Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Ապրիլյան կախարդանք

Օդում` հովիտներից վեր, աստղերի տակ, գետի, լճակի, ճանապարհի վրայով թռչում էր Սեսին: Անտեսանելի, ինչպես նոր գարնանային քամիները, թարմ, ինչպես երեքնուկի բույրը մթնշաղոտ դաշտերում, թռչում էր նա: Նա ճախրում էր աղավնիների մեջ թեթև, ինչպես սպիտակ կզաքիս, կանգնում էր ծառերի վրա և ապրում էր ծաղիկների մեջ, և երբ փչում էր զեփյուռը, թռչում էր ծաղկաթերթիկների հետ: Նա բնակվում էր անանուխի պես զով դեղնականաչագույն գորտի մեջ` շողացող գետափոսի մոտ: Նա վազում էր բրդոտ շան մեջ և հաչում էր` ականջ դնելու հեռավոր ամբարներից եկող արձագանքներին: Նա ապրում էր ապրիլյան թարմ խոտի մեջ, արցունքի պես ջինջ խոնավության մեջ, որ ելնում էր մուշկաբույր հողից:
«Արդեն գարուն է, - մտածեց Սեսին: - Այս գիշեր ես կլինեմ աշխարհում գոյություն ունեցող յուրաքանչյուր կենդանի բանում»:
Ահա նա կոկիկ ծղրիդների մեջ է` ճանապարհների խայտաբղետ կուպրոնի վրա, իսկ ահա լողում է երկաթե դարպասի վրայի ցողի մեջ: Իր կյանքի այս երեկոյան, երբ նա ընդամենը տասնյոթ տարեկան էր, նրա ճկուն, արագաշարժ միտքը անտեսանելիորեն ճախրում էր Իլինոյսի քամիների հետ:
«Ուզում եմ սիրահարվել», - ասել էր նա:
Նա դա ասել էր ընթրիքի ժամանակ: Նրա ծնողները լայնաբաց աչքերով քարացել էին իրենց աթոռների վրա: «Համբերություն, - եղել էր նրանց խորհուրդը, - հիշի՛ր` դու յուրահատուկ ես: Մեր ամբողջ ընտանիքն անսովոր ու յուրահատուկ է: Մենք չենք կարող խառնվել սովորական մարդկանց կամ ամուսնանալ նրանց հետ: Մենք կկորցնենք մեր մոգական կարողությունները, եթե այդպես վարվենք: Դու չես ցանկանում կորցնել «ճանապարհորդելու» քո մոգական կարողությունը, չէ՞: Այնպես որ, զգույշ եղիր: Զգու՛յշ եղիր»:
Սակայն իր բարձրադիր ննջարանում Սեսին օծանելիք ցողեց պարանոցին և պառկեց հովանոցով անկողնում` դողալով ու սրտի թրթիռով, մինչ կաթնագույն լուսինը բարձրացավ Իլինոյս աշխարհի վրա` վերածելով գետերը սերուցքի, իսկ ճանապարհները` պլատինի:
—Այո, - հառաչեց նա, - ես արտասովոր ընտանիքի անդամ եմ: Մենք քնում ենք ցերեկը, իսկ գիշերը` քամու հետ սավառնում, ինչպես սև ուրուրներ: Եթե ցանկանանք, կարող ենք ամբողջ ձմեռ տաք հողի տակ քուն մտնել խլուրդների մեջ: Ես կարող եմ գտնվել ամեն ինչի մեջ` լեռնային բյուրեղի, քրքմածաղիկի, աղոթող ուխտագնացի: Ես կարող եմ իմ պարզ, հողեղեն մարմինը թողնել այստեղ, իսկ հոգիս ուղարկել հեռու` արկածների հետևից: Հիմա՛:
Քամին նրան քշեց-տարավ դաշտերի ու մարգագետինների վրայով:
Նա տեսավ տներից և ֆերմաներից առկայծող ջերմ գարնանային լույսերը, որ շողշողում էին մայրամուտի գույներով:
«Եթե ես ինքս չեմ կարող սիրահարվել, քանի որ պարզ ու անսովոր եմ, ուրեմն կսիրահարվեմ մեկ ուրիշի միջոցով», - մտածեց նա:
Գարնանային գիշերվա մեջ ֆերմային կից տան մոտ մի աղջիկ` մուգ վարսերով, մոտավորապես տասնինը տարեկան, խորը քարե ջրհորից ջուր էր հանում: Նա երգում էր:
Սեսին, վերածվելով կանաչ տերևի, ընկավ ջրհորի մեջ: Նա պառկել էր ջրհորի փափուկ մամուռի մեջ և մութ զովության մեջից նայում էր վեր: Ահա նա թռչկոտող անտեսանելի ամեոբայի մեջ է: Ահա` ջրի կաթիլի մեջ: Ի վերջո, սառը բաժակի ներսում նա զգաց` ինչպես է բարձրանում դեպի աղջկա շուրթերը: Գիշերվա օդում լսվեցին կումերի մեղմ ձայները:
Սեսին աղջկա աչքերով նայեց շուրջը:
Նա թափանցեց մութ գլխի ներսը և փայլուն աչքերի խորքից նայեց այն ձեռքերին, որ քաշում էին կոպիտ պարանը: Նա ականջների խեցիներով ականջ դրեց աղջկա աշխարհին: Նրա նրբազգաց քթանցքերով նա որսաց մի անծանոթ տիեզերքի բույր, զգաց այս առանձնահատուկ սրտխփոցը: Զգաց այս օտար լեզվի շարժումները, երբ նա երգում էր:
«Տեսնես` նա գիտի՞, որ ես այստեղ եմ», - մտածեց Սեսին:
Աղջիկը խորը շունչ քաշեց: Նա հայացքը հառեց գիշերային մարգագետիններին:
—Ո՞վ կա այդտեղ:
Ոչ մի արձագանք:
—Միայն քամին է, - պատասխանեց Սեսին:
—Միայն քամին, - աղջիկը դողդողալով ծիծաղեց ինքն իր վրա:

Գեղեցիկ էր այդ աղջկա մարմինը: Քնքուշ մաշկը ծածկում էր բարեկազմ, փղոսկրի պես հրաշալի ոսկորները: Նրա ուղեղն ասես խավարում ծաղկած վարդագույն թեյի վարդ լիներ, բերանը բուրում էր խնձորի գինու անուշահոտությամբ: Շուրթերն ամուր գրկել էին ձյունաճերմակ ատամները, հոնքերը կամարներ էին գցել աշխարհի վրա, իսկ մազերը` փափուկ ու նուրբ, թափվում էին կաթնագույն պարանոցին: Քիթը նայում էր լուսնին, իսկ այտերը շողշողում էին փոքրիկ կրակների նման: Մարմինը փետուրի թեթևությամբ մի շարժումից մյուսն էր անցնում և, ասես, անդադար ինչ-որ բան էր երգում ինքն իրեն: Այս մարմնի, այս գլխի մեջ գտնվելը նման էր օջախի կրակից ջերմանալուն, քնած կատվի մռլտոցի մեջ ապրելուն, գիշերը դեպի ծով հոսող տաք գետակի մեջ լողալուն:
«Ինձ այստեղ դուր կգա», - մտածեց Սեսին:
— Ի՞նչ, - հարցրեց աղջիկը, ասես ինչ-որ ձայն էր լսել:
— Անունդ ի՞նչ է, - հարցրեց Սեսին զգուշորեն:
— Էնն Լիրի, - աղջիկը ցնցվեց: - Ինչու՞ բարձրաձայն ասացի:
— Էնն, Էնն, - շշնջաց Սեսին, - դու կսիրահարվես, Էնն:
Սրան ասես ի պատասխան` ճանապարհից լսվեց մանրախճի վրայով շարժվող անիվների չխկչխկոցն ու ճռճռոցը: Մոտեցավ կառքը` ներսում մի բարձրահասակ երիտասարդ, որի ամրակազմ ձեռքերը բարձր պահել էին սանձը, իսկ ժպիտը լուսավորում էր ամբողջ բակը:
— Այդ դու՞ ես, Թոմ:
— Ուրիշ էլ ո՞վ, - ցատկելով կառքից` նա սանձը կապեց ցանկապատին:
— Ես չե՛մ խոսում քեզ հետ, - Էննը կտրուկ շրջվեց, և ջուրը ցայտեց նրա ձեռքի դույլից:
__ Ո՛չ, - բացականչեց Սեսին:
Էննը քար կտրեց: Նա նայեց բլուրներին և գարնանային առաջին աստղերին: Նա հայացքն ուղղեց այն մարդու վրա, ում անունը Թոմ էր: Սեսին ստիպեց նրան ցած գցել դույլը:
—Տե՛ս, թե ինչ արեցիր:
Թոմը վազեց նրա մոտ:
—Տե՛ս, թե ինչ եղավ քո պատճառով:
Թոմը ծիծաղելով մաքրեց նրա կոշիկները թաշկինակով:
—Հեռացի՛ր, - նա ոտքով հարվածեց Թոմի ձեռքերին, սակայն Թոմը նորից ծիծաղեց, և հեռու-հեռվից նրան նայելով` Սեսին տեսավ նրա գլխի շարժումը, գանգի չափը, արծվաքիթը, աչքերի փայլը, լայն ուսերը, ամրակազմ ձեռքերը, որ թաշկինակով նրբորեն կատարում էին այս գործողությունը: Այդ գեղեցիկ գլխի գաղտնի ձեղնահարկից ցած նայելով` Սեսին քաշեց որովայնախոսության գաղտնի պղնձե մետաղալարը, և գեղեցիկ բերանից անմիջապես հնչեց` «Շնորհակալություն»:
—Օ՜, մի՞թե դու էլ կարող ես քաղաքավարի լինել:
Նրա ձեռքերի կաշվի հոտը և հագուստից եկող ախոռի հոտը հասան Էննի զգայուն քթանցքերին, և Սեսիի մարմինը հեռու-հեռվում` պառկած գիշերային մարգագետիններից և ծաղկաշատ դաշտերից այն կողմ, ասես երազում, անհանգիստ շարժում կատարեց:
—Միայն ո՛չ քեզ հետ, ո՛չ, - ասաց Էննը:
—Լռի՛ր, մեղմ խոսիր, - ասաց Սեսին: Նա Էննի մատները պարզեց դեպի Թոմի գլուխը: Էննը հետ քաշեց ձեռքը:
—Ես խելագարվել եմ:
—Այո, - նա գլխով արեց ժպտալով, բայց շփոթված: - Ուզում էիր դիպչե՞լ ինձ:
—Չգիտեմ: Օ՜, հեռացի՛ր, - նրա այտերն այրվում էին վարդագույն ածուխների պես:
—Ինչու՞ չես փախչում: Ես քեզ չեմ պահում, - Թոմը վեր ելավ: - Գուցե միտքդ փոխե՞լ ես: Այսօր երեկոյան ինձ հետ կգա՞ս պարելու: Դա շատ կարևոր է: Հետո կասեմ, թե ինչու:
—Ոչ, - ասաց Էննը:
—Այո՛, բացականչեց Սեսին: - Ես երբեք չեմ պարել: Ես ուզում եմ պարել: Ես երբեք խշխշացող երկար զգեստ չեմ հագել: Ուզու՛մ եմ: Ուզում եմ պարել ամբողջ գիշեր: Ես երբեք չեմ գտնվել պարող կնոջ մարմնում. մայրիկն ու հայրիկը երբեք թույլ չէին տա: Շներ, կատուներ, մորեխներ, տերևներ. ես տարբեր ժամանակներում փորձել եմ աշխարհի շատ բաներ, բայց երբեք չեմ եղել կնոջ մարմնում, գարնանը, այսպիսի գիշերով… Օ՜, խնդրում եմ, մենք պե՛տք է գնանք պարելու:

Նա իր միտքը տարածեց այնպես, ինչպես մատներն են տարածվում նոր ձեռնոցի մեջ:
—Լավ, - ասաց Էնն Լիրին, - ես կգամ: Չգիտեմ` ինչու, բայց այս երեկո ես քեզ հետ պարելու կգամ, Թոմ:
