The New Yorker. Վարկ ունենալը «աղքատության վիճակագրության» նոր ցուցանիշ է
Վինի Բիանյիման` աղքատության դեմ պայքարող «Օքսֆամ Ինթերնեյշնլ» կազմակերպության գործադիր տնօրենը, անցյալ տարի ստանձնեց Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահի պաշտոնը: Նրա հանդիպումներն անցկացվելու են Դավոսում: Բիանյիմայի կազմակերպությունը ուշագրավ զեկույց հրապարակեց մի քանի միլիարդատերերի ձեռքում կենտրոնացած գլոբալ հարստության մասին:
Անցյալ տարի այս ժամանակ տպագրված զեկույցը հղում էր անում «Forbes»-ում հրապարակված ամենամյա ցուցակին: Այնտեղ երկրագնդի ամենահարուստ մարդիկ են: Նրանք կուտակել են այնքան հարստություն, որքան կբավարեր աշխարհի ամենաաղքատ հատվածի կեսին: Զեկույցում բացահայտվում է նաև, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի ձեռքում է համաշխարհային հարստության 48 տոկոսը: Եթե այսպես շարունակվի, եկող տարի այն կդառնա 55 տոկոս:
«Համաշխարհային անհավասարության մասշտաբները պարզապես ապշեցուցիչ են»,-նշել է Բիանյիման:
Համաշխարհային հարստության անհավասարաչափ բաշխումը դավոսյան քննարկումների հիմնական նյութն էր, որին արձագանքեց միջազգային մամուլը: Անգամ Հիլարի Քլինթոնը Վինիփեգում իր ելույթի ժամանակ հղում արեց այդ զեկույցին: Նշանավոր լրագրողներ Ֆելիքս Սալմոնը («Fusion») և Էզրա Քլեյնը («Vox») վիճարկում էին զեկույցում հրապարակված արդյունքները: ««Օքսֆամի» զեկույցում տեղ գտած տարբերակները, ի վերջո, կարելի է հիմարություն կոչել»,-գրել է Սալմոնը:
Բնակչության ստորին հատվածի հարստությունը հաշվարկելու համար «Օքսֆամն» օգտագործել էր «Credit Suisse» գիտահետազոտական ինստիտուտի հետազոտությունը: Պարզվել էր, որ համաշխարհային ունեցվածքը (ներդրումային կամ բնակարանային ակտիվները՝ հանած պարտքերը) անցյալ տարի կազմել են 263 տրիլիոն դոլար: Աշխարհի ամենաաղքատ հատվածին բաժին է ընկնում այդ գումարի մեկ տոկոսը: