10 հարց, որոնք հունից կհանեն քաղաքական գործիչներին
Ինչքան քաղաքական ուժ, այնքան «տաբու»: Ինչքան տաբու, այդքան նյարդայնանալու առիթ: Ինչքան նյարդայնացած գործիչ, այդքան նյութ: Հենց այդ թեժ պահերին է, որ պատգամավորը հենց լրագրող է տեսնում` դիմում է «փախուստի»: Արագ քայլքը, միևնույն է, քաղաքական գործչի օգտին չէ. ինչքան խուսափի հարցից, այդքան նյութն ավելի լավը կլինի: Չխուսափի հարցից, նյութն էլի լավը կլինի: Եվ այսպես, ինչպես հունից հանել քաղաքական գործիչներին: Շատ չէ` 10 հասարակ հարց:
ՀՀԿ-ական պատգամավորներին` կոալիցիայի փլուզումից հետո
Բացակա հանրապետականներին կհասցնե՞ք զանգել-կանչել: Օրինագծի ընդունումը չի՞ տապալվի:
ԲՀԿ պատգամավորներին` ԱԺ-ում հայտնվելու հենց առաջին օրվանից
Ծառուկյանը ո՞ւր է: Ե՞րբ է նիստի գալու: Ո՞նց եք հասցնում համատեղել բիզնեսն ու պատգամավորական գործունեությունը:
ՀՅԴ-ին
Դաշնակցությունը մի ժամանակ Քոչարյանի կցորդն էր, հետո` ՀՀԿ-ի: Հիմա ՀՅԴ-ին մեղադրում են քառյակին «գցելու» համար: Տեսանելի ապագայում Դաշնակցությունը ո՞ւմ կցորդը կլինի:
Ժառանգության պատգամավորներին
Այսօ′ր ո՞վ է խմբակցության ղեկավարը:
ՀԱԿ-ին
Հիմա ՀԱ՞Կ, թե՞ ՀԱԿԿ: ՀԱԿ խմբակցությունում քանի՞ պատգամավոր ՀԱԿ-ի հետ գործ չունի:
ՕԵԿ-ին, երբ կոալիցիայի մեջ էր
Քվեարկության ընթացքում առաջնորդվում եք Արթուր Բաղդասարյանի՞, թե՞ ՀՀԿ-ի ասածով:
Արթուր Բաղդասարյանը ե՞րբ է ԱԺ նիստին մասնակցելու: (Որոշ լրագրողներ «Օրինաց երկրով» այնքան չեն հետաքրքրվում, որ մոռանում են` Արթուր Բաղդասարյանը պատգամավոր չէ:)
ՀՀԿ կին պատգամավորների ամենացավոտ տեղը
Այս անգամ ո՞վ է գործուղման գնալու: (Հարցից հետո կռիվն ապահովված է` ոչ թե լրագրողի հետ, այլ գործուղման գնացող-չգնացողների)
Մանվել Գրիգորյանը «թուրք» բառը լսի, հայհոյանքը չի ուշացնի: Բայց այս շրջանում գեներալի ամբողջ բառարանը բացվում է մի դեպքում
Ռուբեն Գևորգյանի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկները», ասում են, մոտ 5 հազարն են: Դա այլընտրա՞նք է ԵԿՄ-ին:
Սամվել Ալեքսանյանին ու Մհեր Սեդրակյանին
Այս երկուսին հունից հանելու իմաստ չկա: Նրանք արդեն, որպես կանոն, նյարդայնացած են, լրագրողներից՝ նեղացած:
Սուրիկ Խաչատրյանին
Ե՞րբ եք ներողություն խնդրելու գործարար Սիլվա Համբարձումյանից` ծեծելու համար: