BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռեյ Բրեդբերիի վերջին պատմվածքը. Հուղարկավորություն

Ռեյ Բրեդբերիի վերջին պատմվածքը. Հուղարկավորություն չորսի համար

 - Ներեցե՛ք,- ասաց Կարճլիկը,- բայց Դուք հանցագործի տեսք ունեք:
Լավ հագնված ջենտլմենը նայեց իր անբիծ ձեռնոցներին, փայլուն կոշիկներին, իր յոթանասունդոլարանոց վերարկուին, որն անփույթ գցել էր իր թևքին: Հետո նայեց Մալիգենին, որը հայտնի էր Կարճլիկ մականունով, և գերադասեց հեռանալ՝ արհամարհանքով շրջանցելով նրան:
- Անշուշտ, ինտելեկտուալ հանցագործի,- շտապեց ավելացնել Կարճլիկը՝ չցանկանալով վիրավորել անծանոթին:- Հասկանալի է, որ դա հանցագործի բարելավված տեսակն է:
Կարճլիկն ուշադիր զննում էր անծանոթի զգեստը:
- Հրաշալի է, հրաշալի,- հետո հայացքն ուղղեց նրա խնամված եղունգներին:- Լավ վարպետ ունեք:
Հերթը հասավ սանրվածքին.
- Հրաշագեղ, երկար մազեր՝ հմտորեն կտրած և սանրածԱլեհեր գլուխ: Մաքուր օձիք: Փայլուն է
- Կորե՛ք գրողի ծոցը,- նետեց ջենտլմենը:
- Իսկ ես չեմ ուզում,- հակադարձեց Կարճլիկը:
- Եթե չանհետանաք,- զգուշացրեց նրա զրուցակիցը, - ոստիկանություն կկանչեմ:
- Դուք այդ մարդը չեք,- նկատեց Կարճլիկը:- Այնպես ասացիք՝ կկանչեմ, որ պարզ էր՝ ձայն եք տալու ցածր, ինտելիգենտին վայել հանդարտությամբ: Իրեն հարգող ո՞ր մի ոստիկանն ուշադրություն կդարձնի այդ ձայնին: Եթե ոստիկանի կարիք է զգացվել, ուրեմն պետք է բղավել: Իսկ Դուք, սը՛ր, ի վիճակի չեք բղավել: Դուք խուսափում եք վատ համբավից ու չեք ցանակա, որ Ձեր մասին խոսեն: Հաստատ տեսարան չեք սարքի: Ո՛չ, ո՛չ
Ջենտլմենի կանաչ, փոքրիկ աչքերը տարակուսանքից ավելի նեղացան: Նա 50 տարեկան կլիներ: Մի ձեռքով, որը ձեռնոցով էր, բռնել էր անթացուպը և հավանաբար մտածում էր՝ մի լավ չքոթակե՞լ Կարճլիկին: Բայց հանկարծ կարճ ծիծաղեց.
- Կորի՛ր աչքիցս, կիսատ-պռա՛տ:
- Միայն եթե խոստովանեք, որ հանցագործ եք:
- Լավ, թող այդպես լինի. հանցագործ եմ: Վե՞րջ:
Կարճլիկը զարմացած թարթեց աչքերը:
- Չէ՛: Այնքան էլ հետաքրքիր չի ստացվում: Բոլոր նրանք, որոնց հանդիպել եմ մինչև այժմ, չեն ցանկացել խոստովանել, որ հանցագործ են: Ու ես ստիպված եմ եղել խփել նրանց ծնկներին կամ կծել  ոտնաթաթերը: Հավատացե՛ք, շատ բարդ գործ է: Բայց Դուք ինձ համար նոր երևույթ եք: Մի մարդ, որն իրեն համարում է հաջողակ տականք: Շատ կուզեի Ձեզ բանտ նետել:
- Իսկ դու պատրաստվում ես դա անե՞լ,- հարցրեց ալեհեր ջենտլմենը՝ դնելով մաքրամաքուր, գորշ գլխարկը և ծածկելով կոկիկ կտրած գորշավուն մազերը:
Կարճլիկը թոթվեց ուսերը.
- Նույնիսկ չգիտեմ էլ: Դուք վատ մարդ եք: Բայց եթե որոշեք վերանայել կյանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը, մենք գուցե համաձայնության գանք:
Երևում էր, որ ջենտլմենը Կարճլիկից մի քիչ էր բարձր: Բայց ախր Կարճլիկը շատ կարճ էր: Երեկոյանում էր: Շուրջբոլորը՝ այգում, ծառեր էին, թփուտներ, նստարաններին մարդիկ էին նստած, արահետներով զբոսնում էին քաղաքականության թեմայով վեճերի սիրահարներ: Փողոցով սուրում էին դեղին տաքսիները, մայթերով քայլում էին անցորդները: Ոչ հեռվում կայծկլտում էին թատրոնի դեղնակարմիր նեոնային լույսերը, փայլփլում էին խանութների մեծ, քառանկյուն, լուսավոր ապակիները: Ջենտլմենը բարձրացրեց գլուխը.
- Դու արտասովոր մարդ ես,- ասաց նա:- Ինչ-որ բան կա քո մեջ, որ ինձ դուր է գալիս:
- Տարօրինակ է: Շատերը սկզբից ևեթ զզվում են ինձնից: 
- Սուրճ խմե՞նք,- առաջարկեց ջենտլմենը:- Էրլ Լայոշ: Փաստաբան եմ: Ուզում եմ հասկանալ, թե ինչն է քեզ հետաքրքրում կյանքում:
- Ես սիրում եմ վատություն անել մարդկանց: Կարող ենք նաև մի քիչ զրուցել… Ու ես կորոշեմ՝ Ձեզ բանտ նստեցնե՞մ, թե՞ ոչ: Լա՞վ:
- Լավ, լավ,- համաձայնեց Լայոշը:
Նրանք համաչափ քայլքով դուրս եկան այգուց:
Ափսեի ոստրեներն աչքով էին անում Կարճլիկին: Նա էլ ուշադիր ուսումնասիրում էր իր նրբահամ ազգակիցներին: Լայոշը հմտորեն էր գործածում դանակն ու պատառաքաղը: Նրբագույն մասնիկների էր բաժանում ոստրեները, դրանք վարժ բռնում էր պատառաքաղով, ուտում էր անշտապ՝ դանդաղ ծամելով, և հանդարտ գլխով էր անում Կարճլիկին, որն իր բաժինն ուղղակի կուլ էր տալիս, ինչպես ադիբուդին են բռերով խփշտում: Տպավորություն էր, կարծես սեղանի մոտ աղբաճզմող մեքենա է աշխատում:
[1] էր:

Քառանկյուն սենյակը ծխով լցվեց: Բոլորը նստած ինչ-որ բանի էին սպասում: Լայոշը զգույշ հազաց և ռունգերն ուռցնելով՝ ասաց.
- Ահա թե ինչի հանգեցրին մեր ծրագրերը: Մեկսի՛լ, ես քեզ զգուշացնում էի, որ եթե մի օր բռնենք Կարճլիկին, մեղքի տակից դուրս չենք գա: Ընդհանրապես պիտի չանեինք սա: Ընդամենը երկու րոպե է անցել, և ահա, հիացե՛ք… Այո՛, այո՛, հիացե՛ք: Սո՜ւրբ Աստվածածին, ի՞նչ է կատարվում: Նա քայլ առ քայլ խառնում է մեզ, բաժանում, իրար դեմ հանում: Դուք տեսնո՞ւմ եք: Տեսնո՞ւմ եք: 
Մեկսիլի աչքերն իրար կպան.
- Տեսնում եմ,- ասաց նա:
Մարսոնսը դեռ խաղաքարերն էր խառնում ափի մեջ:
- Եկեք վերջացնենք այս ամենը: Տականք Կարճլիկն արդեն քանի՜ տարի քիթը խցկում է ուրիշների գործերի մեջ: Մենք որոշել էինք, որ նրան կսպանենք ավելի շուտ, քան նա կընկնի մեր հետևից: Ուրեմն սպանենք նրան: Չէ՞ որ մենք չենք ուզում, որ նա եկող գարուն խանգարի մեր նախընտրական արշավները:
Դրամն աշխույժ արձագանքեց՝ պահպանելով դեմքի բարյացակամ արտահայտությունը.
- Ես էլ եմ կողմ: Ուզում էինք սպանել, չէ՞: Ուրեմն սպանենք:
- Իսկ լսե՞լ եք մկան մասին, որը մահու չափ վախեցրել էր փղերի նախիրը:- Կիսաձայն հարցրեց Կարճլիկը՝մի կողմ նետելով անավարտ գլանակը:- Երբևէ ես կսովորեմ ծխախոտ փաթաթել, գրողը տանի, - նա նայեց Մեկսիլին:- Դու ուզում ես մարզային դատախազ դառնալ: Որպես դատախազ՝ դու քո հովանու տակ ես վերցնելու խաղային բիզնեսը, հատկապես` կինոստուդիաներում: Մարսոնսը քո աջ ձեռքն է, ձիարշավի բուքմեյքերների արքան: Դրամը լինելու է դերասանների ու դերասանուհիների հետ կապող օղակը: Այնպես որ լավ գործ եք մտածել: Իսկ անհաջողության դեպքում ձեզ օգնության կհասնի մեր երանելի «Շանել N 5»-ը և լաքած եղունգների տիրակալը` պարոն Լայոշը:
Կարճլիկը ձեռքերը հաճույքով շփեց իրար ու թիկն տվեց աթոռին.
- Բա՛յց…- բացականչեց նա,- պարոն Լայոշն ունի իր սեփակա՛ն ծրագիրը. նա աչք է դրել մարզային դատախազի պաշտոնին: Եվ այս երեկո, երբ գալիս էինք այստեղ, նա ինձ հազար դոլար տվեց` պայմանով, որ կավելացնի ինը հազար դոլար:
Մեկսիլը ոլորեց քնատ աչքերը.
- Ինչո՞ւ ես այդ ամենը մեզ պատմում: Ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկել: Ինչո՞ւ ես հենց այնպես դուրս տալիս:
- Ինձ խորապես դուր չի գալիս պարոն Լայոշի վարվելաձևը: Ես չեմ սիրում երկու խաղ վարող դավաճաններին ու խաբեբաներին: Իմ համոզմունքներն ինձ հուշում են, որ նրանց հետ պետք է վարվել նույն կերպ:
- Բայց այդ դեպքում,- նկատեց Մեկսիլը,- Դուք կարող եք փամփուշտ ստանալ Ձեր ճակատին:
- Ես սովոր եմ խաղալ ճակատագրիս հետ: Ես պիտի որ վաղուց մահացած լինելի: Կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ: Ասենք` դուք ինձ տեղեկություններ եք հաղորդում այլ հանցագործների մասին, որոնց դուք ինչ-որ պատճառով չեք սիրում: Եվ չեք խոչընդոտում նրանց վերաբերյալ իմ ձեռնարկած քայլերին: Ես մաքրում եմ ձեր ճանապարհը, և դուք հանգիստ եք թողնում ինձ: Ահա այս գործարքն եմ առաջարկում ձեզ: Միակ բանը, որ պետք է անեք, Լայոշին ինձ հանձնելն է: Նա ստոր մարդասպան է, հավատացե՛ք ինձ:
- Առաջին հայացքից միանգամայն խելամիտ առաջարկ է, չէ՞, Մեկսի՛լ,- նկատեց Դրամը:
- Գուցե,- դեռ անտարբեր ձայնով ասաց Մեկսիլը արթնանալով:- Դու, Կարճլի՛կ, ամեն ինչի պատրաստ ես հանցագործներին բռնելու համար, չէ՞:
- Ամեն ինչի,- հաստատեց Կարճլիկը:- Եթե նույնիսկ դրա համար պետք լիներ պաշտպանել որոշ հանցագործների: Ախր կկարողանամ մի քանի տասնյակին ձերբակալել: Պետք է կարողանալ խաղալ, ես կասեի:
Այս ընթացքում Լայոշի դեմքն ավելի ու ավելի էր ձգվում և սփրթնում: Լսածը չէր կարողանում ընկալել և փորձում էր ճիշտ բառերը գտնել հակաճառելու համար, բայց դրանք չէր գտնում:
- Ստում է,- ծակող ձայնով ճչաց Լայոշը:
Կարճլիկը հանդարտ խորհուրդ տվեց.
- Հավաքե՛ք Ռոչեստեր-7-6-11 համարը և խնդրե՛ք կանչել Բերտին: Նա ձեզ ամեն բան կասի:
Մեկսիլը սիրով նայեց հեռախոսին: Լայոշը որսաց նրա հայացքն ու հետ ու առաջ արեց սեղանի մոտ:
- Մենք ոչ մեկին չենք զանգի և ոչ մեկին ոչինչ չենք հարցնի,- ծղրտաց նա:- Ոչ մեկին էլ չենք զանգի:
Մեկսիլը թափ տվեց իր սիգարի վարդամոխրագույն մոխիրն ու դիմեց Մարսոնսին.
- Զանգի՛ր Ռոչեստեր-7-6-11…
- Եթե նա դիպչի հեռախոսին,- հայտարարեց Լայոշը` հասակով մեկ ձգվելով,- ես դուրս կգամ խաղից: Մենք այլևս չենք կարողանա վստահել միմյանց:
- Հասարակ զանգ է` անվտանգության նկատառումով,- բացատրեց Մեկսիլը:
Լայոշն ուզում էր բացել բերանը, սակայն փութկոտ փակեց այն և գլուխը տարուբերելով՝ արտասանեց.
- Լավ, զանգե՛ք: Զանգե՛ք:
Մարսոնսը հավաքեց համարն ու գծի մյուս կողմում լսեց մեղվի բզզոցի պես ձայներ: Բայց մեղուն մեկեն անհետացավ. նրան սպանեց նա, ով վերցրեց լսափողը: Կարճլիկը նստած էր արտաքուստ անվրդով: Դրամն ամբողջովին առաջ էր մղվել մարմնով ճիշտ այնպես, ինչպես մի անգամ արել էր «Սերը հրաշալի է» ֆիլմի մի տեսարանում: Մեկսիլը կարծես լսում էր իր խոշոր աչքերով: Մարսոնսը խոսեց փոքր-ինչ նյարդային.
- Բե՞րտ:
Համատարած լռության մեջ խոսափողում հնչեց Բերտի ձայնը: Այն կարծես պարելիս լիներ ծխի քուլաներում: Ցածր էր, կարծես խաղալիքի ձայն, բայց շատ հստակ էր.
- Այո՞:
Մարսոնսը ճպճպացրեց աչքերն ու խոսեց խոսափողի մեջ.
- Ես զանգում եմ այս երեկո տեղի ունեցածի կապակցությամբ, Բե՛րտ…
- Նկատի ունեք հազար դոլարը,- ճշտեց Բերտը:
Լայոշը ջղաձգումների մեջ կուլ տվեց թուքը, ու նրա այտերն ավելի սփրթնեցին, իսկ բերանի շուրջը եղած կնճիռներն ավելի նկատելի դարձան: Մեկսիլը կոտրեց իր սիգարը: Մարսոնսը հազիվ ձեռքում պահեց խոսափողը: Դրամը հայհոյեց քթի տակ: Կարճլիկը ժպտաց:
- Կարճլիկի փողը կմնա ինձ մոտ,- ասաց Բերտը:- Նա կարող է այն ստանալ, երբ կամենա:
Լռություն տիրեց: Մարսոնսը կախեց խոսափողը:
- Ճիշտ չէ,- ասաց Լայոշը` հայացքը Մեկսիլից փոխելով Դրամին, հետո` Մարսոնսին:- Կարճլիկը ստում է:
- Դրա՛մ,- ասաց Մեկսիլը,- ատրճանակը վերցրո՛ւ նրանից:
Դրամը վեր կացավ և սեղանի կողքով մոտեցավ Լայոշին:
- Չմոտենա՛ք ինձ,- զգուշացրեց Լայոշը: - Այս ամենը սարքած է: Լսե՜ք… Թողեք հասկանամ` ինչ է կատարվում: Պետք է պահպանել դեմոկրատական կանոնները:

Դրամը շարունակում էր մոտենալ: Նա չէր ենթադրում, որ Լայոշը կկրակի: Լայոշն էլ չէր պատրաստվում դա անել: Բայց նա ամեն բան կարծես բնազդաբար արեց: Ատրճանակը ճայթեց` փողից կապտակարմիր բոցի շիթ ժայթքելով:
- Ա՜խ,- բացականչեց Դրամը:
Դա նրա լավագույն ռեպլիկն էր այս ամբողջ ընթացքում: Նա տնկվել էր սենյակի կենտրոնում` փամփուշտը փորում: Մարսոնսը զայրույթով նետեց խաղաթղթերը, որոնք թափվեցին սենյակով մեկ աղունիկների պես: Մեկսիլը քարացել էր տեղում: Կարճլիկը մի քիչ ընկրկեց վտանգավոր տեղից հեռու մնալու համար: Լայոշը նայում էր Դրամի փորում բացված անցքին ու չէր հավատում իր աչքերին.
- Ես չէի ուզում…- նվաղելով մռթմռթաց նա և մի քայլ արեց դեպի ետ:- Ահա ատրճանակը, վերցրո՛ւ,- ասաց նա Մարսոնսին` նրան նետելով զենքը:- Կրակելու միտք էլ չունեի: Ես մեղավոր չեմ: Ակամա ստացվեց:
Լայոշը խեղդվում էր հեծկլտոցից: Դրամը դեռ կանգնած էր նույն տեղում, և նրա գլխավերևում թևածում էր մահվան ուրվականը: Մահն արդեն խժռում էր նրա մարմինը, կտրատում էր արմատները, որոնք Դրամին կապում էին երկրային կյանքի հետ: Նա նետվեց Դրամի վրա` բացականչելով.
- Զգուշացի՜ր
Եվ Դրամը փլվեց հիմքից կտրած կաղնու պես ու անշարժ փռվեց գետնին: «Մեկը պատրաստ է,- հաճույքով մտածեց Կարճլիկը:- Իրականում` երկուսը: Մեկը մահացած է, մյուսին կմեղադրեն սպանության մեջ: Ա՛յ քեզ ուրախություն»:
Այժմ բոլորը դողում էին: Նույնիսկ Մեկսիլը: Մարսոնսը դողէրոցքի մեջ էր: Նա նման էր սպիտակաբաշ, վախեցած վարգաձիու: Լայոշը` իր մանրակրկիտ արդուկած կոստյումի մեջ պարփակված, պառկել էր սենյակի անկյունի բազմոցին և ողբում էր կնոջ պես` իր ընտիր փողկապով մաքրելով արցունքները: Կարճլիկն անհավանական հաճույք էր ստանում այս ամենից, կարծես կրկեսային ներկայացման լիներ, որը նրան շատ էր դուր գալիս:
- Վերջացրո՛ւ,- արտասվող Լայոշին ասաց Մարսոնսը:- Հավաքի՛ր քեզ, դե՛, ծերո՛ւկ…
Երբ Լայոշը վերջացրեց ողբը, Մեկսիլը շրջվեց դեպի Կարճլիկը, որի սիրտը խելագարի պես թռչկոտում էր հիացմունքից:
- Իրականում ինչո՞ւ ես եկել այստեղ:
- Եկել եմ՝ ձեզ հետ ծանոթանալու և այլ հանցագործների հետ հանդիպելու:
Մեկսիլը նոր սիգար վառեց, կարծես այն կարող էր հիշեցնել նախկին մտքերն ու տեսությունները:
- Եվ հանուն դրա պատրաստ էիր հարվածի տակ դնել կյա՞նքդ:
- Ես առաջ էլ եմ ռիսկի դիմել, թեև առիթներն անհամեմատ չնչին էին: Գերադասում եմ ամեն ինչ պարզել ներսից: Առաջ, այսպես ասած, դրսից էի հետևում գործին: Բայց ներսից ամեն բան հասկանալն ավելի լավ է:
- Քո պատմածի մեջ,- ասաց Մեկսիլը` նայելով սիգարի այրվող ծայիրն, կարծես այն օգնելու էր ավելի հստակ ձևակերպել միտքը,- ոչ մի բան իրար հետ չի բռնում: Եթե Լայոշը, իրոք, ուզում էր մեզ հանձնել քեզ, ուրեմն ինչո՞ւ այսքան հանգիստ վերցրիք ու միասին եկաք այստեղ: Ինչո՞ւ չներխուժեցիք` կրակելով ատրճանակով:
Կարճլիկը չէր կողմնորոշվում` ինչ պատասխանել Մեկսիլին: Գլանակ փաթաթելու ճիշտ պահն էր: Նա հանեց թութունն ու գլաթուղթը` մտքում վերլուծելով կատարվածը, բայց որևէ խելոք միտք նրա գլխում չէր ծնվում:
- Մենք սկզբում ուզում էինք գալ ու խոսել ձեզ հետ` ձեր զգոնությունը բթացնելու համար,- վերջապես ասաց Կարճլիկը:- Լայոշն առաջարկեց անել հետևյալը. նա պետք է սպաներ քեզ ու Մարսոնսին, հետո պետք է ատրճանակը դներ Դրամի ձեռքը և ձեր զենքից գնդակահարեր նրան: Այնուհետև պետք է զանգեինք ոստիկանություն ու անհետանայինք: Լայոշն իմ օգնության կարիքն ուներ, քանի որ կարող էր չդիմանալ լարվածությանը: Նա հույս ուներ, որ ես մարտի կբռնվեմ, կբղավեմ, կվազեմ ու կցատկեմ, ձեր վրա կհարձակվեմ թիկունքից: 
Մեկսիլն այս խոսքից մտքերի մեջ ընկավ: Լայոշն իր ողբը մի պահը կտրեց և կմկմաց.
- Սու-տ է ա-սում…
Կարճլիկը քրքջաց.
- Ուզում ես կաշիդ փրկե՞լ: Դրամը` մեր կինոստուդիաների լավագույն դերասանը, մահացած է: Եվ ո՞վ նրան սպանեց: Ե՞ս… Ո՛չ: Ոչ էլ Մեկսիլը: Այլ Լայոշը: Ահա այսպիսի բաներ, տղե՛րք: Դուք հասկանում եք, չէ՞, որ անհնար է սա պարտակելը:
Մեկսիլն անշտապ գլխով արեց:
- Բայց այս ամենի մեջ մի մեծ հակասություն կա,- նկատեց նա` ուղղվելով բազկաթոռի մեջ ու նայելով իր փորին:- Ինչո՞ւ Դրամի վրա կրակելուց հետո Լայոշն այլևս չկրակեց: Չէ՞ որ նա կարող էր սպանել և´ ինձ, և´ Մարսոնսին:
Կարճլիկը կրկին ձեռքը վերցրեց թութունն ու գլաթուղթը.
- Այս հարցում ճիշտ ես: Այո՛,- համաձայնեց նա:
Մեկսիլը նույնպես ուզում էր ավելի խորը մտածել, ուստի ասաց.
- Լայոշն անմիջապես գցեց ատրճանակը: Նա չէր ուզում սպանել Դրամին: Պատահաբար ստացվեց: Կարծում եմ, որ իրոք անզգուշություն էր: Լայոշն այս ամբողջ ընթացքում ուզում էր քե´զ սպանել, Կարճլի´կ: Մենք այդպես էլ որոշել էինք: Նա քեզ քարշ տվեց այստեղ, որ սատկացնի քեզ, բայց դու սկսեցիր փիլիսոփայել: Մենք այստեղ` ներքևում, մի պարկ ցեմենտ ունենք, իսկ Սանտա Մոնիկայում սպասում է նավակը: Մի խոսքով` մենք ուզում ենք քեզ ձկների կեր դարձնել…
- Ա՛յ թե պատահականություններ են լինում, գրողը տանի,- բացականչեց Կարճլիկը:- Ծերուկ Լայոշի նյարդերը տեղի տվեցին: Այստեղ գալու ճանապարհին նա ամբողջ ժամանակ ասում էր. «Հուսով եմ` կարող եմ դա անել: Տա Աստված, որ նյարդերս տեղի չտան»: Նա հին խաբեբա է, և հակառակը չես ապացուցի: Այնպես որ, Մեկսի՛լ, այս պահից ես կապված եմ ձեզ հետ: Մենք նույն գործն ենք անում: Խոստովանի՛ր, որ մինչև ականջներդ խրվել եք քաքի մեջ: Դրամի սպանությունն ինչպե՞ս եք կոծկելու:
- Քեզ կսպանեմ և իմ ատրճանակը կդնեմ Դրամի ձեռքը, իսկ Լայոշի ատրճանակը կդնեմ քո ձեռքը,- ասաց Մեկսիլը:
- Ես երբեք ատրճանակ չեմ կրում,- նկատեց Կարճլիկը:
- Այս երեկո ատրճանակով էիր:
- Ոստիկանները գիտեն, որ ատում եմ զենքը: Եթե նրանք մոտս զենք գտնեն, անմիջապես գլխի կընկնեն, որ ինչ-որ բան այն չէ: Ձեզ պատասխանատվության կկանչեն, ինչպես հարկն է, կմշակեն… Բոլորդ էլ գիտեք, որ ձեր փսլնքոտ Լայոշն անմիջապես տակը կլցնի ու ձեզ կծախի: Եվ դրանից հետո ի՞նչ կլինի ձեզ հետ:
Մեկսիլն ակնհայտորեն անհանգստացավ.
- Ասա տեսնեմ` ինչ ես առաջակում:
- Պետք է սպանել Լայոշին: Պետք է ասել, որ նա կանխամտածված է սպանել Դրամին: Մեկ է, նրանից օգուտ չկա: Նրան վստահել չի լինի:
Լայոշը կրկին հիստերիայի մեջ ընկավ:
- Վատ գաղափար չէ,- ասաց Մեկսիլը,- շնորհակալ եմ:
- Խնդրեմ:
- Ո՜չ,- հուսահատ ծղրտաց Լայոշը:

Այնուհետև դեպքերը կտրուկ ընթացք ստացան: Դե՛, տաքգլուխ տղերքի տաք արյունը եռաց: Զգացմունքային լարումն իր գագաթնակետին հասավ սենյակում: Մեկսիլն արդեն չէր կարողանում տեղը նստել:
- Ո՜չ,- կրկին բղավեց Լայոշը:
Կարճլիկը խորհուրդ տվեց Լայոշին գնդակահարել նախքան այն պահը, երբ նա իսկական նյարդային ցնցումների մեջ կընկնի: Մեկսիլը գլխով դրական նշան արեց: Նա հանեց իր ատրճանակն ու նշան բռնեց երևակայական թիրախի ուղղությամբ: Ու մտքերի մեջ ընկավ…
- Ո՜չ,- խռպոտած ձայնով կրկնեց Լայոշը:
- Ո՞վ է այստեղ հրամաններ տվողը` դո՞ւ, թե՞ նա,- Լայոշին սաստեց Կարճլիկը:- Դե՛, Մեկսի՛լ, վե՛րջ տուր դրան:
Եվ Մեկսիլը կրակեց: Կարճլիկը զվարթ վեր թռավ տեղից:
- Մա՛րսոնս, դու ատրճանակ ունե՞ս:
- Այո՛,- ասաց Մարսոնսը` ձեռքով թփթփացնելով թևատակի կաբուրան:
- Ես կխոսեմ, իսկ դու, Մա՛րսոնս, նշա՛ն բռնիր ինձ: Դե՛… Հանի՛ր ատրճանակդ ու նշա՛ն բռնիր: Ա՛յ, այդպես, ապրես:
Կարճլիկի շնչառությունն արագացել էր: Նա մտքի մեծագույն լարումով հաշվարկում էր տարածությունն ու համադրում հնարավոր գործողությունները:
- Լսի´ր, Մա՛րսոնս, տարօրինա՞կ չէ, որ այս փոքրիկ սենյակում այսքան սպանված կա:
- Տե´ղդ նստիր, Կարճլի´կ,- հրամայեց Մեկսիլը:
Ամբողջ խումբը ճնշված տեսք ուներ, գրգռված էր, անվստահ: Դրամը մարմնով մեկ փռված էր հատակի գորգին` ոչ մի կերպ չհավատալով, որ ինքը վաղուց հանգուցյալ է: Ո´չ: Մեծագույն և անկրկնելի, միակ ու եզակի Կելվին Դրամը չէր կարող մեռնել: Լայոշը նույնպես չէր կարող հավատալ սեփական մահվան փաստին: Նրա դեմքը ցասում ու  խռովք էր ճառագում, ինչը նրա դեպքում ծիծաղելի էր, քանի որ կյանքը սկսել էր հեռանալ նրա սառչող մարմնից: Նա և Դրամը աշխարհից հեռացան` չհավատալով մահվան ռեալությանը և չհասկանալով, թե դա ինչպես կարող էր պատահել իրենց հետ: Չէ՞ որ այդ ամենն այնքա՜ն անարդար էր:
- Քե´զ տեսնեմ, Մա՛րսոնս, շո´ւրջդ նայիր,- կտրուկ գոչեց Կարճլիկը:
Նրա բոցկլտացող, սև աչքերը մի առարկայից մյուսն էին թռչկոտում:
- Դրամը սպանված է: Բայց ինչո՞ւ: Լայոշը գնդակահարեց նրան: Այսպե՜ս… Իսկ ո՞վ էր, որ Դրամին հրամայեց Լայոշի ձեռքից խլել ատրճանակը: Մեկսիլը: Նա գիտեր, որ Լայոշը նյարդային է, կատվի պես դյուրագրգիռ, կարող է կրակել, բայց, այդուամենայնիվ, Դրամին հրամայեց Լայոշից խլել ատրճանակը: Դա հավասարազոր էր մահվան դատավճռի: Նայե՛ք Դրամին: Սպանված է… Այս ամենն իբր քիչ էր, Մեկսիլն էլ կրակեց Լայոշի վրա: Աստված վկա, ցերեկվա պես պարզ է ամեն ինչ: Քո բոլոր ընկերները սպանված են: Ա՜յ քեզ պատմություն:
- Կարճլի´կ,- ձայն տվեց Մեկսիլն ու ելավ բազկաթոռից:
- Զգուշացի´ր, Մա՛րսոնս,- գոչեց Կարճլիկը` սենյակի մի անկյունից մյուսը ցատկելով, ինչպես աքիսն է պատեպատ խփվում զոհին ատամներով ավելի լավ բռնելու համար. նա բղավում էր, կքանստում, խույս տալիս…- Կրակի՛ր Մեկսիլի վրա: Սպանի´ր դրան, քանի չի գնդակահարել քեզ:
Կարճլիկը թռավ Մարսոնսի թիկունքը և թաքնվեց այնտեղ այն պահին, երբ Մեկսիլը կրակեց: Կարճլիկի համար նախատեսված փամփուշտը ծակեց Մարսոնսի ազդրը:
- Մե´կսիլ, կեղտո´տ վիժվածք,- տնքաց Մարսոնսը` ցավից գալարվելով ու միաժամանակ գիտակցելով, որ աղետալի վիճակում է: Ոտքի ջղացնցումը հարվածեց նրա ձեռքին և նա քաշեց ձգանը: Մարսոնսի ատրճանակը երեք կրակոց արձակեց: Բոլոր երեք գնդակները դիպան Մեկսիլին և նրան կրկին նետեցին բազկաթոռի գիրկը: Մեկսիլը դողացող մատներով շոշափեց իր փորը: Նրա աչքերը ճակատը թռան և այդպես էլ քարացան: Աստվա՜ծ իմ, տեսնես ինչի՞ մասին էր մտածում, երբ անսպասելի վրա հասավ մահը: Գուցե «Միշտ երեք պորտ եմ ունեցել, բայց նայե՛ք, այժմ չորսն են: Երեք նորը հայտնվեցին»:
Կարճլիկը մռնչոցի պես գոչեց, մատներով կառչեց Մարսոնսի բազկից ու նրան ձգեց դեպի իրեն: Հետո ոտքով թեքանցում արեց, փլվեց գետնին և անմիջապես մի կողմ գլորվեց: Նա լսեց, թե ինչպես թրխկաց Մարսոնսի ատրճանակը` ընկնելով հատակին, ու թե ինչպես ործկաց Մարսոնսը` կեղտոտ հայհոյանք տալով: Կարճլիկը վեր կացավ ու ամբողջ ուժով հարվածեց Մարսոնսի դեմքին: Ոտքով: Մարսոնսի դեմքը նրան շատ տարօրինակ թվաց: Մարսոնսը թեքվեց մեջքի վրա ու քարացավ:
Մարտի դաշտում գերեզմանային լռություն տիրեց: Կարճլիկը մեխված էր ապանդանոցի կենտրոնում: Նա հանկարծ հասկացավ, որ առաջին անգամ է տեսնում այսքան դիակ նույն սենյակում, և բոլորը` զարմացած հայացքներով: Կարճլիկը սկսեց քթի տակ սուլել ինչ-որ դետեկտիվ ֆիլմից մտապահած մի մեղեդի: Ու հեռացավ դեպքի վայրից:
Դեղատան ավտոմատ հեռախոսը կուլ տվեց Կարճլիկի մետաղադրամը: Նա հավաքեց անհրաժեշտ համարը.
- Ալո՛, Բե՞րտ: Այս երեկո շատ լավ խաղացիր քո դերը: Հրաշալի էր, Բե՛րտ…
- Ուրախ եմ, Կարճլի´կ: Միշտ էլ կարող ես վստահել ինձ: Հավաքարարի գործը հոգնեցնող է, ամբողջ գիշեր միայնակ աշխատելն ու ավլել-մաքրելը շուտ է ձանձրացնում: Ես ճի՞շտ էի մտապահել այն տեքստը, որը սովորեցրել էիր ինձ:
- Մեկը մեկին: Ու չմոռանաս, Բե՛րտ. այսօրվանից սկսած՝ տեքստը կմնա նույնը:
Բերտը կոկորդը մաքրեց.
- «Նկատի ունեք հազար դոլա՞րը: Գումարն ինձ մոտ կլինի այնքան ժամանակ, մինչև որ Կարճլիկը վերցնի ինձնից»:
- Հրաշալի է, Բե՛րտ, հիասքանչ է: Բարի գիշեր, Բե՛րտ:
Կարճլիկը ժպտալով կախեց լսափողը: Դեղատնից դուրս գալով՝ նա գրպանից հանեց գլանաթուղթն ու թութունը: Ու կրկին փորձեց գլանակ փաթաթել: Կրկին չստացվեց: Կարճլիկը ճմռթեց այն բռի մեջ, նետեց ոտքի տակ ու տրորեց:
- Գրողի ծոցը: Մի օր կստացվի:
Այդ պահին նրա կողքով անցավ մեկը, որը բանկ կտրողի տեսք ուներ: Կարճլիկը նրան ոտքից գլուխ չափեց ուշադիր հայացքով.
- Է՜յ, պարո´ն,- ձայն տվեց նա անցորդին` վազելով հասնելով նրա հետևից,- սիգարետ կա՞:



[1] Սեմ Սփեյդ (ծան. թարգմ.) – մտացածին մասնավոր խուզարկու, Դեշիլ Հեմեթի «Մալթայի բազեն» (1930) վեպի և պատմվածքների գլխավոր հերոսը:
 

Տարածել