Գլխավոր Հոդվածներ

«Ցեղասպանագիտության շաբաթ» քառօրյակի վերջին ակորդը

«Ցեղասպանագիտության շաբաթ» քառօրյակի վերջին ակորդը տրվեց «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» քննարկումով (լուսանկարներ)

04/25/2025

newmag-y-n

3 նոր գրքերի շնորհանդեսներից հետո Newmag հրատարակչության ու ՀԲԸՄ-ի «Ցեղասպանագիտության շաբաթն» ամփոփվեց ապրիլի 24-ին` «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով քննարկումով։





«Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով քննարկումը վարեց հաղորդավար, խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանը: Պանելային բանախոսներն էին նոր գրքի հայերեն հրատարակության համար Հայաստանում գտնվող թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆոսեր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և քաղաքագետ Հովսեփ Բաբայանը։





Հաղորդավար, խմբագիր Տաթևիկ Բաղդասարյանը նկատեց, որ ժխտումից ու հերքումից բացի, Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Վերջին ու ամենացայտուն օրինակն Արցախի 44-օրյա պատերազմն է, որին ակտիվ մասնակցեց Թուքրիան։ Այս համատեքստում էլ ծավալվեց քննարկումը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ պետք է նախ հաշվի առնել՝ այսօրվա Թուրքիայում ցեղասպան քաղաքականությունը շարունակու՞մ է գերիշխել, թե՞ ոչ. 





«Ֆիքսենք, որ ցեղասպան մտածողությունը շարունակվում է և՛ կադրային, և՛ սիմվոլիկ առումով։ Պարոն Աքչամն այդ ամենը շատ լավ ներկայացրել է իր աշխատանքներում, երիտթուրքերից շատերը դարձան ղեկավարներ։ Թուրքիայի երեք նախագահները, մինչև 1960 թվականը երիտթուրքական գաղափարների կրողն էին։ Բոլոր ոճրագործները մեծարվեցին։ Այս նույն մտածողությունը տեղ գտավ Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Արցախի օկուպացիան ընթանում էր Էնվեր փաշայի ոգեկոչման ներքո։

Հիշենք Ալիևի ելույթը, որն ասաց, որ Էնվեր փաշայի ոգին փառավորվեց։ Այսօր էլ առաջին անվանափոխված փողոցներից մեկը Ստեփանակերտում Էնվերի անունն է կրում։ Կա արդյոք ցեղասպան մտածողության դադար, թե շարունակվում է այն կրթականից, մինչև պետական հռետորաբանություն, պարզ է։ Ինքնախաբեությունը պետք է դադարենք, որ Թուրքիան այլ կերպ է մտածում, սխալ է»։ 





Ըստ Ռուբեն Մելքոնյանի` այսօր հայկական պետական քաղաքականությունը ոչ միայն չի նպաստում, այլ նաև խանգարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պահանջին։ Հատկապես մտածելակերպը, որ պարտադրվում է հասարակությանը, թե այսօրվա Թուրքիան փոխվել է, ինքնախաբություն է։ 





Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը նույնպես խոսեց վերաիմաստավորման մասին և առաջակեց իր ճանապարհը.





«Պետք է վերաիմաստավորենք կրթությունն ու ուրացման, արդարացման դեմ պայքարը։ Պետք է վերաիմաստավորենք Հայոց ցեղասպանությունը հանրային դպրոցներում։ Այն, ինչ դասավանդվում է դպրոցներում ու բուհերում, բավարար չէ։ Շատ քիչ ծրագրեր կան։ Այս ուղղությամբ պետք է աշխատել. կա մեթոդաբանական բաց։ 

Անցյալ տարի Թուրքիայի դեսպանատների, դիվանագիտական առաքելությունների թիվն ավելացել է աշխարհում։ Նրանք ոչ միայն իրենց գաղափարներն են տարածում, այլ նաև աշխարհին են ներկայացնում ադրբեջական թեզերը։ Ահռելի ռեսուրսներ են ծախսում, իսկ մեր պետական քաղաքականությունն ասում է, որ պետք է քննարկել Ցեղասպանության ճանաչումը»։ 





Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում Արցախի դեմ ըստ էության ցեղասպան քաղաքականության շարունակությունն է. 





«Աթա Թուրքը ցեղասպանության գաղափարը ընկալում էր աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Նա կարծում էր, որ Հայաստանը, որպես խոչնդոտ, պետք է վերանա։ Այդ մոտեցումը դեր խաղաց նաև 2020 թվականին։ Պետք է վերացնել Արցախը, որպես աշխարհաքաղաքկան երևույթ։ Եվ, որպեսզի այսօր կարողանանք վերաիմաստավորել Հայոց ցեղասպանությունը, մենք ուշադրություն պետք է դարձնենք հայ ժողովրդի մեծ դիմադրությանը։ 

Շատ եմ կարդում ցեղասպանության զոհերի հուշերը։ Զոհերի երեխաները հիշում են, թե ինչպես են մայրը, հարազատները կռվել առանց զենքի, մինչև վերջին շունչը։ Այդ անհատական, անհույս պաշտպանությունները շատ կարևոր են։ Հայ ժողովրդի մյուս ամենակարևոր արձագանքը եղավ, որ 18 թվականին հայ ժողովուրդը ուժ գտավ վերականգնել իր պետականությունը։ Այդ հանգամանքներին պետք է նոր աչքով նայենք ու այդ կոնտեքստով շարունակենք»։ 





Թուրք պատմաբան Թաներ Աքչամը կարծում է, որ Ջո Բայդենի ճանաչումից հետո, Հայոց ցեղասպանության ընդունումը միջազգային քաղաքականությունից դուրս է եկել, քանի որ այն արդեն ճանաչված ու ընդունված փաստ է։ Ըստ Աքչամի` Թուրքիան հայերի ցեղասպանությունը կճանաչի միայն այն դեպքում, երբ իր ներսում դեմոկրատական ուժերի փոփոխություն լինի.





«Հրանտ Դինքի սպանությունից հետո դեմոկրատական պատկերացումներ ունեցողները հաղթել են։ Այսօր այն դիմադրությունը չկա Թուրքիայում, ինչ կար նրա սպանությունից առաջ։ Ցեղասպանության ճանաչումն արդարության հարց է։ Իսկ արդարություն կարող է լինել միայն ժողովրդավարական երկրում»։ 

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` Թաներ Աքչամը լավատեսական մոտեցում ունի Թուրքիայի հարցում. «Թուրքիան պատրաստ չէ իր մեղքի ընդունմանը։ Նույնիսկ միջին թուրքը կասի այն, ինչ ասում է պետական գաղափարախոսությունը»։ 





Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հաստատում է, որ Թուրքիան այսօր էլ հերքում է Հայոց ցեղասպանությունը, ավելին՝ կտրականապես ժխտումը կարող է բերել ցեղասպանության կրկնությանը։ Վահրամ Տեր-Մաթևոսյանը նույնպես համարում է, որ ավտորիտար Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին, անիմաստ է։ Թուրքագետը վստահ է, որ ակնկալել, որ առաջիկայում կլինեն փոփոխություններ, չկա նման հույս։ Իսկ այն մարդիկ, որոնք Դինքի սպանությունից հետո դուրս էին եղել Թաքսիմի հրապարակ, կամ բանտերում են, կամ փախել են Եվրոպա։ 





Թուրքագետներին ու թուրք պատմաբաններից հարց ուղղեց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը. ինչ գրքեր է պետք հրատարակել ցեղասպանության մասին. օրինակ՝ Թաներ Աքչամը խորհուրդ տվեց թարգմանել Դիրք Մոզեսի «Ցեղասպանության խնդիրները» գիրքը։ Մյուս կարևոր հրատարակությունները ցեղասպանագիտական ամսագրերն են, որտեղ ներկայացվում են տարբեր միջազգային համաժողովների քննարկումները, որոշումները։

Տարածել