BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռոբերտ Սահակյանց. Ճաշակով մարդն Օպերայի դիմաց սրճա

Ռոբերտ Սահակյանց. Ճաշակով մարդն Օպերայի դիմաց սրճարան չէր կառուցի

Երևանն ապշեցուցիչ քաղաք է: Հիանալի Հյուսիսային պողոտա: Քաղաքը սկսում է նմանվել մայրաքաղաքի ու ոչ թե ինչ-որ էկզոտիկ վայրի: Ես էլ եմ ցավում այդ մեկ-երկուհարկանի սև տների համար, զարդանախշերով պատշգամբների համար, բայց Տերյան փողոցի կավածեփ տները հաստատ չեմ ափսոսում: Իսկ ահա Օպերայի շենքն անճոռնի կառույցով փակելը պարզապես անխելքություն է: Եվ արդարացում չէ այն, որ նոր քաղաք ես կառուցում: Այստեղ կաշառքով շինարարություն են իրականացնում մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն: Բոլոր խնդիրների լուծումն ընդհանուր մշակույթն է ու բարձր ճաշակը: Ճաշակով մարդն Օպերայի շենքի դիմաց սրճարան չէր կառուցի, որքան էլ շահավետ լիներ: Ավելի շուտ Օպերայի շենքը կգներ:
Սիրելի վայրե՞ր: Ամբողջ Երևանն եմ սիրում:
1. Հանրապետական մարզադաշտի մասին վառ հիշողություններ են պահպանվել: Ընտանիքս Երևան տեղափոխվեց 1964-ին, ու հասցրի տեսնել լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկին՝ Սարգիս Հովիվյանին: Այն ժամանակ հայերը ֆուտբոլ խաղո′ւմ էին, այլ ոչ թե աշխատում: Մինչև այսօր սիրտս լցվում է, երբ անցնում եմ մարզադաշտի կողքով:
2. Կոմիտասի պողոտայի մոտ մի փոքրիկ պուրակ կա՝ նախկին «Պրահա» հյուրանոցի կողքին: Հիմա տարածքը ծածկված է հիմար սրճարաններով: Պուրակի դիմացի շենքում ապրում էր իմ համադասարանցին, որը հետագայում դարձավ իմ կինը: Ձմեռները ձյան մեջ թրև էի գալիս այդ պուրակում՝ հույսով, որ նա կանցնի պատուհանի մոտով, բայց... Նա, իհարկե, իմ զգացմունքների մասին ոչինչ չգիտեր: Ես չէի ուզում, որ իմանար:
3. Սա ավելի շուտ երթուղի է, քան վայր: Կոմիտաս-Շահումյան, Շահումյան-Օրբելի, Օրբելի-Կոմիտաս: Երբ հարկավոր էր լինում ակնոց պատվիրել, ոտքով գնում էինք Շահումյանի օպտիկայի կենտրոն: Եթե ապակի չէր լինում, կրկին ոտքով գնում էինք Օրբելի, հետո՝ Կոմիտաս: Կիևյան փողոցն այն ժամանակ չկար:
4.Տերյան փողոցում էր գտնվում ստուդիան, որտեղ ես եկա քսանս չլրացած: Աշխատեցի ընդամենը յոթ տարի, բայց այնպիսի զգացում ունեմ, ասես կյանքիս մեծ մասն այնտեղ եմ անցկացրել: Հենց այս ստուդիայում ստեղծվեց մեր խումբը...խենթ գաղափարներ...Որքան շատ է ժամանակային պատնեշը ներկայի ու անցյալի միջև, այդքան շատ ես սկսում կարոտել այն, ինչ սիրել ես: Սիրելի է դարձել ստուդիան, որովհետև այն այլևս չկա: Այն այլևս չես վերադարձնի, ու դրանից սիրտդ մի տեսակ ճնշվում է:
5. Բժշկական ինստիտուտից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածն ինձ համար անպատմելի հարազատ է: Վայրերը, որտեղով քայլել ես 14 տարեկանից, պարզապես սիրելի չեն, այլ ինչ-որ առավել մի բան: Այս հատվածում էր «Արաքս» սրճարանը, իսկ Շահումյանի արձանի մոտ լուսանկարչատուն կար, որտեղ կարող էիր պատվիրել ցանկացած արգելված երաժշտություն: Երգերը ձայնագրում էին ռենտգենի ժապավենի վրա: Լույսի տակ ինչ-որ մեկի ոսկորներն էին, իսկ նվագարկչի վրա՝ երաժշտությունը:
6. Հին օդանավակայանը՝ մեր «Զվարթնոցը»: Նախկինում այնտեղ ժամանումի սրահն էր: Դրա հետ են կապված իմ հուշերը մոսկովյան ուղևորություններից՝ ներկերի համար: Այնտեղից էի մեկնում Բաքու, որտեղ մնացին համադասարանցիներս:
NewMag #02

Տարածել