Ռուբեն Ջաղինյան. Ես ավելի շուտ պրոդյուսեր եմ, քան մենեջեր
1991 թվականին հիմնադրել է «Շարմ» հոլդինգը, 1991-2013 թթ. եղել է հոլդինգի գլխավոր տնօրենը, մենեջերն ու կրեատիվ ղեկավարը, 2013 թ. մարտի 5-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է:
- Ինչո՞ւ է Ձեր հոլդինգը կոչվում «Շարմ»:
- 1991-ին, երբ ստեղծվեց մեր կազմակերպությունը, զբաղվում էինք КВН-ով, թիմը կոչվում էր "Show for Armenian men", հապավումը գրվում էր "Sharm", որը տարիների ընթացքում մեզ գլխացավանք էր պատճառում, որովհետև «հմայք» բառն անգլերեն գրվում է "charm": Սակայն մեր գործընկերները ժամանակի ընթացքում սովորեցին այս անվանմանը, և լրացուցիչ բացատրության կարիք այլևս չկա:
-Ինչո՞վ է զբաղվում «Շարմը»:
- Շոու-բիզնես, գովազդ` իր բոլոր ուղղություններով, մեդիածրագրավորում և արտադրանքի պատրաստում: Հզոր մի ուղղություն էլ պրոդյուսերականն է, որը զբաղվում է մեծ համերգներով, շնորհանդեսներով, մեր հղացած ծրագրերով, որոնք ինքներս էլ իրագործում ենք:
- Այդ բազմաթիվ ծրագրերից որո՞նք եք համարում «Շարմի» համար առանցքային:
- «Մեր բակը», «Երևան-Մոսկվա տրանզիտը», «Երևան» ամսագիրը, որոնք ինքնուրույն ուղղություններ են, մեր բանակին նվիրված մեծամասշտաբ ծրագիրը: Հաջողված ծրագրերից էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կարմիր, կապույտ, նարնջագույն» նախագիծը: Սրանց հիմքում դրված է հայերին համախմբելու գաղափարը:
- Ավելի շատ պետակա՞ն պատվերներ եք կատարում, թե՞ մասնավոր:
- Մասնավոր:
-Դուք սկսել Եք КВН-ից: Ի՞նչ եղավ ձեր թիմը:
- Մենք երկու անգամ դարձել ենք ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ` ԱՊՀ: Հետո թիմը բաժանվեց 3 մասի, մի մասը մնաց Մոսկվայում, երկրորդը վերադարձավ Հայաստան, մյուս մասն էլ մեկնեց Եվրոպա և Ամերիկա: Մենք 20 տարեկան տղաներ էինք, ժամանակի ոսկե երիտասարդության ներկայացուցիչներ, քաղաքի կենտրոնում մեծացած երիտասարդներ... կռվում էինք, վիճում` Մոլիերի, Պուշկինի, Շեքսպիրի շուրջ: Բոլորս էլ տաղանդավոր էինք և նպատակ ունեինք: Հիմա մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու գործի է, բայց շարունակում ենք ընկերներ մնալ և համագործակցել:
-Դուք էլ կարող էիք դրսում մնալ և շատ ավելի լավ վաստակել:
- Ինձ համար սկզբունքային խնդիր է Հայաստանում մնալը: Ինձ թվում է` հայրենիքում առաքելություն ունեմ: Չեմ մոռանա այս դեպքը. 1991-ն էր, մեր հավաքականը ելույթ էր ունենում Տյումենում: Մի կին հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք: Պատասխանն առնելուց հետո, զարմացավ. «Ի՞նչ է, Հայաստանում գիրք է՞լ են կարդում»: Եվ ես որոշեցի, որ իմ խնդիրն է լինելու Հայաստանը դրսում արժանապատիվ ներկայացնելը: Հենց այդպիսի նպատակ ունի մեր «Երևան» հանդեսը, որը Հայաստանի համար բրենդ է: Մոսկվայի հայ գործարարների սեղաններին «Երևանի» համարներն են:
- Հայկական հեռուստատեսությունում ի՞նչն եք գնահատում, ի՞նչը` ոչ:
- Ինքս կրթվել եմ հեռուստատեսությունում: Իմ ուսուցիչներն են եղել Ալեքսանդր Մասլյակովը, ռեժիսոր Սերգեյ Նիկոլաևը և հեռուստատեսության շատ հայտնի անհատներ: Այսօր կան հեռուստաալիքներ, որտեղ կարելի է հետաքրքիր ծրագրեր գտնել` տեղեկատվական, ժամանցային... Կարծում եմ` ընդհանուր առմամբ հեռուստատեսությունն այսօր բարեփոխման և նորարարության կարիք ունի: Ինձ համար այս բնագավառում առավել պրոֆեսիոնալ են Հանրային հեռուստատեսության մոտեցումները:
- Դուք ռուսական ժամանցային հեռուստածրագրեր եք բերում Հայաստան: Շարունակելո՞ւ եք:
- Դրանք ռուսական չեն, միջազգային ֆորմատներ են. օրինակ` «100 տարբերակը» անգլիական ֆորմատ է: Իսկ մեր ծրագրերից կարող եմ նշել Ռաֆայել Հովհաննիսյանի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը, որը խիստ համապատասխան է հանրային հեռուստատեսությանը:
- Դուք թողարկում եք բազմաթիվ մեդիա-ծրագրեր: Տպագրում եք «Երևան» հանդեսը: Վերահաղորդում Եք «Ռադիո Ջազը»: Մտադիր չե՞ք ունենալ Ձեր հեռուստաալիքը:
- Կարծում եմ` այսօր այդ մտադրությունն իրատեսական չէր լինի, քանի որ դեռ ձևավորված չէ նման պահանջարկ, թեև այսօր էլ կարող եմ պատկերացնել, թե ինչպիսի հեռուստաալիք կուզեի ունենալ, նույնն է, որ մեր ֆուտբոլը պետք է մտնի Եվրալիգա: Մի օր կգանք դրան:
Զրուցեց Լևոն Պարոնյանը
newmag #04