Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

[ Նոր պատմվածք ] Հարուկի Մուրակամի. Սառցե մարդը

Ես ամուսնացած եմ Սառցե մարդու հետ:
Մենք ծանոթացել ենք մի հյուրանոցում` լեռնադահուկային հանգստավայրում: Դժվար է պատկերացնել ավելի հարմար վայր` Սառցե մարդուն հանդիպելու համար: Նա հյուրանոցի նախասրահում էր, որ մարդաշատ էր` լի երիտասարդների ամբոխով: Նա նստած էր բուխարուց հնարավորինս հեռու մի անկյունում` գրքի մեջ կլանված: Գրեթե կեսօր էր, սակայն թվում էր, թե պարզ, սառն առավոտվա լույսը ամբողջովին պարուրել է նրան: «Տե´ս, Սառցե մարդն է», - շշնջաց ընկերուհիներիցս մեկը: Այն ժամանակ ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր Սառցե մարդը: Ընկերուհիս նույնպես չէր կարող օգնել ինձ: Նա միայն գիտեր, որ գոյություն ուներ մեկը, ով կրում էր Սառցե մարդ անունը: «Նա, անշուշտ, պատրաստված է սառույցից», - ավելացրեց նա` դեմքին լուրջ արտահայտություն տալով: Այնքան լուրջ, ասես խոսքը ոչ թե Սառցե մարդու, այլ ուրվականի կամ ինչ-որ վարակիչ հիվանդի մասին էր:
Սառցե մարդը երիտասարդ էր, չնայած նրա կոշտ, լարանման մազերի մեջ տեղ-տեղ կարելի էր նկատել կիսահալ ձյուն հիշեցնող սպիտակ մազափնջեր: Նա բարձրահասակ էր, սառած ժայռաբեկորներ հիշեցնող դուրս ցցված այտոսկրերով, մատները ծածկված էին երբեք չհալվող սառցաշերտով: Մնացած ոչնչով չէր տարբերվում սովորական մարդուց: Ճիշտ է` գեղեցիկ նրան չես համարի, թեև ոմանց, գուցե, նրա արտաքինը բավականին գրավիչ թվար: Նրա մեջ կար մի բան, որ ստիպում էր փշաքաղվել: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին. կյանքի միակ նշույլը` այդ ժամանակավոր մարմնում: Որոշ ժամանակ ես կանգնած էի նախասրահում` հեռվից հայացքս հառած Սառցե մարդու վրա: Նա կլանված էր գրքի մեջ, չէր շարժվում և գլուխն անգամ չէր բարձրացնում` ասես փորձելով համոզել ինքն իրեն, որ բոլորովին մենակ է:
Հաջորդ օրը` կեսօրին, նա նույն տեղում էր, ինչ նախորդ օրը. գիրք էր կարդում: Երբ ես ճաշասենյակ գնացի ճաշելու և երբ երեկոյան ընկերներիս հետ վերադարձա դահուկներով սահելուց հետո, նա նույն աթոռին նստած և դեմքի նույն արտահայտությամբ թերթում էր նույն գրքի էջերը: Նույնը կրկնվեց նաև հաջորդ օրը: Արևածագից արշալույս նա միայնության մեջ գիրք էր կարդում, հանգիստ, ինչպես ցուրտ ձմեռը` պատուհանից այն կողմ:
Չորրորդ օրվա կեսօրին ես, արդարացում հորինելով, չգնացի դահուկներով սահելու: Փոխարենը մնացի հյուրանոցում` թափառելով նախասրահում: Նախասրահը ասես լքված քաղաք լիներ, քանի որ բոլորը գնացել էին սահելու: Օդը տհաճորեն տաք էր` լի տարօրինակ ծանր հոտով` ձյան հոտով, որ կպել էր մարդկանց կոշիկներին և աննկատ հալվել բուխարու դիմաց: Ես նայեցի պատուհաններից դուրս, թերթեցի ամսագրի էջերը: Ի վերջո, քաջություն հավաքեցի, մոտեցա Սառցե մարդուն և սկսեցի խոսել նրա հետ: Ես բավականին ամաչկոտ եմ և դժվար թե երբևէ խոսակցություն սկսեմ անծանոթ մեկի հետ: Սակայն այդ պահին ես, ինչ էլ լիներ, պետք է խոսեի Սառցե մարդու հետ: Սա իմ վերջին օրն էր հյուրանոցում, և եթե բաց թողնեի այս հնարավորությունը, հավանաբար, այլևս երբեք նրա հետ խոսելու առիթ չէր լինի:
«Դուք չե՞ք սահում դահուկներով», - հարցրեցի ես` փորձելով հնարավորինս անտարբեր թվալ:
Սառցե մարդը դանդաղ բարձրացրեց գլուխն այնպես, ասես զգուշորեն լսում էր հեռվից փչող քամու ձայնը: Նա մի ուշադիր հայացք նետեց իմ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը:
«Ոչ, - ասաց նա, - ինձ բավական է պարզապես ընթերցել և նայել դրսի ձյանը», - նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման: Ես բառացիորեն իմ աչքերով տեսա նրա բառերը: Նա մատների վրայից նրբորեն թափ տվեց սառույցը:
Ես չգիտեի` էլ ինչ ասել: Շիկնած մնացի անշարժ նույն տեղում կանգնած: Սառցե մարդը նայեց աչքերիս մեջ և կարծես թեթևակի ժպտաց: Իսկապե՞ս ժպտաց: Գուցե պարզապես ինձ այդպես թվաց:
«Կցանկանա՞ք նստել, - ասաց նա: - Գիտեմ, որ հետաքրքրվում եք ինձնով, այնպես որ` կարող ենք զրուցել: Ցանկանում եք իմանալ, թե ով է Սառցե մարդը, այո՞, - նա կրկին ժպտաց:- Ամեն ինչ կարգին է: Մի´ վախեցեք. միայն ինձ հետ խոսելով չեք մրսի»:
Մենք նստեցինք բազմոցին` նախասրահի անկյունում` սկսելով անվճռականորեն զրուցել և հետևել պատուհանից այն կողմ պտտվող ձյան փաթիլներին: Ես տաք կակաո պատվիրեցի, իսկ Սառցե մարդը ոչինչ չցանկացավ: Ամաչկոտությամբ նա բոլորովին չէր զիջում ինձ: Ի լրումն այս ամենի` մենք խոսելու ընդհանուր ոչինչ չունեինք: Խոսեցինք եղանակի, ապա` հյուրանոցի մասին:
«Դուք մենա՞կ եք եկել այստեղ», – ասացի ես:
«Այո: Ձեզ դու՞ր է գալիս դահուկներով սահել», – հարցրեց նա:
«Ոչ այնքան, - պատասխանեցի ես: - Ընկերուհիներս են ինձ այստեղ բերել: Ես շատ վատ եմ սահում»:
Ես շատ էի ցանկանում ավելին իմանալ Սառցե մարդու մասին. իսկապե՞ս նրա մարմինը սառույցից է պատրաստված, ի՞նչ է ուտում, որտե՞ղ է ապրում ամռանը, ընտանիք ունի՞ և նմանատիպ հարցերի պատասխաններ: Դժբախտաբար, Սառցե մարդը բոլորովին չէր խոսում իր մասին, իսկ ես չէի համարձակվում ուղղել նրան այն հարցերը, որ պտտվում էին իմ գլխում: Կարելի էր ենթադրել, որ նա ցանկություն չուներ այդ մասին խոսելու:
Փոխարենը, նա խոսում էր իմ մասին: Դժվար է հավատալ, սակայն նա ամեն ինչ գիտեր իմ մասին. իմ ընտանիքի, տարիքի, հետաքրքրությունների, առողջական վիճակի, դպրոցի և ընկերների մասին: Նա ամեն ինչ գիտեր: Նույնիսկ այն բաները, որոնց մասին ինքս վաղուց մոռացել էի:
«Ոչինչ չեմ հասկանում, - շիկնելով ասացի ես: Ինձ ասես մերկացրել էին բոլորի աչքի առաջ: - Որտեղի՞ց այսքան բան գիտեք իմ մասին: Դուք մտքե՞ր եք կարդում»:
«Ոչ, - պատասխանեց Սառցե մարդը, - մտքեր չեմ կարդում: Ես պարզապես գիտեմ այս ամենը: Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս: Երբ այսպես Ձեզ եմ նայում, ամեն ինչ պարզ է դառնում»:
«Իսկ տեսնու՞մ եք իմ ապագան», - հարցրեցի ես:
«Ոչ, - պատասխանեց նա ոչինչ չասող հայացքով` ճոճելով գլուխը, - ապագան ինձ չի հետաքրքրում: Ինձ համար գոյություն չունի նման հասկացություն: Սառույցն ապագա չունի, միայն` հեռվում մնացած անցյալ: Նրա ներսում կարելի է տեսնել աշխարհի ցանկացած բան, այնքան պարզ ու հստակ, ասես այդ ամենը կենդանի է: Սառույցն, այդպիսով, կարող է պահպանել ցանկացած բան մաքուր և հստակ: Դա է սառույցի էությունը, նրա դերը»:
«Հիանալի է», - պատասխանեցի ես ժպտալով: Ես թեթևություն զգացի, քանզի ցանկություն չունեի իմանալ իմ ապագան:
Մենք հանդիպեցինք մի քանի անգամ Տոկիո վերադառնալուց հետո, ի վերջո, սկսելով ժամադրվել ամեն շաբաթ-կիրակի: Մեր հանդիպումները սովորական ժամադրություններ չէին. մենք չէինք գնում կինոթատրոն կամ ժամանակ անցկացնում սրճարաններում: Նույնիսկ չէինք ընթրում միասին: Սառցե մարդը գրեթե ոչինչ չէր ուտում: Փոխարենը, կողք կողքի նստում էինք այգում` նստարանի վրա, և զրուցում: Մենք զրուցում էինք ամեն ինչի մասին, սակայն Սառցե մարդը երբեք չէր խոսում իր մասին: «Ինչու՞, - մի անգամ հարցրեցի ես, - ինչու՞ երբեք չես խոսում քո մասին: Ուզում եմ քո մասին ավելին իմանալ. ե՞րբ ես ծնվել, ովքե՞ր են քո ծնողները, ինչպե՞ս ես դարձել Սառցե մարդ»:
Սառցե մարդը հայացքը հառեց իմ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը: «Ես չեմ կարող տալ այս հարցրերի պատասխանները, - պատասխանեց նա հանդարտ ու վճռական` ծանր արտաշնչելով: - Ես անցյալ չունեմ: Ես միայն գիտեմ և պահպանում եմ մնացյալ ամեն ինչի անցյալը: Սակայն ինքս անցյալ չունեմ: Ես չգիտեմ` որտեղ եմ ծնվել, չգիտեմ` ինչպիսին են իմ ծնողները, կամ ունեցե՞լ եմ արդյոք ծնողներ: Ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ կամ արդյո՞ք ես տարիք ունեմ»:
Սառցե մարդը միայնակ էր, ինչպես լողացող այսբերգը` մթության մեջ:

Ես անկեղծորեն սիրահարվեցի նրան, իսկ նա սիրեց ինձ, հենց ինձ` անցյալից ու ապագայից դուրս: Իսկ ես սիրեցի Սառցե մարդուն այնպիսին, ինչպիսին նա կար` անցյալից ու ապագայից դուրս: Եվ դա հրաշալի էր: Մենք սկսեցինք մտածել ամուսնանալու մասին: Իմ քսան տարին նոր էր լրացել, և Սառցե մարդն առաջինն էր, ում երբևէ իսկապես սիրահարվել էի: Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ էր նշանակում սիրել Սառցե մարդուն: Սակայն մի՞թե այդպես չէր լինի, եթե նույնիսկ Սառցե մարդու փոխարեն մեկ ուրիշին սիրահարված լինեի:
Մայրս և քույրս բոլորովին դեմ էին մեր ամուսնությանը: «Դու չափազանց երիտասարդ ես ամուսնության համար, - պնդում էին նրանք, - դու չգիտես` ում հետ ես ամուսնանում, չգիտես նույնիսկ` որտեղ և երբ է ծնվել նա: Ինչպե՞ս ենք դա բացատրելու մեր հարազատներին: Ավելին` չէ՞ որ նա Սառցե մարդն է. իսկ ի՞նչ կլինի, եթե նա հալվի: Դու չես հասկանում այս ամենը, սակայն ամուսնությունը որոշակի պարտականություններ է ենթադրում: Մի՞թե Սառցե մարդը կարող է իր վրա վերցնել այս պարտականությունները որպես ամուսին»:
Այնուամենայնիվ, նրանց մտավախություններն անհիմն էին: Սառցե մարդը պարզապես սառույցի պես սառն է, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է հալվել ջերմությունից: Նա սառն է, այո, սակայն նրա սառնությունը չի կարող խլել ուրիշի մարմնի ջերմությունը:
Այսպես մենք ամուսնացանք: Առանց որևէ մեկի օրհնության: Ոչ իմ ընկերները, ոչ հարազատները, ոչ ընտանիքի անդամները չուրախացան մեր ամուսնությամբ: Ամուսնացանք առանց հարսանեկան արարողության: Ամուսնությունը գրանցնելու համար Սառցե մարդը փաստաթղթեր չուներ, ուստի նույնիսկ քաղաքացիական արարողություն չունեցանք: Պարզապես երկուսով որոշեցինք, որ ամուսնացել ենք: Գնեցինք մի փոքրիկ տորթ և երկուսով կերանք այն: Ահա և մեր հանդիսավոր արարողությունը: Վարձակալեցինք մի փոքրիկ բնակարան, իսկ Սառցե մարդն աշխատանքի անցավ սառեցված մսի պահեստում: Ցուրտը, բնականաբար, նրան նեղություն չէր պատճառում, և նա չէր հոգնում` որքան էլ աշխատեր: Նա երբեք շատ չէր ուտում: Տնօրենը բարյացակամ վերաբերմունք ուներ նրա նկատմամբ և նրան մյուս աշխատակիցներից շատ էր վճարում: Մենք երկուսով հանգիստ կյանք էինք վարում` առանց անհանգստություն պատճառելու որևէ մեկին, մեզ նույնպես ոչ ոք չէր խանգարում:
Երբ մենք սիրով էինք զբաղվում, ես միշտ պատկերացնում էի միայնակ, լուռ սառցաբեկոր` հեռավոր ինչ-որ տեղում: Պինդ սառույց, ամենապինդ սառցաբեկորն աշխարհում: Սառցե մարդը պետք է որ իմանար դրա գտնվելու վայրը: Նա իր ողջ էությամբ փոխանցում էր սառցաբեկորի մասին հիշողությունը: Ես ինձ կորցնում էի նրա գրկում, սակայն աստիճանաբար սովորեցի սիրել նրա գրկախառնությունները: Նա շարունակում էր ոչինչ չասել իր մասին, ոչ էլ նույնիսկ այն մասին, թե ինչու էր դարձել Սառցե մարդ, ես նույնպես հարցեր չէի տալիս: Մենք պարզապես գրկախառնվում էինք մթության մեջ` կիսելով այդ անծայրածիր սառույցը, որի ներսում ամփոփված էր աշխարհի միլիոնավոր տարիների անցյալը:
Մեր ամուսնական կյանքը հարթ էր ընթանում: Մենք սիրում էինք իրար, մեզ ոչ ոք չէր խանգարում: Շրջապատի մարդկանց համար դժվար էր ընտելանալ Սառցե մարդուն, սակայն աստիճանաբար սկսեցին հաշտվել նրա գոյության հետ և նույնիսկ խոսել նրա հետ: Ի վերջո, եկան այն եզրակացության, որ Սառցե մարդն այնքան էլ չէր տարբերվում մյուսներից: Սակայն հոգու խորքում, իհարկե, ես գիտեի, որ նրանք չէին ընդունում նրա հետ իմ ամուսնությունը: Մենք տարբերվում էինք նրանցից, և մեզ նրանցից բաժանող անդունդը երբեք չէր վերանալու:
Երեխա ունենալ նույնպես չէր հաջողվում. թերևս, սովորական և սառցե մարդկանց գեների անհամապատասխանությունը դժվարեցնում էր երեխաներ ունենալը: Ի վերջո, երեխայի բացակայության կամ մեկ այլ պատճառով ես աստիճանաբար սկսեցի ժամանակի ավելցուկ զգալ: Առավոտյան տնային գործերը վերջացնելուց հետո ես զբաղվելու որևէ բան չունեի: Չունեի ընկերներ, ում հետ կարող էի խոսել կամ ինչ-որ տեղ գնալ, հարևաններից նույնպես ոչ ոքի չէի ճանաչում: Մայրս և քույրս դեռևս բարկացած էին իմ վրա և հրաժարվում էին շփվել ինձ հետ: Ես ընտանիքի խայտառակությունն էի, և նրանք ամաչում էին ինձ համար: Չկար որևէ մեկը, ում հետ, թեկուզ հեռախոսով, կարող էի զրուցել: Մինչ Սառցե մարդն աշխատում էր պահեստում, ես տանը մենակ էի մնում, կարդում էի կամ երաժշտություն լսում: Չնայած նրան, որ ես տան մարդ էի և այնքան էլ դեմ չէի տանը մենակ մնալուն, այնուամենայնիվ, ես երիտասարդ էի և չէի կարող հաշտվել նման երկարատև միօրինակության հետ: Ձանձրույթն ու յուրաքանչյուր օրվա անփոփոխ կրկնությունը սկսեցին անհանգստացնել ինձ: Անփոփոխ առօրյայի մեջ ես պարզապես կրկնվող ստվեր էի:
Այսպես, մի օր ամուսնուս առաջարկեցի ուղևորության մեկնել` շեղվելու ամենօրյա ռեժիմից: «Ուղևորությու՞ն, - հարցրեց Սառցե մարդը` աչքերը կկոցելով,- ինչու՞ ես ուզում գնալ ուղևորության: Մի՞թե մենք երջանիկ չենք միասին»: «Բանը դրանում չէ, - պատասխանեցի ես: - Ես երջանիկ եմ: Մենք որևէ խնդիր չունենք: Ես պարզապես ձանձրանում եմ: Ուզում եմ գնալ հեռավոր մի տեղ, տեսնել բաներ, որ երբեք չեմ տեսել, նոր բաներ փորձել: Հասկանու՞մ ես` ինչ նկատի ունեմ: Եվ, բացի այդ, մենք մեղրամիս չենք ունեցել: Մենք բավական գումար ունենք, իսկ դու դեռ չես օգտագործել քո արձակուրդը: Հանգիստ կարող ենք վայելել այն»:
Սառցե մարդը խորը, սառը հոգոց հանեց, որ պարզորոշ բյուրեղացավ օդում, ապա իր երկար, սառցապատ ձեռքերը խաչեց ծնկների վրա:
«Լավ, - ասաց նա, - եթե այդքան շատ ես ուզում գնալ ուղևորության, ես դեմ չեմ: Ճիշտ է` իմ կարծիքով դա այնքան էլ լավ գաղափար չէ, սակայն ես ամեն ինչ կանեմ քեզ երջանկացնելու համար: Կգնանք ուր ուզում ես: Ես պահեստում շատ եմ աշխատել և ցանկության դեպքում կարող եմ արձակուրդ վերցնել: Պետք է որ խնդիր չլինի: Ի դեպ, ու՞ր ես ցանկանում գնալ»:
«Ի՞նչ կասես, եթե գնանք Հարավային բևեռ»: - Ես դիտմամբ ընտրեցի Հարավային բևեռը, քանի որ վստահ էի, որ Սառցե մարդը շահագրգռված կլիներ գնալ այնտեղ: Բացի այդ, ես նույնպես վաղուց ցանկանում էի գնալ այնտեղ, տեսնել բևեռափայլը, պինգվիններին: Ես արդեն պատկերացնում էի ինձ գլխարկով ու վերարկուով` բևեռափայլի տակ պինգվինների հետ խաղալիս:
Սառցե մարդու աչքերն անթարթ նայում էին իմ աչքերի մեջ: Նրա հայացքը սուր սառցալեզվակի պես ծակում էր ուղեղս: Որոշ ժամանակ լռելուց հետո թրթռացող ձայնով նա ասաց. «Լավ: Եթե դու այդքան շատ ես ուզում գնալ Հարավային բևեռ, ապա կգնանք: Համոզվա՞ծ ես, որ հենց այնտեղ ես ուզում գնալ»:
Ես գլխով համաձայնության նշան տվեցի:
«Մի քանի շաբաթից ես կարող եմ երկար արձակուրդ վերցնել, - ասաց նա: - Այդ ընթացքում դու կպատրաստվես ուղևորությանը: Համաձա՞յն ես»:
Ես չէի կարողանում պատասխանել: Նրա սառցե հայացքի ներքո ես կորցրել էի մտածելու կարողությունը:
Սակայն ժամանակի ընթացքում ես սկսեցի զղջալ, որ առաջարկել եմ ամուսնուս գնալ Հարավային բևեռ ուղևորության: Ինքս էլ չգիտեմ` ինչու: Ամեն դեպքում, այն օրվանից, երբ նա լսեց Հարավային բևեռի մասին, ինչ-որ բան փոխվեց: Նրա աչքերն ավելի ծակող ու սառը դարձան, քան երբևէ, շնչառությունը` ավելի պաղ, մատները ծածկող սառցաշերտը` ավելի հաստ: Նա ավելի հանդարտ ու ավելի համառ դարձավ, վերջնականապես դադարեց ուտել, ինչը չէր կարող չանհանգստացնել ինձ: Մեկնումից հինգ օր առաջ ես որոշեցի ինչ-որ բան անել: «Արի չգնանք Հարավային բևեռ, - ասացի ես, - այնտեղ պետք է որ շատ ցուրտ լինի. դա վտանգավոր է առողջության համար: Ավելի լավ է մեկ այլ վայր ընտրենք` Եվրոպա կամ ցանկացած այլ տեղ: Կարող ենք Իսպանիա գնալ, գինի խմել, պաելյա ուտել, ցլամարտ դիտել»: Սակայն ամուսինս ինձ չէր լսում. նրա անթարթ հայացքն ուղղված էր դեպի հեռուներ: Իսկ որոշ ժամանակ անց շրջվեց դեպի ինձ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ այնպես, որ ինձ թվաց` նրա սուր հայացքի ներքո մարմինս սկսեց աստիճանաբար վերանալ: «Ո՛չ, ես չեմ ցանկանում Իսպանիա գնալ, - կտրուկ արտաբերեց նա, - Իսպանիան ինձ չի հետաքրքրում: Ցավում եմ, սակայն այնտեղ չափազանց շոգ ու փոշոտ է, ուտելիքն էլ շատ կծու է: Բացի այդ, ես արդեն գնել եմ Հարավային բևեռի տոմսերը, մորթյա վերարկու ու կոշիկներ` քեզ համար: Չենք կարող այդ ամենը ջուրը գցել: Այլևս հետդարձի ճանապարհ չկա»:
Անկեղծ ասած` դա ինձ վախեցրեց: Ես համոզված էի, որ եթե մենք գնայինք Հարավային բևեռ, ինչ-որ սարսափելի բան էր պատահելու մեզ: Ամեն գիշեր ես միևնույն սարսափելի մղձավանջն էի տեսնում. ես քայլում եմ ու ընկնում խորը փոսի մեջ և սառչում` աննկատ բոլորի աչքից: Սառույցների մեջ խրված` ես նայում եմ երկնքին: Գիտակցությունս տեղն է, սակայն անգամ մատս չեմ կարողանում շարժել: Սարսափելի զգացողություն է: Ամեն անցնող րոպեի հետ ես վերածվում եմ անցյալի: Ես ապագա չունեմ, միայն անցյալ: Բոլորի աչքերում ես այդպիսին եմ: Նրանք հետևում են` ինչպես եմ ես դանդաղ սահում ավելի ու ավելի հեռու:
Հետո ես արթանում եմ. Սառցե մարդը քնած է կողքիս: Քնած ժամանակ նա ոչ մի ձայն չի հանում. անշարժ պառկած է, ասես մահացել ու արդեն սառել է: Ես սիրում եմ նրան: Անկախ ամեն ինչից: Ես արտասվում եմ: Արցունքներս հոսում են նրա այտերի վրայով: Նա արթնանում է և գրկում ինձ: Ես պատմում եմ նրան երազս: Մթության մեջ նա դանդաղ օրորում է գլուխը: «Երազները պատկանում են անցյալին, այլ ոչ ապագային: Չպետք է թույլ տաս, որ դրանք կառավարեն քեզ. դու´ պետք է դրանց կառավարես»:
«Ճիշտ ես…», - ասում եմ ես` ինքս չհավատալով իմ խոսքերին:
Ի վերջո, ես ու ամուսինս նստեցինք Հարավային բևեռ տանող ինքնաթիռը: Ուղևորությունը չեղյալ համարելու համար ես չկարողացա որևէ պատճառ գտնել: Մեր ինքնաթիռի օդաչուներն ու ուղեկցորդուհիները ողջ թռիչքի ընթացքում գրեթե ոչ մի բառ չարտաբերեցին: Ես հույս ունեի թռիչքի ժամանակ վայելել տեսարանը, սակայն ամպերի խտության պատճառով ամեն ինչ անտեսանելի էր: Շատ շուտով պատուհանը ծածկվեց սառույցի հաստ շերտով: Ողջ ընթացքում ամուսինս հանգիստ գիրք էր ընթերցում: Ուղևորության միտքն ինձ ոչ ոգևորություն, ոչ էլ երջանկություն էր պատճառում: Ես պարզապես անում էի այն, ինչ պլանավորված էր:
Զառիվայրով իջնելով և ոտք դնելով Հարավային բևեռի հողի վրա` ես զգացի` ինչպես ամուսինս ցնցվեց ողջ մարմնով: Այդ ամենը մի ակնթարթ տևեց. նրա դեմքի արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց, ուստի ոչ ոք ոչինչ չնկատեց: Սակայն իմ աչքից դա չէր կարող վրիպել: Ամուսնուս մարմնի ներսում ինչ-որ բան շատ արագ, բայց, միևնույն ժամանակ, հանգիստ, դողում էր: Ես նայեցի նրա դեմքին: Նա կանգնեց, նայեց երկնքին, ապա իր ձեռքերին և խորը շունչ քաշեց: Ապա նայեց ինձ և ժպտաց:
«Այս վայրի մասին էիր երազում, այո՞», - հարցրեց նա:
«Այո», - պատասխանեցի ես:
Ես գիտեի, որ Հարավային բևեռը լքված վայր էր լինելու, սակայն իրականությունը շատ ավելի վատ էր, քան ես կարող էի պատկերացնել: Այնտեղ գրեթե բնակիչեր չկային: Ընդամենը մի անդեմ քաղաք էր` ոչ պակաս անդեմ հյուրանոցով: Հարավային բևեռը հեռու է զբոսաշրջության ուղղություն լինելուց: Այնտեղ նույնիսկ պինգվիններ չկան, ուր մնաց` բևեռափայլ: Երբեմն ես կանգնեցնում էի անցորդներին և հարցնում, թե որտեղ կարող էի պինգվիններ տեսնել, սակայն նրանք միայն օրորում էին գլուխները: Նրանք չէին հասկանում ինձ, ուստի ես փորձում էի նրանց համար թղթի վրա մատիտով պինգվին նկարել, սակայն պատասխանը նույնն էր` լուռ թափահարում էին գլուխներն ու հեռանում: Ես միայնակ էի: Քաղաքից դուրս միայն սառույց էր: Ոչ ծառեր, ոչ ծաղիկներ, ոչ գետեր կամ լճակներ: Միայն և միայն սառույց` անծայրածիր սառցե անապատ:
Իսկ ամուսինս` իր սառը շնչով, ցրտաշունչ մատներով և սառցե աչքերի` դեպի հեռուներ ուղղված հայացքով, առանց հոգնածության այս ու այն կողմ էր գնում: Նա անմիջապես սովորեց տեղացիների լեզուն և խոսում էր նրանց հետ նույն ծանր, սառը տոնով: Ես գաղափար անգամ չունեի` ինչի մասին էին խոսում նրանք այդպես ոգևորված: Ամուսինս, ակնհայտորեն, գլուխը կորցրել էր այս վայրում: Նրա համար այստեղ ինչ-որ հրապուրիչ բան կար: Դա տխրեցնում էր ինձ. ես ինձ անտեսված, դավաճանված ու լքված էի զգում:
Այս լուռ, սառցե աշխարհում ես աստիճանաբար ուժասպառ էի լինում: Ի վերջո, ես կորցրեցի նույնիսկ սեփական վիճակիս վրա զայրանալու կարողությունը: Իմ բոլոր զգացողությունները բթացել էին: Ես կորցրել էի տարածության ու ժամանակի, սեփական գոյության զգացումը: Ես չգիտեի` երբ էր սկսվել այս ամենը և երբ կավարտվեր: Մինչ կհասցնեի գլուխ հանել այդ ամենից, ես արդեն միայնակ ու լքված փակված էի սառցե աշխարհի անծայրածիր ձմռան մեջ: Սակայն նույնիսկ բթացած զգայարաններով` ես հասկանում էի. Հարավային բևեռում իմ ամուսինն այլևս իմ ճանաչած մարդը չէր: Չգիտեմ` կոնկրետ ինչպես էր նա փոխվել, քանզի նա առաջվա պես մտազբաղ էր, սակայն միշտ ուշադիր` իմ նկատմամբ: Իսկ ամենակարևորը` ես հավատում էի նրա խոսքերի անկեղծությանը: Հասկանում էի նաև այն, որ Սառցե մարդն այլևս նա չէր, ում հետ ծանոթացել էի լեռնադահուկային հանգստավայրում: Սակայն ու՞մ կարող էի բողոքել: Հարավային բևեռում բոլորը սիրում էին Սառցե մարդուն, մինչդեռ ինձ ոչ ոք չէր հասկանում: Նրանք միևնույն սառը շունչն ու սառցե դեմքերն ունեին: Նրանք զրուցում էին, կատակում և երգում իրենց հոգեհարազատ լեզվով: Իսկ ես, ինչպես վանդակում փակված թռչուն, միայնակ նստում էի հյուրանոցի սենյակում, նայում ամիսներ շարունակ չպարզվող գորշ երկնքին և փորձում սովորել Հարավային բևեռի լեզվի բարդագույն քերականությունը, որ դժվար թե երբևէ սովորեի:
Օդանավակայանում այլևս ինքնաթիռներ չէին երևում: Մեզ բերող ինքնաթիռի հեռանալուց հետո օդանավակայանը դատարկվել էր: Թռիչքուղին թաղվել էր սառույցի հաստ շերտի տակ: Ճիշտ այնպես, ինչպես իմ սիրտը:
«Արդեն ձմեռ է, - ասաց ամուսինս, - երկա՜ր, շա՜տ երկար ձմեռ: Մինչև ձմռան ավարտը ոչ ինքնաթիռներ կլինեն, ոչ նավեր կգան: Ամեն ինչ սառած է: Ստիպված ենք սպասել գարնանը»:
Հարավային բևեռ գալուց երեք ամիս հետո ես հայտնաբերեցի, որ հղի եմ: Ես միայն մի բան գիտեի. այն երեխան, ում ես կյանք էի տալու, փոքրիկ Սառցե մարդ էր լինելու: Իմ արգանդը ամբողջովին սառել էր, սառույցի բարակ շերտը խառնվել էր իմ հարպտղային ջրերին: Այդ սառնությունը ես զգում էի որովայնիս ներսում: Ես գիտեի. իմ երեխան նույն սացռե աչքերն էր ունենալու, ինչ իր հայրը, նույն սառցապատ ձեռքերը… Գիտեի նաև, որ մեր նորաստեղծ փոքրիկ ընտանիքն այլևս երբեք չէր լքելու Հարավային բևեռը: Հավերժական անցյալը` իր անհեթեթ ծանրությամբ, ընդմիշտ կապել էր մեր ձեռքերն ու ոտքերը: Մենք երբեք ազատություն չէինք գտնելու:
Իմ սիրտն արդեն քարացել է: Նրա ողջ ջերմությունը անհետացել է ինչ-որ հեռավոր տեղ: Երբեմն նույնիսկ դժվարանում եմ հիշել, թե ինչ է ջերմությունը: Բայց դեռ կարող եմ արտասվել: Ես մենակ եմ, ամբողջովին միայնակ` աշխարհի ամենացուրտ ու մենավոր վայրում: Երբ ես արտասվում եմ, իմ ամուսինը համբուրում է այտերս` սառույցի վերածելով արցունքներս: Նա հավաքում է սառցե արցունքները և դնում լեզվի վրա: «Ես սիրում եմ քեզ», - ասում է նա: Ես հավատում եմ նրան: Սառցե մարդը սիրում է ինձ: Քամին նրա սառցե բառերը քշում-տանում է դեպի հեռավոր անցյալ: Ես արտասվում եմ: Սառցե արցունքներս շարունակվում են թափվել մեր փոքրիկ սառցե տանը` հեռու-հեռավոր Հարավային բևեռում…

Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի

Տարածել