[ Արեվելյան խոհանոց ] Ո՞վ եք Դուք, պարո´ն Փերինչեք
Խորամանկ, կանաչ աչքերով, բարի ու գրավիչ ժպիտով, հարցերին ու հատկապես հայերի հարցերին պատասխանելու միշտ պատրաստ կեցվածքով, հասարակության մեջ իրեն բարյացակամ ու քաղաքավարի պահող անձնավորություն: Այս բոլոր հատկանիշները բնութագրում են Հայոց ցեղասպանության ամենահանրաճանաչ ժխտողին: Ոչ մի հակահայ արտահայտություն, առավել ևս վիրավորանք. «Հայերը մեր հարևաններն են, պետք է բարեկամություն անենք: Նայենք դեպի ապագան»: Եվրոպայում նրան տեսան հենց այս կերպարով:
Դողու Փերինչեք անունը Հայաստանում մարդկանց ճանաչելի դարձավ վերջին 2 տարում: Հանրահայտ դատավարության շնորհիվ[1] Փերինչեքի մեջ հայերը ճանաչեցին իրենց վաղուց հայտնի թուրք ժխտողականի դասական կերպարը: Սակայն ստրասբուրգյան գործը Փերինչեքի առաջին դատավարությունը չէր, և եթե տարիքն ու առողջությունը ներեն, վստահաբար վերջինն էլ չի լինի: Հատկանշական է, որ 73 տարեկան Դողու Փերինչեքը Թուրքիայում հաջողացրել է դատապարտվել բոլոր տեսակի իշխանությունների ՝ զինվորականների, քեմալիստների, նաև արդեն 13 տարի իշխող «մեղմ» իսլամիստների օրոք: Դատարանն ու մեղադրյալի աթոռը նրա համար առօրեական վայրեր են:
«Երբ Արևելքի թիկունքում գործում է Արևմուտքը» կամ «Հարգանքով՝ Բարակ»
Առաջին անգամ նրան ձերբակալել ու 20 տարվա ազատազրկման են դատապարտել 1971 թվականի մարտին՝ զինվորական միջամտության ժամանակ: Թուրքիայում իշխանությունը վերցրած զինվորականները նրան մեղադրեցին անօրինական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ: Փերինչեքը բանտում անցկացրեց ընդամենը 3 տարի և համաներումով ազատ արձակվեց:
Երկրորդ անգամ` 1980 թվականի ռազմական հեղարջումից հետո, զինվորականները Փերինչեքին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման: Նա բանտում մնաց մինչև 1985 թվականը: Իսկ բանտախցում անցկացրած ամենակարճ ժամկետը եղել է 8 ամիս՝ 1990 թվականի ապրիլից դեկտեմբեր:
Ուշագրավ է, որ Փերինչեքը կարող էր չմասնակցել Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի 2 վճիռների հրապարակմանը: Էրդողանի իշխանության տարիներին (2008 թվականին) նրան ձերբակալել էին ապօրինի զինված խումբ ստեղծելու, ղեկավարելու և իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով: Նրա գործը միացվել էր Էրդողանի իշխանության դեմ դավադրության հայտնի գործին` «Էրգենեկոն»-ին: Փերինչեքին դատապարտել էին 117 տարվա ազատազրկման: Բայց 2014 թվականից Փերինչեքը կրկին ազատության մեջ է: Գուցե Հայոց ցեղասպանության ժխտման դատավարությանը մասնակցելու, գուցե` այլ պատճառով:
[1] Perinçek v. Switzerland
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)