BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ֆոտոշարք] 24/7 վտանգված ճանապարհ. ինչպե՞ս են գում

[ֆոտոշարք] 24/7 վտանգված ճանապարհ. ինչպե՞ս են գումար վաստակում Մեղրի-Երասխ մայրուղու վաճառականները

Արդեն 22 տարի է ամուսիններ Սուսաննա եւ Մուրադ Եղյանները ձմերուկ, սեխ են աճեցնում եւ օգոստոսից մինչև հոկտեմբերի վերջ վաճառում իրենց հողակտորի հարեւանությամբ` Մեղրի-Երասխ մայրուղու վրա գտնվող տաղավարում: Եղյանների, ինչպես նաեւ ճանապարհի այս հատվածի մյուս տաղավարները գտնվում են մշտական վտանգի տակ, քանի որ ադրբեջանական դիրքերից մոտ 1,5 կմ հեռավորության վրա են: Սակայն գումար վաստակելու համար, նրանք ստիպված են այստեղ վաճառել իրենց բերքը, քանի որ այլ հնարավորություն չունեն:
«Օր ու գիշեր այստեղ են, որ վաճառենք ամբողջ բերքը: Մեր աշխատանքն այս ճանապարհի վրա ամեն պահ վտանգված է. սահմանը դիմացն է, թեկուզ կրակոց չկա, բայց դե թշնամու աչքի առաջ ենք»,-ասում է 56-ամյա Սուսաննա Եղյանը:
349 կմ երկարությամբ Երասխ-Մեղրի ճանապարհն անցնում է Հայաստանի արեւմուտքով` Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու եւ ձգվում է մինչեւ Հայաստանի հարավը` Իրանի հետ սահմանը: Ճանապարհը սկսվում է հենց այնտեղից, որտեղ տեղակայված է Եղյանների տաղավարը, այն մի քանի կիլոմետր է հեռու Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանից:
Ճանապարհն այլ վտանգներ եւս ունի` միշտ ծանրաբեռնված է մարդատար եւ բեռնատար մեքենաներով:
«Պատահել է մեզ շատ մոտիկ հեռավորության վրա վթար է եղել: Գիշերն էլ ընդհանրապես չի լուսավորվում»,-ասում է Սուսաննա Եղյանը:
Դարչնագույն ծղոտե տաղավարում նստած Սուսաննան ամեն անգամ մեքենայի արգելակման ձայնի հետ ինքնաբերաբար վեր է թռչում տեղից:
[gallery ids="51313,51319,51318,51317,51316,51315,51314"]
Չնայած բոլոր դժվարություններին, այս ճանապարհն ավելի անվատանգ է, քան նրանց նախկին հողակտորները, որոնք գտնվում էին Երասխից 9կմ հեռավորության վրա` Պարույր Սեւակ գյուղում: Ադրբեջանական սահմանից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղի մյուս բնակիչներն էլ ստիպված էին թողնել Սեւակի իրենց հողատարածքները եւ հողակտորներ վերցնել Երասխ-Մեղրի մայրուղու հարեւանությամբ, քանի որ սահմանի պատճառով այնտեղ անհնար էր մշակել:
Իսկ Երասխ-Մեղրի մայրուղու հարեւանությամբ գտնվող հողատարածքներն էլ սակավ բերրի են, և առատ բերք ստանալու համար գյուղացիները ստիպված են ամեն տարի փոխել հողատարածքը, նույն տեղում երկրորդ տարին տնկելու դեպքում, բերքը հաջող չի լինում:
«Այս վտանգի մեջ վաճառում ենք մեր բերքը, որ կարողանանք ապահովել ընտանիքի ապրելու կամ ավելի ճիշտ գոյատևելու խնդիրը: Կուտակում ենք մի ամբողջ ձմեռվա պաշար, եթե այդպես չանենք, սոված կմնանք»,-ասում է 60-ամյա Ապավեն Աբրահամյանը:
Որպես սահմանային գոտու բնակիչներ, նրանք ունեն որոշ արտոնություններ` 2016 թ-ից գյուղացիների ջրի վարձը կիսով չափ զեղչվում է, 5000 դրամ նրանց աջակցում են ամեն ամսվա հոսանքը վճարելիս, և պարարտանյութ են գնում 1000-2000 դրամ ավելի էժան:
Բեռնատար եւ մարդատար մեքենաներին վարորդներին ձմերուկ եւ սեխ վաճառելը գյուղացիներին տալիս է այնքան եկամուտ, որ նրանք կարողանում են դրանով գոյատեւել ձմռանն ու գարնանը: Իսկ չվաճառած բերքն էլ փոխանակում են այլ գյուղերում` տարատեսակ մթերքների հետ:
«Բաց սահմանի ժամանակ սահմանամերձ Սարդարակը շատ հարմար էր առևտրի համար, մոտ էր, մեծ շուկա ուներ: Մեր բերքն էլ ավելի արագ էինք վաճառում, հիմա բերքի մի մասը էժան գնով վաճառում ենք վերավաճառողներին, որոշ մասն էլ փոխանակում կողքի գյուղերի բնակիչների հետ, օրինակ, ձմերուկը կարտոֆիլի դիմաց հիմնականում փոխանակում ենք Մարտունիում»,-ասում է 62-ամյա Ալբերտ Բաղդասարյանը` շարունակելով,-«Ղարաբաղյան շարժման տարիներին այստեղ շատ լարված էր, զենքը ձեռքներիս սահմանին կանգնած ենք եղել: Կանայք, երեխաները մեր կողքին են եղել, հրաձգությունների ժամանակ էլ նկուղներում են թաքնվել»:
[embed]https://youtu.be/-QKTq4Tv0qc[/embed]
[gallery ids="51320,51322,51321"]
[embed]https://youtu.be/HfJm2Hs-Azw[/embed]
[gallery ids="51327,51325,51326,51323,51324,51328" orderby="rand"]
[embed]https://youtu.be/Iebx4LU4Txo[/embed]
Մոտ 400 բնակիչ ունեցող Սեւակ գյուղն այսօր կիսով չափ դատարկ է: «Երիտասարդներին հետաքրքիր չէ, նրանք էլ հեռանում են` կամ Երևան են գնում, կամ արտերկիր, իսկ տարեցները մնում են, ու՞ր գնանք, մեզ այս տարիքում ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունի»,-ասում է Ալբերտ Բաղդասարյանը:
Նա ամեն ձմռանը մեկ ամսով մեկնում է Ռուսաստան` որդու մոտ: Մնացած ժամանակ տանը սպասում է գարնան գալուն:
Դժվար կյանքը քայքայիչ հետք է թողնում վաճառողների առողջության վրա: Ապավեն Աբրահամյանն օրական 7-8 բաժակ սուրճ ու երեք տուփ սիգարետ է ծխում` գնորդներին սպասելիս:
Սուսաննա Եղյանը, ով ստիպված էր 18 տարեկանում կրթությունը թողնել ամուսնանալու պատճառով, նշում է, որ կյանքի դժվարությունները վաղ տարիքից է զգացել:
«Նայիր սրանք կնոջ ձեռքե՞ր են` ճաքճքած, կոշտացած: Արդեն հոգնել եմ ծանր աշխատանքից, ուզում եմ կանացի ու խնամված լինել»:
Մեքենաների դղրդյուններից վատացել է նաեւ Սուսաննայի լսողությունը եւ, չնայած դրան, նա շարունակում է խոսել հանգիստ ու ժպիտով:

Հեղինակ՝ Փիրուզա Խալափյան


CHAI-KHANA






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել