Pixomatic. հայկական ֆոտոխմբագրիչը Appstore-ի թոփում է
Սմարթֆոններն ավելի շատ տեսախցիկ են, քան սարք՝ զանգերի համար: Սա գիտակցում են նաև արտադրողները և նոր մոդելները զինում որակյալ դիմային և հիմնական տեսախցիկներով: Մի քանի սելֆիներից հետո ամենաբարդ փուլն է՝ ֆոտոյի մշակումը: Ի՞նչ ֆոտոխմբագրիչ ընտրել՝ ֆիլտների բազմազանության մեջ չխճճվելու և լուսանկարին վառ տեսք հաղորդելու համար:
Pixomatic հայկական հավելվածը պրոֆեսիոնալ ֆոտոխմբագրիչ է՝ ստեղծագործ մարդկանց համար: Այն հնարավորություն է տալիս հեռացնել, փոխել նկարի ֆոնը, պատկերն առանձնացնել ստվերից, կարգավորել գույները, կատարել տարբեր շտկումներ և կիսել այն սոց.ցանցերում։ Մոբայլ «ֆոտոշոփ» է՝ մասնագիտական գործիքներով:
Ստարտափը սկսել են 3 ընկերներով: Հավելվածի վրա աշխատել է Pixomatic-ի 5 հոգուց կազմված թիմը: Ծրագիրը շուկայում է մարտից, այս պահին գրանցված է 120,000 օգտատեր: Նախագծողները չեն սահմանափակվում հայկական շուկայով, օգտատերերը աշխարհի տարբեր ծայրերից են: Համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը նշում է, որ ստարտափի համար ամենաբարդը՝ որակյալ աշխատակիցներ գտնելն է:
«Մի քիչ լավատեսություն և արագություն՝ բոլոր դժվարություններն էլ լուծելի են: 3 ամսում 9 անգամ հավելվածը թարմացրել ենք, շտկվել են ոչ միայն թերությունները, այլև ավելացել նոր գործառույթներ»:
Մինչև ամռան ավարտը կլինի մեծ թարմացում՝ հավելվածում կավելանան նոր գործառույթներ: Pixomatic-ի թերությունը գինն է, արժե գրեթե 4 ($3.99) դոլար: Այն 80 երկրների թոփում է, ԱՄՆ-ում ֆոտո-վիդեո վճարովի app-երի 4-րդ հորիզոնականում:
«Եթե վճարովի տարբերակն իրեն չարդարացներ կմտածեինք այլ ուղիներ: Ստարտափը բիզնես միավոր է, որը փնտրում է իր մոդելը, այն չունի ապացուցված գումարի մուտք և փորձում է գտնել դրանցից մեկը»:
Հավելվածը առայժմ գործում է iOS հարթակում: Առաջիկայում կլինի նաև Android տարբերակը, որը մշակման փուլում է: Նախագծողները ցանկանում են դառնալ միակ all-in-one ֆոտոխմբագրիչը: