Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն
Նրան չափազանց ուշ բերեցին Փարիզ: Սեն-Լուի հիվանդանոց: Ես չէի ուզում այնտեղ գնալ: Չէի ուզում տեսնել մեռնող Փարաջանովին: Ուզում էի նրան մտապահել այնպիսին, ինչպիսին կար փայլուն, սրամիտ, եոանդուն՝ ինչպես բոցը, ինչպես կենարար լույսը, որ ձգում էր մարդկանց՝ ասես լույսի վրա նետվող թիթեռնիկների:
Ոք ոք չէր կարող առանց թույլտվության մտնել Փարիզի Սեն-Լուի հիվանդանոց: Բայց Փարաջանովի շուրջ բազմաթիվ մարդիկ կային: Ինչպես միշտ: Ապշեցուցիչ էր և զարմանալի: Մեկը նկարահանում էր, մյուսը՝ հիվանդին կերակրում, ինչ-որ մեկն էլ հին լուսանկարներ էր բերել...
Ինչ-որ մեկը հիշեցրեց, որ կերակուրը պաղում է: Եվ, ո՜վ փրկություն, գրեթե ուրախացած, հարցրեցի. «Կուզե՞ք Ձեզ կերակրեմ»: Նա համաձայնեց. ուտում էր իմ ձեռքից, երեխայի պես, ուտում էր դանդաղ, հաճույքով: Հետաքրքրվեցի. «Համե՞ղ է»: Գլխով արեց: Եվ հանկարծ գիտակցեցի, թե ինչ է կատարվում: Վաղուց՝ դեռևս երեք-չորս տարի առաջ, Փարաջանովն ուզում էր, որ իր «Խոստովանություն» ֆիլմում իր մոր դերը խաղամ: Արտաքինով շատ նման չէի նրա մորը: Բայց Սերգեյն ամենքին ասում էր. «Ի՞նչ կարող եմ անել: Երբ Անահիտը ժպտում է, Ես իմ մորն եմ հիշում»: Այդ ծրագիրը չիրականացավ: Ֆիլմում ուրիշ դերասանուհի սկսեց խաղալ: Սակայն այս պահին դա չէր կարևորը, այլ այն, որ ճակատագիրն ինձ ստիպեց դա զգալ: Այդ պահին ես իսկապես նրա մայրն էի, և չկար կողքին ավելի մոտիկ մարդ, քան ես, և ոչ ոք նրան այնպես չէր կարեկցում, ինչպես ես, ոչ ոք նրան այնպես չէր սիրում, ինչպես ես: Եվ նա դա զգում էր: Ես նրան ըմպելիք էի տալիս ու ասում.
- Դուք ուզում էիք, որ Ձեր մոր դե՞րը խաղամ... Ահա', խաղում եմ այդ դերը...,- ասում եմ և արցունքներս հազիվ զսպում, կոկորդս էլ սեղմվել է:
Գուցե մի քիչ չափազանցում էի, բայց դա նրան դուր էր գալիս: Հրաժեշտի պահին հարցրեցի, թե ի՞նչ բերեմ հաջորդ անգամ, ի՞նչ միրգ է սիրում: Նվիրված, բայց մի տեսակ չտեսնող հայացքով նայեց ինձ և շշնջաց. «Կաթ»:
Ենթագիտակցությունն էր: Մա՜յր - կա՜թ:
Փարիզում՝ Սեն-Լուի հիվանդանոցում, ուզածիդ չափ կաթ կար: Բայց նա հատկապես ինձնից կաթ ուզեց: Այդ դերն ավելի երկար խաղալն անկարելի էր դառնում: Շուտափույթ հրաժեշտ տալով և խոստանալով նորից այցելել՝ հեռացա...
Գիշերն անհանգիստ էր, ծանր... Այլևս նրա մոտ չգնացի: Վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում: Կրկին ասում էին, թե ոչ մեկին չի ճանաչում (գուցե չէ՞ր ուզում ճանաչել): Ինձ ճանաչեց, չէ՜ր կարող չճանաչել: Հետո պատմում էին, թե արդեն անգիտակից վիճակում շտապում են տանել Երևան, որպեսզի հասցնի հայրենիքում մեռնել:
Ասում էին նաև, թե ճոխ ու հանդիսավոր թաղում է եղել, հայերը թաղել գիտեն... Անձամբ ես ատում եմ թաղումները:
NewMag #03