Շառլ Ազնավուրի պոեզիան՝ արդեն հայերեն. Տեղի ունեցավ «Նոր երկիր» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Newmag-ը հայերեն է հրատարակել Շառլ Ազնավուրի «Նոր երկիր» գիրքը։ 7-րդ գործում ներկայացված է ազնավուրյան պոեզիան։ Ընդհանուր առմամբ հրատարակչությունը հայերեն կթարգմանի 10 գրքերը, 7-րդից սկսած՝ պոեզիան։ Շնորհանդեսին ներկա էին թարգմանիչը, խմբագիրը, ֆրանկոֆոն հ
Ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի հային, հայ-ֆրանսիական բարեկամության սիմվոլին, մեծ շանսոնյեին հայ երկրպագուները կբացահայտեն նորովի: Շառլ Ազնավուրի ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ Newmag-ը հրատարակել է Ազնավուրի պոեզիայի ժողովածուն: «Նոր երկիր»՝ սա շանսոնյեի 7-րդ գիրքն է, որը Newmag-ը ներկայացնում է հայերեն: Առաջին վեցն արձակ էին, հիմա հերթը Ազնավուր բանաստեղծինն է: Գիրքը թարգմանել է Սամվել Գասպարյանը։ Նրա խոսքով, ամբողջ ընթացքում մտովի զրուցել է Ազնավուրի հետ. «Այսպիսի ծավալուն գործ անելը շատ պատասխանատու և ռիսկային է, որը պետք է շատ լուրջ հրատարակչություն անի: Նյումեգն արդեն ապացուցել է, որ շատ լուրջ հրատարակչություն է և հենց ինքը պիտի թարգմանի այսպիսի գրքեր»:
Հաստափոր այս գիրքն Ազնավուրի պոեզիայի ժողովածուի առաջին մասն է: Գրքի խմբագիր Հասմիկ Առաքելյանի խոսքով ազնավուրյան պարզ և մաքուր զգացմունքներ փոխանցող այս ժողովածուն վարպետության դաս է թարգմանիչների համար, սեղանի գիրք՝ Ազնավուրի երկրպագուների համար. «Այս գիրքը մաքուր և գեղեցիկ զգացմունքների մի ամբողջ փունջ է: Միանշանակ բոլոր դափնիները պատկանում են պարոն Գասպարյանին, բայց շատ ուրախ եմ, որ գործակցության ընթացքում հաշվի էր առնում իմ դիտարկումերը»:
Ժողովածուն ընդգրկում է Ազնավուրի 1940-2010 թվականներին գրած 113 երգերի տեքստերը: Շանսոնյեի գրիչը սահմաններ ու սահմանափակումներ չուներ: Պատմում էր ամեն ինչի մասին՝ սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն: Տողատակերում թաքնված մտքերն իրենց լավագույն դրսևորմամբ արդեն հասանելի են նաև հայ ընթերցողին: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, խմբագիրն ահռելի աշխատանք է կատարել. «Այս գիրքը ազնավուրյան ֆենոմենը բացատրելու և բացահայտեու համար է և կարծում եմ, որ դա առավելագույն արել է Սամվել Գասպարյանը: Նա անում է մի գործ, որը ոչ ոք անել չի կարող: Ազնավուրին ոչ ոք ադպես չի կարող հասկանալ և փոխանցել»:
Գրքի շնորհանդեսից հետո դահլիճում էմոցիաների տարափ է. Ժպիտներ, ծափեր և արցունքներ: Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։ Ստեղծագործություններից շատերը հայ ընթերցողին հայտնի են, բայց բացահայտումների պակաս ևս չի լինի՝ ընդգծում է Հայկական Ալիանս ֆրանսեզի կրթամշակութային կազմակերպության տնօրեն Սյուզան Ղարամյանը. «Սա մեծ առիթ էր ցույց տալու նրա մեծությունը, որպես բանաստեղծ և փիլիսոփա և հայերեն այս հրաշք թարգմանությունը առիթ է լինելու, որ մեր սերը Ազնավուրի նկատմամբ բազմապատկվի»:
Ազնավուրի ժառանգությունը հայաֆիկացնելու առաքելության անփոփոխ գործընկերն ու հովանավորը Ամունդի Ակբան է: Ըստ ընկերության ներկայացուցիչ Զարինե Եղիազարյանի, գործակցությունը հրատարակչության հետ նախ սոցիալական պատասխանատվություն է. «Մենք սա որպես մարկետինգային քայլ երբևէ չենք օգտագործել, սա մեզ համար սոցիալական պատասխանատվություն է, չգիտեմ կունենանք թե ոչ նման լեգենդ, բայց նրա ստեղծագործությունները պետք է հասանելի դարձնենք»:
Ազնավուրի գրքերի համաշխարհային վաճառքի ցուցանիշը սփյուռքահայ հեղինակների շարքում զիջում է միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վաճառքին։ Մեծ հային նոր երանգներով բացահայտելու ճանապարհին Newmag-ը խոստանում է՝ մինչև 2023-ի ավարտը կհրատարակվեն պոեզիայի ժողովածուի ևս երեք հատորներ: