[newmusic] Լեգենդար Բորիս Գրեբենշչիկովը, մինիմալիստական Part Time Love, բռուտալ բիթ և այնքա՜ն համահունչ անձրևի հետ՝ «Rain on me»
Մոտենում ենք արձակուրդային շրջանին, սակայն նորանոր երգերն ու տեսահոլովակները ինտենսիվորեն շարունակում են լույս տեսնել: Այս անգամ ես միտումնավոր չեմ տեղադրի JAY-Z-ի նոր տեսահոլովակը` Damian Marley-ի ընկերակցությամբ «Bam»-ը: Ոչ թե այն պատճառով, որ այն վատն է, այլ ջեյզիապաշտության մեջ մեղադրվելուց խուսափելու համար: Փոխարենը կներկայացնեմ այլ նորույթներ` տարբեր ժանրերի սիրահարների համար:
Վաղուց նորություն չկար ռուսական ռոքի ամենահետաքրքիր, ինքնատիպ և արդեն լեգենդար դարձած Բորիս Գրեբենշչիկովից` հանրահայտ БГ-ից: Եվ ահա «Аквариум»-ի հիմնադիրը նոր տեսահոլովակ վերբեռնեց` նոր երգով: Տեսահոլովակ բառն, իհարկե, չափազանցված է: Զարմացնում են «Время На……….» երգի խոսքերը. անձամբ ես առաջին անգամ եմ նրա երգում հայհոյանք լսում, ինչից սակայն, որակն ու խորությունը չեն տուժել:
Եթե այս սյունակի մշտական ընթերցող եք, ապա, կարծում եմ, արդեն հասցրել եք սիրել Jacob Banks-ին` 60-70-ական թվականների դասական սոուլի ավանդույթները կրող երգչին: Նրա նոր` «Part Time Love»-ը հենց այդպիսի երգ է` դասական, պարզ, բայց անչափ գեղեցիկ, իսկ մինիմալիստական տեսահոլովակն ու կարաոկե երգելու հնարավորությունը միայն գեղեցկացնում են այս ամենը:
Համաշխարհային ռոք լեգենդ, հանճարեղ Pink Floyd-ի հիմնադիրներից Roger Waters-ը շարունակում է նախանձելի հիպերակտիվություն ցուցաբերել: «Wait For Her»-ը ոչ միայն գեղեցիկ նկարահանած տեսահոլովակ է, այլև զարմանալի մի երգ, որում դաշնամուրը հնչում է ամենաանսպասելի տեղերում, քանի որ նմանատիպ երգերի համապատասխան հատվածներում մենք այդ գործիքը դժվար թե լսենք:
Ինդասթրիալ ռոքի Massive Attack-ը` ամերիկյան Nine Inch Nails խումբը բավականին տարածված է իմ ֆեյսբուքյան ընկերների շրջանում: Սա, իհարկե, չափանիշ չէ, բայց հաճելի փաստ է: Նրանց և ոչ միայն նրանց համար խումբն ունի անակնկալ` նոր երգ` «THIS ISN’T THE PLACE»: Նախանձում եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են լսելու այս հրաշալի խումբը:
Tyler, The Creator-ը կրկին ապացուցում է, որ գտնվում է երաժշտական և բանաստեղծական հասունացման փուլում` այս անգամ «Ain’t Got Time» երգով: Բռուտալ բիթն ու ագրեսիվ ընթերցանությունը ոչ մի կերպ չեն խանգարում ունկնդրել ռեփերի հասունացումն ու անհամբեր սպասել նրա նոր գործերին:
Ավստրալաճապոնացի (այ քեզ բան) George “Joji” Miller-ը կամ նույն ինքը Filthy Frank-ը հայտնի է ինտերնետային հասարակությանը ոչ միայն իր կատակերգական տեսանյութերով, այլև երաժշտությամբ, որը նա ստեղծում ու ներկայացնում է հենց «joji» կեղծանունով: «Rain on me»-ն այնքան համահունչ է անձրևի հետ, որ կարծես այդ բնության երևույթի սաունդթրեքը լինի: Իդեալական երգ` հատկապես այս օրերի եղանակի պայմաններում, որը խորհուրդ կտամ լսել քնելուց առաջ:
Երբեք չեմ եղել Linkin Park-ի սիրահար: Այսպես ասած «թռու» ռոքասերների մոտ այս խումբն առաջացնում է մոտավորապես նույն ռեակցին, որն առաջանում է Մայքլ Ջեքսոնի երկրպագուների մոտ` Ջասթին Բիբեր անունը լսելիս: Սակայն անհնար է ժխտել, որ Linkin Park-ը բավականին մեծ հետք է թողել 2000-ականների երիտասարդական ռոքի պատմության մեջ:
Այս շաբաթ խմբի առանցքային դեմքերից մեկին` վոկալիստ Չեստեր Բենինգտոնին գտան կախված: Ինքնասպանությունից ժամեր առաջ Յութուբում հայտնվել էր խմբի նոր տեսահոլովակը` «talking To Myself»-ը: