[newmusic] Գերձանձրալի երգ Eminem-ից, MisterWives քաղաքական ալեգորիան, դրական լիցքեր DJ Snake-ից և շաբաթվա ֆավորիտը՝ alt-J
Չափազանց անհետաքրքիր երաժշտական շաբաթ ստացվեց՝ համեմատած նախորդի հետ: Սա, իհարկե, չի նշանակում, որ բազմաթիվ ձանձրալի ու վատ երգերի միջից չեմ կարողացել գտնել լավերն ու ուշադրության արժանիները: Շաբաթվա իրադարձությունը պետք է լիներ արդեն 45-ամյա Eminem-ի վերադարձը, այն էլ Beyonce-ի հետ դուետով: Վերդարձը եղավ, սակայն շատ դժվար է այն «իրադարձություն» անվանել: Ավելի մանրամասն՝ ստորև:
Նոյեմբերի 10-ին երկար դադարից հետո համացանցում հայտնվեց այն անուններից մեկը, որը միշտ սպասված ու հետաքրքիր է: Այդ անվան հետ կան բազմաթիվ դրական հիշողություններ: Շատերս RAP-ը սիրեցինք հենց նրա շնորհիվ, շատերն այդպես էլ չսիրեցին այդ ժանրը, սակայն հենց նրան լսում էին:
Եվ այսքանից հետո Eminem-ը Beyonce-ի հետ թողարկում է գերձանձրալի մի երգ: Աննկարագրելի ձանձրալի ու անգույն մի ստեղծագործություն, որն այս տողերը գրելուց 5 րոպե առաջ կրկին լսեցի, բայց այդպես էլ չկարողացա հիշել:
[embed]https://youtu.be/n1WpP7iowLc[/embed]
Իսկ հիմա, երբ ողջ բացասական էմոցիաները մնացին նախորդ պարբերությունում, անցնեմ դրական նորություններին:
Սեպտեմբերին տեղի ունեցավ Սթիվեն Քինգի «Այն» վեպի էկրանավորման պրեմիերան: «Այնի» ատրիբուտիկան կրկին թրենդային դարձավ՝ հատկապես կարմիր փուչիկները:
DJ Snake-ի և Lauv-ի նոր՝ «A Different Way» տեսահոլովակի առանցքում են երեխաներն ու այդ նույն կարմիր փուչիկը, սակայն, ի տարբերություն օրիգինալի, այստեղ ամեն ինչ դրական կոնտեքստում է:
[embed]https://youtu.be/UuCq8mtK8J4[/embed]
Ամերիկյան MisterWives փոփ խմբի «Oh Love» տեսահոլովակն առաջին հայացքից անմեղ CGI պատմություն է, ինչ-որ տեղ նույնիսկ մանկական: Սակայն իրականում տեսահոլովակը մի մեծ քաղաքական ալեգորիա է, որտեղ հսկա ոսկե ցուլը մարմնավորում է Դոնալդ Թրամփին: Իսկ թե ինչ է լինում պատմության վերջում՝ դիտեք ինքներդ:
[embed]https://youtu.be/C_SJgw5MVFY[/embed]
Ժանրի սիրահարները չեն կարող անտարբեր լինել, երբ հնչում է լեգենդար Talib Kweli-ի անունը: Այս անգամ նրան է միացել ժամանակակից լավագույն երաժիշտներից Anderson Paak-ը: Ի դեպ, մինչև Տիմատիները Talib Kweli-ն և Mos Def-ը Blackstar անունով դուետ էին կազմում, որն, ի տարբերություն վերոհիշյալների, հիփ հոփի պատմության մեջ անջնջելի հետք է թողել: Mos Def-ին կհանդիպեք նաև այս տեսահոլովակում:
[embed]https://youtu.be/K6I4Eir4IEw[/embed]
Եթե սիրում եք Hozier, Rag’n’Bone Man, Avicii ու նմանատիպ երաժշտություն, ապա Haunted-ը հենց ձեզ համար է: Նա կարծես վերոհիշյալների մի յուրահատուկ սինթեզ լինի: Երգն առանձնանում է պարզությամբ, բայց և միաժամանակ գեղեցիկ խոսքերով:
[embed]https://youtu.be/j2CoUeXXJD4[/embed]
Եվ շաբաթվա իմ ֆավորիտը՝ alt-J-ի «Pleader»-ը: Այստեղ ոչ այնքան էական է երգը, որքան տեսահոլովակը: alt-J խումբը, կարելի է ասել, նոր նշաձող է սահմանել տեսահոլովակներ նկարահանելու գործում: Նրանց վերջին մի քանի տեսահոլովակները, այդ թվում և «Pleader»-ը, կատարյալ արվեստի գործեր են, որոնք ոչ միայն լրացնում են երաժշտությունը, այլև, կարծես, առանձին կյանքով են ապրում և հանգիստ կարող են դիտվել առանց երգի:
[embed]https://youtu.be/RrhSJzM8NLE[/embed]