BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սուպերպրոֆեսիոնալիզմի և բարոյականության սահմանին

Սուպերպրոֆեսիոնալիզմի և բարոյականության սահմանին

Պատասխանատվությունն այն է, որ պատրաստ ես պատասխան տալ ամեն ինչի համար` և՛ արածիդ, և՛ չարածիդ, եթե նույնիսկ ոչ ոք պատասխան չի պահանջում քեզնից: «Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին»: Հովհաննես Թումանյանն ինքն էր իրեն տալիս այս հարցը: Նրան ոչ ոք չէր մեղադրում, ոչ ոք պատասխանատվության չէր կանչում, բայց նա իրեն պատասխանատու էր զգում այն ամենի համար, ինչը կատարվում էր իր շուրջ: Պատասխանատվության տեսակները շատ են, բայց ամենադժվարը մասնագիտական պատասխանատվությունն է: Եվ բարոյականը: Մասնագիտական պատասխանատվություն ես կրում որպես պրոֆեսիոնալ, բարոյական` որպես մարդ: Դրանք մի քիչ տարբեր բաներ են:
Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում շատ էին պրոֆեսիոնալ բժիշկները: Նրանք, որպես պրոֆեսիոնալ, բարեխղճորեն հետազոտում էին, թե երեխաների օրգանիզմներն ինչպես են հյուծվում միայն սիզախոտով սնվելու դեպքում, և որքան ժամանակում է կանգ առնում նրանց սիրտը: Իրենց մասնագիտական պարտականությունները նրանք կատարում էին անթերի: Գերճշգրիտ: Առանց աչքը թարթելու: Գաղափարական մարտիկներ էին: Բարոյական պատասխանատվություն նրանք չէին կրում: Ավելի ճիշտ` բարոյական պատասխանատվության ցուցանիշն անձնական նվիրվածությունն էր ֆյուրերին:
Սուպերպրոֆեսիոնալը միշտ ռիսկային գոտում է: Բարոյականության սահմանն աննկատ անցնելու ռիսկը սուպերպրոֆեսիոնալիզմի գինն է: Սուպերպրոֆիին միայն բարոյական պատասխանատվության զգացումն է ետ պահում մարդկային դեմքը կորցնելու գայթակղությունից: Ամենագրավիչը ամենակարողությունն է` թեկուզ մարդկայնությունը կորցնելու գնով: Բայց այդ դեպքում ի՜նչ արժի քո կյանքը և քո հաղթանակը, եթե մյուսները քո կողքին են սոսկ այն պատճառով, որ քո դեմ լինելը վտանգավոր է: Պատասխանատվությունը` մյուսներին օգնելու համար սեփական հոգսերը մոռանալու ունակությունն է: Սեփական դժբախտությունից հրաժարվելու հերոսությունը: Հակառակ դեպքում` ի՞նչ պատասխան պիտի մենք տանք հող ու ծաղիկ տվողին:

Տարածել