Նորա Արմանի. Սիրո մասին` ժեստերով
Ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին ազգակցական որևէ կապ չունի իտալական հայտնի բրենդի նախահայր Ջորջիո Արմանիի հետ: Իտալիային կապող միակ գործոնը իտալուհիներին բնորոշ ջերմությունը, կանացիությունն ու նրբագեղությունն են: Նորայի իրական ազգանունը Էսքերջյան է: Սակայն, երբ ծննդավայր Եգիտպոսից տեղափոխվել է Եվրոպա, հետո էլ ԱՄՆ, Էսկերջյանը փոխել է անգլախոսների համար ավելի հեշտ արտաբերվող ազգանվամբ: Մոր` Արմինեի, անունը վերածել է Արմանի ազգանվան:
- Դերասանական կարերան Դուք սկսել եք Հայաստանում: Ինչպե՞ս հետո հասաք ամերիկյան թատերաբեմեր:
- Ծնվել եմ Եգիպտոսի Գիզա քաղաքում, նահապետական հայ ընտանիքում: Մանկուց երազում էի մեծ բեմերի մասին, ոգեշնչվում է Եգիպտոսի թատրոնների ներկայացումներով: Հայրս, իհարկե, դեմ էր իմ նախընտրությանը: Երազանքս միայն հրաշքով կարող էր դառնալ իրականություն: Այդ հրաշքը դարձավ մեր ընտանիքին լավ ծանոթ դերասան Ժիրայր Փափազյանը: Ժիրայրը Երևանի թատերական ինստիտուտում էր սովորում, երբ առաջարկեց ինձ գալ Երևան և փորձել հնարավորություններս իր ներկայացման մեջ: Եկա, խաղացի, Ժիրայրը հավանեց ու ամուսնացանք Ժիրայրի հետ: Դրանից կարճ ժամանակ անց տեղափոխվեցինք Լոնդոն: Այդ ընթացքում Ժիրայրի ծնողները Եգիպտոսից տեղափոխվել էին ԱՄՆ: Լոնդոնի բիզնես դպրոցն ավարտելուց հետո, մենք էլ տեղափոխվեցինք Լոս Անջելես:
- Հոլիվուդը Ձեզ ջե՞րմ ընդունեց:
- Հոլիվուդյան աստղերի պահանջները շատ խիստ էին: Նորեկներին դերեր գրեթե չէին տալիս: Իսկ գլխավոր դերերը տալիս էին միմիայն ամերիկյան ակցենտ և ամերիկյան արտաքին ունեցողներին:
Ստիպված է բավարարվել փոքրիկ դերերով` հեռուստասերիալներում:
Բայց Ժիրայրն այդպես էլ չհամակերպվեց ամերիկյան ապրելաոճին: Տեղափոխվեցինք Փարիզ, Ժիրայրի երազանքի քաղաք: Չխալվեցինք: Փարիզում հաջողեցի, կարողացա զբաղվել պրոդյուսինգով, սեփական ընկերություն բացեցի, միևնույն ժամանակ խաղում էի բեմում:
- Սփյուռքահայերի շրջանում ընդունված է արտասահմանում հաջողության հասնել և հետո միայն այցելել Հայաստան: Դուք նո՞ւյնպես այդ ճանապարհն եք ընտրել:
- Դասական մոտեցում է: Այո, ես էլ այդպես վարվեցի: Բայց իմ հաջողության սկիզբը համընկավ Հայաստանում ամենաբարդ ժամանկների հետ: 90-ականների սկիզբն էր, երբ վերադարձա Երևան: Անսովոր էր մայրաքաղաքն այդքան մռայլ և անգույն տեսնելը: Այդ ժամանակ Միքայել Դովլաթյանն ինձ առաջարկեց մի դեր իր «Լաբիրինթոս» ֆիլմում: Համաձայնեցի: Լավագույն դերասանուհի անվանակարգում արժանացա մրցանակի: