Իմ ստեղծագործելու մոդելը պլանավորված պատահականությունն է. newmag հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյան (լուսանկարներ)
«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Newmag հրատարակչության արտ-տնօրեն, արվեստագետ, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանի բաց դասախոսությունը՝ «Արվեստի ուղղակի և անուղղակի փորձառության ուղիներ» թեմայով: Իվենթն անցկացվեց newmag-ի ամսվա շրջանակում։ Դասախոսությունը ձգվեց
Դասախոսությունը սկսվեց արվեստի ուղղակի ընկալման բացատրությամբ: Ըստ բանախոսի, արվեստի ուղղակի ընկալման հայեցակարգն ընդգծում է անմիջական, զգացմունքային և ինտուիտիվ արձագանքների կարևորությունը, որոնցով արվեստը կարող է ոգեշնչել, որոնց միջոցով դիտողն ուղղակիորեն կարող է մուտք գործել ստեղծագործության դաշտ՝ առանց համատեքստային կամ պատմական ըմբռնման անհրաժեշտության:
Ըստ նրա, խոսքն արվեստն «ինչպես կա» զգալու մասին է: Այլ կերպ ասած՝ արվեստը կարող է առաջացնել ներքին, զգայական արձագանք, որի հասկանալու, խորությամբ զգալու համար ինտելեկտուալացման կարիք չկա: Արվեստի ուղղակի ընկալումը ժողովրդավարացնում է այն՝ հասանելի դարձնելով բոլորին, անկախ նրանց գիտելիքների և փորձի մակարդակից.
«Շատ եմ կարևորում ուղղակի ընկալումը, դիտողի անձնական ընկալումը, էմոցիաները ստեղծագործության հետ հարաբերվերիս։ Ես աշխատում եմ ժանգած մետաղներով, և երբ՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրվում էին այդ գործերը, մի կիրակի օր, ընտանիք էր այցելել ցուցասրահ, հայրը մոտեցավ ու հարցեց, թե դրանք ի՞նչ գործեր են: Առաջարկեցի, որ գնանք միասին հասկանանք, ու հարցրեցի՝ ի՞նչ ես հասկանում կամ զգում դրանց նայելիս, ասաց, «դե մաշված ա, ուղղակի ժեշտեր են, մեր թաղում, բակերում լիքն են սենց ժեշտեր», այսինքն` նյութը սկսեց տեղայնացվել։ Այդ ժանգած մետաղները շատ-շատ են առնչվում հետխորհրդային կյանքի հետ՝ արդյունաբերության անկում, որոնք հանդիպում են ինքնաշեն տնակների ու ցանկապատերի վրա։
«Դե մեր նման ա, էլի, կյանք ապրած, մաշված ա, մեր նման ա...»։ Պատասխանեցի՝ ըհը, այ էդպես։ Ու նկատեցի նրա աչքերի փայլը: Ասաց. «փաստորեն ինչ զգում եմ, հենց է՞դ ա»։ Պատասխանս դրական էր։ Նույն ցուցահանդեսում հանդիպելով Մատենադարանի նախկին տնօրենին, նա այդ գործերը համեմատեց արևից վառված հայաստանյան դաշտերի հետ: Ինձ համար այս ամենը շատ հետաքրքիր էր, այդ ամենը Հայաստանի հետ կապելը՝ մատենադարանի տնօրենից մինչև հասարակ մարդ, ուրեմն այն, ինչ ես զգացել եմ, կարողացել եմ այգ գործերի միջոցով փոխանցել»:
Էդիկն իր աշխատանքի մոտեցումը համարում է պատահական հավաքագրում պլանավորված պատահականությամբ, նշում է՝ բոլոր նյութերը շատ պատահական է գտնում, բայց գիտակցված է ընտրված այս պատահականությունը, որը թույլ է տարիս ընտրելու նյութը, կամ հրաժարվելու դրանից։ Նախագծերից մեկի մետաղական նյութերը նա գտել ու տեղափոխել է Արցախի տարբեր շրջաններից, դրանց հետ բերելով միաժամանակ յուրօրինակ ու հուզիչ պատմական պատումներ, որոնցից մեկի նկարը հետո Էդիկ Պողոսյանն օգտագործել է Նարինե Կռոյանի՝ «Ճանճերի ժամանակը» գրքի շապիկի վրա:
Խոսելով դարերի ընթացքում արվեստի զարգացման մասին, նա նկատեց, որ սկսած վաղ վերածննդի դարաշրջանից, ամեն ինչ կատարվում էր շրջանակի մեջ, մարդիկ ուղղակի դիտողներ էին, կար մեկը, որ պատմում էր, և այդտեղ վերջանում էր ամեն պատմություն: Դարերի զարգացման ընթացքում արվեստի արտահայտչաձևն էլ է փոխվում, և 20-րդ դարից այլևս արվեստը չէր բացատրվում և ավարտվում շրջանակի մեջ, այլ ստեղծագործությունը իմաստավորվում էր դիտողի հետ հարաբերվելու ընթացքում, այլևս կապը պատմողական և միակողմանի չէր, այլ՝ հաղորդակցություն ստողծագործության հետ։
Ի տարբերություն արվեստի ուղղակի ընկալման գաղափարին, անուղղակի ընկալման հայեցակարգն, ըստ արվեստագետի, ընդգծում է ստեղծագործության, դիտողի և նրա ընկալման վրա ազդող բազմաթիվ գործոնների միջև բարդ փոխազդեցությունը: Այն կարևորում է մշակութային ֆոնի, անձնական փորձառությունների և ինտելեկտուալ շրջանակների դերը արվեստի ընկալման ձևավորման գործում, երբ արվեստի ընկալումը միջնորդավորված է համատեքստի, մեկնաբանության և սուբյեկտիվ փորձառության շերտերի միջոցով:
«Տեքստի ընկալման օրինակով բացատրեմ, եթե գրականության մեջ կան տեքստ, կոնտեքստ, ենթատեքստ, նախատեքստ, ապա արվեստի դեպքում ունենք «տեքստ»՝ կտավը, «ենթատեքստ»՝ հեղինակի տողատակով ասված միտքը, և ունենք՝ «նախատեքստ», այսինքն ընդհանուր գիտելիքներ: Ես նույնչափ կարևորում եմ անուղղակի ընկալումը, և փորձում եմ իմ արվեստով, նախագծերով, դիզայններով ու դրանց մասին խոսելով, օգնել հասարակության մեջ նոր մշակույթ, նոր շերտեր արթնացնել, արվեստն ու դիզայնը վերագնահատելու և նորովի ընկալման ուղիներ բացել»,-ասաց դիզայները:
Այս հայեցակարգը ընդգծում է նաև մեկնաբանական համայնքների (Interpretive communities) դերը արվեստում՝ խմբերի, որոնք արվեստի գործերը հասկանալու և մեկնաբանելու որոշակի ձևեր են կիրառում: Նրանք կարող են լինել պատմաբաններ, արվեստաբաններ, էնտուզիաստներ և ընդհանուր լսարան, որոնցից յուրաքանչյուրը իր սեփական տեսակետներն ու կողմնակալությունն է ներկայացնում:
Էդիկ Պողոսյանի դիտարկմամբ այս ամենը փաստում է, որ արվեստը ոչ թե պասիվ, սիրուն-տգեղի դիտարկման առարկա է, այլ դիտողների հետ շարունակական երկխոսության դինամիկ մասնակից, երկխոսություն, որը ձևավորվում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ընկալումների խճճված ցանցում: Այնուամենայնիվ, անուղղակի ընկալումը չի բացառում մեր յուրաքանչյուրի ընկալումը, բայց համարում է՝ դա պետք է լինի ուղեկցված:
«Կարծում եմ մենք՝ Newmag-ի թիմը, փորձել ենք այնուամենայնիվ պահել այս շարունակական երկխոսությունն ընթերցողի հետ՝ փորձարկելով, սխալը զատելով ճշտից, հասել ենք մի կետի, որ և՛ բովանդակային առումով, և՛ վիզուալներով, և՛ տեքստի թարգմանության միջոցով երկխոսությունը պահում ենք մեր ընթերցողների հետ, ու անկախ նրանից, թե ով է մեզ հետ աշխատում, փորձում ենք մոտեցումը պահել Newmag-ական»,- հայտնենց Newmag հրատարակչության արտ տնօրենը:
Դասախոսության ընթացքում էդիկ Պողոսյանը նաև պատմեց, թե մասնագիտական ինչ ճանապարհ է անցել. «Բազմաբնագավառ եմ աշխատում, լավ օրից չի (կատակում է)․ ծնված հայ բայց Իրանում, հիմա ապրում եմ Հայաստանում, որպես իրանցի, սովորելով գեղանկարչություն, հետո աշխատել եմ գրաֆիկ դիզայներ, ու կարիկատուրիստ, իսկ հիմա թարգմանում եմ իրանական պոեզիա․․․»:
«2007-ին տեղափոխվեցի Հայաստան: Կար մեծ անդունդ՝ իմ և հայաստանյան հասարակության միջև: Այն ժամանակ շատ տխուր էր, կար շատ մեծ բաց, չունեի հասարակության հետ ընդհանուր հուշ, չգիտեի ո՞նց խոսել, ի՞նչ հումոր անել: Այդ ժամանակ ինձ մոտ էքզիստենցիալ ճգնաժամ էր, ընտանիքս Իրանում, ես՝ ՀՀ-ում, ու փորձեցի գրել, բայց քանի որ գրող չեմ, սենտիմենտալ, ախմախ բաներ էին ստացվում, որոշեցի թարգմանել իրանական պոեզիա: Հետո հասկացա, որ շատ հետաքրքիր է այդ ամենը իրար կապելը՝ երգիցանք, նկարչություն, գրաֆիկ դիզայն, տեքստ, թարգմանություն: Հետո ծանոթացա Գնել Նալբանդյանի հետ, իր ու իր հմտությունների միջոցով «հմայվեցի» տեքստի հետ աշխատելուն»:
Էդիկ Պողոսյանը Հայաստանում քաղաքային ֆոլկլորի տեքստային գաղափարի հեղինակն է: Ի՞նչ է դա, նա հանրային վայրերից, բակերից, հայտարարություններից վերցված բառերով հորինում ու անմահացնում է նոր ու յուրահատուկ պոեզիա: 44 օրյա պատերազմից հետո արվեստագետի մտքում զոհված տղաներն էին ու նրանց մայրերը: Այդ ընթացքում նա փողոցներից հավաքած բառերով հավերժացրել է հենց այդ թեմային հարազատ բառերն ու կապակցությունները վիդեոպոեզիայի տեսքով:
Պատերին արված գրաֆիտիների, հայտարարությունների, ձեռագիր գրությունների բառերն ու կապակցությունները, որոնք նա մեկտեղել է 1 րոպեի մեջ ու անձամբ կարդացել, ներկայացրեց դասախոսության վերջին հատվածում: Արվեստագետն այդ գործը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերին, մասնակիցներին, որդեկորույս մայրերին, անհետ կորածներին: