Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը
04/20/2026
Newmag-ը գործակցելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ՝ մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը՝ հայ ընթերցողներին ներկայացնելով Պուլիցերյան մրցանակի արժանացած ստեղծագործություններ՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։
Իր հիմնադրման իսկ առաջին oրվանից Newmag-ը հայտնի է համաշխարհային բեսթսելլերների և ժամանակակից գրականության հայերեն հրատարակություններով՝ միաժամանակ ակտիվորեն ներկայացնելով տեղական հեղինակների ստեղծագործությունները:
Եվ ահա «Պուլիցեր» մատենաշարը ստեղծվում է մեկ ընդհանուր նպատակով. ընդլայնել Հայաստանում ժամանակակից ամերիկյան գրականության ամենաազդեցիկ և քննարկվող գործերի հասանելիությունը: Գրքեր, որոնք ձևավորել են հանրային օրակարգեր, սահմանել գրական նոր չափանիշներ և վեր հանել հասարակության, պատմության ու մարդկային ճակատագրերի բարդ շերտերը:
Այս գործակցության շրջանակում Newmag հրատարակչությունը կիրականացնի խմբագրական և հրատարակչական ամբողջ գործընթացը՝ ապահովելով բարձրորակ հայերեն թարգմանություններ և հրատարակություններ: ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնությանը կաջակցի հանրային կապերի և մշակութային ծրագրերի միջոցով, ներառյալ՝ հանրային քննարկումներ, ընթերցողական կլոր սեղաններ և լրատվամիջոցների ու դեսպանատան հարթակների միջոցով նախագծի լուսաբանում:
Դեսպանատան աջակցությունը ֆինանսական չէ և ուղղված է մատենաշարի ճանաչելիության բարձրացմանն ու Միացյալ Նահանգների 250-ամյա պատմության ձեռքբերումների արժևորմանը:
«Այս մատենաշարն ավելին է, քան պարզապես գրքեր. այն կապող օղակ է,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթեն Օսթինը,- Պուլիցերյան մրցանակակիր գործերը պատուհան են բացում դեպի ամերիկյան գաղափարախոսություն, պատմություն և մարդկային ճակատագրեր: Մենք հպարտ ենք աջակցել «Պուլիցեր» նախագծին և գործակցել Newmag-ի հետ՝ ամերիկյան հեղինակների ձայնը հայ ընթերցողին լսելի դարձնելու համար»:
«Newmag-ը միշտ հավատացել է, որ թարգմանությունը մշակութային ենթակառուցվածք է,- ասել է Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը,- «Պուլիցերի» միջոցով մենք ստեղծում ենք ուղենիշային ստեղծագործությունների երկարաժամկետ գրադարան, որը կհարստացնի հայկական մտավոր կյանքը և կընդլայնի ընթերցողների մտահորիզոնը»:
«Պուլիցեր» թարգմանական մատենաշարի մասին ավելի մանրամասն հրատարակչությունը կներկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում՝ Newmag-ի պաշտոնական հարթակներով:
Կարդա նաև
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)
Գրքատվություն #20/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Հրազդանի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Տեղի ունեցավ New York Times-ի բեսթսելլեր դարձած «Նորա Վեբստեր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)