Նորաձևություն 2017. Ի՞նչ կրել, ո՞ր գույներն են մոդայիկ և ինչպիսի՞ աքսեսուարները
Պիթոնի պրինտ
Gucci ու Fay բրենդները ցույց տվեցին, որ հաջորդ ձմռանը նորից նորաձև կլինեն պիթոնե զգեստները, վերարկուները, բաճկոններն ու կոշիկները: Fendi-ն առաջարկեց պիթոնե եզրագծերով հագուստ, իսկ Prada-ն կաշվից հագուստ` պիթոնե գրպաններով:
Կապերով երկարաճիտ կոշիկներ
Շատ դիզայներներ առաջարկում են հաջորդ սեզոնի համար գնել կապերով երկարաճիտ կոշիկներ: Trussardi-ն առաջարկեց կապերով կաշվից երկարաճիտ սապոգներ, Giamba-ն` մետաքսի ու կաշվի համադրությամբ: Salvatore Ferragamo-ն ու Tod’s-ը նույնպես կապերով կոշիկներ թելադրողներից են:
Մեղմ վարդագույնը
Գույներն ըստ սեզոնի ընտրելը վաղուց նորաձև չէ: Սևն ու մոխրագույնն ակտուալ են նաև ամռանը, իսկ մեղմ վարդագույնը` նույնիսկ ձմռանը: Վարդագույնը համադրելի է մարմնագույնի ու սպիտակի հետ, իսկ հաջորդ ձմռանը` նույնիսկ կարմիրի հետ, ինչպես դա առաջարկեց Lucio Vanotti-ն: Կարմիրը նույնպես հաջորդ սեզոնի թրենդային գույներից է: Մեղմ վարդագույն փոռերի, ալքիների ու ռոմանտիզմի կողմնակից են Alberta Ferretti-ն, Gucci-ն: Blumarine-նն առաջարկեց վարդագույն, փայլուն, ճակատագրական զգեստներ: Marni-ն ցուցադրեց վարդագույն մուշտակ: Francesco Scognamiglio, Luisa Beccaria, Marco de Vincenzo բերնդները նույնպես խորհուրդ են տալիս վարդագույնի տարբեր երանգներն անպայման հաշվի առնել:
Երկար շարֆ
Դիզայներներն առաջարկում են երկար շարֆեր կրել ոչ միայն ձմռանն ու աշնանը: Ծոփերով մետաքսից շարֆը կսազի նաև ամառային զգեստների հետ: Շարֆերը հատկապես մոդայիկ են ներքանզգեստ հիշեցնող հագուստի հետ: Les Copains-ն առաջարկում է երկար շարֆ կրել պիժամա ոճի լայն շալվարի ու սվիտերի հետ, Diesel Black Gold-ի մարմնագույն շարֆն էլ կսազի տրիկոտաժե հագուստի հետ:
Լոսկուտային մոդա
Լոսկուտներ հիշեցնող, տարբեր կտորների միացությունից կարված հագուստը հաջորդ սեզոնի թրենդներից է: Լոսկուտները պետք է լինեն տարբեր գործվածքներից կամ ունենան տարբեր նախշեր ու գույներ: Արաբական վարունգ կոչվող նախշերն այս դեպքում շատ համապատասխան են: Ուշադրություն դարձրեք նաև ծաղկավոր, երկրաչափական մարմիններով, էթնիկ պրինետներին:
Մեծ ակնոց
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներների մեծ մասն իր մոդելների համար պատրաստել էր մեծ ակնոցներ: Դրանք փակում էին աղջիկների դեմքի մեծ մասը: Վառ ու ոչ սովորական ակնոց ցուցադրեց Marco de Vincenzo-ն, Sportmax-ը ցուցադրեց ապակու չմշակված կտորներ հիշեցնող կիսաթափանցիկ ակնոցներ: Prada-ն կանանց առաջարկում է ծաղկային դեկորով ակնոցներ:
Կարդիգան
Կարդիգանը բազմաֆունկցիոնալ իր է: Այն կարելի է կրել, ինչպես առաջարկում է Gucci-ն` բրոշով ու գոտիով կամ ջինսի հետ` առանց գոտու ու կեդերով: Կարճ կարդիգանն էլ կարելի է համադրել երկար գոտկատեղով միդի կիսաշրջազգեստի հետ:
Մորթիով գլխարկ
Դիզայներներն առաջարկում են հաջորդ սեզոնի համար գնել արհեստական կամ բնական մորթուց գլխարկներ` ականջներով կամ առանց: Մորթուց գլխարկների տակից կարելի է կապել մետաքսից շարֆ կամ կրել բարակ տրիկոտաժե գլխարկ:
Մինիմալիզմ
Մինիմալիզմը Նորաձևության շաբաթների պոդիումներից գրեթե երբեք չի իջնում: Հաջորդ սեզոնի համար պատրաստեք բազային կոստյումներ, վերարկուներ ու զգեստներ` առանց ավելորդությունների, առանց պրինտների ու դեկորի: Դասական մինիմալիստական գույներն են սևը, սպիտակն ու մարմնագույնը:
Դասական մարմնագույն մուշտակ
Նույնիսկ եթե նորաձև են պուխավիկները կամ կաշվից բաճկոնները, մուշտակները թրենդից երբեք դուրս չեն գալիս: Եթե անցնող սեզոնին նորաձև էին ավելի շատ արհեստական մորթուց, գունավոր ու նույնիսկ հումորային մուշտակները, հաջորդ սեզոնի համար պետք է գնել դասական, մարմնագույն մուշտակ: Դասական մուշտակներ իրենց ցուցադրություններում ներկայացրին շատ դիզայներներ` N°21-ը, Krizia-ը, Jil Sander-ը ու Fendi-ն:
Հիշեք, որ նույնիսկ ամենադասական մուշտակը հիմա պետք է համադրել ոչ դասական հագուստով ու աքսեսուարներով` մեծ բատիլյոններով, ջինսով կամ լաքապատ կոշիկներով: