BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Պատմվածք ] Նարինե Աբգարյան. Անթառամները

[ Պատմվածք ] Նարինե Աբգարյան. Անթառամները

Կռնատանց Լուսինեն մարդու գնաց իր քսանամյակի օրը: Սեպտեմբերի առաջին շաբաթն էր, երբ հարսնախոսները եկան նրա ձեռքը խնդրելու: Սկեսուրը մարգարտափոշով ընդելուզված վառ-արնագույն սուտակե մատանի նվիրեց, դրվագազարդ բիլազուկ և ալ-կարմիր փայլատ, ծանրումեծ ու գոռոզ ականջօղեր: Տալը մետաքսե սպիտակեղեն տվեց` թափանցիկ ներքնաշապիկ, գուլպայի բարակ գոտի, որի ամեն մի ճարմանդն ասես թիթեռ լիներ: Լուսինեն առաջ երբեք նման բան չէր տեսել, միայն թաքուն երազել էր: Փեսացուն տուն մտցրեց մի գորգ և չգիտես ինչու դրեց ճաշասեղանի վրա: Երբ գորգը բացեցին, ներկաների շունչը կտրվեց: Ժամանակի ու դեպքերի հաշիվը կորցրած իննսունամյա նանին իր զորուգիշերվա բազկաթոռի արմնկակալի վրայով թեքվեց, շոյեց գորգը, լսեց մազախավի շրշյունը, խորդուբորդ մատները քսեց թարս կողմին, հյուրերին հառեց իր անգույն, կիսակույր աչքերը և միայն շրթունքներով հարցրեց.
-Անթառա՞մն է գործել:
-Հա,- անլսելի պատասխանեցին նրանք:
-Վերջապես վերադարձավ,-ժպտաց նանին:
Հոգին տոգորած ցավից չխեղդվելու համար Լուսինեն չոքեց հատակին, դեմքը թաղեց նրա ծնկների արանքը: Նանին վերջին անգամ այդպես ժպտացել էր` երբ կրտսեր ծոռը, իր վրա շրջելով եռման ջրով լի չանը, հրաշքով անվնաս էր մնացել: Այն ժամանակ էլ նա թեթև ու լուսավոր ժպտացել էր: Եվ երախտագիտական կարճառոտ աղոթք էր մրմնջացել:
Նանին վաղուց ոչ-ոքի չէր ճանաչում և անցած կյանքը հակառակ կողմով էր ապրում, սրտի կաթվածից հետո ժամանակը հետ էր պտտում` մանվածքը քանդելու նման: Իր երեխաներին նա այժմ միայն փոքրահասակ էր հիշում, նրանց տարիքը չէր ընդունում: Լուսինեն երբեք չի մոռանա, թե ինչպես իր պապը` նանիի միակ որդին` հզոր, ճերմակահեր, անկոտրում, ուժեղ և շիտակ մի ծերունի, խուլ հեկեկաց, նրա ուսերը թուլացան և դեմքը փոս ընկավ` երբ ի պատասխան, թե ոնց ես, մայրն արձագանքեց մեղավորի պես. «Ներիր, քեզ չճանաչեցի, դու ո՞վ ես»: Իսկ երբ որդին շփոթված ասաց` ես եմ, քո որդին, մայրը գլխով ցույց տվեց տասնամյա այն նույն ծոռանը, որն հրաշքով էր փրկվել եռման ջրից.«Սա է իմ տղան, իսկ դու ո՞վ ես»:
Առանց դույզն ինչ ափսոսանքի, վայելչորեն և անտրտունջ նա երես էր թեքում իր անցյալից` հիշողությունից ջնջելով այն ամենը, ինչն իր կյանքի իմաստն էր` ընտանիքը, հարևաններին, հայրական տունը, հինավուրց Բերդի ամռան արևախանձ նեղլիկ փողոցները, սառը քամին, որը բերում էր լեռների ձյունե շնչառությունը, շուշաբանդի եղյամի խոնավ հետքը. աչքդ կկոցես` ամեն մի լուսամուտի միջից կարող ես արևի մի շող բռնել: Նանիի երեխաներն այժմ մեկը մյուսից փոքր էին` Գրիգորը տաս տարեկան էր, Մանիշակը` ութ, Զոյան` յոթ, Ժաննան` հինգ: Եվ միայն կրտսեր թոռնուհին` Անթառամը, անփոփոխ երեսուն տարեկան էր:
Հետո, երբ խնամախոսները գնացին, Լուսինեն հանեց նրանց նվիրած զարդերը, կոմոդի արկղը դրեց, հետն էլ մետաքսե սպիտակեղենը, որը, ճիշտ է, սիրուն է, բայց չի հագնի, միայն հարսանիքին, որպեսզի նոր հարազատներին չնեղացնի: Հագավ չթե հասարակ շորը, որից սովորաբար սուսամբարի և շիկացած հարթուկի հոտ էր գալիս, ամուր հյուսեց մազերը: Պառկեց գորգի վրա, ծածկվեց նրա ծանր եզրով: Մի քանի անգամ շունչ քաշեց` զսպելով սրտխփոցը: Եվ ինքն էլ չիմանալով` քնեց խորը, անվրդով քնով: Գորգն իրեն այնպես էր գրկել, ինչպես երեխա ժամանակ` մայրը, և ինչպես էլ ոչ ոք չէր գրկում:
Անթառամը գորգ էր գործում: Ամեն մեկի գործելը երկու տարուց ավելի էր տևում: Նա բացառիկ շնորհքի տեր էր, գիտեր գուշակել գույնը և ուներ չափի զարմանալի զգացում: Այն, ինչը մյուսների ձեռքի տակ անպաճույճ նախշ էր թվում, նրա կատարմամբ իմաստ էր ստանում: Գորգ գործել նա սովորեց քսան տարեկանում: Հասցրեց գործել ընդամենը չորս գորգ: Վերջինը տարավ քաղաք` ցուցահանդեսի: Շուրջբոլորը լռություն էր, հենց նոր հրադադար էին հայտարարել և բացել լեռնանցքով մեծ աշխարհ տանող միակ ճանապարհը: Բայց պատերազմն իր օրենքներն ունի, և ամեն մի հրադադար այլ բան չէ, քան խախտելու առիթ: Ուստի Անթառամը Բերդից մեկնեց, բայց քաղաք չհասավ: Մեկ օր անց գտան վարորդի մարմինը: Անթառամն անհետացավ, գորգը` նույնպես:
Լուսինեն չորս տարեկան էր, քիչ բան էր հիշում: Միակ տպավորությունը, որ մնացել էր գիտակցության մեջ, սուր հոտ արձակող դեղերն էին: Նանին այն ժամանակ անկողին ընկավ սրտի ծանր նոպայով: Իսկ երբ լուր եկավ, որ Անթառամը գերության մեջ է, նա քնեց և այլևս չարթնացավ: Բժիշկներին հաջողվեց փրկել նրան, բայց նա գրեթե կուրացավ և մոռացավ, թե ինչ էր պատահել: Նա ասես պատվեց մարդկանց ու դեպքերի կարկատանով` ինչպես աշնան ծառը` տերևներով:
Անթառամին վերադարձրին` երբ ժամանակը չափեց ձմեռն ու գարնան կեսը: Մարմինն առանձին էր, ձեռքերն ` առանձին: Սափրած գլխի վրա դաջված էր հայհոյական մի բառ` «ղախպա»: Նանին դա չիմացավ, նաև այն, որ այժմ իրենց տոհմի անունը դրել էին Կռնատանց: Այն ամենը, ինչ հարազատներին հուշ մնաց Անթառամից, ջուլհակի դազգահն էր և բրդի անկենդան փաթույթները: Նրա վերջին գորգը կորավ լեռնանցքում, մյուս երեքը վաճառվեցին օտար ափեր մեկնող մարդկանց:
Նանին չհարցրեց, թե ինչ հրաշքով և ինչ գնով էր հաջողվել խնամախոսներին գտնել Անթառամի գորգերից մեկը: Գրկեց փեսացուին, ինչ-որ բան շշնջաց նրա ականջին: Նա կրճտացրեց ատամներն ու գլխով արեց:
Կռնատանց Լուսինեն մարդու գնաց իր քսանամյակի օրը: Հոր տնից տարավ միայն ջուլհակի դազգահն ու մոր գորգը: Կախեց պատին, նստեց դիմացն ու սկսեց զննել: Չէր արտասվում, լուռ էր: Մի տարի անց նա սովորեց գորգ գործել: Ժողովուրդն այդ գորգերը Անթառամներ կոչեց: Ասում էին, որ յուրաքանչյուր գորգի նախշի մեջ Լուսինեն իր մոր անունն է հյուսում: Ոմանց դա հաջողվում է կարդալ, ոմանց` ոչ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարլ Յալանուզյանի


Աղբյւրն՚ այստեղ

Տարածել