[Շարունակությունը՝ գրքում] Մկրտիչ Արմեն․ Գույնզգույն թագավորությունը
Վերջին ձկնագլխի օրը
— Կը՛թ… կը՛թ… կը՛թ…— երկար ժամանակ լսում էր Իլեն քնի մեջ: Նրան թվում էր, թե ինքը կանգնած է ինչ–որ բարձր տեղում, պայծառ փայլում է արեգակը, իսկ արեգակից մեկը մյուսի հետևից նրա ոտքերի մոտ ընկնում են սառած ձկներ՝ մեկ… երկու… երեք… Այնքա՜ն շատ են դրանք և դեռ շարունակում են ընկնել՝ կը՛թ… կը՛թ… կը՛թ… Ամբողջ ձմեռը հերիք կանի նրանց ընտանիքին, այսինքն՝ նրան և նրա հորը…
Իլեն արթնացավ, բայց առանց աչքերը բաց անելու շարունակեց ականջ դնել: Ձկների ընկնելու ձայնը շարունակվում էր: Նա ուրախացած բաց արեց աչքերը, և նույն րոպեին դառը հիասթափությունը պաշարեց նրան: Նա պառկած էր իրենց սառցե տան հատակի վրա, և դա ջուրն էր կաթում գմբեթավոր առաստաղից: Ճիշտ է, առաստաղը, պատերն ու հատակը ծածկված էին արջի մորթիներով, որոնք պաշտպանում էին սառույցը հալվելուց, բայց մորթիները հին էին, պատառոտված: Սենյակի տաքությունը չնայած որ չնչին էր, սակայն հավաքվելով առաստաղի տակ՝ երբեմն մի քիչ հալեցնում էր այն:
Առաստաղից փոկերով կախված՝ աղոտ վառվում էր արջի գանգից սարքված ճրագ–վառարանը: Դժվար օրեր էին, ճարպ չկար, և ճրագի մեջ այնքան էին ճարպ լցրել, որ բոցը հազիվ էր պլպլում ու շուտով հանգչելու էր՝ բնակարանը թողնելով մթության և ցրտի մեջ:
Իլեն պառկած էր մորթիներով ծածկված հատակի վրա՝ մորթե տոպրակի մեջ: Մի այլ տոպրակ նրա կողքին՝ դատարկ էր: Ինչպես ամեն օր, նրա հայրը վաղ առավոտյան գնացել էր որսի:
Արթնանալուն պես Իլեն զգաց, որ սոված է: Հայր ու որդի խնայողության համար երեկոյան ոչինչ չէին կերել: Իլեն մտածեց իսկույն վեր կենալ, գնալ միջանցք և սառած ձուկ բերել այնտեղից: Բայց նույն րոպեին ինչ–որ բան հիշեց, և նրա կլոր դեմքը փայլեց ուրախությունից:
Շտապ վեր ցատկելով՝ նա դուրս ելավ տոպրակից: Ուշադրություն չդարձնելով ցրտին՝ նա մերկ մոտեցավ իրենց կլոր բնակարանի պատին և ծնկի եկավ դրա առջև: Զգուշության համար նա մի պահ հետ նայեց դեպի բնակարանի մուտքը՝ տեսնելու, թե արդյոք ոչ ոք չի՞ մտնում ներս: Ապա նայեց դեպի հոր տոպրակը՝ կարծես համոզվելու համար, որ իրոք դատարկ է: Միայն այդ բոլորից հետո նա հետ տարավ պատը ծածկած մորթու ծայրը, որի հետևում խնամքով քողարկված էր մի փոս:
Իլեն ձեռքը կոխեցփոսի մեջ և հանեց այնտեղից մի ձկան գլուխ: Ու թեև դա ո՛չ ուտելու համար էր պետք, ո՛չ հետը խաղալու, բայց Իլեն չշպրտեց դա, այլ մի ուրիշ տեղում բարձրացնելով մորթու ծայրը՝ թաքցրեց մի ուրիշ փոսի մեջ: Դրանից հետո ձեռքը նորից կոխելով առաջին փոսի մեջ՝ նա սկսեց փնտրել: Համոզվելով, որ այդ փոսն այլևս դատարկ է, նա ժպտաց չափազանց ուրախ և շշնջաց կամացուկ.
— Վերջին ձկնագլխի օրը…
Վերջապես, վերջապես եկավ Վերջին ձկնագլխի օրը, որին այնքա՜ն երկար սպասում էր Իլեն…
Սկզբում առաջին փոսը լիքը լցված էր ձկան գլուխներով: Այնքա՜ն շատ էին դրանք… Իլեն ամեն օր մյուս փոսն էր փոխադրում դրանցից մեկը, բայց փոսը կարծես մնում էր դարձյալ նույնքան լիքը: Երբեմն Իլեն ցանկություն էր ունենում միանգամից տեղափոխելու մի քանի ձկան գլուխ, բայց դրանից, իհարկե, ոչինչ չէր ստացվի՝ բացի հաշիվը խառնելուց: Հարկավոր էր զսպել անհամբերությունը, յուրաքանչյուր օր փոխադրել միայն մի ձկան գլուխ և սպասել…
Եվ ահա, վերջապես, եկավ Վերջին ձկնագլխի օրը…
Իլեն ուրախությունից մոռացել էր քաղցը, ցուրտը: Նա սթափվեց միայն այն ժամանակ, երբ արջի գանգից սարքված ճրագ–վառարանի մեջ փոքրիկ բոցը թարթեց մի վերջին անգամ և մարեց: Մթությունը կարծես մռայլություն բերեց Իլեի մտքերին: Նա տխուր հառաչեց: Ի՞նչ օգուտ, որ նորից եկավ Վերջին ձկնագլխի օրը… Միևնույնն է, մեծերը նորից են հսկելու, ինչպես մի տարի առաջ, երկու տարի առաջ, որպեսզի երեխաներն այսօր չգնան Կատպիսից ոչ մի քայլ այն կողմ…
Իլեն խարխափելով գտավ, վերցրեց իր մորթե հագուստը, որին միացված էին թե՛ մորթե ոտնամանները, թե՛ ձեռնոցները և թե՛ գլխարկը, մտավ դրա մեջ և ձգեց–ամրացրեց փոկերը: Դրանից հետո, պառկելով փորի վրա, նա դուրս սողաց դեպի խիստ ցածրիկ և խողովակի պես երկար միջանցքը: Այնտեղ հատակից բարձրացնելով սառույցի մի մեծ կտոր՝ նա հանեց դրա տակ պահվող իրենց փոքրիկ պաշարից մի ձուկ և հետ սողաց դեպի բնակարան: Շոշափելով մթության մեջ՝ նա գտավ պատի տակ դրված մի տափակ, սուր ոսկոր, սկսեց տաշել ձուկը դրանով և ուտել:
Քաղցը հագեցնելուց հետո նորից բարձրացավ Իլեի տրամադրությունը: Ինչ կերպ ուզում է՝ լինի, այսօր հարկավոր է գնալ այնտեղ, ուր չհաջողվեց գնալ ո՛չ անցյալ, ո՛չ նախանցյալ տարի: Հո չի՞ կարելի ամբողջ կյանքում երազել և ամեն անգամ հանդիպել անհաջողության: Անպայման, անպայման հարկավոր է այսօր խուսափել մեծերից և գնալ…
Իլեն անհամբերությունից այլևս չտաշեց ձկան մնացորդը, այլ կուլ տվեց այդպես: Նորից պառկելով փորի վրա՝ նա դուրս սողաց բնակարանից: Ոտքերի ճարպիկ շարժումով նա իր հետևում ծածկեց բնակարանի մուտքը մորթու կտորով, որպեսզի բնակարանն ավելի չցրտի: Սողալով ևս մի քիչ՝ նա դուրս ելավ միջանցքից, կանգնեց ոտքի:
Անարև, մռայլ օր էր: Երկինքը ծայրեծայր համահավասար կերպով գորշ էր: Ձյունածածկ հարթավայրը բոլորովին ամայի էր և բոլոր կողմերում, հեռվում, միանում էր երկնքին: Միայն դեպի արևմուտք այդ հարթությունն աննկատելիորեն բարձրանում էր, իսկ դեպի արևելք՝ նույնքան աննկատելիորեն իջնում:
Իլեի շուրջը կանգնած էին Կատպիս բնակավայրի մի քանի տասնյակ տներ, որոնք բոլորը գմբեթաձև էին, բոլորը սառույցից սարքված: Գիշերվա քամին ձյան ահագին կույտեր էր դիզել տների հյուսիսային կողմում՝ թողնելով տներն իրենց զանգվածի մեջ: Իսկ երկար միջանցքներով մուտքերը տների հարավային կողմում կարծես ավլած–մաքրած էին ձյունից: Այնտեղ փայլում էր ողորկ սառույցը:
Տեղ–տեղ ձյան վրա նկատվում էին որսի գնացած մարդկանց ոտնահետքերը: Դրանք բոլորը ձգվում էին դեպի արևելք, ուր աստիճանաբար իջնում էր հարթավայրը:
«Տեսնես մեծերից քանի՞ մարդ է մնացել` մեզ հսկելու համար»,— մտածեց Իլեն: Բայց, ինչ էլ որ լիներ, հարկավոր էր անպայման, անպայման հաջողեցնել, հավաքել երեխաներին և գնալ: Իսկ եթե դա անհնար լիներ այդ դեպքում, ի՞նչ արած, պետք էր գնալ թեկուզև մեն–մենակ: Իսկ եթե դա էլ անհնար լինե՞ր…
— Իլե՛,— հանկարծ լսեց տղան իր անունը,— բարի՛ լույս քեզ, Իլե՛ Տրապնա:
Տղան նայեց: Երկու տնից այն կողմ՝ իրենց տան մուտքի մոտ, կիսամերկ կանգնել էր նրա մտերիմ ընկերուհի Նուրիսը և ձյունով շփում էր իր երեսն ու թևերը: Նրա գեր, կլոր դեմքը փայլում էր բավականությունից, ուռուցիկ այտերը կարմրել էին ցրտից, փոքրիկ սև աչքերը համարյա փակվել էին կկոցելուց, մնացել էին երկու շեղ գծիկներ: Ուսերի վրա իջել էին նրա խիստ սև ու առատ մազերը, որոնք հարթ էին և ուղիղ և նույնպես փայլում էին:
Իլեն մոտեցավ նրան:
— Դու էլի լվացվո՞ւմ ես,— հարցրեց նա:
— Ինչպես ամեն օր,— պատասխանեց Նուրիսը՝ գործը շարունակելով:
— Կսառչես մի օր, կհիվանդանաս,— ասաց Իլե Տրապնան՝ գլուխը ցավակցաբար օրորելով:
— Ես այսպես ավելի եմ տաքանում ու միշտ առողջ եմ, Իլե՛,— ժպտաց աղջիկը:— Իսկ դու մի՞թե չես լվացվում…
— Ե՞ս,— արհամարհանքով փնչացրեց Իլեն:
Նուրիսը գործն ընդհատեց զարմանքից:
— Չէ՞ որ խոստացել էիր ինձ,— հանդիմանեց նա:— Հարկավոր է խոսքը պահել:
— Ես, իհարկե, լվացվում եմ,— կմկմաց Իլեն,— դու ինքդ ես տեսնում: Բայց լվացվում եմ ոչ ամեն օր…
— Տեսնում եմ, որ ոչ ամեն օր,— նորից հանդիմանությամբ ասաց Նուրիսը, ապա, համոզվելով, որ Իլեն արդեն պատժված է և անհարմար է զգում իրեն, այլևս չշարունակեց նախատել: Նայելով շփելուց կարմրած իր թևերին՝ նա գոհ մնաց և հագավ հագուստը:— Իսկ հիմի ո՞ւր գնանք, Իլե՛,— հարցրեց նա,— ձնագնդի խաղալո՞ւ, թե՞ Խարունա տատի մոտ:
— Իսկ դու գիտե՞ս՝ ինչ օր է այսօր,— առանց պատասխանելու ընկերուհուն հարցրեց Իլեն:
Նուրիսը հարցականորեն նայեց նրան: