Ի՞նչ է փնտրում տղամարդը գիշերային ակումբում և ի՞նչ կարող է այնտեղ գտնել կինը
Որն է այն դուռը, որը յուրաքանչյուր տղամարդ փորձում է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բացել: Դե իհարկե, դրախտի դռնակից բացի: Երբ ձեռքդ գնում է դեպի բռնակը, անմիջապես ականջիդ են հասնում անշտապ մեղեդու էրոտիկ ռիթմերը: Չորսբոլորն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են. ո՛չ, ոչ, boys' ակումբ չէ, քանի որ նրանց վրա գեղեցիկ սեռն է իշխում: Տղամարդկանց հայացքն էլ շարժվում է այն ուղղությամբ, որը կորոշի կինը: Մեկ հուշում: Ուղիղ աչքերիդ դիմաց, ինչպես մեղմ զեփյուռ, գալարվում են բարձրահասակ, սեքսուալ կառուցվածքով մեկից ավելի կանայք և հետզհետե ազատվում մարմինը ծածկող շղարշե զգեստներից: Բայց եթե գեթ փոքր-ինչ արագացնեն շորերից ազատվելու հաճելի ընթացքը, այցելուների` հեշտանքով լի հայացքներում հենց այդ վայրկյանից կմարի կայծկլտոցը: Այս արվեստը գնահատող տղամարդն, իհարկե, գլխի ընկավ. այո՛, կրքապարի խորխորատներ տանող այս դուռը Ձեզ գիշերային ակումբ է բերել:
Երևանի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում ենք: Բայց ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ գործնական նպատակով: Եկել ենք պարզելու, թե ի՞նչն է մեզ նման տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ամեն երեկո կամ ամեն գիշեր բերում այստեղ: Ուստի մեր հետաքրքրասիրությունը բավարարելու պարտականությունը սիրով ստանձնում է ակումբի... այսպես ասենք` «ստրատեգը»: Նա սեփականատերը չէ, մենեջերն էլ չէ, տնօրենն էլ չէ... Նա գիշերային կյանքի մշտարթուն ու ամենատես աչքն է: Նրա պարտականություններն ունեն սկիզբ, չունեն ավարտ: Նա հետևում է ամեն ինչին. որ պարուհին ինչպես է պարում, որ այցելուն ինչ տրամադրություն ունի, որ մատուցողը որքան է մտերմացել մշտական հաճախորդի հետ, բարմենն ինչպես է սպասարկում, հավաքարարը որտեղ փոշին չի վերցրել, անվտանգության տղաները զգոնությունը չեն կորցրել, արտաքին լուսավորությունը չի խամրել, պարերի հերթագայությունը չի ձանձրացնում... Նա գիտե ամեն ինչ` տղամարդկանց ու կանանց հաճույքների ու բարդույթների մասին:
Մինչդեռ հոգեբան Աշխեն Պողոսյանը համոզված է, որ night club-ի դռները բացող տղամարդիկ ամենևին էլ հոգեբանական խնդիրներ չունեն.
- Սա արվեստ է: Ու ոչ միայն տղամարդկանց համար: Այլ երկրներում սա գրավում է նաև կանաց, և նրանք էլ են գնում ու հիանում այս արվեստով: Իհարկե, եթե դա չի դառնում կյանքի բնույթ: Ինչպես խաղամոլությունը: Եթե չափից դուրս է, ուրեմն արդեն հոգեբանական խնդիր ունի: Եթե Հայաստանում էլ ընդունված լիներ, որ կինը կարող է սթրիփթիզ նայել, ինչպես տղամարդը, ես անպայման կգնայի: Սա մարմնի ցուցադրություն չէ, մի՞թե պորտապարը մարմնի ցուցադրություն է:
Կնոջ համար գիշերային ակումբը նման է ուսումնական ձեռնարկի. նա սեփական աչքերով է տեսնում, թե ինչի՞ կարիք ունի տղամարդը: Կինը նաև փորձում է հասկանալ, թե բեմի վրա հալչող իր մրցակցուհին ինչպե՞ս է վարում կին-տղամարդ ամենահին «երկխոսությունը», տեմպի, ռիթմի ու շարժումների լեզվով զրույցը: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ձողի շուրջ անընդհատ պտտվող միևնույն «երկխոսությունը» տղամարդուն նետում է անիրական ապրումների ջրապտույտ: Տղամարդը նույնպես հայացքով կառչած է մոգական ձողից: Նա չգիտի, այլ միայն հարյուրերորդ զգայարանով զգում է, որ այդ առանցքային ձողը հենց ինքն է` տղամարդը, որի շուրջ այնքան նվիրված ու այնքան կրքոտ ու այնքան սիրառատ պարում է կինը, գալարվող կինը, մերկացող կինը, մերկ կինը...
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)