Չկա ավելի լավ ներդրում, քան ներդրումը քո ուժերի և զարգացման մեջ. «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր Անժելա Պետրոսյան
Newmag-ն ու Երազի գործակցությունը ձգվում է արդեն չորս տարի։ Հրատարակչությունն առաջին փառատոնն անցկացրել է հենց «Երազ» այգում։ Տարիների ընթացքում ավելացան ոչ միայն համատեղ ծրագրերը, այլև ոլորտները։ 2023-ից Newmag-ն ու Yeraz Projects-ը ստեղծել են «Երազ» մատ
-Արդյո՞ք գրքերը կարող են օգնել հաջողակ ղեկավար դառնալու գործին։
-Առհասարակ ընթերցանությունն անձի բազմակողմանի զարգացման հիմքն է։
Արագ զարգացող և փոփոխվող աշխարհում, չնայած ժամանակի սղությանը, միշտ փորձում եմ կարդալ հաջողակ գործարարների, լիդերների կյանքի պատմությունները, ուսումնասիրել նրանց բիզնես սկզբունքները և մոտեցումները, որոնք ոչ միայն ինֆորմատիվ, այլև ուսուցանող են և հաճախ օգնում են ճիշտ որոշումներ կայացնել։ Նրանց անցած ճանապարհը, փորձը՝ տարբեր փուլերում հանդիպած դժվարություններով, ձեռքբերումներով, երբեմն սխալներով, հաճախ նաև ճիշտ որոշումներով, ոչ միայն մոտիվացնում են, այլև սովորեցնում՝ ինչպես հաջողել բիզնեսում, աշխատակիցների հետ հարաբերություններում, ինչու ոչ, նաև նոր մտքեր և գաղափարներ են հաղորդում հետագա տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների համար։
-Գրապահարանի ո՞ր գիրքն է ազդեցություն թողել Ձեզ վրա։
-Վերջերս ընթերցում էի Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»։ Այն ամենը, ինչը հեղինակը փորձում է ուսուցանել ընթերցողներին, ցույց է տալիս իր սեփական օրինակով՝ որպես ձեռնարկատեր։ Գրքում մի սովորույթ կա նկարագրված, որ կցանկանամ առանձնացնել՝ «Սրիր սղոցը»։ Սա նշանակում է պահել և զարգացնել այն ամենը, ինչ ունես։ Դա վերաբերում է անձի ինքնակատարելագործմանը, և այստեղ ընդհանրապես կապ չունի՝ դու գործարա՞ր ես, ուսանո՞ղ, թե՞ տնային տնտեսուհի։ Եվ ինչպես գրքում է ասվում. «Չկա ավելի լավ ներդրում, քան ներդրումը քո ուժերի և զարգացման մեջ»։
-Որոշումներ կայացնելու պահին Ձեզ օգնության հասնու՞մ է գիրքը։
-Գրքեր կարդալիս երբեմն ինձ պատկերացնում եմ հեղինակի կամ հերոսուհու կերպարում՝ իսկ ինչպե՞ս ես կվարվեի տվյալ իրավիճակում։ Մտովի այդ սցենարները պատկերացնելիս նաև ուրվագծում եմ խնդիրների լուծման ուղիները, որոնք բնականաբար, հետո օգնում են կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել։
-Ո՞ր գիրքն եք համարում, որ պետք է կարդալ պարտադիր։
-Կդժվարանամ կոնկրետ գրքեր առանձնացնել, բայց կնշեմ հեղինակների անուններ, որոնք, իմ կարծիքով պարտադիր պետք է ընթերցել՝ Ֆյոդոր Դոստոևսկի, Ալբեր Կամյու, Թեոդոր Դրայզեր, Օսկար Ուայլդ, Ջեյն Օսթին, Շառլոտա Բրոնտե, Հերման Հեսսե։
-Ո՞վ է գրքի այն կին հերոսուհին, որ Ձեզ վրա մեծ հետք է թողել։
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր գիրք էլ ինչ-որ չափով իր ազդեցությունն ունենում է մեզ վրա։ Շատ եմ հավանում «Հպարտություն և նախապաշարմունք» գրքի հերոսուհի Էլիզաբեթի կերպարը, ով 18-րդ դարում առանձնանում էր իր խիզախությամբ, նպատակասլացությամբ, արդարությամբ, պայքարող տեսակով։ Ոչնչից չէր հանձնվում, կարևորում էր իր ցանկություններն ու երազանքները։ Նա նաև լավագույն օրինակներից մեկն է այն բանի, որ կինը, ինչպես և տղամարդը, կարող է հասարակության մեջ կարևորագույն տեղ զբաղեցնել։ Թեպետ գիրքը 18-րդ դարի մասին է, սակայն արդիական է առ այսօր։
-Ո՞ր գրական գործի հերուսուհուն կցանկանայիք մարմնավորել։
-Ինքս երբեք նման ցանկություն չեմ ունեցել, սակայն ինձ հաճախ են ասում, որ նման եմ Սքարլետ Օ` Հարային։ Գիտեք, որոշ առումով պարտավորեցնող է, քանի որ, եթե հիշում եք, Սքարլեթը խիզախ էր, մարտահրավերներից չէր ընկճվում, հաճախ կայացնում էր կտրուկ ու համարձակ որոշումներ և միշտ փորձում էր գտնել նոր հնարավորություններ և ճանապարհներ։ Եվ, իհարկե, երկուսս էլ սևահեր ենք (ժպտում է)։
-Կա՞ մի գիրք, որն անընդհատ ընթերցում եք։
-Դանիել Կահնեմանի՝ «Մտածիր դանդաղ, գործիր արագ» և, իհարկե, Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»։ Երկու գրքերն էլ շատ ինֆորմատիվ են, օգտակար, խորաթափանց դիտարկումններով։
-Դրանք պատմում են մեր ռացիոնալ և էմոցիոնալ մտածողության, վարքագծի, որոշումների ընդունման տեսանկյունից տեղեկատվության կարևորության, հնարավորություններին ընդառաջ գնալու, ռիսկի դիմելու, արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհի մասին։ Ընթերցանության ընթացքում ասես ոչ թե կարդում, այլ որևէ սեմինարի ես մասնակցում։
-Կգրե՞իք գիրք կամ երբևէ ստեղծագործե՞լ եք։
-Հպարտությամբ պետք է նշեմ, որ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ՀԳՄ անդամ Հրաչիկ Սևոյանի թոռնուհին եմ: Միշտ երազել եմ ժառանգել պապիկիս ստեղծագործական ջիղը: Դպրոցական տարիներից սկսած եղել եմ ջանասեր, ուշադրությունս կենտրոնացրել եմ լավ սովորելու, առաջադիմելու ուղղությամբ։ Հետո արդեն ընտանիք, բիզնես, մեծ թիմ, և, ցավոք, ժամանակի սղության պատճառով ուժերս չեմ փորձել ստեղծագործական ոլորտում։
Իսկ գիրք գրելու մասին, կխոստովանեմ, որ, այո, մտածել եմ։ Եվ երբ հասունանա այդ օրը, ապա այդ գիրքը կլինի հրաշքներին հավատալու, ոչնչից չվախենալու, լավատեսությամբ զինվելու, սեր, բարություն և հոգատարություն տարածելու մասին, ինչպես «Երազ Փրոջեքթսի» ցանկացած նախաձեռնություն, որն իր մեջ խտացնում է այդ բոլոր համամարդկային արժեքները։
-Մանկական ո՞ր գրքերն եք պարտադիր ընթերցել Ձեր երեք երեխաների համար։
-Որպես երեք երեխաների մայր` կարող եմ փաստել, որ երեխաների մոտ գրքերի հանդեպ սերը ձևավորվում է մանկուց։ Շատ եմ կարևորում նաև ծնողների աջակցությունն այդ հարցում։ Ինչպես գիտենք, ընթերցանությունը ծառայում է որպես միջոց լայն աշխարհայացքի, արժեհամակարգի ձևավորման համար, այն նաև խթանում է կրեատիվ մտածելու, վերլուծելու հմտությունները։
Աղջիկներս դեռահաս են, գրականության ժանրերի հետ կապված իրենց նախընտրություններն ունեն, բայց ես խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ նաև արկածային գրականություն երևակայությունը զարգացնելու, ինչու ոչ նաև հրաշքներին հավատալու համար։
Իսկ պարտադիր գրքերը, որ ընթերցել եմ երեխաներիս համար, եղել են Հայ ժողովրդական հեքիաթների հավաքածուն, Հ. Թումանյանի հեքիաթների ժողովածուն, Լուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում»-ը, Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունները։ Հիմա 7 տարեկան տղայիս հետ միասին ընթերցում ենք Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը»։
-Նախընտրում եք տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրք։
-Ընթերցում եմ թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր տարբերակով։ Սակայն ավելի շատ նախընտրում եմ տպագիրը. շատ եմ սիրում գրքերի բույրը, ավելի շատ ես կապվում գրքին, ամեն մի թերթի հետ տարբեր ապրումներ ես ունենում։ Նաև սիրում եմ մատիտով նշումներ անել, հետո վերընթերցել առանձնացված հատվածները։
NEWMAG / SUMMERFEST-2024-Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
-Ինչպե՞ս սկսվեց newmag-ի հետ գործակցությունը։
-Մեր համագործակցությունը մեկնարկել է չորս տարի առաջ՝ Summer Fest-ի շրջանակում։ Այնուհետև գործակցությունն ամրապնդվեց «Երազ մատենաշար» նախաձեռնությամբ և հուշագրի կնքմամբ։ Նշեմ, որ մանկական մատենաշարի գաղափարը ծնվել է հենց «Երազ» այգում՝ Newmag-ի ամառային փառատոնի ժամանակ:
-Ինչու որոշեցիք դառնալ ամառային փառատոնի համակազմակերպիչ։
-Տարբեր առիթներով արդեն նշել եմ, որ Newmag-ի մեր գործընկերների հետ մեզ համախմբել է կրթությունը, որը շատ կարևոր ու անգնահատելի արժեք է։ Հայաստանում երեխաների և երիտասարդների կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցությունը «Սոմնիում» ընկերությունների խմբի և հատկապես մեր՝ «Երազ Փրոջեքթսի» սոցիալական պատասխանատվության առանցքում է։
Newmag-ի մեր գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է և մեզ համար պատիվ է համատեղ կազմակերպել գրքային փառատոն, «Երազ այգում» մեր հարկի տակ հյուրընկալել բազմաթիվ գրքասերների, գրականագետների, գրողների ու արվեստագետների։