—Իսկ հիմա ներս գնա, արա՛գ, - գոչեց Սեսին: - Դու դեռ պետք է լողանաս, ասես ծնողներիդ, պատրաստես զգեստդ, վերցրու՛ արդուկը, գործի՛ անցիր:
—Մայրի՛կ, - ասաց Էննը, - ես միտքս փոխել եմ:
Կառքը սլանում էր ճանապարհն ի վար: Տան սենյակները հանկարծ կյանքով էին լցվել. լոգանքի ջուրը եռում էր, ածուխի վառարանը տաքացնում էր արդուկը` զգեստը արդուկելու համար, մայրիկն այս ու այն կողմ էր շտապում` հերակալները բերանին:
—Քեզ ի՞նչ է եղել, Էնն: Թոմը քեզ դուր չի գալիս:
—Ճիշտ է, - հանկարծ Էննը կանգ առավ գործի ամենաթեժ պահին:
«Չէ՞ որ գարուն է», - մտածեց Սեսին:
—Գարուն է, - ասաց Էննը:
«Եվ հիանալի գիշեր է պարելու համար», - մտածեց Սեսին:
—… պարելու համար, - մրմնջաց Էնն Լիրին:
Ահա և նա տաշտի մեջ է, տարածում է օճառի փրփուրը իր սպիտակ ուսերի վրա, թևերի տակ օճառի կղզյակներ ստեղծում: Նրա ջերմ կրծքերը սահում են ձեռքերի մեջ, իսկ Սեսին շարժում է նրա շուրթերը, ստիպում ժպտալ, գործել: Նա չպետք է կանգ առնի, երկմտի, այլապես այս ողջ մնջախաղը կփլուզվի: Էնն Լիրին պետք է շարժման մեջ լինի, գործի, այստեղ լվա, այնտեղ օճառ քսի: Իսկ այժմ` դու՛րս: Չորանա՛լ սրբիչով: Օծանելի՛ք: Դիմափոշի՛:
—Է՛յ, դու՛, - գոչեց Էննը հայելու մեջ իր արտացոլանքին` ամբողջովին ճերմակ ու վարդագույն` նման շուշանների ու մեխակների: - Ո՞վ ես դու այս երեկո:
—Տասնյոթամյա աղջնակ, - Սեսին նայեց իր մանուշակագույն աչքերից: - Դու ինձ չես տեսնում: Գիտե՞ս, որ ես այստեղ եմ:
Էնն Լիրին օրորեց գլուխը.
—Իմ մարմինն ապրիլյան կախարդի ձեռքերում է, վստահ եմ:
—Մոտ ես, շատ մոտ, - ծիծաղեց Սեսին: - Իսկ հիմա հագնվի՛ր:
Ի՜նչ հաճելի է, երբ գեղեցիկ զգեստը գրկում է փթթող մարմինը: Իսկ դրսից արդեն կանչում են:
—Է՛նն, Թոմն այստեղ է:
—Ասա նրան, որ սպասի, - Էննը հանկարծ նստեց: - Ասա նրան, որ ես չեմ գնում պարելու:
—Ի՞նչ, - ասաց մայրը` կանգնած դռան արանքում:
Սեսին ակնթարթորեն կենտրոնացրեց ուշադրությունը: Այդպիսի ճակատագրական պահին նա շեղվել էր, միայն մի ակնթարթ լքել էր Էննի մարմինը: Նա լսել էր ձիերի սմբակների հեռավոր ձայնը, լուսնի լույսով լուսավորված ճանապարհով սլացող անիվների ճռռոցը: Մի պահ մտածել էր գնալ և գտնել Թոմին, թափանցել նրա մտքերի մեջ և հասկանալ, թե ինչ է զգում քսաներկուամյա երիտասարդն այդպիսի երեկոյան: Այսպես նա սլացել էր հավամրգու դաշտերի վրայով, ապա միանգամից հետ թռել, ինչպես թռչունը` դեպի իր վանդակ, իսկ հիմա սոսափում, գալարվում էր Էնն Լիրիի գլխում:
— Ասա՛ նրան` թող գնա:
—Է՛նն, - Սեսին հարմարվեց` տարածելով իր մտքերը:
Բայց Էննը կատաղության մեջ էր:
—Ո՛չ, ո՛չ, ես ատում եմ նրան:
«Ես չպետք է հեռանայի, նույնիսկ մեկ ակնթարթ: - Սեսին իրեն ենթարկեց երիտասարդ աղջկա ձեռքերը, սիրտը, գլուխը: Մեղմորեն, նրբորեն…- Կանգնի՛ր»:
Էննը ոտքի ելավ:
—Հագի՛ր վերարկուդ:
Էննը հագավ վերարկուն:
—Իսկ հիմա քայլի՛ր:
«Ո՛չ», - մտածեց Էնն Լիրին:
—Քայլի՛ր:
—Է՛նն, - ասաց Էննի մայրը, - հերիք է սպասեցնես Թոմին: Հենց հիմա դուրս արի` և առանց հնարքների: Քեզ ի՞նչ եղավ:
—Ոչինչ, մայրիկ: Բարի գիշեր: Մենք ուշ կվերադառնանք:
Էննը ու Սեսին սլացան գարնանային երեկոյին ընդառաջ:

Սենյակ` լի նրբորեն պարող աղավնիներով, որ քնքշորեն ծածանում էին իրենց հանդարտ փետուրները, սենյակ` լի սիրամարգներով, սենյակ` լի ծիածանի գույներով փայլող աչքերով ու լույսերով: Եվ այս ամենի կենտրոնում պարելով պտտվում, պտտվում, պտտվում էր Էնն Լիրին:
—Օ՜, ի՜նչ հրաշալի երեկո է, - ասաց Սեսին:
— Հրաշալի երեկո է, - կրկնեց Էննը:
— Դու տարօրինակ ես, - ասաց Թոմը:
Երաժշտությունը նրանց մշուշի մեջ էր առել, երգի հոսանքների մեջ նրանք լողում էին, ծածանվում, սուզվում, նորից ելնում` շունչ քաշելու, նրանք շնչահեղձ էին լինում, կառչում էին միմյանցից, ինչպես խեղդվողներ, և նորից ու նորից «Գեղեցիկ Օհայո»-ի հնչյունների ներքո պտտվում սիրառատ պտույտներով, շշուկների ու շշունջների մեջ:
Սեսին ձայնակցում էր: Էննի շուրթերը հեռացան, և հնչեց երաժշտությունը:
—Այո, ես տարօրինակ եմ, - ասաց Էննը:
—Դու քեզ նման չես, - ասաց Թոմը:
—Այսօր` ոչ:
—Դու այն Էնն Լիրին չես, ում ես ճանաչում եմ:
—Այո, ճիշտ ես, ճիշտ ես, - շշնջաց Սեսին մղոնների հեռավորությունից:
—Ճիշտ ես, - հնչեց Էննի շուրթերից:
—Ես տարօրինակ զգացողություն ունեմ, - ասաց Թոմը:
—Ինչի՞ հետ կապված:
—Քեզ հետ, - նա էննին հեռացրեց իրենից և, պտտելով նրան, նայեց նրա վարդագույն դեմքին` ասես ինչ-որ բան որոնելով: - Քո աչքերը, - ասաց նա: - Ես ոչինչ չեմ հասկանում:
—Տեսնու՞մ ես ինձ, - հարցրեց Սեսին:
—Քո մի մասն այստեղ է, Էնն, իսկ մյուս մասը` ոչ, - Թոմը զգուշորեն պտտում էր նրան. նրա դեմքն անհանգիստ էր:
—Այո:
—Ինչու՞ եկար ինձ հետ:
—Ես չէի ցանկանում գալ, - ասաց Էննը:
—Այդ դեպքում ինչու՞ եկար:
—Ինչ-որ բան ստիպեց ինձ գալ:
—Ի՞նչ:
—Չգիտեմ, - Էննի ձայնում թեթև նյարդայնություն կար:
—Դե, դե, լռի՛ր, լռի՜ր, - շշնջաց Սեսին: - Այդպես: Պտտվի՜ր, պտտվի՜ր:
Սենյակի մթության մեջ նրանք շշնջում ու սոսափում էին, ճախրում ու իջնում էին, իսկ երաժշտությունը պտտում ու ոգևորում էր նրանց:
—Ամեն դեպքում դու եկար պարելու, - ասաց Թոմը:
—Այո, - պատասխանեց Սեսին:
—Այստեղ արի, - նա պարելով Էննին տարավ դեպի բաց դուռը և դանդաղ հեռացրեց նրան դահլիճից, երաժշտությունից, մարդկանցից:
Նրանք միասին բարձրացան կառքը և նստեցին:
—Էնն, - ասաց նա` Էննի ձեռքերն առնելով իր դողացող ձեռքերի մեջ, - Էնն, - նա այնպես արտաբերեց նրա անունը, ասես դա նրա անունը չլիներ: Նա շարունակում էր նայել Էննի գունատ դեմքին: Այժմ նրա աչքերը բաց էին:
—Էնն, կար ժամանակ, երբ ես սիրում էի քեզ: Դու դա գիտես, - ասաց նա:
—Գիտեմ:
—Բայց դու միշտ այնքան անկայուն ես եղել, իսկ ես չեմ ցանկացել անտեղի տառապել:
—Սարսափելի ոչինչ չկա: Մենք դեռ շատ երիտասարդ ենք, - ասաց Էննը:
—Ոչ, ոչ, ես ուզում էի ասել` կներես ինձ, - ասաց Սեսին:
—Ի՞նչ նկատի ունես, - Թոմը բաց թողեց նրա ձեռքերը և լրջացավ:

Գիշերը ջերմ էր, հողի բույրը պարուրել էր նրանց, իսկ թարմ ծառերի տերևները մեղմ շնչում էին իրենց տերևների սոսափյունով ու շրշյունով:
—Չգիտեմ, - ասաց Էննը:
—Բայց ե՛ս գիտեմ, - ասաց Սեսին, - դու բարձրահասակ ես, դու աշխարհի ամենագեղեցկատես տղամարդն ես: Այսօր հրաշալի երեկո է: Ես միշտ կհիշեմ այս երեկոն, որ քեզ հետ եմ անցկացրել: - Նա Էննի օտար, սառը ձեռքը պարզեց դեպի Թոմի դիմադրող ձեռքը, որպեսզի կրկին բռնի այն, ջերմացնի, ամուր սեղմի:
—Բայց ի՞նչ է եղել քեզ այսօր, - ասաց Թոմը` թարթելով աչքերը: - Մեկ մի բան ես ասում, մեկ` ուրիշ: Այս գիշեր ես քեզ պարելու հրավիրեցի հանուն հին հուշերի: Ես սկզբում դրանով ոչինչ նկատի չունեի: Իսկ հետո, երբ կանգնած էինք ջրհորի մոտ, ես հասկացա, որ դու փոխվել էիր, իսկապես փոխվել էիր: Դու ուրիշ էիր: Ինչ-որ նոր, քնքուշ բան կար, մի բան… - նա փորձում էր հարմար բառ գտնել: - Չգիտեմ, չեմ կարող ասել: Քո արտաքինում… Ձայնում… Եվ ես գիտեմ. ես նորից սիրահարված եմ քեզ:
—Նրա՛ն չէ, - բացականչեց Սեսին, - ի՛նձ:
—Եվ ես վախենում եմ քեզ սիրահարվել, - ասաց նա: - Դու նորից ինձ ցավ կպատճառես:
—Հնարավոր է, - ասաց Էննը:
«Ոչ, ոչ, ես ամբողջ սրտով կսիրեմ քեզ, - մտածում էր Սեսին: - Էնն, ասա՛ նրան, ասա՛ դա իմ փոխարեն: Ասա, որ ամբողջ սրտով կսիրես նրան»:
Էննը ոչինչ չասաց:
Թոմը դանդաղ մոտեցավ նրան և ձեռքը մոտեցրեց նրա կզակին:
—Ես հեռանում եմ: Ես աշխատանք եմ գտել այստեղից հարյուր մղոն հեռու: Կկարոտե՞ս ինձ:
—Այո, - ասացին Էնն ու Սեսին:
—Նշանակում է` կարո՞ղ եմ քեզ հրաժեշտի համբույր տալ:
—Այո, - ասաց Սեսին, մինչ Էննը կհասցներ պատասխանել:
Թոմը շրթունքները մոտեցրեց այդ օտար բերանին: Նա դողալով համբուրեց այդ օտար բերանը:
Էննը քարացել էր սպիտակ արձանի նման:
—Է՛նն, - ասաց Սեսին, - շարժիր ձեռքերդ, գրկիր նրան:
Էննը լուսնի լույսի ներքո ասես փայտե քանդակ լիներ:
Թոմը համբուրեց նրա շուրթերը:
—Ես սիրում եմ քեզ, - շշնջաց Սեսին, - ես այստեղ եմ: Այդ ինձ ես դու տեսնում նրա աչքերում, ի՛նձ, և ես կսիրեմ քեզ, նույնիսկ եթե նա երբեք չսիրի:
Թոմը մի կողմ քաշվեց` այնպիսի տեսքով, ասես մղոններ էր վազել: Նա նստեց Էննի կողքին:
—Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Մի պահ…
—Ի՞նչ, - հարցրեց Սեսին:
—Մի պահ ինձ թվաց… - նա ձեռքերը մոտեցրեց աչքերին: - Կարևոր չէ: Քեզ տուն տանե՞մ հիմա:
—Այո, խնդրում եմ, - ասաց Էնն Լիրին:
Նա մտրակեց ձիուն, հոգնած քաշեց սանձերը, և կառքը շարժվեց: Չխկչխկում էին անիվները, հարվածում մտրակները, և սլանում էր կառքը` լուսավորված լուսնի լույսով, իսկ շուրջը գարնանային գիշերն էր` ժամը 11-ը, և շուրջբոլորը սահում էին փայլփլուն մարգագետիններն ու երեքնուկի անուշաբույր դաշտերը:
Եվ Սեսին, նայելով դաշտերին ու մարգագետիններին, մտածեց. «Արժե, արժե ամեն ինչ տալ` այսօրվանից և ընդմիշտ նրա հետ լինելու համար»: Եվ նա կրկին լսեց իր ծնողների աղոտ ձայնը. «Զգույշ եղիր: Դու չես ցանկանում հասարակ մահկանացուի հետ ամուսնանալով կորցնել քո մոգական կարողությունները, չէ՞: Զգույշ եղիր: Քեզ դա դուր չէր գա»:
«Այո, այո, - մտածում էր Սեսին, - ես նույնիսկ դրանցից կհրաժարվեի, հիմա և այստեղ, եթե նա ինձ հետ լիներ: Այլևս կարիք չէր լինի թափառել գարնանային գիշերներով, ապրել թռչունների, շների, կատուների, աղվեսների մարմիններում: Ինձ միայն նա է պետք: Միայն նա: Միայն նա»:
Նրանք հետևում էին թողնում շշնջացող ճանապարհը:
—Թոմ, - վերջապես ասաց Էննը:
—Ի՞նչ, - նա սառը հայացքով նայում էր ճանապարհին, ձիուն, ծառերին, երկնքին, աստղերին:
—Եթե երբևէ հայտնվես Իլինոյսում` Գրին Թաունում, այստեղից մի քանի մղոն հեռավորության վրա, կարո՞ղ ես ինձ մի լավություն անել:
—Հավանաբար:
—Կարո՞ղ ես ինձ լավություն անել ու այցելել ընկերուհուս, - ասաց Էնն Լիրին հապաղելով, անվստահորեն:
—Ինչու՞:
—Նա իմ լավ ընկերուհին է: Ես նրան պատմել եմ քո մասին: Ես քեզ կտամ նրա հասցեն: Մի րոպե սպասիր:

Երբ կառքը կանգնեց նրա ֆերմայում, նա իր փոքրիկ պայուսակից թուղթ ու մատիտ հանեց և, թուղթը սեղմելով ծնկին, գրեց լուսնի լույսի ներքո:
—Ահա: Կարողանու՞մ ես կարդալ:
Նա մի հայացք գցեց թղթին և մտահոգ գլխով արեց:
—Սեսի Էլիոթ, Ուիլոու Փողոց, 12, Գրին Թաուն, Իլինոյս, - կարդաց նա:
—Կայցելե՞ս նրան մի օր, - հարցրեց Էննը:
—Կաշխատեմ, - ասաց նա:
—Խոստանու՞մ ես:
—Ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ, - գոռաց նա զայրացած: - Ինչի՞ս են պետք այս թղթերը, անունները:
Նա ճմռթեց թուղթը և խցկեց վերարկուի գրպանը:
—Խնդրում եմ, խոստացիր… - թախանձում էր Սեսին:
—…խոստացիր, - ասաց Էննը:
—Լավ, լավ, միայն թե հանգի՛ստ թող ինձ, - գոռաց նա:
«Հոգնել եմ, - մտածեց Սեսին, - այլևս չեմ կարող մնալ, պետք է տուն գնամ: Ես կորցնում եմ ուժերս: Իմ ուժերը միայն մի քանի ժամ են հերիքում գիշերը թափառելու, ճանապարհորդելու համար: Սակայն մինչ գնալս…»:
—…մինչ գնալս, - ասաց Էննը:
Նա համբուրեց Թոմի շուրթերը:
—Այդ ես եմ համբուրում քեզ, - ասաց Սեսին:
Թոմը հեռացրեց նրան իրենից և նայեց Էնն Լիրիին, թափանցեց նրա հոգու խորքերը: Նա ոչինչ չասաց, սակայն նրա դեմքը դանդաղ, շատ դանդաղ սկսեց խաղաղվել, կնճիռներն անհետացան, կարծր բերանը փափկեց: Նա հայացքը սևեռել էր Էննի` լուսնի լույսով ողողված դեմքին:
Ապա իջեցրեց նրան կառքից և արագ, նույնիսկ առանց բարի գիշեր մաղթելու, սլացավ ճանապարհով:
Սեսին լքեց Էննի մարմինը:
Էնն Լիրին մի ճիչ արձակեց և, ասես կապանքներից ազատված, դեպի տուն վազեց լուսնի լույսով ողողված ճանապարհով ու շրխկացրեց դուռը:
Սեսին միայն մի ակնթարթ վարանեց: Ծղրիդի աչքերով նա տեսավ գիշերային գարնանային աշխարհը: Մի պահ նայելով գորտի աչքերից` նա միայնակ նստեց լճակի մոտ: Լուսնի շողերով ողողված ծփու բարձրությունից գիշերային թռչունի աչքերով ցած նայեց ու տեսավ` ինչպես երկու տներում մարեցին լույսերը. մեկը` այստեղ, մյուսը` այստեղից մի մղոն հեռու: Նա մտածում էր իր և իր ընտանիքի, իր արտասովոր ուժի և այն մասին, որ իր ընտանիքի ոչ մի անդամ չէր կարող ամուսնանալ այս բլուրներից այն կողմ գտնվող հսկայական աշխարհի մարդկանցից որևէ մեկի հետ:
«Թո՜մ, - նրա հյուծված հոգին թռչնի մարմնի մեջ թռչում էր ծառերի տակ, վայրի մանանեխի խիտ դաշտերի վրայով: - Թուղթը դեռ քեզ մո՞տ է, Թոմ: Կգա՞ մի ժամանակ, մի օր, մի տարի, երբ կգաս ինձ մոտ: Կճանաչե՞ս ինձ: Կնայե՞ս դեմքիս և կհիշե՞ս` որտեղ ես ինձ տեսել վերջին անգամ, կզգա՞ս, որ սիրում ես ինձ այնպես, ինչպես ես քեզ` ընդմիշտ, ամբողջ սրտով…»:
Նա կանգ առավ զով օդում` քաղաքներից ու մարդկանցից միլիոնավոր մղոններ հեռու, ֆերմաներից ու դաշտերից, գետերից ու բլուրներից վեր:
«Թո՞մ»:
Թոմը քնած էր: Խորը գիշեր էր: Նրա հագուստը ծալված էր աթոռների վրա, կոկիկ կախված անկողնու հենակին: Իսկ նրա գլխի մոտ` սպիտակ բարձի վրա, դեպի վեր պարզած ձեռքում փոքրիկ թղթի կտորն էր` վրայի գրվածքով: Դանդաղ, շատ դանդաղ փակվեցին նրա մատները` իրենց մեջ ամուր սեղմելով թղթի կտորը: Նա նույնիսկ չշարժվեց և չնկատեց, երբ սև կեռնեխը մեղմորեն ու քնքուշ հարվածեց լուսնի ջինջ բյուրեղներ հիշեցնող պատուհանի ապակուն, ապա թրթռաց մեղմորեն, կանգ առավ և քնած աշխարհի վրայով ճախրեց դեպի արևելք:

Անգլերենից թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի

Տարածել