BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newstory] Անցյալի կնիքը․ «Տոներն են մոտենում» (մա

[newstory] Անցյալի կնիքը․ «Տոներն են մոտենում» (մաս 1-ին)

 
            Ամենացավալին անտարբերությունն էր, այն, որ Ինքն ուղղակի անընդունակ էր իրեն տրվող անսահման սիրո փոխարեն գեթ մի փոքր ջերմություն տալ, այն, որ ձևականորեն կողքին էր մնում, սակայն երբեք էլ նրանը չէր եղել, որ պատկանել էր՝ բայց չէր տրվել, որ ժպտացել ու ներքուստ փոթորկվել էր, որ առանց հասկանալու՝ նետվել էր անորոշության մեջ։ Միակ ցրող հանգամանքն աշխատանքն էր, որը դուրս էր բերում տան պատերից, սակայն սրտի կողպվածությունը այլևս չէր բացվի․․․ Տնից գնալն ուղղակի հեռացնում էր հոգսերից, կենցաղային վիճակից, սակայն այդ հեռանալն էր ժամանակավոր էր, անհրաժեշտություն՝ սահմանափակված աշխատանքային օրով։ Գիշերներն ուղղակի քնած էր ձևանում՝ ամուսնու հետ շփումը սահմանափակելու համար, կամ ժամերով նստում էր համակարգչի առաջ՝ աշխատելու պատրվակով, սակայն ո´չ աշխատել էր ստացվում, ո´չ քնել։ Ուռած աչքերով աշխատանքի գնալը գործընկերներն անքնությանն էին վերագրում, սակայն պատճառը չլուսացող գիշերներն էին, երբ քնելու փոխարեն ժամերով մտածում էր՝ դեմքը բարձի մեջ խրած, որ կողքին պառկած ամուսինը լացը չնկատի։ Գիշերը մարդկանց մեծամասնության համար քնի ժամ էր, իր համար՝ երևակայության ու իրականության անվերջանալի պայքարի։ Գիշերն ամեն ինչ ավելի խորն ու բարդ, անհաղթահարելի էր թվում։ Իրեն մեղավոր էր զգում երեխաների առաջ, քանզի հասկանում էր, որ իր անտարբերությունից առաջացած սառնությունը միայն օտարները չէին նկատի, իսկ երեխաների համար հոգեբանական բարդույթներ էին առաջանում՝ իրենց ծնողների ու մյուս զույգերի հարաբերությունները համեմատելիս։ Նրանց գիտակցականը դեռևս այնքան չէր բարձրացել, աճել՝ հասկանալու համար, որ միայն իրենց համար է, որ դեռևս դիմանում է, մնում է՝ ապրելով առանց գոյության, իր «ես»-ը մոռացության տված։ Տարիներ առաջ կատարված սխալ ընտությունն էր պատճառը, որն այժմ ստիպում էր չմեղադրել որևէ մեկին։ Այսպիսին է կյանքի ամենակարևոր ընտրության հարցը։ Աղջիկներն ունենում են բազմաթիվ թեկնածուներ, որոնցից կատարում են ընտրություն, սովորաբար՝ լավագույնին  կամ վատագույնին․ ընտրում են՝ առանց հաշվի առնելու, թե ով է թեկնածուներից ավելի շատ սիրում իրենց, ում համար են իրենք ավելի կարևոր․․․․ Գոյություն ունեն հսկայական մանրուքներ, որոնց հետ հաշվի չնստելով` կարելի է ճակատագրական սխալներ գործել։ Իհարկե, կան նաև երջանիկ ու եզակի բացառություններ։ Սակայն սովորաբար, երբ ամուսնությունը  երջանկության չի վերածվում կողմերից գոնե մեկի համար, այն գրեթե միշտ մեծ դժբախտություն է դառնում միանգամից երկուսի կյանքում։ Վաղ, թե ուշ․․․
            Դռան զանգը։ Սովորաբար, Ինքն ավելի շուտ էր տուն հասնում՝ հասցնելով որևէ բան պատրաստել, իսկ երեխաներին ամուսինն էր տուն բերում ծնողների տնից՝ արդեն դասերն արած։ Սիրում էր երեխաներին, նրանց առաջ իրեն մեղավոր էր զգում ու լուռ տառապում։ Տառապում էր որպես կին, մայր, մարդ։
Դուռը բացեց։ Երեխաները գիրկը նետվեցին՝ ուրախ-ուրախ ցույց տալով հոր ձեռքի արկղիկը։
 - Տոնածառի խաղալիքներ են, մա´մ, արդեն պետք է պատրաստվել Սուրբ Ծննդյան տոներին։
 -Ներս եկեք, ցուրտ է,-անակնկալի եկած՝ պատասխանեց, խուսափելով ամուսնու համբույրից։
   Մտքում տանջվում էր՝ գործուղման գնալու մասին լուրն ամուսինն այնքան էլ մեծ հաճույքով չի ընդունի, սակայն իր համար այդ գործուղումն ուղղակի ժամանակ էր՝ ամեն ինչից ժամանակավոր կտրվելու համար։ Խնդիրը քաղաքն էր։
            Ընթրիքին լուռ էր՝ սովորականի պես լսում էր երեխաների ուրախ պատմությունները դպրոցից ու ամուսնու շատախոսությունը՝ իր ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Արդեն երկար տարիներ միասին ապրելուց հետո էլ ամուսնու համար ինքը ցանկալի ու խորհրդավոր էր, նա չէր դադարել կնոջը մինչև վերջ բացելու ցանկությամբ ապրել, սակայն բացահայտելը դեռևս չէր հաջողվում, հետաքրքրությունն իր համար չէր կորում։
            Լայն մահճակալին փռված տաքուկ անկողինն անգամ ջերմության պակաս էր զգում։ Նա մի անկյունում էր պառկել, կինը՝ մյուս։ Նրանք միացրել էի անձնական համակարգիչներն ու դրանց մարտկոցների ջերմությունն էին զգում՝ միմյանց փոխարեն։ Ցավալի էր նաև այն, որ ամբողջ օրը իրարից հեռու եղած զույգը, միասին  եղած ժամանակը վայելելու փոխարեն, այժմ ամեն մեկն իր հետքրքրությունն էր գտել՝ անշունչ, անզգացմունք սարքավորումների մեջ։ 
- Չես գտնո՞ւմ, որ անկողնում համակարգչի ներկայությունն ավելորդ է,- հարցրեց Մարկոն՝ կիսահեգնական, կիսաչոր տոնով։
- Արձակուրդներից առաջ գործերս կուտակվել են, պետք է թեթևացնեմ՝ հանգիստ արձակուրդ գնալու համար։
- Իսկ դու երբևէ վայելու՞մ ես հանգիստդ։ Ջուլիա, թվում է, թե քեզ համար աշխատանքը միակ միջոցն է՝ հանգստանալու, ցրվելու։ Դու, առհասարակ, ա՞յս աշխարհից ես։
  - Մեղադրո՞ւմ ես։
  - Չեմ հասկանում, թե ինչն է քեզ պակասում՝ լիակատար ապրել, երբ ես վերջապես ապրելու ներկայով, ապագայի համար։
  - Պակասում է այն, ինչը հենց սկզբից էր բացակայում, - խորը շնչելով թեման փոխեց,- ես պետք է վերապատրաստում անցնեմ։
   - Ե՞րբ։
  -Երկուշաբթի պետք է գնամ, երեքշաբթի սկսում ենք։
  - Գնա՞ս։
  -Հռոմ եմ գնալու, մեկ շաբաթ կտևի՝ մինչև ծննդյան տոներն այստեղ կլինեմ։
  -Եվ  երբ ես իմացե՞լ․․․ Չնայած ինչու եմ հարցնում՝ երևի լավագույն տոներն ես անցկացնելու՝ հեռու, Հռոմում, սիրելի մարդկանցով շրջապատված։
  - Լավ գիտես, որ ինձ համար կարևոր է կարիերայումս առաջընթացը։ Դու կարող ես գալ ինձ հետ։ Մարիան ու Անդրեան կմնան մայրիկիս մոտ։
  - Դու գիտես, որ ես ինձ կաշկանդված եմ զգում քո կոլեկտիվի հետ, գիտես նաև, որ աշխատանքիս հետ չեմ հարմարեցնի։ Ռեստորանն անտերունչ չեմ կարող թողնել։
  - Ուրեմն՝ մենակ կգնամ։ Մեկ շաբաթը երկար չէ, չես հասցնի կարոտել։
  - Ես քեզ նման չեմ, ես քեզ սիրում եմ, ու ամբողջ օրվա ընթացքում էլ կարոտում եմ, նույնիսկ հիմա էլ կարոտում եմ, սակայն ինձ համար ցավալին Հռոմն է, այնտեղ եղած հին ծանոթներդ։
  - Մարկո, դու գիտես, որ ես վաղուց եմ ջնջել․․․
  - Մի շարունակիր, ես գիտեմ,- ու մի կողմ դրեց համակարգիչը՝ դիտելով կնոջ դեմքը։
 Ջուլիան նայում էր նրան՝ մեղավորությամբ գիտակցելով, որ Մարկոյի փոխարեն ուրիշ մեկը վաղուց իրեն կդարձներ սովորական տնային տնտեսուհի՝ տեղադրելով խոհանոցում, սակայն ամուսինն ամեն բան անում էր, որ ինքն իրեն լավ զգա։
                                                                     

*   *   *


            Փաթիլները, օդում պար գալով, անկում էին ապրում։ Նրանց անկումը ներկայացում էր հիշեցնում։ Պարզ, մաքուր ու անհամար փաթիլներ, որոնք նոր-նոր կյանք մտած՝ արդեն անկման ճանապարհին էին․ մեկ-երկու, մեկ-երկու․․․ Մի քանի ակնթարթ էլ, ու նրանց անհատական գործունեությանը վերջ կտրվեր, կդառնային ընդհանուրի մի մասնիկը։ Ակամա՞ էր նրանց անկումը․ միանշանակ՝ այո։ Չկար այն հիմքը, որի վրա նրանք պիտի շարունակեին իրենց գոյությունը, ասֆալտը ցեխոտ էր, ու ցեխի շերտն ավելի վատն էր դառնում ձյան ներգործությունից։ Ձյունը թափվում էր՝ անվերջ, ագահորեն, ու թվում էր՝ վերջ  չի լինի։
            Շրջանցելով մայթերի ջրափոսերը՝ ՆԱ քայլում էր արագ-արագ, մանր քայլերով, խուսափելով ցեխաշիթերից կեղտոտվելուց։ Քայլվածքը վստահ էր, հաղթամարմին էր ու հպարտ կեցվածքով։ Թվում էր՝ քայլերի վերջնական նպատակակետը տունը կլինի, սակայն թափառումներն էլ վերջ չէին խոստանում։ Ցուրտը չէր ազդում վրան․ քիչ առաջ հասցրել էր պանդոկում տաքանալ՝ չդավաճանելով վերջերս ձեռք բերած հավատարիմ ընկերոջը՝ վիսկիի շշին։ Սիրում էր քայլել մենակ․ այն օրից, երբ անհասանելի դարձավ ու որոշակիացավ միասին քայլելու անհնարինությունը, ինքը սկսեց ավելի շատ քայլել մենակ, ինքն իր հետ։ Ցերեկային զբոսանքները չէին ստացվում, քանզի աշխատանքային ժամերն անխախտ էին, իսկ գիշերները թափառում էր անվերջ, այնքան, մինչև ոտքերն ինքնակամ վերցնում էին տան ուղղությունը։ Հետո արդեն գիշերով քայլելը դարձավ սովորություն, սիրելի զբաղմունք։ Քայլում էր՝ մտքում իր հետ խոսելով, հասնում էր որևէ նստարանի ու սկսում հաղորդակցվել աստղերի հետ։ Աստղերն էլ էին զարմացած՝ իրենց մշտական ու հավատարիմ զրուցակցի անխախտ այցելություններից։ Տուն վերադառնալիս նրան հնազանդ սպասում էին գինու շշերը։ Վիսկին ու գինին մեծագույն ճշգրտությամբ ընկերակցում էին՝ լրացնելով մարդկային շփման բացը։ Տարօրինակ մի հակադրություն էր նկատվում մոտը՝ աշխատանքը պահանջում, ստիպում էր շփվել մարդկանց հետ, սովորեցնել, բացատրել, զրուցել, սակայն առօրյա կյանքում ձգտում էր միայնության։ Տանն էլ մթություն էր սիրում, կիսախավար։ Մոտենում էր սեղանին, միացնում գրասեղանային լամպը, վերցնում գրիչն ու խոհերը թղթին տալիս։ Սա էլ կիսվելու մի ձև էր՝ խոհերի կիսում թղթի հետ, քանզի միայն թղթին կարող էր ամեն բան տալ։ Անգամ Սուրբ Ծննդյան տոների մոտենալը չէր փոխում մթության հանդեպ սերը։ Տունն առատ էր տարատեսակ մոմերով, անգամ էլեկտրական մոմերով, տան պատուհանները դրսից եզերված էին գունավոր լույսերով, սակայն ներսում խավար էր, թույլ լուսավորված ու աղոտ մթնոլորտ։ Խավարն անգամ իր հոգին էր լցրել, կլանել էր իրեն։ Ապրում էր՝ անգո, առանց հոգեկան աշխարհի, ապրում էր՝ անցյալով, ապրում էր՝ միայն կենդանության նշաններ ցույց տալով։ Արդեն հասուն տարիքն ակնառու էր՝ մազերի մեջ առկա արծաթե թելերից, որոնք անպատեհ ու անցանկալի կերպով զարդարել էի գլուխը։ Թավ հոնքերի տակից մանր, արտահայտիչ աչքերը իրենց մեջ կորցրած-կարոտածի արտահայտություն ունեին։ Դեմքին շատ սազող փոքր, համաչափ քիթն ու մորուքով «շրջապատված» բերանը ընդգծում էին հասուն գեղեցկությունը։ Նա դեռ բավականին երիտասարդ էր հոգով, ու պարապության ժամերին հոգին հափշտակությամբ էր զբաղվում ռոմանտիկական հանգամանքներից ծնունդ առած զգացողությունները վայելելով, որոնց պակասը չուներ՝ իր երևակայության ու տարբեր կանանց շնորհիվ։  
            «Ժամանակը չի բուժում, ժամանակը բթացնում է։ Ժամանակի հետ ավելի քիչ ես սկսում կարոտել, ժամանակի հետ սովորում ես բացակայությանը, ժամանակի հետ ժամանակդ ավելի արագ է անցնում, ու ժամանակի հետ միայն անխնա ժամանակդ ես կորցնում։ Թվում է՝ պիտի փոխվես ժամանակի հետ, սակայն հաuկանում ես, որ ներսդ նույնն է մնում, արտաքնապես փոխվում ես, սակայն հույզերդ, զգացմունքներդ ու զգացողություններդ հազվադեպ են փոխվում։ Ճիշտ են ասում, որ կյանքում սիրում են մեկին միայն․ գուցե շատ կլինեն հավանական թեկնածուները, սակայն անկեղծ սիրելու միայն մեկին ենք ընդունակ։ Շատերին այդ մեկը չի հանդիպում, ուստի վերջիններս բավարարվում են առաջին պատահածին որպես այդպիսին դիտարկելով, շատերը գտնում են այդ մեկին կոնկրետ, իսկ որոշ մասն էլ անիմաստ ամբիցիաներին տրվելով՝ կորցնում է թե´ գտածին, թե´ նորին գտնելու հույսը։ Մեր մտքում ստեղծած երևակայական «իդեալը» մի օր որոշ հատկանիշներով համընկնում է իրեն համապատասխանող մի օբյեկտի հետ և մեր աչքում նույնանում նրա հետ։ Սակայն սովորաբար, կամ օրինաչափորեն, մեծ սերը մի ոչ միշտ է երջանկություն տալիս ու  հաճախ տառապանք պարգևում․․․»։
            ՆԱ գիտեր, որ անկարող է կանանց չսիրել, որ այդ դեպքում իր մեջ կմեռնի որևէ կարևոր բան, ու որքան էլ կեղծ ու անհավատարիմ լինեին այդ կանայք, նա սիրում էր նրանց ամենից շատ և հիանում առանց պայմանների ու անկախ այս հարաբերություններից։ Հաճախ, երբ երևակայությունը նրան վեր էր հանում իրականությունից, ու կայծակի փայլատակման պես տեսնում էր իր ամբողջ կյանքը, ներկան ու անցյալը, համակվում էր մի տարօրինակ խորթացմամբ, սիրտն այրվում էր անբացատրելի ու սոսկալի հոգնածությունից։ Այդպիսի մի խորթ հոգնածություն նրան ստիպեց տան ուղղությունը փոխել դեպի մոտակա բարը։ Բարը լիքն էլ երիտասարդներով, վիսկիի ու մարտինիի շշերը փոխվում էին իրար հետևից, օղին չէր հասցնում սպառվել, հաճելի երաժշտությունն էլ ապահովում էր խմելու տրամադրությունը։ Ուշադրությունը գրավեց հանդիպակաց սեղանին միայնակ նստած աղջկա շրջազգեստի չափը, որից հայացքը սահեց ներքև՝ գնահատելով բնության գեղեցկությունը։ Աղջիկը նկատեց նրա հայացքը, պատասխանեց ժպիտով։ Սա միակ հայացքն էր, որի մեջ նա գտավ մնացածներից տարբերվող մի բան։ Շուրջը հավաքված լակած ջահելները սոված գայլի պես նայում էին իրեն՝ սպասելով, թե ով է առաջինը հարձակվելու, սակայն ազատամիտ աղջկան դա առանձնապես չէր անհանգստացնում։ ՆԱ հայացքը սահեցրեց վերև, հիացավ պարանոցով, շորի բացվածքով, երկար, փայլող մազերով ու սատանայական աչքերով։ Մի պահ իրեն թվաց՝ դեռ վենետիկյան որևէ ակումբում է, սակայն խմածության աստիճանը թույլ տվեց հասկանալ, որ արդեն Հռոմում է։ Ձեռքը վեր բարձրացրեց՝ ի նշան ողջույնի, ինչին ի պատասխան՝ աղջիկը գլխով արեց։ Տեղափոխվեց աղջկա սեղան։ Շուրջը կատաղած ու նախանձ հայացքները շատացան, սակայն առաջինը մոտենալու իրավունքը արդեն իսկ վաստակել էր Ֆրանչեսկոն։
- Հուսով եմ՝ չեմ խանգարի։ Բարի երեկո։
- Բարի երեկո, ոչ, անկեղծ ասած՝ նույնիսկ օգնեցիք։
-Եվ ինչո՞վ,- զարմացավ Ֆրանչեսկոն՝ այդքան համարձակ ու անսպասելի պատասխանից։ Փոխադարձ համակրանքի զգացումը սովորաբար առաջին հայացքից է ծնվում․ ուղիղ նայվածք, բաց ժպիտ․ սրանք միշտ էլ փոխադարձ սիրալիր հայացք ու ժպիտ են ծնում։ 
- Դե, մենակ դժվար է այսքան հայացքներն ընդունել (աչքերով ցույց է տալիս շուրջն իրեն նայող տղաներին), երկուսով՝ գոնե կկիսենք,- ծիծաղեց աղջիկը։  
            Աղջկա հաճելի ընկերակցությունը տևեց երեք ժամից ավելի։ Երբեմն անծանոթի հետ խոսակցությունդ ավելի լավ է ստացվում, քանզի անծանոթն առավել օբյեկտիվ ու անկողմնակալ է կարողանում կարծիք արտահայտել, քանզի անծանոթի հետ կիսվածդ վաղն արդեն ինտրիգի չի վերածվի, արդյունքում՝ կթոթափես հոգուդ տվայտանքը, կհանգստանաս՝ չմտածելով, որ դա կարող է քո դեմ կիրառվել։  Պատահականորեն կամ ճակատագրի բերումով, երկուսն էլ  երեքշաբթի առավոտը Sant Angelo հյուրանոց պետք է գնային՝ դասախոս-արվեստաբանների վերապատրաստման ծրագրով։ Լիլիան վերապատրաստվելու էր, Ֆրանչեսկոն՝ դասախոսություն կարդալու։
 - Համարենք այս հանդիպումը ճակատագրի նվեր՝ կարող ես օր առաջ տեղափոխվել հյուրանոց, Չեսկո։
- Եթե սուրճ խմելու ես հրավիրում՝ մի փոքր ուշ  ժամ է սուրճի համար, ու բացի այդ՝ ես նախընտրում եմ տանը գիշերել։ Հյուրանոցը բավական մոտ է թաղամասիս, ուստի այդ երկու օրը կարող եմ առավոտ վաղ հասնել ու կեսօրից հետո անիմաստ օրս չկորցնել։
- Քեզ ինչ-որ մեկը սպասում է՞։
-Բնավ, ուղղակի ցանկություն չունեմ հյուրանոցում մնալ։
-Համենայնդեպս լավ առիթ կլիներ՝ նոր ծանոթություններ հաստատելու։
-Հավատա, երբեմն նոր ծանոթների մեջ կլինեն հները, որոնք ավելի լավ կլիներ՝ հավերժ անծանոթ մնային։  
-Իսկ դու Հռոմում իմ առաջին ծանոթն ես, Չեսկո։
-Հուսամ՝ սեմինարների ժամանակ էլ ինձ այդպես կրքոտ՝ «Չեսկո» չես անվանի։
Լիլիան զգաց այն անտեսանելի ուժը, որ Ֆրանչեսկոն կարողացավ գործադրել իր վրա, հասկացավ, որ իր անփորձությունն ուղղակի մանկական ոգևորություն թվաց հոգեբանի աչքում։


Կարդացեք նաև․



            Տաքսին մոտեցավ։ «Via Marianna Dionigi 16, Vatican area»՝ ուղղորդեց վարորդին Ֆրանչեսկոն ու ի զարմանս Լիլիայի՝ նստեց նրա կողքին։ Տաքսին շարժվեց, աղջիկն ուղղակի հիացական հայացքը չէր կտրում նոր ծանոթից ու ներքուստ այրվում տպավորություններից։ Իջան մեքենայից։ Ձմեռային օդն արագ սթափեցրեց Ֆրանչեսկոյին, իսկ Լիլիայի վրա ավելի շատ Ֆրանչեսկոն էր ազդել՝ քան խմիչքը։ Թևանցուկ արած՝ հասավ իր համարը՝ 308։
- Համեցե´ք, պարոն ․․․ Կներեք՝ Ձեր ազգանունը դեռ չգիտեմ։
 - Չէի կարծում, թե այսքան խմած կլինես։
- Չէ, խմած չեմ, ուղղակի հրահանգդ եմ կատարում՝ ինքդ պահանջեցիր «Չեսկո»-ով չդիմել,- վրդովված ու կարմրելով արդարացավ Լիլիան։
-Երեխա, հիմա՜ր երեխա։ Ուրեմն դրա՞ համար ամբողջ ճանապարհին զսպեցիր շատախոսությունդ։ Չէի կարծում, թե սրտիդ մոտ կընդունես։
- Իսկ գուցե ներսո՞ւմ քննարկենք։
-Լավ, միևնույնն է՝ արդեն մտքիցս դուրս չես գալու։
            Համարը փոքր էր, բայց նրբաճաշակ, հարմարավետ։ Մինչ Ֆրանչեսկոն հանում էր վերարկուն՝ Լիլիան հանեց շարֆն ու ներս քաշեց։ Անսովոր ու տարօրինակ դող անցավ Չեսկոյի մարմնով։ Փորձառու, հասուն տղամարդն ուղղակի դուր էր եկել երիտասարդ աղջկան, ով ամեն կերպ աշխատում էր դա ցույց տալ՝ խոսքով, շարժումներով, անբռնազբոս մտերմությամբ։ Սակայն վաղն այս աղջիկն իր ուսանողն էր լինելու, ինքը ինչ-որ բան էր սովորեցնելու։ Ու ինչ՝ առաջին հանդիպումից հետո անկողի՞ն։ Լիլիայի մաքուր, անմեղ հոգին ու անկեղծ ցանկության մղումը, կրքի պոռթկումն ու նաև խմածության գործոնը վանում էին։ Վենետիկում ապրած օրերին Լիլիայի տարիքի աղջիկներն ուղղակի բազմաթիվ անգամ էին լրացրել իր անկողինը, կամ ինքն էր ջերմացրել նրանցը, սակայն Լիլիան վենետիկյան չէր, Լիլիան ուղղակի սիրահարվել էր իրեն քսան րոպեում՝ կորցնելով իրեն։ Չէր ուզում իրեն մեղավոր զգալ առավոտյան։ Պառկեցրեց աղջկան, ծածկեց, հանգցրեց լույսն ու տեղավորվեց բազմոցին։ Առավոտը մոտենում էր, օրը լարված էր լինելու։

Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան


 


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: 





 

Տարածել