FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Արևելյան խոհանոց] Իրանցիների ու քրդերի Նոր տարին

[Արևելյան խոհանոց] Իրանցիների ու քրդերի Նոր տարին է. Նովռուզի ավանդույթներն ու քաղաքական բաժանարարները

Նովռուզ փիրուզ բադ՝ շնորհավոր ձեր Նոր տարին: Իրանում այսօրվանից 1396 թվականն է: Մարտի 21-ն իրանական արևային օրացույցի առաջին՝ ֆարվարդին ամսվա ու գարնան առաջին օրն է: Արդեն 3 հազար տարի այս օրն Իրանում Նոր տարի՝ Նոռուզ են տոնում: Նոռուզը պարսկերեն երկարմատ բառ է. նով՝ նոր, ռուզ՝ օր արմատներով ու նշանակությամբ:
Ավանդույթներից է «հաֆթ սին»-ը: Հաֆթ նշանակում է 7, իսկ սին-ը պարսկական այբուբենի 15-րդ տառն է՝ հայերեն «ս» տառի համաժեքը: Այսինքն՝ սեղան են պատրաստում, որի վրա «ս» տառով սկսվող 7 իր են դնում՝ ափսեում աճած կանաչի՝ սաբզե, ածիկ՝ սամանու, փշատ՝ սենջեդ, սխտոր՝ սիռ, խնձոր՝ սիբ, աղտոր կամ սումախ՝ սոմաղ և քացախ՝ սեռքե։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր՝ հայելի, կենդանի ոսկեգույն ձկներ, Ղուրան: Մեկ այլ ավանդույթով տոնի նախորդ չորեքշաբթի օրը հայկական «Տրնդեզի» նման կրակ են վառում, ցատկում վրայով: Հին տարվա վերջին օրերին մաքրում են տունը, ազատվում հին ու անպետք հագուստից, իրերից:
Այս օրերին իրանցիները ճամփորդում են: Ուղղություններից մեկը Երևանն է: 2016-ին Իրանից Հայաստան է եկել 188. 851 զբոսաշրջիկ: 2015-ին՝ 144.160: Այս տարի մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստան: Սա նշանակում է շաբաթական միջինը  22 թռիչք:
Իրանցի զբոսաշրջիկների համար Երևանում ամենահետաքրքիր միջոցառումներն Իրանում արգելված իրանցի երգիչների համերգներն են: Այս օրերին Հայաստանում շուրջօրյա և պարսկերեն գործում է 095 118 188 թեժ գիծը. այս հեռախոսահամարը կարելի է տեսնել Մեղրիից Երևան ճանապարհի 7 ցուցանակներին:
Խորհրդային Միության փլուզումից առաջ Իրանը միակ երկիրն էր, որտեղ պաշտոնապես տոնում էին Նովրուզը: Հիմա Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ ևս տոնում են: Նաև Ադրբեջանը և Թուրքիան: Թուրքիայում՝ քրդերը: Եվ հենց այստեղ ընդգծվում է Բաքվի և Անկարայի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի գլխավոր հակասություններից մեկը: Ադրբեջանի նախագահը Նովռուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ու տոնական միջոցառումների երկար ցանկ հաստատել: Իսկ Թուրքիայում Նովռուզի տոնակատարությունները երկար տարիներ արգելված էին՝ որպես ազգային ու քրդամետ քարոզչություն: Արգելքը չեղարկվել է 2013-ին և մասամբ: Թուրքիայի իշխանությունները հիմա էլ չեն խրախուսում Նովռուզ տոնելը: Ոստիկանությունը տոնակատարություններին ընդառաջ արդեն խուզարկություներ է սկսել Բինգյոլի և Վանի նահանգներում: 49 քուրդ է ձերբակալվել՝ հոգևորականներ, համայնքապետեր և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ:
2009-ին ՄԱԿ-ի «Ոչ-նյութական ժառանգության պահմանման համար միջկառավարական հանձնաժողովը» Նովռուզը պաշտոնապես գրանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 2010-ին ՄԱԿ-ը մարտի 21-ը ճանաչել է Նովռուզի միջազգային օր:
 

Տարածել