Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն
«Ծառ տնկելու, տուն կառուցելու և որդի մեծացնելու» գովազդային բանաձևը մի բան է, մարդու իրական երջանկության բանաձևը` բոլորովին այլ. ամուր ընտանիք, լավ աշխատանք, տուն, մեքենա, «Apple» և ուրիշ լավ իրեր, երեխաների ուսում, ամառանոց և վաստակած հանգիստ` տարվա մեջ մի քանի անգամ: Սկսենք վերջից:
Ենթադրենք՝ Դուք այն բախտավորն եք, որը՝ ա) կարողացել է արձակուրդ վերցնել, բ) գումար կուտակել` արտասահմանում ծախսելու համար, գ) կողմնորոշվել, թե ուր գնալ ա´յս անգամ, դ) դեսպանատունն էլ իր կնիքով օրհնել է այդ ընտրությունը, ե) ի վերջո, որոշել եք, թե ի´նչ չափի ճամպրուկում ո´ր հագուստը դնել, որը հաստատ պետք չի գա:
Այլ կերպ չի կարող լինել: Հայաստանից ուրիշ երկիր գնալու համար միշտ պետք է շատ վաղ արթնանալ (ոմանք գերադասում են ընդհանրապես չքնել) և գնալ տրանզիտով: Օրինակ` Երևանից Հռոմ հասնելու համար պետք էր արթնանալ ժամը վեցին: Հետո` չորս ժամ թռիչք, հետո` երկու ժամ սպասում Մոսկվայի օդանավակայանում:
Ամպերից այն կողմ ծեսի անբաժան մասն է. արտագաղթող գավառական ընտանիքն է, որը սովորաբար նստում է հետևի շարքում, փորձում է հանգստացնել իր աղմկող երեխային կամ հիվանդ տատին, ֆոլգայից հանում է պլպլան տնական հավը, քեզնից ճշտում է, թե որտեղ է զուգարանը օդանավում, միաժամանակ քեզ նայում է այնպիսի հայացքով, որ թվում է` հենց քո նմանների պատճառով է այլ երկիր տեղափոխվում:
Ու հավերժական քաղաքում ես հայտնվում օրվա երկրորդ կեսին միայն: Էլ ոչ մի «բոն ջորնո»: Ժամը մեկից հետո` միայն «բոնա սերա», ուղղում են դիմավորողները: Բոլորն օդանավակայանում հոգնած են յուրովի, բայց դժբախտ` միանման (փոխաձևակերպում է): Այստեղ մի պահ մոռանում ես երջանկության բանաձևը, այն ամբողջովին վերափոխվում է. ա) հաղթահարել դաժան հերթերը, բ) հուսալ, որ ճամպրուկդ չի կորել, և գ) գտնել ժամանման սրահից դուրս գալու ամենակարճ ճանապարհը:
WiFi-ի կոդը. ահա թե ինչ է ուզում կինը` հայտնվելով նոր քաղաքում: Մնացյալի մասին դատողությունները` ըստ like-երի քանակի: Մի քանի տափակ լուսանկարով պետք է վերահաստատել կարծրատիպերը անպայման մինչև հյուրանոց հասնելը:
Այն, ինչ զբոսաշրջիկն անում է հյուրանոցի համարում, գիտեն միայն սատանան և սենյակը մաքրողը: Երբ արդեն տեղավորվել ու գնահատել ես պատուհանից բացվող տեսարանը, ժամանակն է հիշել, որ ահավոր սոված ես: Բայց այցելածդ երկիրը հավանաբար ինչ-որ անկապ կանոններ ունի ուտելու հարցում, և պետք է էլի փնտրել ու սպասել: (Ստամոքսդ կարոտով հիշում է օդանավում տարածված տնական հավի բույրը, որին հակադրվում էր օդանավի վիրտուալ սննդանյութը): Անկախ խոհանոցից՝ ցանկացած ուտեստ նոր քաղաքում ուղղակի խոհարարական գլուխգործոց է թվում, նույնիսկ տուրիստական ռեստորաններինը:
Ի՞նչ է անում միջին վիճակագրական զբոսաշրջիկը հյուրանոցում տեղավորվելուց և տեղական ուտեստները փորձելուց հետո: Այո´… Շոփինգ: Գիտեմ, շատերը ինձ չեն հասկանա, կքարկոծեն էլ, բայց վստահեցնում եմ՝ դաժանագույն անեծք է լինել գեղեցկագույն ու հետաքրքիր մարդկանցով լի քաղաքներում ու քարշ գալ միջին վիճակագրական և աշխարհի ցանկացած քաղաքում, անգամ Հոկտեմբերյանում գործող բուտիկներում: Այլ երկրում շոփինգի ժամանակ մարդն իրական է. նա հանում է դիմակը, դնում գնումների զամբյուղի մեջ, ու պարզվում է` այնքան էլ նրբաճաշակ չէ, այնքան էլ ֆինանսապես կայուն կամ անկայուն չէ, այնքան էլ ադեկվատ չէ, որքան ցույց էր տալիս:
Ոչ ադեկվատ գնումների ժամանակ առանձին տեղ են գրավում չինական հուշանվերները՝ տվյալ քաղաքի սիմվոլները, որոնք, թվում է, ստեղծվել են երեք վեհ նպատակի համար` անիմաստ փող ծախսել, հիասթափեցնել նորմալ նվերի սպասող հարազատներիդ ու փոշոտվել տան ինչ-որ անկյունում, հիմնականում՝ պահարանի գլխին կամ սառնարանի դռանը:
Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են
Բնականաբար, այս ամենը պետք է ուղեկցվի անդադար լուսանկարվելով. նկարում ես շուրջդ եղածը, նկարում ես քեզ, խնդրում ես, որ նկարեն քեզ, խնդրում են, որ նկարես իրենց, ուղարկես, ինտերնետ գտնես, check in լինես «Facebook»-ում` ընկերներիդ տրաքացնելու համար, մի բան էլ դնես «Instagram»-ում: Իսկ ինտերնետ սովորաբար ուրիշ քաղաքներում կա՛մ չկա, կա՛մ էլ անհասկանալի է` ինչպես գնել, իսկ ռոմինգի գնով մի նոր շոր կառնես ոչ էժան բուտիկից:
Հիշեցնեմ. արթնացել ենք շատ վաղ առավոտյան: Հորանջում ենք, մեր ոտքերը ցավում են, ինտերնետ չկա, ձեռքի տոպրակները շատ են… Ի՞նչ է պետք անել: Իհարկե, պաղպաղակ ու գինի` բացօթյա սրճարանում:
Այն, ինչ լինում է հետո, սովորաբար կա՛մ մոռանում են, կա՛մ ուզում են մոռանալ: Միակ բանը, որ մնում է, անտանելի գլխացավն է ու դառը համը բերանում հաջորդ օրը: Այդուհանդերձ, պետք է անպայման նախաճաշել և կլանել հյուրանոցային անիմաստ ձվածեղը` անտեղի մեծ ընտրությամբ երշիկների տեսականիով: Ու վերադառնալ համար` նորից անջատվելու: Ժամը տասներկուսին այցելություն է թանգարան: Հետո` ծով, երեկոյան էլ` մի այլ թանգարան… Ու այդպես երեք, յոթ կամ տասնչորս պլաստմասսայե օր:
Շուտով նորից ամառ է լինելու. զգո՛ն եղեք. եթե այս ամենով չանցնեք, ուրեմն Ձեր երջանկության բանաձևը լիարժեք չէ: