Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Սերգեյ Փարաջանով. Ես վերակառուցման ցուցանմուշ եմ

Սերգեյ Փարաջանով. Ես վերակառուցման ցուցանմուշ եմ

Ռոտերդամի ճայերը


Ինձ` իմ 63 տարեկանում առավոտյան արթնացնում էր կամ պարտապանը, կամ որևէ այլ` ինձ անպետք մարդ… Իսկ այսօր ինձ արթնացրեց քաղաքապետարանը: Խփում էին աշտարակի ժամացույցի զանգերը… Ես տեսա պատուհանը… Այն կուրացրեց ինձ… Ես մտածեցի` այդ ինչ է այնտեղ կատարվում: Այդ ինչն է այդպես խլթխլթում, տարուբերվում: Մի՞թե օվկիանոսը: Պարզվեց` ճայերն են… Նրանք չվել եկել էին պերճաշուք «Հիլթոն» հոթելի մոտ ու ճչալով պտտվում էին իմ պատուհանի շուրջը: Բայց ճիչերը ես չէի լսում: Պատուհանները փակ էին: Ես տեսնում էի, թե ինչպես էին նրանք քերծում ապակին իրենց վարդագույն տոտիկներով, ընկնում ու վեր էին թռչում… Ինչ-որ բան էին պահանջում… Բյուր, հազարավոր ճայեր: Այս ի՞նչ միստիկա է: Ինչու՞ հենց իմ պատուհանի մոտ:
Ես լրիվ մոռացել էի: Չ՞ որ դա պանիրն է, որ կախված է իմ պատուհանից: Չորս կիլոգրամ պանիրը չտեղավորվեց իմ մինի-բարում, և ես այն պատուհանից դուրս կախեցի: Ես կովկասյան թանկ պանիր էի բերել` հյուրասիրելու: Թիֆլիսում բոլորն ինձ վրա ծիծաղում էին: Ասում էին` ռոտերդամցիներն ուրիշի պանիր չեն ուտում: Նրանք հպարտանում են իրենցով: Բայց ճայերը վրա են հասել իմ պանրի վրա և ագահորեն կտցում ու տոտիկներով քերծում էին պարկը, որով այն կախված էր: Մեր սովետական նեյլոնե պարկը` ամրակազմ, պինդ, օդ ներս չթողնող և ջուրը արձակող` դիմացավ: Այն ավելի ուժեղ գտնվեց, քան կապիտալիստական պարկերը. թռչունները չկարողացան իրենց կտուցներով պատռել այն: Պարկը հաղթեց:
Իմ ճակատագրին հետևող հոլանդացիների համար` եթե մի քանի տարի անց Ռոտերդամում որևէ մեկը տեսնի ճայ, որը գրոհում է «Հիլթոնի» վեցերորդ հարկի պատուհանի վրա, կնշանակի` կամ ես աղոթում եմ ձեզ համար, կամ ես արդեն մահացել եմ:

Թզուկի թաղումը


Իմ նովելները ես ինքս եմ ձևավորում, նկարում եմ, կոլաժային իմպրովիզացիաներ եմ անում չարչարանաց մասին… Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք` դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, ես վերջում հարցնում եմ` «Դու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել»: Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա ինչ-որ իմ հիվանդ երևակայությունն է… ֆանտազիա: Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է: Բայց այդ կյանքին հավելվում են արվեստագետի աչքերն ու սիրտը: Եվ դրանից այն զարմանալի է դառնում… Զարմանալի…
Վերջերս մի երիտասարդ գրողի ես պատմեցի, որ տեսել եմ թզուկի թաղում: Թզուկը մահացել էր, և նրա վերջին կտակն այն էր, որ իրեն թաղեն… մեծ դագաղում:
Ես ինչ-որ մի անգամ էլ մասնակցել էի մի թաղման, որտեղ թզուկները թաղում էին կրկեսում ելույթ ունեցող մի գաճաճի: Նա մեծ սաքսաֆոն էր նվագում: Ես այդ գրողին հարցրի, թե ի՞նչ է նա կարծում, արդյոք այդ պատմությունը հորինվա՞ծ է: Նա ասաց` «Դա, իհարկե, հորինված պատմություն է»: «Ոչ», – պատասխանեցի ես, – դա իրոք եղել է: Դա պատահել է իրականության մեջ: Դա իրականությունն է այն կրքոտ տենչի, որ մյուս աշխարհում մեծ աճի:

Նուռը


Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը… Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»: Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…

Ես վերակառուցման ցուցանմուշ եմ


Ես երկար ժամանակ բանտում էի, երեք հնգամյակ ֆիլմ չեմ նկարահանել, բայց կառավարությանը վերակառուցման ակնառու ցուցադրանմուշներ պետք եկան և վեց տարվա ընթացքում այն ինձ չորս կապիտալիստական երկիր պարգևեց` Հոլանդիա, Մյունխեն, Փարիզ և ահա հիմա ես Նյու Յորքում եմ… Կարճ ասած… «Արքունիքն ինձ շոյում է …»: Ինձ մի ամբողջ 22 դոլար են հատկացրել: Ի՞նչ պիտի անեմ: Ամերիկայում ինձ ձրի են կերակրում… Երբ ես Ռոտերդամում էի, ինձ հարցրին, թե կարող եմ ես, արդյոք, ժամանակակից ֆիլմեր նկարահանել:
– Իհարկե կարող եմ…
– Իսկ «Համլե՞տ»-ը:
– Կուզենայի բեմադրել…
– Հնաբանություն` գոչեցին դահլիճից:
Այդժամ ես ասացի.
– Համլետը` Գորբաչովն է: Կրեմլը` Էլսինորը…
Դադար… Հետո բոլորը գոչեցին.
– Մոդեռն: Ավանգարդ:
– Երբ Գորբաչովը դուրս կթռչի Կրեմլից ճչալով` «Կառք ինձ, կառք», ես նրան կառաջարկեմ այդ դերը: Ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ: Ձեռքը կբռնեմ և կտանեմ նկարահանվելու իմ «Համլետ»-ում:
– Գորբաչովը` Համլետ, Ռաիսան` Օֆելյա՞, – հարցրին տեղից:
– Ոչ, – պատասխանեցի ես, – Ռաիսա Մաքսիմովնան այլ պիեսից է: Նա հրավիրված դերասանուհի է և տետրակը շփոթել է: Տեքստը կարդում է մի այլ պիեսից: Ընթանում է «Համլետ»-ը, իսկ նա եռանդուն կարդում է «Արքա Լիր»-ից:

Հոլանդական թագուհու զուգարանը 


Երբ ինձ հարցնում են` «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում»` ես պատասխանում եմ` «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է` չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից: Իմ թիֆլիսյան բնակարանի զուգարանը բաց պատշգամբի ծայրին է: Անհարմարավետ, տախտակներով մեխված, այն երկար նիստի չի տրամադրում, երբ կարելի է երազել ինչ-որ գաղտնաթաքուն բանի մասին և անջատվել աշխարհիկ ունայնությունից, օրինակ` սիրված օպերաներից արիաներ երգել (պատանության տարիներին դա իմ սիրած զբաղմունքն էր): Երբ ես երգում էի, տախտակե պատերից կախված պղնձե լագանները անդրադարձնում էին իմ «բելկանտո»-ն: Նվագակցման պես մի բան էր ստացվում:
Հոլանդիայում մեզ բերեցին արքայական պալատ, որպեսզի ինձ փաստաթուղթ հանձնեն, որ ես իսկապես «21-րդ դարի մաեստրո» եմ: Երկայն սեղան էին գցել, սպասքով լցրել էին: Սևրի ճենապակի և դելփյան հախճապակի: Նստում եմ թագուհու մոտ, իսկ այն երկուսը, որոնց հանձնարարել են հսկել ինձ Մոսկվայից սկսած, այդպես էլ կանգնած էին իմ աթոռի թիկնակի հետևում:
– Նստեք, – ասացի, – ուտելիքը բոլորին կբավի:
Դրանք նույնիսկ աչքերը չթարթեցին: Իսկ իմ փորը հենց առաջին ճաշատեսակից հետո սկսեց ղռղռալ: Մտածեցի լավ պատճառ է ստուգելու համար, թե ինչպիսին են թագուհիների զուգարանները. նմա՞ն են իմին, թե` ոչ: Վեր թռա… Վազեցի` ուր որ ցույց տվին… Իսկ այն երկուսն իմ հետևից: Հարցնում եմ.
– Դուք ի՞նչ է, պատրաստվում եք հետույքս սրբել:
Խիղճները հերիքեց` մնացին շեմին: Մտնում եմ, իսկ այնտեղ… Վիթխարի, մանուշակագույն դահլիճ… ամբողջովին մարմարից… և հայելապատ: Ամեն հայելու դիմաց լվացարանակոնքեր ու բացառիկ ձևերի միզարաններ, ջրի համար նախատեսված ոսկե բռնակներով և զանազան բուրավետ նյութերով… Թուղթը` բարակագույն, ամենանուրբ հետույքների համար… Սրբիչները` պետանշաններով… և կարևորն ինչ է` տաք է: և լուռ… Միայն ինչ-որ տեղ երաժշտություն է… ջութակներ… մենուետներ… Մոցարտ…
Նստում եմ Նապոլեոնի ժամանակների ամենայուրօրինակ զուգարանակոնքի վրա… դուրս թռա` ճակատով դուռը բացեցի… Ձեռքերս զբաղված էին` շալվարս էի պահել, չէի հասցրել բարձրացնել… Մերկ հետույքով թռչում եմ պահնորդների մոտով, կանգնել չեմ կարողանում` նրանց հատակն արքայական մաստիկայով է պատված: Չմշկասահորդի պես սահում եմ դահլիճով մեկ: Պակականները խելակորույս, ձեռքներն արդեն ատրճանակներին են տանում, իսկ ես գոռում եմ`
– Դե, դուք մի վախեցեք: «21-րդ դարի մաեստրո»-ները տաք զուգարաններից չեն փախչում:
Իմ ինքնակենսագրությունը (հատված)
Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում:
Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Սերգեյ Փարաջանովի «Պատմվածքներ և նովելներ» գրքից


Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

Տարածել