BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանը Քրիստոսի պատգամաբերն է. Հռոմի պապի ելույ

Հայաստանը Քրիստոսի պատգամաբերն է. Հռոմի պապի ելույթը Մայր Աթոռում

«Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին, եւ Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով Ս. Էջմիածին այցելելու հաճելի հրավերի համար. Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսներին եւ Եպիսկոպոսներին, եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ սրտագին եւ ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգեւեցիք:
Շնորհակալություն, Ձերդ Սրբություն, ինձ Ձեր տանը հյուրընկալելու համար. սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թէ ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը:
Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհություն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար, հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մոտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լույսը, արեգակը, որ Ձեզ լուսավորեց եւ նոր կյանք պարգեւեց, որ Ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին:

Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին ազգը, 301 թվականից, ընդունելու Քրիստոնեությունը որպես իր կրոնը, այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հռոմեական կայսրության մէջ դեռ բորբոքվում էին հալածաքները:

Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի եւ ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի: Ինչպես գրեց սուրբ Հովհաննես Պողոս Բ-ը, «հայ հասարակության «Մկրտությամբ» [...] ծնունդ է առնում ժողովրդի նոր ինքնություն, որ հայ լինելու անբաժանելի եւ բաղկացուցիչ մաս է դառնալու: Այդ պահից այլեւս անհնար է մտածել, որ տույալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չգտնի Քրիստոսի հավատը, որպես էական բաղկացուցիչ» (Առաքելական նամակ հայ ժողովրդի մկրտության 1700 հոբելեանի առթիվ [2 Փետրվար 2001], 2):
Տերը թող օրհնի ձեզ՝ հավատի այս լուսավոր վկայության համար, որ օրինակելի կերպով ապացուցում է առավել քան 1700 տարի առաջ ընդունած Մկրտության հզոր արդյունավետությունն ու բեղունությունը, մարտիրոսության պերճախոս եւ սուրբ նշանով, որ ձեր ժողովրդի պատմության կայուն մասնիկն է դարձել:

Գոհություն եմ մատուցում Տիրոջ նաեւ այն ընթացքին համար որ Կաթողիկե Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխոսության միջոցով, հասնելու համար լիարժեք կիսելու գոհության Սեղանը: Սուրբ Հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները մի լինեն եւ աշխարհը հավատա:
Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու Եկեղեցիների միջեւ հարաբերությունների խորացման եւ երկխոսության ամրապնդման՝ վերջերս տրված վճռորոշ մղումը, Նորին Սրբություններ Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Հովհաննէս Պողոս Բ-ի եւ Բենեդիկտոս ԺԶ-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքին հիշում եմ Ի դարու հավատի Վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի Հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքից՝ Երեւանի նորակառույց Տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի եւ Ձերդ Սրբության ստորագրած համատեղ Հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաեւ Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ հիշատակությունների առիթով:
Դժբախտաբար աշխարհը բաժանումներով եւ ընդհարումներով է խառանված, ինչպես նաեւ նյութական եւ հոգեւոր աղքատության ծանր վիճակներով,  ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը, եւ ակնկալում է քրիստոնյաներից փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:
Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միություն, համատեղ ձեռնարկների հզորացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջեւ համագործակցությունը՝ նման են փայլակնացայտ լույսի՝  խավարամած գիշերվա մեջ, եւ կանչ է ապրելու սիրով եւ նոյնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ:
Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ եւ արժեւորելով այն, ինչ միացնում է:

Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրո եւ փրկության ներկայությունը՝ որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին – որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է եւ գործուն, կարող՝ ազգերի, մշակույթների եւ կրոնների միջեւ միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու:
Վկայում ենք եւ հավատացնում որ Աստված սեր է եւ գթասրտություն:

Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչուած է եւ մղուած Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակության՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը եւ փորում են դժվար բուժվող բաժանումներ: Ամենակարողն Աստված, մեր Տեր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սյուն լուսո Հայաստանյայց Եկեղեցու» Գրիգոր Լուսավորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ եւ ամբողջ Հայ Ազգը եւ միշտ պահպանի այն հավատի մեջ որ ստացել է հայրերից եւ փառավոր վկայություն տվել դարեդար»:

Տարածել