FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Oscar -2017] Թրամփի մասին կատակներով, անհավանական

[Oscar -2017] Թրամփի մասին կատակներով, անհավանական վերջաբանով և կանխատեսելի հաղթողներով

Օսկարի մրցանակաբաշխությունը նման է ամերիկյան հարսանիքների, որտեղ ըստ ավանդույթի, պետք է լինի ինչ-որ նոր իր, ինչ-որ հին իր և պարտքով վերցրած մի բան: Պահպանելով դասական կառուցվածքը՝ մրցանակաբաշխությունն առանձնացնում է պարզ սյուժեով սենտիմենտալ, էմոցինոալ, ընտանեկան և անձնական պատմությունները, դրանց կողքին դնելով ուտոպիստական կամ երազկոտ, շքեղ դեկորացիաներով կառուցված հեքիաթանման ֆիլմերը: Եվ այդպես գրեթե միշտ: Գլխավոր ինտրիգը՝ Լա-Լա Լենդի չհաղթանակը բացատրվում է հենց այդ առաջին տեսակի ֆիլմի առկայությամբ՝ պարզ և անձնական դրամայով: Խնդիրն, իհարկե, կարող է թվալ հանդուրժողականության և ազգայնամոլության դեմ պայքարի կամ նորընտիր նախագահ Թրամփին մի լավ զայրացնելու մեջ, սակայն Լուսնի լույսը, թերևս, էսթետիկ առումով, կադրի կառուցվածքով և նուրբ ռեժիսուրայով չէր զիջում իր մրցակիցներին:

Ցավոք, Լավագույն կանացի դերի համար ոսկե արձանակին չարժանացավ վաստակավոր ֆրանսուհի Իզաբել Յուպերն, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ակադեմիան առանձնացնում է իր՝ ամերիկյան դերասանուհիներին, և շատ հաճախ ոչ օբյեկտիվ է արտասահմանյան ֆիլմերի հարցում: Օրինակ՝ Լավագույն օտարալեզու ֆիլմը. տարվա ֆավորիտ համարվող գերմանա-ավստրիական Տոնի Էրդմանը մնաց առանց Օսկարի, որովհետև հաղթեց Ասգար Ֆարհադիի Ուղեկցորդը: Ֆարհադին արդեն ստացել է Օսկար նույն անվանակարգի համար, իսկ նրա նոր ֆիլմը առանձնապես չի տարբերվում նախորդ աշխատանքներից: Այնպես որ ավելի ճիշտ կլիներ պարգևատրել գերմանուհի Մարեն Ադեին՝ հնարամիտ կատակերգական դրամայի համար: Սակայն Ֆարհադին մինչև մրցանակաբաշխությունը հայտարարել էր, որ չի ներկայանալու մրցանակաբաշխությանը, քանի որ ցանկանում է բոյկոտել նախագահ Թրամփի փախստականների դեմ վարած քաղաքականությունը: Եվ այս անվանակարգում Ֆարհադիին Ադեի փոխարեն նախընտրելը դիտվում է ավելի շուտ քաղաքական, քան կինոգիտական ժեստ, քանի որ կինոպատմության մեջ շատ քիչ օտարազգի ռեժիսորներ են ստանում Օսկար մեկ անգամից ավելի, իսկ վերջին տարիների համար սա բացառիկ դեպք է:

Չնայած նրան, որ Լա-Լա Լենդը ստացավ վեց արձանիկ, ֆիլմը չանցավ Տիտանիկին, ինչպես կարծում էին շատ կինոքննադատներ և բուքմեյքերներ: Էմմա Սթոունը ստացավ իր առաջին Օսկարը, ինչպես և ռեժիսոր Դեմիեն Շազելը, ով մտավ պատմության մեջ որպես ամենաերիտասարդ օսկարակիր ռեժիսոր: Օսկարի արժանացավ նաև ֆիլմի սաունդթրեքը, երգը, օպերատորի և բեմադրող նկարչի աշխատանքները: Ռայան Գոսլինգը, թեև խորեոգրաֆիայով իր գործընկերուհուց ավելի ուժեղ էր, այնուամենայնիվ, չստացավ Լավագույն դերասանի կոչումը, արձանիկը բաժին հասավ Քեյսի Աֆլեքին՝ Մանչեսթերը ծովի մոտ դրամայի համար: Բեն Աֆլեքի եղբայրը մինչև Օսկար ավելի շատ հայտնի էր կինոքննադատների և սինեֆիլների շրջանակում, իհարկե, Օսկարից հետո նրա առջև կբացվեն նոր հնարավորություններ: Ֆիլմը նաև արժանացավ Լավագույն սցենար մրցանակին, ինչ, իհարկե վիճելի ընտրություն է, քանի որ նման կոնֆլիկտով պատմություններ Հոլիվուդը շատ է տեսել: Իսկ Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում հաղթեց Լուսնի լույսը. ռեժիսոր Բարի Ջենքինսը ստեղծել է այն` հիմնվելով Թարել Էլվին ՄաքՔրենիի պիեսի հիման վրա:

Ինչպես և բոլոր ամերիկյան մրցանակաբաշխությունները, Օսկարը նույնպես հղումներ է անում արդի կատակների և սկանդալների: Այս անգամ հանդիսավար Ջիմի Քիմելը և Մերիլ Սթրիփը խաղարկում էին դերասանուհու և նախագահ Թրամփի կոնֆլիկտային հարաբերությունները, և Քիմելը նախագահին փոխանցեց ողջույններ Սթրիփի կողմից: Հետո արդեն կատակում էր առանց Սթրիփի օգնության՝ «Մենք արդեն երկու ժամ է ինչ անցկացնում ենք մրցանակաբաշխությունը, իսկ նախագահ Թրամփն այդ ընթացքում ոչինչ չի գրել իր Թվիթերում. ես սկսում եմ անհանգստանալ»: Հետո նա դիմեց ներկա գտնվող լրագրողներին. «CNN-ից կամ The New York Times-ից մարդ կա՞: Մենք չենք հանդուրժի կեղծ լուրեր»: Քիմելն այդ կերպ հիշատակեց վերջերս տեղի ունեցած սկանդալը, երբ այդ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չտվեցին լուսաբանել Սպիտակ տան բրիֆինգը:Հետո Քիմելը դիմեց ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնին՝ Լ«ավ տեսք ունես: Աչքիս, սաենթոլոգիան օգնում է: Հիշում եք անցած տարի խոսում էին ռասիստական Օսկարից, այս տարի նման բան չկա և դա շնորհիվ Թրամփի»: Դիմելով երիտասարդ ռեժիսոր Դեմիեն Շազելին, ում Լա-Լա Լենդն ուներ 14 նոմինացիա, Քիմելը ծաղրեց՝ «Մեկական նոմինացիա քո տարիքի համար»:

Իսկ մրցանակաբաշխության ամենազիլ կատակը, իհարկե, դերասան Ուորեն Բիթի սխալմունքն էր. Լավագույն ֆիլմ Լուսնի լույսի փոխարեն նրա ձեռքում էր մեկ ուրիշ, հին ծրար, որտեղ գրված էր դերասանուհի Էմմա Սթոունի անունը և Լա-Լա Լենդը: Բիթին, չհասկացավ, թե ինչ է կատարվում, և ուղղակի կարդաց ֆիլմի անվանումը, ստեղծագործական կազմը բարձրացավ բեմ, ստացավ արձանիկները, ինչից հետո սխալմունքն ուղղեցին և Լավագույն ֆիլմի Օսկարը շնորհվեց Լուսնի լույսին:

Տարածել