[newmusic] Depeche Mode-ի նոր երգը, անհայտ, բայց խոստումնալից Mal Devisa-ն և մի աննորմալ, փափուկ բիթ
Սեպտեմբերյան շոգը շարունակում է համառորեն փչացնել մեր՝ չափավոր եղանակի սիրահարներիս տրամադրությունը:
Այս պաթետիկ նախադասությունը մարսելու համար պետք է ուղղակի շեղվել՝ լավ երաժշտության միջոցով: Հենց այդ նպատակին է ծառայում newmag-ի՝ իմ այս սյունակը, որտեղ 7 օրը մեկ ներկայացնում եմ շաբաթվա նոր ու լավագույն երգերը:
Այս շաբաթ պլանավորում էի անդրադառնալ, բնականաբար, Radiohead-ի նոր՝ Lift երգին ու տեսահոլովակին, ինչպես նաև «փախած» Lana Del Rey-ի մի քանի նոր ստեղծագործություններին, բայց, քանի որ ֆեյսբուքյան նյուզֆիդս, կներեք արտահայտությանս համար, բռնաբարվեց վերոհիշյալների հղումներով, ես համեստորեն կասեմ, որ ավելացնելու բան չունեմ: Դրա փոխարեն առաջարկում եմ լսել Marilyn Manson-ի երկար սպասված նոր երգը:
Ո՞վ է Mal Devisa-ն: Չգիտեմ: Google-ը նրա ոճը ներկայացնում է որպես rock, ես նրա նոր՝ Crowd Pleaser երգի մեջ ռոքի փոխարեն տեսնում եմ միստիկ voodoo-ի տարրեր: Երգն ինքն իրենով հուշում է, որ Mal-ը չի սիրում ամբոխահաճո երևույթներ, իսկ SoundCluoud-յան արտիստ լինելը՝ խոստումնալից լինելու մասին:
https://soundcloud.com/dejacarr/crowd-pleaser
Աննորմալ փափուկ բիթ, որին ականջդ այնքան է հարմարվում, որ սկսում է կարտել: SZA-ի նոր երգը հենց այդպիսինն է: Quicksand-ը կստիպի ձեզ տանից դուրս գալ՝ լավագույն էմոցիաները որսալու ակնկալիքով:
Անձամբ ես տանել չեմ կարողանում Charlotte Gainsbourg-ին: Լարս ֆոն Թրիերի մուսան, որքան էլ պոպուլյար լինի հայաստանյան ինտելեկտուալների շրջանում, ինձ վրա վանող և մի փոքր տհաճ ազդեցություն է թողնում (դե կներեք): Բայց, քանի որ newmag կարդում են բոլորը, թող նրա այս նոր երգը մնա այստեղ:
«Depeche Mode-ի նոր երգ» արտահայտությունը պետք է ուրախացնի այս խմբի հանդեպ անտարբեր չգտնվող ցանկացածին: Cover Me-ին այնքան էլ սովորական Depeche Mode չէ. մի փոքր «դանդալոշ», մի փոքր ձանձրալի, բայց և կպչուն՝ էլեկտրո ոճի «հայրիկներից» մեկի երաժշտության պես:
The xx խմբի Jamie xx-ը վաղուց սկսել է իր առանձին կարիերան՝ որպես DJ: Այժմ նա որոշել է միքսել նաև սեփական պրոդուկտի երգերից մեկը՝ On Hold-ը:
Հանճարեղ չէ, բայց շաբաթ երեկոյան մի տեղ գնալու ու լսելու համար՝ իդեալական:
Տեքստս գրելուց 15 րոպե առաջ հանդիպեցի այս տեսահոլովակին ու… Ու չգիտեմ, բայց մի բան կա այս ամենի մեջ՝ Modjo-ի հանրահայտ Lady-ի տրամադրությունից մինչև սև կիսաշրջազգեստով չքնաղ աղջիկներ: Էլի պաթետիկ ստացվեց, բայց երգն է ստիպում, կներեք ու հաճելի WeekEnd բոլորիս: