«Մի կյանքից ավելի»՝ հուշագրություն երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Արմեն Սարգսյանի մասին (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, «Հայաստանն ու Բուշն անձամբ» աշխատության հեղինակ Սուրեն Սարգսյանի երկրորդ գիրքը՝ «Մի կյանքից ավելի»: Այս գրքում հեղինակը պատմում է դեսպան, երաժիշտ, հետախույզ, գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Հուշագ
Գրքի հեղինակը՝ Սուրեն Սարգսյանը, Արմեն Սարգսյանի որդին է: 2022-ին Newmag-ը հրատարակեց նրա «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը: Իսկ այսօր արդեն իրավաբան-քաղաքագետն ընթերցողին առաջարկում է մի հուշագրություն, ուր տեղ են գտել ուշագրավ փաստեր, հետաքրքիր պատմություններ դիվանագետ Արմեն Սարգսյանի մասին:
Սա մի կենսագրություն է, որի յուրաքանչյուր էջը գերազանցում է նախորդին: Տարբեր ոլորտներում հաջողությունների հասած ու յուրօրինակ ճանապարհ անցած Արմեն Սարգսյանը նաև ջութակահար էր: Հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին: Միևնույն ժամանակ Աֆղանստանում իրականացնում էր հատուկ օպերացիաներ, ապա հանդիպում Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապին, գերտերությունների նախագահներին:
«Մի կյանքից ավելի» գրքից միայն շատերը կբացահայտեն, որ հենց Արմեն Սարգսյանն է օգնել, որ Մոնթե Մելքոնյանը տեղափոխվի Հայաստան: Այդ օպերացիան նա սկսել էր մշակել 1989թվականից, երբ վերլուծել էր Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ ուսումնասիրել, պարզել է, որ Մոնթեն Ամերիկյան գործակալ չէ:
Դիվանագիտական առաքելության ընթացքում Արմեն Սարգսյանի գրանցած հաջողություններն արտաքին հարաբերություններում ևս շոշոփելի են: Վաշինգտոնում իր աշխատանքի 6 տարիների ընթացքում լավագույնս օգտագործեց երկկողմ օրակարգը։ Այդ ընթացքը հայ-ամերիկյան ռազմական գործակցության ամենաակտիվ ժամանակաշրջանն էր:
Մի ամբողջ ֆիլմի ու գրքի հարուստ բովանդակությամբ կենսագրություն կերտած Արմեն Սարգսյանն իր գործունեության մասին երբևէ չի բարձրաձայնել, ոչինչ չի պատմել տանը և ընկերներին։ Բուռն շրջափուլերը տարիներ անց միայն որդին մեկտեղել է մեկ հուշագրությունում ու վերնագրել «Մի կյանքից ավելի»:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 20-ին, 18:30-ին, Holiday Inn հյուրանոցում (Ամիրյան 2): Մուտքն ազատ է, գիրքն էլ՝ զեղչով: