BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Ted] Գրող Էմիլի Սմիթը՝ երջանկության պակասի մասին.

[Ted] Գրող Էմիլի Սմիթը՝ երջանկության պակասի մասին. ինչպե՞ս կյանքն իմաստալից դարձնել

«Իմաստի ուժը» գրքում Էմիլի Էսֆահանի Սմիթն ամփոփում է վերջերս կատարած մի հետազոտություն, որտեղ նա զրուցել է մարդկանց հետ, որոնք իրենց հերթին բանավիճում են, թե որն է ավելի մեծ բավարարվածություն պատճառում՝  կյանքի իմաստի որոնումը, թե՞ անձնական երջանկության փնտրտուքը:  
«Կար ժամանակ, որ ես էլ էի մտածում, թե կյանքի նպատակը երջանկության որոնումն է: Բոլորն ասում էին՝ երջանկության ուղին հաջողությունն է: Եվ ես փնտրում էի այդ իդեալական աշխատանքը, զուգընկերոջը, բնակարանը: Բայց  բավարարված լինելու փոխարեն անհանգստանում էի, ինձ անպիտան էի զգում: Եվ ես մենակ չէի, իմ ընկերներն էլ նույն պայքարի մեջ էին»,- պատմում է Էմիլի Էսֆահանի Սմիթը:
Ի վերջո, գրողը որոշեց պոզիտիվ հոգեբանություն ուսումնասիրել: Նա ուզում էր հասկանալ, թե ինչն է մարդկանց իրապես երջանիկ դարձնում: Այն, ինչ բացահայտեց, փոխեց նրա կյանքը: Վիճակագրությունը բացահայտում է, որ երջանկության ետևից ընկնելը մարդկանց ապերջանիկ է դարձնում: Չնայած կյանքի որակը բարելավվում է, մարդիկ ավելի ու ավելի են հուսալքվում, միայնություն զգում: Ըստ ուսումնասիրության՝ սա ոչ թե երջանկության պակասն է, այլ կյանքի իմաստի բացակայությունը:
«Եվ այդ ժամանակ հարցրի ինքս ինձ՝ ո՞րն է տարբերությունը՝ երջանիկ լինելու և կյանքի իմաստը, նպատակը գտնելու,- պատմում է Էմիլի Էսֆահանի Սմիթը, - Շատ հոգեբաններ երջանկությունը բնորոշում են կոմֆորտի զգացողությամբ, երբ տվյալ պահին լավ եք զգում: Բայց «իմաստն» ավելի խորն է: Հայտնի հոգեբան Մարտին Սելիգմընն ասում է՝ իմաստը բխում է պատկանելությունից, երբ ծառայում ես ինչ-որ վեհ բանի, որն անձիցդ էլ անդին է, որն օգնում է քո մեջ զարգացնել ամենալավը: Մեր մշակույթը լի է երջանկության փիլիսոփայությամբ, բայց փորձը ցույց է տալիս, որ բավարարվածության ուղին իմաստի որոնումն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք գտել են այդ իմաստը, ավելի դիմացկուն են, ավելի լավ են սովորում և աշխատում ու ավելի երկար են ապրում»:



Կարդացեք նաև․




Ինչպե՞ս կյանքն ավելի իմաստալից դարձնել: Հարցի պատասխանը գտնելու համար Էմիլին խոսել է հարյուրավոր մարդկանց հետ և հոգեբանության, նեյրոգիտության և փիլիսոփայության մասին հազարավոր էջեր է թերթել: Նա գտել է այն չորս հիմանկան սյուները, որոնց շուրջ կառուցվում է կյանքի իմաստը:
«Առաջինը պատկանելությունն է, երբ այնպիսի հարաբերությունների մեջ ես, որտեղ քեզ հարգում են քո ով տեսակի համար: Իրական պատկանելությունը սիրուց է ծնվում: Երկրորդը՝ նպատակն է: Ի դեպ, դա սիրած աշխատանք գտնելը չէ: Նպատակն ավելի քիչ այն մասին է, թե ինչ ես ուզում, որքան թե ինչ ես տալիս: Նպատակն այն է, երբ քո ուժեղ կողմն օգտագործում են՝ մյուսներին աջակցելու համար: Սա օգնում է առաջ շարժվել: Երրորդ հենասյունը, երբ գերազանցում ես ինքդ քեզ, քո սահմաններից էլ այն կողմ ես անցնում: Մեկի համար դա արվեստի գործ տեսնելն է, մյուսի համար՝ գրելը: Եվ չորրորդ սյունը: Որքան էլ զարմանալի թվա, սա քո մասին ինքդ քեզ պատմելու կարողությունն է: Սա օգնում է հասկանալ սեփական անձին, թե ինչպես ես դու դո՛ւ դարձել: Դու կարող ես խմբագրել այդ պատմությունը, վերապատմել ու նորից սկսել: Մեկ օրում դա չես անի, բայց տարիների ընթացքում հնարավոր է»:
Ըստ Էմիլի Էսֆահանի Սմիթի՝ երջանկությունը գալիս ու գնում է, հիմքը, որի վրա կարող ես ամուր կանգնել, կյանքի իմաստն է, քեզնից անդին տեսնելն ու քո մեջ լավագույնը զարգացնելը:

TED

Տարածել