Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ն արժանացել Project Management Conference &

Newmag-ն արժանացել Project Management Conference & Awards 2025-ի հատուկ մրցանակի (լուսանկարներ)

12/23/2025

newmag-y-n

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Project Management Conference & Awards 2025»-ը՝ տարվա կարևորագույն իրադարձությունը նախագծերի կառավարման ոլորտում։

Միջոցառումը միավորել էր ոլորտի առաջատար մասնագետների, բիզնեսի, պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք Երևանում ներկայացրեցին իրենց փորձը, նորարարական մոտեցումները և գործիքները՝ ընդգծելով նախագծերի կառավարման առանցքային դերը ժամանակակից աշխարհի զարգացման գործում։


Միջոցառումը կազմակերպել էր Նախագծերի կառավարման ինստիտուտը (Project Management Institute, PMI)։  Մասնագիտական առաջատար կառույցը հիմնադրվել է 1969 թվականին՝ այն այսօր գործում է ավելի քան 200 երկրում, միավորում է հարյուրավոր մասնաճյուղեր ու միլիոնավոր մասնագետների։ PMI-ն սահմանում է ոլորտի միջազգային չափանիշները, տրամադրում է լայն ճանաչում ունեցող սերտիֆիկացումներ, այդ թվում՝ PMP, հրապարակում է նախագծերի կառավարման ստանդարտները և ձևավորում մասնագիտական ուժեղ  համայնքներ՝ նպաստելով ոլորտի շարունակական զարգացումը։ 


Հայաստանի հաջողությունները նախագծերի կառավարման ոլորտում արդեն միջազգային ճանաչում են ստացել։ 2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված PMI-ի գլոբալ համաժողովի շրջանակում PMI Armenia Chapter-ի նախագահ Աստղիկ Սահակյանն արժանացավ PMI Chapter Leadership Impact Award մրցանակին՝ հաղթող ճանաչվելով ամբողջ Եվրոպայի տարածաշրջանում։ Այս ձեռքբերումը ոչ միայն անձնական, այլև ազգային նշանակություն ունի՝ բարձրացնելով Հայաստանի հեղինակությունը նախագծերի կառավարման համաշխարհային համայնքում։ 


«Project Management Conference & Awards 2025»-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել PMI-ի նախագահ և գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը, AMS-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գրեյս Նաջարը, PMI Իտալիայի նախագահ Կարմինե Պարաջանոն, PMI Ղազախստանի նախագահ Ազամաթ Տոյմբետովը և PMI Վրաստանի նախագահ Իլիա Ռեվիան։ 

Միջոցառման առանցքային պահերից մեկը դարձավ Աստղիկ Սահակյանի և PMI-ի չորս նախագահների մասնակցությամբ պանելային քննարկումը, որի ընթացքում նրանք ներկայացրեցին իրենց փորձը, մասնագիտական տեսլականն ու խորհուրդները։ 


Աստղիկ Սահակյանը նաև «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակն է․ սա ոլորտին նվիրված առաջին հայերեն աշխատությունն է, որտեղ ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր հիմնական ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անձնային և հաղորդակցական հմտություններին։ Գիրքը նախատեսված է լայն լսարանի համար՝ սկսնակներից մինչև փորձառու մասնագետներ և բարձր օղակի ղեկավարներ։ Սկսնակների համար այն հիմքային գիտելիքների վստահելի աղբյուր է, իսկ փորձառուների համար՝ նոր մոտեցումների ու նրբությունների բացահայտման հնարավորություն։ Գիրքը հրատարակել է Newmag-ը, որը «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի հետ միասին հանդիսանում է միջոցառման բովանդակային գործընկերը։ Միջոցառման գլխավոր հովանավորը Evoca բանկն է։ 

Մրցանակաբաշխության նպատակն էր արժևորել տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացված նախագծերի ղեկավարների աշխատանքը։ Աստղիկ Սահակյանի խոսքով՝ հայտերի ընդունումն իրականացվել է հստակ և հասկանալի չափանիշներով, միջազգային ժյուրին ուսումնասիրել է ավելի քան հիսուն հայտ։


Project Management Awards մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ տարին։ 2025 թվականին ներկայացված էին մի քանի անվանակարգեր՝ տարվա նախագծերի ղեկավար, նորարարության, կայունության և սոցիալական ազդեցության նախագծերի ղեկավար։ Տարվա նախագծերի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց «Դոպինգ» ընկերությունը՝ Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար։ Նորարարության նախագծի ղեկավար անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը՝ ավտոմեքենաների առուվաճառքի թվային հարթակի նախագծի համար։ Կայուն զարգացման անվանակարգում պարգևատրվեց «Ինվայըրմենթ Գրուփ»-ը՝ Կոտայք և Գեղարքունիք մարզերում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի համար։ Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար անվանակարգում մրցանակ ստացավ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ «Սերունդ» ծրագրի համար։ 


Հանրային ոլորտի հատուկ մրցանակը հանձնվեց ՀՀ կառավարությանը և Համաշխարհային բանկին՝ ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման համակարգի նախագծի համար, իսկ Evoca բանկի հատուկ մրցանակը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու «Իննոբիզ» կազմակերպությանը «Բյուր» հարթակի համար։ Հատուկ մրցանակի արժանացավ նաև մեր հրատարակչությունը՝ «Newmag գրքի փառատոն» նախագծի համար։ 


«Project Management Conference & Awards 2025»-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նախագծերի կառավարումը Հայաստանում արդեն ձևավորված մշակույթ է, որն ունի միջազգային կապեր, բարձր մասնագիտական չափանիշներ և իրական ազդեցություն երկրի զարգացման վրա։

Տարածել