«Երբ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցն ամենաանիմաստ հարցերից է. Միշել Օբամա
Երեխա ժամանակ պարզ ցանկություններ ունեի։ Ուզում էի շուն ունենալ: Եվ տուն՝ ներսում աստիճաններ, երկհարկանի, մեկ ընտանիքի համար։ Չգիտեմ ինչու հորս ուրախությունն ու հպարտությունը համարվող երկդռնանի «Բյուիկի» փոխարեն երազում էի ունենալ չորս դռնանի սեդան։ Բոլորին ասում էի՝ երբ մեծանամ, մանկաբույժ եմ դառնալու։ Ինչո՞ւ։ Որովհետև սիրում էի փոքրիկների հետ ժամանակ անցկացնել ու շատ արագ գլխի էի ընկել, որ այդ պատասխանը դուր էր գալիս մեծահասակներին։ «Օ՜, բժիշկ։ Ի՜նչ հրաշալի ընտրություն»։ Այդ ժամանակ հյուսիկներ էի կապում, ավագ եղբորս հրամաններ տալիս ու, անկախ ամեն ինչից, դպրոցում բարձր գնահատականներ ստանում։ Ձգտումներ ունեի, թեև չէի գիտակցում՝ կոնկրետ ինչի եմ հավակնում։ Հիմա կարծում եմ, որ «Երբ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցն ամենաանիմաստ հարցերից է, որ կարելի է տալ երեխաներին։
Կարծես մեծանալը սահմաններ ունի, հասնում ես մի կետի, դառնում ինչ-որ բան և վերջ։
Մինչև այս պահն իրավաբան եմ եղել։ Աշխատել եմ հիվանդանոցի փոխտնօրեն, հասարակական կազմակերպությ ան տնօրեն, որն օգնում էր երիտասարդներին նշանակալի կարիերա կառուցել։ Ես եղել եմ աշխատավոր դասի սևամորթ ուսանող, սովորել բարձրակարգ համալսարանում, որտեղ գերակշռում էին սպիտակամորթները։ Շատ տեղերում եղել եմ միակ կինը, միակ աֆրոամերիկացին։
Եղել եմ հարսնացու, մտահոգ մայր, վշտից կոտրված դուստր, իսկ մինչև վերջերս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։
Դա պաշտոնապես իմ աշխատանքը չէր, սակայն ինձ համար ստեղծել էր այնպիսի հարթակ, որ անգամ պատկերացնել չէի կարող։ Այն ինձ մարտահրավեր էր նետում ու ընկճում, բարձրացնում ու ցած նետում, երբեմն էլ՝ այդ բոլորը միաժամանակ։ Նոր եմ սկսում վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին՝ այն պահից ի վեր, երբ 2006-ին ամուսինս առաջին անգամ հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, մինչև այս տարվա ձմռան այն ցուրտ առավոտը, երբ Մելանյա Թրամփի հետ նստեցի լիմուզին՝ նրան ուղեկցելու իր ամուսնու երդման հանդիսավոր արարողությանը։ Հետաքրքիր փորձառություն էր:
Միշել Օբամա
Միշել Օբամա
6800 ֏
Նկարագրություն
Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: