[newmusic] Հիփ հոփ հայտնություն BROCKHAMPTON-ը, իրադարձային Ленинград-ը և աշնանային տրամադրությամբ Brand New
Քանի որ այնպես չէ, օգոստոսին որ այս ցուցակին արժանի ոչ մի նորություն չեղավ, աշնան առաջինը կլինի մի փոքր բացառությամբ՝ կներկայացնեմ ոչ միայն նախորդ շաբաթվա, այլև ամբողջ օգոստոսի լավագույններին:
Խնդրում ենք ընդունել ձեզ հարմար դիրք, տեղադրել ականջակալները և մի պահ կտրվել աշխարհից:
Երբ ասում ենք «Dangerous», միանգամից հիշում ենք Michael Jackson-ի հանճարեղ հիթը:
Ամերիկյան Son Lux խումբը փորձել է մի փոքր կոտրել այս կարծրատիպը՝ ներկայացնելով համանուն մի երգ: Չեմ կարծում, որ MJ-ին կգերազանցեն այս առումով, բայց երգը բավականին հաջող է ստացվել՝ իր աստիճանական զարգացմամբ ու մթնոլորտայնությամբ, իսկ այս ամենը լրացնում է ոչ պակաս հաջող տեսահոլովակը:
Իրենց որպես Boyband ներկայացնող հիփ հոփ հայտնությունը՝ BROCKHAMPTON խումբը անասելի պրոդուկտիվ էր վերջին 2 ամիսների ընթացքում, ինչի շնորհիվ հասցրեց գրավել առաջատար կայքերի և քննադատների ուշադրությունը:
Նրանց GUMMY-ին չէր կարող վրիպել նաև newmag-ի աչքից. լսեք և կհասկանաք, թե ինչու:
Կանադացի DJ Kaytranada-ի գլխավոր յուրահատկություններից մեկն այն է, որ նրա ստեղծած երաժշտությունը և հատկապես բիթերը կարող են տեղից շարժել նույնիսկ ամենավատ պարողին: GoldLink-ի «Meditation» երգի հենց առաջին վայրկյանից կարելի է զգալ ուղեղի մեջ մխրճվող այդ հնչյուններն ու ռիթմը:
Որքան հաճելի է, երբ ժամանակակից որևէ գործ ես լսում և մտածում, որ այն կարող է հրաշալի soundtrack լինել ինչ-որ ֆիլմի համար: Վերջին շրջանում այդպիսի զգացողություն, ցավոք սրտի, ոչ հաճախ են առաջացնում ռոք երգերը, սակայն Foo Fighters-ի «The Sky Is A Neighborhood»-ը գալիս է հուսադրելու և հավատ ներշչելու ալտերնատիվ ռոքի նկատմամբ:
Սովորականի պես՝ Ленинград-ը կրկին իրարանցում առաջացրեց: Սիրես, թե՝ չսիրես, չես կարող չնկատել:
Այս անգամ ոչ միայն անձամբ Шнур-ն է տեսահոլովակում, ինչը վաղուց չէր եղել, այլև Ռուսաստանում այսօր չափազանց ակտուալ RAP-ի ներկայացուցիչներ Pharaoh-ն ու ST-ն: Արդյունքում՝ «Ч.П.Х.»:
Այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում anti-folk ժանրը, բայց փաստ է, որ այն ունի ներկայացուցիչ, իսկ վերջինս իր հերթին ունի նոր ու լավ երգ: Խոսքս Beck-ի ու նրա սիրելի կյանքի՝ «Dear Life»-ի մասին է:
Alternative Rock-ը, կարծես, ստեղծված լինի աշնանը: Եթե ոչ, ապա գոնե այս երգը: Լավատեսությամբ լի մելանխոլիա՝ եղանակին համահունչ: Այս ամենի երաժշտական ուղեկիցը կարող է լինել ամերիկյան «Brand New» խմբի «Same Logic/Teeth» երգը:
«Hurts» դուետը դարձավ մեկ հիթի աստղ՝ «Wonderful Life» երգի շնորհիվ, որի տեսահոլովակի առաջին տարբերակը արժեցել է ընդամենը 20 ֆունտ:
Եվ ահա, գիտելիքի օրվա առթիվ, դուետը թողարկում է նոր երգ՝ անտանելի տխուր տեսահոլովակով, որտեղ երեխաներ կան, բայց ոչ սեպտեմբերմեկյան թեմայով, այլ մեծահասակի ապրումների վրա ծիծաղող: -
Արձակուրդի ընթացքում եղան երգեր, որոնք լսելուց հետո հայտնվեցին իմ անձնական փլեյլիստում: Բայց նրանց մեջ եղավ մեկը, որը գնաց իմ փլեյլիստ առաջին իսկ նոտաներից՝ Ամերիկայում բնակվող չինացի ZHU-ի շնորհիվ: