Հայաստան-Անտարկտիդա` 13.330կմ. Հայ օդաչուի թռիչքը դեպի սառցե մայրցամաք
Եթե տաք հագուտից բացի, ունեք գոնե 20.000 դոլար, մեծ կամք, չեք վախենում ցրտից, արագությունից, բարձրությունից և էքստրեմալ երևույթների սիրահար եք, կարող եք Հայաստանից Անտարկտիդա հասնել 17 ժամում, եթե, իհարկե, օղանավը հավաքի 900 կմ/ժ արագություն: Պինգվինների մոլորակ գնալու համար ճանապարհներից մեկն անցնում է Մոսկվայով: Այնտեղից` Քեյփթաուն (Հարավային Աֆրիկա), ապա ևս մեկ օդանավով պետք է ուղղություն վերցնել դեպի Նովոլազարևսկի, հետո էլ փոքրիկ ինքնաթիռով Ձեզ կհասցնեն Ձեր երկրի կայան: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարի Անտարկտիդայի սառցե թռիչքուղու վրա և իջնեք ոչ թե բետոնե, այլ ձյունապատ կայան, ոչ ոք անձնագիր չի պահանջի Ձեզնից, մեր մոլորակի վրա սա միակ մայրցամաքն է և միակ աշխարհամասը, որտեղ կարող եք ապրել, ու ոչ ոք չի հարցնի, թե որտեղ է քո տան վկայագիրը: Միջազգային կոնվենցիաներն Անտարկտիդան հռչակել են մոլորակի այն տարածքը, որը չի պատկանում որևէ երկրի: Այս մեծ սառցակտորի վրա կա մեկը, որը սպասված հյուր է. նրան բոլորը գիտեն. ՌԴ հերոս, օդաչու Ռուբեն Եսայանն է: Նա լավագույններից մեկն է Մոսկվայում ու սա չափազանցություն չէ:
Դռան զանգը տալուց հետո միայն նկատեցի, որ դրա անհրաժշտությունը չկար, դուռը բաց էր: Առաջացա 2 քայլ ու միանգամից չորս-հինգ քայլ հետ գնացի: Ինձ դիմավորողները երկու մեծ շներ էին, հավանաբար ստաֆեր: Ռուբեն Եսայանը տանը չէր, հյուր էր գնացել: Մայրն ու եղբայրը` բժիշկ Սամվել Ամատունին, ներս հրավիրեցին և խորհուրդ տվեցին չվախենալ, իրենց շները դաստիարակված են, համոզեցին ինձ: Մինչև ամենաանհավանական վայրէջքների հեղինակը կգար, մայրը` տիկին էլզան, միանգամից սկսեց հիշել որդու մանկությունը:
- Իմ Ռուբենին էսպես մի նայեք: Փոքր ժամանակ անընդհատ հիվանդանում էր և այսքան սիրուն երեխա չէր: Ամեն օր շորեր էի կարում, հագցնում սիրուն-սիրուն, բայց մեկը որ ասեր` Ձեր տղան սիրուն չէ, ես միանգամից հարձակվում էի` էդ ո՞ւմ տղայի մասին եք ասում: Վա՜յ, շատ վախկոտ էր: Որ մի ճանճ էլ տեսնում էր, միանգամից գալիս էր մոտս ու գոռում «Նանի՜, նանի՜»:
Երբ Ռուբենն ավարտեց դպրոցը, մայրն ուզում էր, որ տղան բժիշկ դառնա: Առաջին տարին թույլ չտվեց դիմել Ավիացիայի դպրոց, բայց հաջորդ տարին արդեն չստացվեց Ռուբեն Եսայանին համոզել:
- Եկավ, ասաց. «Մա՜մ, ես քեզ համար մուշտակ ու ոսկե ժամացույց կգնեմ, միայն թույլ տուր օդաչու դառնամ»...
Խոսքը դեռ չէր ավարտել, դռան զանգը հնչեց: Ռուբենն էր: Ձեռքին` տոպրակներ. հայկական կոնյակ էր: Պետք է լուսադեմին թռչեր Ռուսաստան: Ռուբենին տեսնելուն պես, ռուսախոս մայրը շտապեց նրա մոտ ու շշնջաց. «Նանի, նանի»: Մինչև մայրը կպատրաստեր քաղցր սուրճը, մենք սկսեցինք մեր զրույցը:
- Առաջին անգամ, երբ օդանավով նստեցինք սառցադաշտի վրա, ես իջա սառույցի վրա ու նայեցի շուրջբոլորս, սարեր, քարեր, ջուր ու ձյուն: Համատարած լռություն էր: Բացարձակ լռություն: Նման տեսարան տեսել էի միայն ամերիկյան ֆիլմերում, որ ցույց են տալիս ուրիշ մի աշխարհ, օտար մոլորակ: Հայտնվում ես ուրիշ մի կյանքում: Աշխարհի բոլոր մասերում եղել եմ, բայց այստեղ առանձնահատուկ տեսարան էր: Պատկերացրեք, Քեյփթաունում` պալմաներ, արև, մարդիկ, 27 աստիճան տաքություն, իսկ 6 ժամ անց` -27 աստիճան, քարեր, սառույց, ձյուն, սար և ուրիշ ոչինչ:
Այդ տարի Ռուբեն Եսայանն այլևս չթռավ «սառուցյալ մոլորակ»: Բայց փորձնական թռիչքին հաջորդ տարի գումարվեց ևս մեկը, հետո` նորից ու նորից: Անտարկտիդան հասանելի է ոչ բոլոր օդաչուներին և ոչ բոլոր երկրների համար: Եվ եթե մեկը գոնե մեկ անգամ կանգնում է սառցե երկրի «սառցե բետոնին», անպայման իր երկրի անունը թողնում է հայտնի դարձած սյան վրա. այնտեղ մեր ներկայությունն ապահովել է Եսայանը:
Նովոլազարևսկի կայանի սյան վրա ամեն երկիր գրում է, թե քանի կիլոմետր է իր մայրաքաղաքից մինչև Անտարկտիդա: Մենք էլ 2002-ին գրեցինք և ներկեցինք տառերը. «Հայաստան` 13.330կմ»: