BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մուրադ Մուրադյան. Կուզեի՝ Երևանը Երևան մնար

Մուրադ Մուրադյան. Կուզեի՝ Երևանը Երևան մնար

«Մայր Հայաստանը»` Գյումրիում
1953 թվականին`Ստալինի մահից հետո, Մոնումենտում նրա արձանը հանեցին: Պատվանդանը, որի հեղինակը մեր հանրապետության լավագույն ճարտարապետներից մեկն էր` Րաֆֆի Իսրայելյանը, թափուր մնաց մի քանի տարի: Հետո Անտոն Քոչինյանը հանձնարարեց մրցույթ անցկացնել: Մասնակիցները ընդամենը երկուսն էին, երկուսն էլ՝ հանրահայտ ու տաղանդավոր` Արա Հարությունյանը և Արա Սարգսյանը: Երբ արդեն մրցույթային նյութերը պատրաստ էին, Անտոն Քոչինյանն ուզեց, որ քննարկվի հանրապետության ղեկավարության մակարդակով: Ես այն ժամանակ Կենտկոմի բյուրոյի անդամի թեկնածու էի, Լենինականի քաղսովետի նախագահ: Երբ բերեցին, նյութերը դրեցին, նկատեցի, որ Անտոն Քոչինյանը երկար զննում է Արա Սարգսյանի գործը: Բայց ի պատիվ իրեն՝ ասեմ, որ չմիջամտեց, կարծիք չհայտնեց, և անցավ ոչ թե երկրի ղեկավարի հավանած գործը, այլ Արա Հարությունյանի աշխատանքը, որը նույնպես վատը չէ: Իհարկե, Սարգսյանինը, ըստ իս, գեղարվեստական տեսանկյունից գերազանցում էր: Նրա «Մայր Հայաստանի» ձեռքին դափնի է ու խոյակ: Արա Սարգսյանի արձանը սրով ու վահանով է: Երբ մրցույթի արդյունքը պարզ դարձավ, ես զանգեցի Անտոն Քոչինյանին: Ասեցի, թե գործ ունեմ հետը, ուզում եմ գալ: Ասեց. «Արի՛, գյումրեցի՛, էլի մի բան պակա՞ս է»: Ասեցի. «Չէ՛, Անտո՛ն Երվանդիչ, սա այն հարցն է, որ, Ձեզնից բացի, ոչ ոք չի կարող լուծել»: Ասեցի, որ ուզում եմ Արա Սարգսյանի գործը տանել Գյումրի: Ծպտուն չհանեց, դարակը բացեց, թուղթն ու գրիչը դրեց դիմացս, ասեց. «Նամա՛կ գրիր ինձ»: Գրեցի, մակագրեց, ասեց. «Գնա՛ Բադալի մոտ»: Դուրս էի գալիս, հետ կանչեց ու զանգեց Բադալ Մուրադյանին. «Բադա՛լ, գյումրեցին գալիս է մոտդ, հարցը չհետաձգես»: Անտոն Քոչինյանը այդպես կատեգորիկ հանձնարարություններ չէր տալիս; Բացառիկ դեպք էր: Որոշեցին, 240 հազար ռուբլին տվեցին, Արա Սարգսյանի «Մայր Հայաստանը» տարա Գյումրի: Տեղադրեցինք Ալեքսանդրապոլի բարձունքի հարակից բլրի վրա:
կանչ Երևանից
1975 թվականի ապրիլն էր: Գիշերվա ժամը 1-ին ինձ զանգ տվեց իմ լավ ընկերը` տեքստիլ գործարանի տնօրեն Գառնիկ Դարբինյանը, որը 27 տարեկանում եղել է Հայաստանի թեթև արդյունաբերության մինիստրը: Տարիքով էր, մեծ էր ինձնից: Ասեց. «Արա՛, էս Էրևանի քաղսովետի նախագահը իրեն կախել ա»: Ասեցի` չի կարող պատահել: Այդ ժամանակ Գրիգոր Հասրաթյանին ազատել էին Երևանի քաղխորհրդի նախագահի պաշտոնից, տեղը բերել էին լամպերի գործարանի տնօրենին: Խոսափողը դրեցի, աչքերս փակեցի և կինոյի ժապավենի նման անցկացրեցի հանրապետության ղեկավարների կադրերը, թե ով կարող էր փոխարինել: Մի երկու րոպե հետո գնացի կնոջս մոտ, ասեցի. «Երկու օրից ինձ կանչելու են, առաջարկեն Էրևանի քաղսովետի նախագահ»: «Դո՞ւ ինչ գործ ունես…»: «Աղջի՛, դեռ չեն կանչել, ի՞նչ ես խառնվել իրար»: Երկու օր չանցավ. հաջորդ օրը գնացի աշխատանքի, առավոտյան «վեչեն» զանգ տվեց: Կարեն Դեմիրճյանն էր. «Կարո՞ղ ես Էրևան գալ»: Երևանում Դեմիրճյանն ասեց. «Ուզում եմ, որ գաս Երևանի քաղսովետի նախագահ»: «Չեմ գա»: 7 ժամից ավելի բանավեճ գնաց: Կարեն Սերոբիչը այդ ընթացքում ոչ մեկի չընդունեց: Վերջում էլ ասեցի` չեմ գա, ու վերջ: Դուրս էի գալիս: Հետևիցս ձայն տվեց. «Բա ընկերությո՞ւնը»: Ասեցի. «Այդտեղ հաղթեցիր, Կարե՛ն, նշանակի՛ր» :
չիրագործված
Երևանի զարգացման հեռանկարների որոշումը մի չտեսնված փաստաթուղթ էր: 86-ից 90 թվականների համար: Այն ժամանակ գազը մուտք էր ունենում անհավասար: Այնպես էր լինում, որ քաղաքի կենտրոնում ճնշումը նորմալ էր, ծայրամասերում ճնշում չկար, չէին վառվում գազօջախները: Որոշման մեջ կետ մտցրեցինք՝ Երևանի շուրջը օղակաձև գազատար անցկացնել, որով գազ կմատակարարվեր հավասարաչափ: Քաղաքի օդի մաքրության համար կետ գրվեց` քաղաքին մատակարարել միայն ոչ էթիլենային բենզին: Երրորդ կարևոր որոշումը` քաղաքի ընդերքում կառուցել կոյատար: Ամբողջ քաղաքի տակով ստորգետնյա թունելներ էին կառուցվելու, որոնց միջով խողովակներով պետք է անցնեին կոյուղին, կաբելները, գազը: Ափսոս, որ չիրագործվեց:
քաղաքապետը
Պետք է երկարակյաց լինի: Քաղաքի պատմության մեջ հետք թողնելու համար ժամանակ է հարկավոր: Գրիգորից հետո ամենաերկար ղեկավարած քաղաքապետը ես եմ եղել: Գրեթե 11 տարի: Իսկ այսօր ի՞նչ է: Երևանը քաղաքապետ է ունեցել, որ ընդամենը մեկ-երկու ամիս է պաշտոնավարել: Քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի պաշտոնները պետք է անձեռնմխելի լինեն: Այդ երկու մարդիկ են պատասխանատու քաղաքի դիմագծի համար:
փոխվել է
Երևանում այսօր լավ բաներ էլ կան, բայց վատը շատ է: Ինձ Հյուսիսային պողոտան դուր չի գալիս, չնայած բացման արարողությանը ճառ եմ ասել: Խնդիրները հետո՛ պարզ դարձան. կոնստրուկցիան լավը չէ, ճիշտ չէ նախագծված: Բայց մեր ժամանակ էլ շինարարության մակարդակը փայլուն չէր: Պետք է խոստովանեմ` այսօր բնակելիներն ավելի լավ են կառուցում. ամուր են: Այն ժամանակ պլանային էր. շուտ-շուտ անում էին ու անցնում առաջ:
Կասիուս Կլեյ
Ֆրանկֆուրտի քաղաքապետի մոտից դուրս էինք գալիս, մեր դիմաց դուրս եկավ Կասիուս Կլեյը` Մուհամեդ Ալին: Բարևեցինք, ծանոթացանք, հարցրեց. «Ձեզ մոտ լավ բռնցքամարտիկ կա՞»: «Կա, բայց հետը կպնել խորհուրդ չեմ տա, կպարտվես»:
նամակ Փարիզից
Ժակ Շիրակը Փարիզի քաղաքապետն էր: Նամակ էր գրել: Անգիր կարող եմ ասել: Գրում է. «Մսյո՛ քաղաքապետ և գործընկեր, նախագահ Միհրան Քեհյանը (Միհրան Քեհյանը Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավարն էր) Փարիզից մեկնեց Մոսկվա: Նրա միջոցով անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում հրաշալի գրքի և կոնյակի համար, որ նվիրեցիք: Ինձ համար պատիվ կլիներ բարեկամության պայմանագիր կնքել մեր երկու քաղաքների միջև: Հուլիսի 16, 1985 թվական»: «Էջմիածնի գանձեր» մատյանն էի նվիրել: Փարիզի, Գյումրու ու Երևանի պատվավոր քաղաքացի եմ: Վատ չէ:
Շիրազ
Նա ինձ նամակ գրելիս Երևանը չէր նշում: Գրում էր. «Ընկե՛ր Մուրադ` գլխավոր ղեկավար Լեննականի»: Հետադարձն էլ ստորագրում էր` Հովհաննես Շիրազ: 11 հատ այդպիսի նամակ ունեմ: Պետք է ուղարկեմ Գյումրի, հանձնեմ Շիրազի թանգարանին:
Մայրության արձան
Երևանի ամեն մի շենք ու արձան հետաքրքիր պատմություն ունի: Գրեթե բոլորին էլ մասնակից եմ: Թոռնիկիս հետ զբոսնում էի օղակաձև այգում: Մայրության արձանը աչքովս ընկավ: Հիշեցի, թե Խորենին ինչպես համոզեցինք ստեղծել այն: (Հեղինակը սփյուռքահայ քանդակագործ Խորեն Հարությունյանն է): Քարը երկու մասից էր: Երբ բերեցին, Խորենն ասեց. «Ադոր վրա ես գործ չեմ անի»: Ուզում էր միայն ամբողջական քարի վրա աշխատել: Շատ դժվարությամբ հանեցինք քաղաքից այդ քարը: 20 տոննայից ավելի էր կշռում: Տանկով հանեցինք: Հրասայլի հետևից քարշակ կապեցինք, մեջը դրեցինք: Մի կտորի վրա աշխատեց, ստեղծեց այդ հրաշալի քանդակն ու գնաց:
կուզեի
Հայաստանը թող այնքան զարգանա, որ մարդիկ կենցաղից վեր լինեն, որ մեր ղեկավարները ժամանակ ու հնարավորություն ունենան մտածել երկրի, քաղաքի ճարտարապետական տեսքի մասին, նաև գեղագիտական հարցեր լուծեն: Կուզեի՝ անարդարություն չլիներ մեր քաղաքում: Կուզեի՝ Երևանը Երևան մնար:

Տարածել