Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կդառնա Ֆիլիպ Կոտլերի գրքի համահեղինակը (լուսանկարներ, տեսանյութ)
12/03/2024
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանը ստորագրեցին գործակցության հուշագիր, որի համաձայն Newmag հրատարակչությունը կթարգմանի ու կհրատարակի Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարկետինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը։
Newmag հրատարակչությունը ստանձնելու է «Ժամանակակից մարկետինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքի հայերեն թարգմանության և հրատարակման ամբողջ գործընթացը: Գրքում, բացի Ֆիլիպ Կոտլերի մարկետինգային հիմունքներից, կլինեն Հայաստանի լավագուն ընկերությունների հաջողության պատմությունները և իրականացրած մարկետինգային ռազմավարությունները: Աշխատությունում կլինի նաև Newmag հրատարակչության մարկետինգային հաջողության բանաձևը:
Գիրքը լույս է տեսնելու 50 երկրներում։ Ամեն երկրում հրատարակության մեջ ընդգրկված են իրենց լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները։ Ֆիլիպ Կոտլերի այս գիրքը շատ երկրներում դարձել է ուսումնական ծրագրերի հիմնական բաղադրիչը։ Այն կարևոր ուսումնական, աշխատանքային գործիք կդառնա նաև հայ ուսանողների և մասնագետների համար։
ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանը հուշագրի ստորագրումից հետո խոսեց հրատարակչության հետ գործակցության մասին.
«Newmag-ն իր փորձառության և բարձրակարգ թիմի շնորհիվ կկարողանա ստեղծել մի գիրք, որը կծառայի որպես ուղեցույց բոլորի համար: Այս գիրքը կարևոր գործիք կլինի նաև մեր ուսանողների, հայաստանյան բիզնեսի և մարքեթինգի մասնագետների համար, քանի որ այն առաջին անգամ միավորում է համաշխարհային մարքեթինգի լավագույն փորձը և հայաստանյան հաջողված բիզնեսների իրական օրինակները։ Այդ ընկերություններից մեկն էլ Newmag֊ն է: Հրատարակչության մարկետինգային ռազմավարությունը ևս տեղ կգտնի գրքում։»։
Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ «Ժամանակակից մարկետինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին. «Գիրքը ներկայացնում է, թե ինչպես հաջողված մարկետինգի միջոցով ներկայանալ սպառողներին և դիրքավորվել շուկայում։ Կոտլերը ժամանակակից մարկետինգի «կնքահայրն» է, այսինքն՝ այն չափանիշները, որով մենք գնահատում ենք որևէ ընկերության գովազդային արշավ կամ այն գործիքները, որոնք մենք կիրառում ենք հասկանալու համար, թե ինչպես կառուցենք մարկետինգային քաղաքականությունը, դրա հեղինակն ու «կնքահայրը» հենց Ֆիլիպ Կոտլերն է։
Ուրախ ենք, որ Կոտլերի թիմը նկատել է Newmag֊ի աշխատանքը։ Հրատարակչությունը ոչ միայն կտպագրի ու կհրատարակի գիրքը, այլ նաև ներկայացված կլինի գրքում, որպես հաջողված մարկետինգային ռազմավարություն ունեցող ընկերություն»։
Գիրքը լույս կտեսնի հայերեն ու անգլերեն՝ 10 հազար օրինակով, կվաճառվի ամբողջ աշխարհում։ Արտակ Ալեքսանյանը կմասնակցի նաև World Marketing Summit-ին, որը հեռարձակվում է 150 երկրներում, ունենում է 200 խոսնակ։ Այս գիտաժողովը դիտում է 80 միլիոնից ավելի մարդ։