Գրական մեծ անակնկալ. Freedom Broker Armenia-ն 1000 գիրք կնվիրի Լոռիի գրադարաններին
06/24/2024
Գրքի և արվեստի ամառային փառատոնին ընդառաջ newmag-ը կայացրեց աննախադեպ որոշում։ newmag reader’s prize-2024-ը հանձնել ոչ թե տարվա լավագույն գրախոսականի հեղինակին, այլ գարնանային հեղեղումներից տուժած Ալավերդիի քաղաքային գրադարանին։
Փառատոնից մեկ օր առաջ սոցիալական նախաձեռնությանը միացավ Freedom Broker Armenia-ն։ Ընկերությունը 1000 գիրք կնվիրաբերի Լոռիի գրադարաններին։
Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանը գործում է արդեն 94 տարի։ 1930-ականների գրադարանի գույքը 1980-ականների է, գրքերը՝ հին ու մաշված: Վթարային տարածքը գտնվում է մշակույթի կենտրոնի շենքի առաջին հարկում:
Խունացած գրքերը հաճախ հենց ընթերցողներն էլ նորոգում են, քանի որ նոր հրատարակությունների հույս արդեն չունեն. «Հիմնականում խորհրդային տարիների գրքաֆոնդն է, պատահում է, որ ընթերցողներն իրենք են գրադարանին նվիրում գրքեր»,-պատմում է գրադարանի տնօրեն Անահիտ Իշխանյանը:
Ավանդույթի համաձայն, newmag-ը ամառային գրքատոնին լավագույն գրախոսականի հեղինակին նվիրում է տարվա ընթացքում լույս տեսած գրքերն անվճար։ Այս տարի գրքի և արվեստի փառատոնին որոշվեց համալրել Ալավերդիի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի գրքաֆոնդը։
Ի ուրախություն հրատարակչության, փառատոնից մեկ օր առաջ մեր նախաձեռնությանը միացավ նաև Freedom Broker Armenia -ն։ 2008 թվականից գործող ընկերությունը հայաստանյան շուկայում է արդեն մեկ տարի։ Լոռիի գրադարաններին գիրք նվիրաբերելու մասին Freedom Broker Armenia-ն հայտարարեց newmag summer fest-ին։
Ըստ Freedom Broker Armenia-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանի, ընեկերությունն իր գործունեության առանցքում կարևորում է կրթության դերը.
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել newmag-ին այս նախաձեռնության համար։ Մենք Հայաստանի շուկայում գործում ենք ավելի քան մեկ տարի ու մեզ համար շատ կարևոր է երկրի զարգացումն ու ճգնաժամային պահին օգնության ձեռք մեկնելը։ Դրա համար որոշեցինք մասնակցել այս նախաձեռնությանը, որպեսզի Լոռիի երեխաները, երիտասարդները կարողանան ընթերցել։ Մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտությունը, որի զարգացման համար սկսել ենք որոշակի քայլեր, դրանցից մեկը մեր ակադեմիան է։ Այս 1000 գիրքը դեռ մեր համագործակցության սկիզբն է»։
Ընկերության և հրատարակչության որոշմամբ, 500-ական գիրք կստանան Ալավերդիի և Վանաձորի քաղաքային գրադարանները։ Այդ մասին ասաց հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը.
«Սա անսպասելի իրդարձություն էր նաև մեզ համար։ Մենք ցանկանում էինք Ալավերդիի գրադարանին նվիրել մեր հրատարակած 50 գրքերից։ Սակայն այս նախաձեռնությանը միացավ Freedom Broker-ը, և այսօր մենք կարող ենք հայտարարել, որ աղետի գոտու 2 գրադարաններին, ընկերության շնորհիվ, newmag-ը կհատկացնի 1000 անուն գիրք։ Մենք կբաշխենք այն Վանաձորի և Ալավերդիի գրադարաններին»։
Նախաձեռնությունը newmag-ն ու Freedom Broker Armenia-ն կիրականացնեն առաջիկա շաբաթների ընթացքում։