Ամանորի ֆիլմերի 10-յակ. Պատմություններ, որոնք դրական լիցքեր են փոխանցում
«Իրական սեր» («Love Actually»), 2003, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա
Համեստություն չանեմ. շատ ֆիլմեր եմ դիտել, բայց չեմ հիշում որևէ մեկը, որտեղ պոզիտիվի ավելի մեծ խտացում լինի, քան «Իրական սեր»-ում: Մեծ աստղաբույլ, հրաշալի երաժշտական ձևավորում, մեկը մեկից անհավանական, բայց հոգեցունց պատմություններ, որոնց մասին մենք ամբողջ կյանքում երազում ենք, հանդիպելիս բաց չենք ուզում թողնել, բաց թողնելու դեպքում՝ ամուր կառչում հիշողությունների տեսքով: Ֆիլմը կարելի է դիտել տասնյակ անգամներ, առանձին վերցրած կադրեր՝ հազարավոր: Երբեք չի հոգնեցնելու ու միշտ տոնական տրամադրություն է պարգևելու (սա գրելիս մտածում եմ՝ մի պահ դադար տամ, հարսանիքի դրվագը նայեմ):
«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» («Bridget Jones's Diary»), 2001, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ֆրանսիա
Խոստովանե՛ք, որ շատ եք սիրում այս ֆիլմը: Ես սիրով խոստովանում եմ: Մի հասարակ աղջիկ Բրիջիթ Ջոնսի մասին երբեմն նույնիսկ մանկամտության աստիճանի պարզ պատմությունը խաղում է հետդ երեխայի պես ու խուտուտ տալիս, չի թողնում, որ ժպիտը դեմքիցդ իջնի: Ի՜նչ լավ վարպետ պետք է լինես, որ ուրիշի դեպրեսիայի հիման վրա էսպիսի սքանչելի անտիդեպրեսանտ պատրաստես: Ընդ որում թմբլիկ Զելվեգերը, իմ անձնական կարծիքով, էստեղ շատ ավելի հմայիչ ու նվաղեցնող է, քան, օրինակ «Չիկագոյում»: Մանավանդ, երբ ընտանեկան հավաքույթին ներկայանում է «Փլեյբոյի» նապաստակի հագուստով:
«Տանը մենակ» («Home Alone»), 1990, ԱՄՆ
Քրիս Քոլամբուսի այս գլուխգործոցն արդեն 25 տարեկան է: Այդքան էլ մեծացել է Մաքոլեյ Կալկինն ու դարձել անհամի մեկը: Իսկ մի ժամանակ նա ուշիմ ու հնարամիտ մանչուկ էր, որին իմ բոլոր տարեկիցները նախանձում էին: Պատահաբար ու շատ ծիծաղելի պատճառով Ծննդյան տոներին տանը մենակ մնացած երեխան այնքան սահուն է գալիս տուն ներխուժած կողոպտիչների հախից, որ երկուժամանոց ֆիլմն աչքիդ առաջ թռչում-անցնում է մի ակնթարթում: Հաջողությունից հետո մի քանի շարունակություններ էլ նկարվեցին, բայց, դե՛, այս մեկն այդպես էլ մնաց չգերազանցված: Ի դեպ, վաղուց չեմ դիտել, կարելի է վերանայել:
«Սուրբ ծննդյան պատմություն» («A Christmas Carol»), 2009, ԱՄՆ
Ռոբերտ Զեմեկիսի այս անիմացիոն ֆիլմը, կրկին իմ անձնական կարծիքով, Չարլզ Դիկենսի հանրահայտ վիպակի լավագույն էկրանավորումն է: Այս պատմությունը ժլատագույն արարած Էբենեզեր Սքրուջի մասին է, որ մի տոնական գիշերվա ընթացքում կատարյալ մաքրագործման է ենթարկվում՝ իր վարքին ուրիշի հայացքով դիտելու հնարավորություն ստանալով: Երազել կարելի է տեսնել, թե մարդիկ ինչ են քո մասին մտածում, խոսում, կամ քո տված որ գնահատականն ու վերաբերմունքն է անարդարացի եղել՝ այս կամ այն ճակատագիրը խեղելով: Նախատոնական լավ զբաղմունք՝ երկուսը մեկում. դիտել հրաշալի ֆիլմ ու մտածել Նոր տարին մաքուր էջով սկսելու մասին:
«Չարլին և շոկոլադի ֆաբրիկան» («Charlie and the Chocolate Factory»), 2005, ԱՄՆ
Ռոալդ Դալի համանուն վիպակն ավելի հայտնի չէ, քան Դիկենսինը, գուցե ուսուցողական նյութն էլ ավելի պրիմիտիվ է մատուցված, բայց էկրանավորումը՝ Թիմ Բարթոնի կատարմամբ, հրաշալի է ստացվել: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց այս ֆիլմն ում ոճային հակումներին համապատասխանեց, դառնում է ամենասիրելիներից մեկը: Եղի՛ր ահա այսպիսին, ու ամեն բան լավ կլինի. դժվար է պատկերացնել ավելի զուլալ ուղերձ երեխաներին, բայց այն փաթեթավորումը, որով մատուցվում է այդ ուղերձը, հիացմունքի է արժանի: Էստեղ ամեն ինչ քաղցր է, նույնիսկ Ջոնի Դեփը՝ Վիլի Վոնկայի դերում: Տոնական սեղան, այս դեպքում՝ ավելի շուտ հեռուստաէկրան զարդարելու ամենահաջողված կինոուտեստներից մեկն է:
Ամանորի ֆիլմերի տասնյակն ամբողջացրեք` ընթերցելով newmag-ի 55-րդ համարը: Այն վաճառքում է: