Երևանի ամենասիրելի 6 վայրերն ըստ Ռուբեն Հախվերդյանի
Ինչ գրում եմ, ստորագրում եմ իմ արյամբ: Որովհետև այսօրվա իմ ամեն բառի համար տանջվել եմ ամբողջ կյանքումս: Ես ստեղծել եմ քաղաքային խոսակցական լեզուն: Իմ սերնդի լեզուն, որով եթե խոսես, կստացվի երգ, որով եթե երգես, կստացվի զրույց: Հիմա նոր երգ եմ գրում: Ու խմում եմ: Չխմել չեմ կարող: Կինս կգտնի օղու շիշը, կթափի... իսկ ես ուրիշ տեղ էլ ունեմ պահած: Իմ բոլոր «թաքստոցների» տեղը գիտի, բայց ոչ ինձնից լավ: Համերգներ եմ տալիս: Երբեմն: Իմ հայտարարած «վերջին» համերգը վաղուց եմ տվել, բայց... համերգն էլ խմելու պես բան է, չեմ ուզում «թողնել», չեմ կարող: Երևանում ունեմ մի քանի սիրելի տեղեր: Դրանք շատ չեն: Բայց կան: Այսինքն՝ գուցե վաղուց արդեն չկան, բայց կան ի՜նձ համար: Ձեզ վե՞ցն են պետք:
1. Սիրում եմ «Փակ շուկայի» վերևի քյաբաբնոցը, որը հիմա չգիտեմ ինչ են դարձրել: Տասնամյակներ առաջ այնտեղ հավաքվում էին հեղինակություն վայելող մարդիկ: Ոչ թե պրիմիտիվ «հեղինակություններ», ինչպես այսօր, այլ մարդիկ, որոնց իսկապես հարգում էին:
2. Շատ վաղուց «Կիրովի» կոչվող այգում ես ստացել եմ իմ տղամարդկային առաջին մկրտությունը, քննությունը: Ջահել էի, մի քանի բաշիբոզուկներ փորձեցին «ստուգել» ինձ. 3 լիտրանոց բանկայով տվեցի մեկի գլխին: Էդպես հասկացրի իմ ու իրենց տարբերությունը: Ազդեցիկ մեթոդ էր: Մինչև այսօր էլ կիրառում եմ:
3. Ժամանակին մենք ապրում էինք «Արաբկիր» կահույքի գործարանի մոտ: Դրա դիմաց մի «օբյեկտ» կա: «Արջուկնոցը»: Ինձ համար հարազատ տեղ: «Արջուկնոցի» տիրոջ որդուն սպանեցին հոր աչքի առաջ: Կարծեմ, դա էլ «չբացահայտված սպանություն» էր:
4. Իմ սիրած չորրորդ տեղի մասին չեմ ասի ոչինչ և ոչ մեկին: Գաղտնիք է:
5. Իմ սիրած հինգերորդ տեղի մասին կարող եմ խոսել, μայց ավելի լավ է լռեմ: Չեմ ուզում, որ «մուգ կոստյումներով լուրջ մարդիկ» քիթները խոթեն այնտեղ:
6. Տե՜ս՝ նախորդ կետը: Վերջ:
Ռուբեն Հախվերդյան
Newmag # 01