BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Օհան Դուրյան. Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ո

Օհան Դուրյան. Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ

ապրել դժվար
Եվ արվեստում, և արվեստից դուրս միշտ իրատեսորեն եմ նայել իմ բոլոր նվիրումներին, առանց չափազանցումների ու առանց գերագնահատումի: Արել եմ այն, ինչը եղել է ազնիվ և ինչը սիրել եմ խորապես: Կյանքում հեշտ ուղիներ չեմ փնտրել ոչ այն պատճառով, որ չեմ կամեցել, այլ որովհետև ես չէի ծնվել հեշտ ապրելու համար:
միայնություն` առանց կեցվածքի
Շրջապատում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Դիվանագիտություն ասվածն ինձնից հեռու է յոթ սարով: Ինչ ասում եմ կամ անում, հոգուս թելադրանքով է, ներքին մղումով, անկեղծ ու անմիջական: Երբեք չեմ սիրել կեցվածք ընդունել: Հաճույք եմ ստանում անկեղծ մարդկանցից, անշահախնդիր հարաբերություններից, անսուտ ու ազնիվ արվեստից: Սիրում եմ իմացականությունն ու խոհականությունը, սակայն գերադասում եմ հաճախ շփվել հուզական, անմիջական մարդկանց հետ: Ճշմարտության իրենց փնտրտուքի մեջ նրանք կեցվածք չեն ընդունում:
երջանկության
Ես երջանիկ մարդ եմ իմ կրած բոլոր մեծ ու փոքր դառնություններով հանդերձ:
երբ խոսում եմ
Ընդհանրապես չեմ կարողանում, գուցե ճիշտ է ասել՝ չեմ սիրում շատ խոսել, արտահայտվել, պատմել: Այդպես է: Հաղորդակցվող ու խոսքաշեն եմ, երբ նվագախմբի առջև եմ, երաժիշտների հետ, աշխատանքի, փորձերի ժամանակ: Ավելի հաճախ խոսում եմ... լռությամբ, շարժումներով ու դիմախաղով` նվագարարելիս, երբ ազատորեն բացում եմ հոգուս դռները: Կյանքում երբեք այդպես չեմ կարող արտահայտվել: Ինքնամփոփ, անհաղորդ կամ լռակյաց չեմ, բայց շատերի պես անկաշկանդ, արագ ու հապճեպ ինքնաբացահայտվող էլ չեմ:
մեծագույն հարստությունը
Մարդու մեծագույն հարստությունը համարում եմ հավատը` առողջ, բանական, ապրեցնող: Ինչպե՞ս կարելի է չհավատալ այն հզոր, գերագույն, ամենաստեղծ ուժին, որ կա մեզնից անկախ, մեզնից դուրս և տնօրինում է մեր կյանքն ու ճակատագիրը: Ինչ է մարդ կոչում այդ ուժը` Աստվա՞ծ, տիեզերական ոգի՞, թե՞ մեկ այլ բան, կարևոր չէ: Պետք չէ որոշակիացնել... Պետք է հավատալ:
իմ ուսուցիչը
Հաճախ անուններ ենք փնտրում, թե ովքեր են եղել մեր ուսուցիչները` երևի մեր երախտիքն արտահայտելու համար: Դիրիժորի իմ ճամփին ուղենիշ են եղել Սինգըրը, Պֆեֆերը, Դեզորմիերը, Մարտինոնը: Չափանիշ են եղել Ֆուրտվենդլերը, ֆոն Կարայանը, Տոսկանինին: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը Նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման մեծագույն հանգույն և իմ հոգուց բխեցնելով: Մարդն իր ողջ կյանքում սովորում է: Սովորում է` երբեք չդադարելով զարմանալ: Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ:
ապրել հանուն
Երաժշտության մեջ է կյանքիս իմաստը: Եվ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա այդ մեծագույն զգացումն ամենուր և բազմիցս պարգևել վաստակիս իրական գնահատողին` հանդիսատեսին:
երբ հոգնում եմ
Իմ աշխույժն ու տրտմությունը չափից դուրս մոտ են իրար: Երբ շատ հոգնած եմ լինում կամ ինչ-որ պատճառով վրդովված, խուսափում եմ մարդկանցից: Երբ տրամադրության անկումներ եմ ունենում, միակ փրկությունս շփումն է մեր այգու ծառ ու ծաղկի և իմ սիրասուն կենդանիների հետ:
ներքին ցնծություն
Երաժշտական աշխարհում իմ տևական գործունեության ընթացքում շփվելով բազում կոլեկտիվների հետ, աշխատելով տարբեր երկրների, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների հետ` ստեղծագործական փոխընկալման առումով ամենից մեծ բավականությունը ստացել եմ Գերմանիայում: Լայպցիգում` «Գևանդհաուզ» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատելիս յուրաքանչյուր համերգ ինձ համար եղել է իսկական ցնծություն: Չէի կամենա ամեն ինչ վերագրել նվագարարի իմ իմացությանը: Ես աշխատում էի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ...
մտերիմ ու հոգեմոտ
Մտերիմ ու հոգեմոտ եղա ներկա և բացակա բոլոր մեծերին, ինձ գտա իրենց աշխարհում և իրենց կողքին, բայց ոչ երբեք` «տիտղոսավորների» ու «մեծավորների», ովքեր, ցավոք, հաճախ իրենց անարդար դերակատարումն են ունենում մեր ու մեզպեսների կյանքում:
newmag #14

Տարածել