացնում էր «Հիասքանչ սուտլիկը» ֆիլմը:
Դե պատկերացրեք` ռոմանտիկ, դրախտային մի վայր, արև, զմրուխտե ծովափ… Եվ այդ միջավայրում` Մաշան: Առաջին անգամ նրան այդտեղ տեսա ու սիրահարվեցի առաջին հայացքից: Զրուցեցինք, պայմանավորվեցինք գնալ բրազիլական երաժշտություն լսելու: Հնարավոր չէ բառերով նկարագրել այդ օրերը` կատարյալ երջանկության հորձանք: Թվում էր` մի ամբողջ հավերժություն է անցել… և ցնցող, խենթ, վառ օրեր անց` հանկարծ ցավն ու գիտակցումը, որ` վերջ: Վերադառնալու ժամանակն է: Տուն: Ֆրանսիա:
Մեզ համար դա անձնական ողբերգություն էր: Տանջում էին ծանր մտքերը, որ չենք կարող միասին լինել: Անհնար է: Մաշան պետք է ամուսնանար մի իտալացու հետ, ես էլ էի նոր ամուսնացել` երկու երեխա ունեի: Բարդ վիճակում էինք հայտնվել: Իրար անկեղծ ասացինք` եթե ազատություն տանք մեր զգացմունքներին, կկոտրենք մեզ համար թանկ մարդկանց սրտերը: Մեր սերը շատերին ցավ կպատճառեր: Մենք հասկանում էինք, որ դրա իրավունքը չունենք: Այսպիսի դժբախտություն…
[gallery ids="55669,55670,55671"]
Մաշա Մերիլ - Որոշեցինք բաժանվել: Պայմանավորվեցինք միմյանց չզանգել, իրար չփնտրել, որքան էլ ծանր լիներ երկուսիս համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր մեջ առանձնապես ոչինչ չէր եղել: Միայն համբույրներ:
Միշել Լեգրան - Մեր առաջին հանդիպումից անցան երկար տարիներ: Ամեն մեկս զբաղվեց իր գործով, կարիերայով, կյանքով: Դրանից 10 տարի անց ես գնացի Հոլիվուդ, որտեղ ապրեցի 15 տարի, ստացա երեք Օսկար, բազմաթիվ ֆիլմերի համար երաժշտություն գրեցի: Եվ մի օր ուղղակի կոտրվեցի: Հասկացա, որ բավական է: Լուրջ դեպրեսիա էր: Այն աստիճան ծանր, որ որոշեցի վերադառնալ տուն: Հաղթահարեցի դեպրեսիան, սկսեցի աշխատել Ֆրանսիայում, ու դեռևս առանց Մաշայի… Անցան տարիներ… Երկար տարիներ…
Մաշա Մերիլ - Եվ ահա, մի անգամ…
Միշել Լեգրան - Մաշան 2013 թվականի վերջին խաղում էր «Բուֆ-Փարիզիեն» թատրոնում: Նա «Մերձավոր հարաբերություններ» պիեսում էր, որը գրել էր իմ ընկերը: Ես էլ էի պրեմիերային` կոկիկ հագնված, իմ ամենագեղեցիկ մեքենայով, կարծես կանխազգում էի: Չէի էլ պատկերացնում` ինչ է ինձ սպասում:
Մաշա Մերիլ - Այդ պահին ես երկու տարի միայնակ էի: Ինքս ինձ ասում էի` գուցե այլևս ոչ մեկի չհանդիպեմ, բայց ոչինչ... միայնակությունն այնքան էլ վատ բան չէ: Պարզվում է` Միշելը վաղուց էր միայնակ: Հասցրել էր բաժանվել կնոջից:
[gallery ids="55672,55673,55674"]
Միշել Լեգրան - Նայեցինք իրար, և ես միանգամից հասկացա` Մաշան ազատ է: Հասկացա, որ մեր միջև չկա ոչ մի խոչընդոտ, չկա ոչինչ և ոչ ոք: Նա էլ` նայելով ինձ, զգաց նույնը: Եվ մենք զրույցի բռնվեցինք ընկերների պես, որոնք հանկարծ հանդիպում են տարիներ անց, բայց միևնույն ժամանակ զգում են, որ երբեք չեն էլ բաժանվել:
Մաշա Մերիլ - Մեր հիշողության մեջ մնացել էին միայն համբույրները: Իմ հիշողության մեջ դաջվել է այն պահը, որ Բրազիլիայում Միշելն առաջին անգամ բռնեց ձեռքս: Դժվար է բառերով նկարագրել: Եվ ահա 50 տարի անց, երբ հանդիպեցինք թատրոնում, նա մոտեցավ ու բռնեց ձեռքս: Կյանքում երկրորդ անգամ նույն դողն անցավ մարմնովս, նույն անհանգստությունը:.
Միշել Լեգրան - Անհավանական է: Այդ երեկոյից հետո ամեն օր գնում էի նրա ներկայացումներին ու ասում` «Ուզում եմ ամուսնանալ քեզ հետ: Այս անգամ, հավատա, ամեն ինչ կստացվի: Ժամանակը եկել է, և, գրողը տանի, մեր տարիքը»:
Այն ժամանակ մենք երիտասարդ էինք, չէինք հասկանում, որ անցնում ենք մեր գլխավոր սիրո կողքով: Ոչինչ չէինք հասկանում: Տարիներն անցան, և Մաշային կրկին տեսնելուց հետո ես հստակ գիտակցեցի` այս 50 տարին մենք անցկացրեցինք` իրար նորից հանդիպելու հույսով: 50 տարի շարունակում էինք սիրել իրար: Եվ ինչ-որ մեկը վերևից մեզ հասկացրեց, ուղի ցույց տվեց, նորից հանդիպեցրեց, որ հնարավոր լինի ասել. «Մաշա, դարձիր իմ կինը»: Բայց պատկերացնո՞ւմ եք, նա ինձ մերժեց:
Մաշա Մերիլ - Ես չեմ մերժել: Ես ողջամտության կոչ էի անում, ասում էի` չշտապենք: Մտածելու համար 8 օրով գնացինք Միշելի առանձնատուն, որը քաղաքից դուրս էր: Աանմոռանալի ժամանակ անցկացրինք այնտեղ: Առաջին անգամ մենք ոչնչից ու ոչ մեկից չէինք վախենում: Տարիքը լիարժեք ազատություն է պարգևում: Ընդ որում` խուլիգանություն անելու ազատություն: Տարիքի հետ մենք ձերբազատվում ենք բոլոր կոմպլեքսներից, վախերից ու պայմանականություններից: Այդ ընթացքում Միշելը հասցրել էր բաժանվել իր երեք կանանցից, ես էլ ամուսիններ ունեի:
[gallery ids="55678,55677,55675"]
Մենք պատրաստ էինք ամեն ինչ սկսել զրոյից, նորից: Հսկայական էներգիա էինք զգում: Նոր սերը մեզ իմպուլս տվեց: Եվ մենք սկսեցինք մեծ պլաններ կազմել: Սերը մեզ ուժ տվեց և անսահման ինքնավստահություն: Մենք պատրաստ էինք ամեն ինչի:
Միշելն ասում է` 50 տարի ինձ չի մոռացել: Իսկ ես… կանայք ավելի պրագմատիկ են: Բրազիլիայում ես որոշել էի խաչ քաշել այս սիրո վրա: Կանայք տառապել չեն սիրում, շրջում են էջն ու սկսում ապրել առանց նրա:
Այս տարիների ընթացքում ես, բնականաբար, հետևում էի Միշելի հաջողություններին, հպարտանում, երբ ստանում էր հերթական Օսկարը: Շարունակում էի կարիերաս, խաղում էի ֆիլմերում: Երբ նորից տեսա նրան, ասացի` վերին ուժերը մեզ միավորեցին: Երկուսս էլ հասկանում էինք, որ այլևս չենք բաժանվելու: Որոշեցինք անմիջապես ամուսնանալ:
Երբ մենք Միշելի հետ քայլում ենք, մեզ մոտենում են անծանոթներն ու ասում` ձեր երջանկությունը մեզ հույս է տալիս: Այնպես որ` մենք թալիսման ենք սիրահարների համար:
Միշել Լեգրան - Հիմա մենք ոչ միայն ուրախանում ենք ամեն նոր օրվա համար, այլև աշխատում ենք միասին: Միասին օպերա ենք գրել: Այո, այո: Ես դա կոչում եմ «ներքին օպերա»: Այդ միտքը վաղուց կար, Մաշայի հետ իրագործեցինք այն: Նա գրեց տեքստը, ես` երաժշտությունը:
Երբ ննջասենյակում անցնում եմ Մաշայի կողքով, նա բացականչում է` «Պատկերացնո՜ւմ ես, մենք ամուսնացա՜ծ ենք»: